Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՎ ՏԱԳՆԱՊԱՀԱՐՈՒՅՑ ՁԱՅՆՆ Է ՑԱՅՍՕՐ ԵԼԵՎԷՋՈՒՄ /հատված «Ով քնած է, արթուն կացեք» անավարտ հուշագրությունից/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
16:40, ուրբաթ, 20 փետրվարի, 2015 թ.
ԵՎ ՏԱԳՆԱՊԱՀԱՐՈՒՅՑ ՁԱՅՆՆ Է ՑԱՅՍՕՐ ԵԼԵՎԷՋՈՒՄ /հատված «Ով քնած է, արթուն կացեք» անավարտ հուշագրությունից/

Երազ եկավ, իբր, գյուղում եմ, մեր տանը: Ելել եմ ծառը, որի տակ քարե գուռն է, ուզում եմ խնձոր քաղել: Ճռռոց լսվեց, գնալով ուժգնացավ, փոխվեց ճռինչի: Զգացի, ոտքիս տակի հաստաբեստ ճյուղն իջնում է, դանդաղ, բայց իջնում է: Բռնեցի մատղաշ ընձյուղներից: Անկումը չդադարեց, ճռնչյունը դարձավ խշրտոց, փշրտոց, ու կանաչ սաղարթով, կարմիր-կարմիր խնձորներով պարուրված՝ ընկա հողին:

Կեսօրին հավաք էր լինելու պետօպերայի հրապարակում, համահավաք՝ Արցախի համար:

Սովորաբար երազների հավատացող չեմ: Գիտեմ` շատ ժամանակ օրվա տպավորությունները, մտածումներն են կոպերի վրա գալուց հետո գիշերվա մի ժամի աննյութ պատկերք դարձած այցի գալիս, այդու այս մեկը… Տեսածիս մասին ոչ մեկին չպատմեցի. կարիք չկար: Մի վախ ունեի՝ համազգեստավորները չմիջամտե՞ն հանկարծ, գործի դնեն ռետինե մահակները: Շարժումը չծնված՝ կմեռնի: Անտրակույս, կմեռնի: Փի՛շտ, սև կատու, դարձյալ կտրեցիր Երազիս ճանապարհը:

Մտադիր էի շուտ գնալ, սակայն բժիշկ եղբայրս կնոջ հետ անակնկալ այցում է: Ընթացքում տրամադիր պատմում եմ նախորդ օրվա ցույցի մասին, իսկ նրանք՝ հեչ, չեն պատկերացնում: Մեկի կողմերը քաղաքավարություն-բան կողմ եմ դնում՝ մենք պետք է գնանք: Լևոնի «Զապով» իջնում ենք կենտրոն, օպերայի մոտ ներողություն խնդրելով՝ հրաժեշտ տալիս: Ինչ-որ չափով նրա անտարբերությունից նեղսրտած եմ, թեև մտածումս հիմք չունի. պաղարյունությունից չէ, պարզապես չկարողացա ապրումս փոխանցել, կարծեցին գոյապահանական հերթական հավաք է, բնասերների, բանասերների, բանաստեղծների հույզերի դրսևորում:

Սայաթ-Նովայի արձանի մոտ կնոջս հետ սպասում եմ մեծ եղբորս գալուն: Ժամը երկուսին դեռ քսան րոպե կա: Որքա՞ն մարդ կհավաքվի… Պողոտան ի վար գալիս են՝ չորս մարդ, հինգ, յոթ… Յոթը, ասում են, սրբազան թիվ է, կեցիր ուշադիր նայեմ: Այս մեկը, հո, Համբարձումյան Ռաֆայելն է՝ Ռաֆոն: Մոտենում են: Տրամադրությունը բարձր է: Պինդ սեղմում է ձեռքս ու լսաձայն՝ այսուհետ ամեն ապրիլքսանչորսի այստեղ ենք հավաքվելու: Ի՞նչ նկատի ունի, վե՞րջ սուգին... Էլի խմբեր՝ ավելի ու ավելի… Չէ՛, այլևս սպասել չեմ կարող: Ես իմ պարտքը կատարեցի: Մեղքը քո վիզը, մեծ եղբայր, Տարոն եղբայր: Հայդե, գնացինք…

Մերիկ իմ, ի՜նչ բան է: Այսքան մարդ, այսքան հայ՝ մի տեղ, մի Նպատակի համար... Երեկվանից շատ են՝ շատ-շատ... Չէի ակնկալում, խոստովանեմ՝ չէի սպասում: Սա, հո, ուժ է՝ մեծ, զորեղ ուժ… Կայսրությունում քաղաքական բողոք՝ ոչ իշխանության, կուսակցության թույլտվությամբ, ոչ պատվիրովի, այլ կամոք սրտի, ի պաշտպանություն մահամերձ արյունակցի:

Հրապարակը եռում է: Առավել համարձակները ելել են հարթակ, կանգնել դեմքով դեպի ժողովուրդը: Երկու երիտասարդ պաստառը բարձր պահած ընթանում են հանրության միջով: Ահա, շրջվեցին: Ի՞նչ է գրված՝ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է: Հարկա՛վ: Շունչս ինչու՞ է կտրվում: Հա՜, ուզում եմ լաց լինել, երանությունից հեծկլտալ: Տղամարդ եղիր, -ինքս ինձ հորդորում եմ, -արցունքի տեղ չէ: Ամենևին արցունքի, կնկա տեղ չէ: Սխալ արտահայտվեցի՝ կանայք ևս կան: Տղամարդկանց չափ՝ չէ, բայց կան, շատ են: Հրեն, Սպենդիարյանի արձանի պատվանդանին մեկը դրոշ է ծածանում: Քիչ այն կողմ սևազգեստ մի օրիորդ սրբապատկերի պես գլխից վեր է պահել Անդրանիկի նկարը:

Անդրանիկն եմ քաջ,

Միշտ հառաջ, հառաջ…

Երգողն ուսանողներ են, թե՞ իններորդ-տասներորդ դասարանցիներ: Հարթակում շարժում կա: Կարծես սկսվում է: Ոտքերի թաթերին: Եվս մի քիչ, էլի՛, էլի՛...

Հրապարակը բացօթյա հսկա լսարան է, դասավանդվող միակ առարկան՝ հայոց պատմությունը, ժամանակը՝ 1918-1921: Պատմությունը… Որքան էլ շրջանցես, մոռացության տաս, կապանքների մեջ առնես, ներքնահարկերում, անկիզելի պահոցներում թաքցնես, հարկավոր պահին լուսերես կելնի, կստիպի բարձրաձայնել իր մասին, բարբառել... Այո՛, ոչ ոքի ձեռնտու չէր Հայաստանի հզորացումը: Բզկտված, լլկված, հայրենական հողերից վտարված մի բուռ ժողովուրդ դեռևս ահեղ վտանգ էր ներկայացնում Ռուսաստանի, Թուրքիայի, Վրաստանի, երևի թե այլոց համար ևս: Ուրեմն՝ «Ղարաբաղի հարցը լուծելիս պետք է հաշվի նստել Նարիմանովի կարծիքի հետ», ուրեմն՝ Նախիջևանը պետք է ինքնավար հանրապետություն դարձնել հորինովի Ադրբեջանի կազմում՝ «երրորդ պետության չզիջելու պայմանով»: Քաղաքական խաղերից, խարդավանքներից եկ ու գլուխ հանիր, իմ զգացմունքային, լուսասեր, ուղղամիտ ժողովուրդ, երբ պատմության դաժան պահանջով ամեն անգամ ծնվում են դահիճները` Լենին, Աթաթուրք, Ստալին, ծնվում են խիստ ժամանակին, և անիվը հարկավոր հունով շրջել, ընթացքը փոխել չի հաջողվում, իսկ ոճրամիտների թիկունքին ավելի հզորներն են՝ անտես, հարյուրամյակների հետևողական ստոր քաղաքականությունն է, որտեղ քեզ համար էջ չի պահված, քանզի դեռ սուրբ անվանյալ գիրքը վերաձևողները նանրամիտ էին:

Ով քնած է, արթուն կացեք,

Ով արթուն է, ձի թամբեցեք

Ականջս հռետորների կողմն է, միտքս՝ հեռուներում...

Երկյուղից, սարսափից չէ, որ լռում էինք, այրությունը մեր մեջ չէր մեռել, չի մեռել բնավ, մարտիկների, մահապարտների պակաս չի եղել երբեք: Լռում էինք, պատենավորվել էինք, քանզի վերքերի ապաքինումը ժամանակ էր պահանջում, քանզի չէինք կամենում Գազանի ուշադրությունը մեր վրա բևեռել, չէինք ուզում նոր զոհ տալ, մարտիրոսվել այլևս չէինք ցանկանում: Մինչդեռ այսօր…

Ասացեք, եղբայրք հայեր,

ի՜նչ անենք,

հիմի է՞լ լռենք:

Կինս հետզհետե հեռացել, մղվել է առաջ: Ի՞նչ կարևոր է: Բոլորը՝ ովքեր կան, իմ քույրերն են, եղբայրները, հարազատները: Տարանջատել էին մեզ, բաժան-բաժան արել, թշնամացրել մեկմեկու հետ: Հիմա գտել ենք իրար, մեկս զգում է մյուսի սրտի տրոփը, թրթիռը: Եվ Ցավը, Բաղձանքը: Սակայն չտրվենք խոհերին, զգացմունքին՝ մանավանդ: Քաղաքականության մեջ այն վատ դաշնակից է, չեմ ասում՝ զինակից: Ունկնդրենք հռետորին:

Խոսողը մորուք ունի, թեթև ճաղատ, ձայնը՝ մետաղի հնչեղություն: Արցախից է ժամանել՝ դժվարությամբ ճեղքել է արգելքն ու եկել՝ գիշերով, եկել է պատմելու, թե ինչ է կատարվում այնտեղ, ժողովուրդն ինչու է ոտքի ելել:

Ամիսներ առաջ փաստաթուղթը՝ հայոց Սյունյաց աշխարհի Արցախ նահանգը մայր հայրենիքին վերամիավորելու պահանջով, պարզվում է, հանձնախումբը հասցրել է Մոսկվա: Ազգությունների սովետում Միխայլով ազգանվամբ պաշտոնյան, որ սկզբում տրամադիր էր դեպի հայերը՝ ակնարկելով խնդրի լուծելի լինելը, վերջին պահին անորոշ պատասխան է տալիս, ապա թե՝ վճռի մասին տեղեկությունը կստանաք Դեմիրճյանից: Պետք է կարծել, դրական ասելիք չունենալով՝ հանրապետության կուսկենտկոմի առաջին քարտուղարը Մոսկվայում, այստեղ՝ նմանապես, խուսափուկ կեցվածք է ընդունել՝ հրաժարվելով շնագայլի երախում թպրտացող հայրենակիցներին ընդունել, գոնե մեկնաբանել Կենտրոնի երկդիմի պահվածքը: Ընթացքում արցախահայությունը բոլոր գյուղական և չորս շրջանային խորհուրդներում նիստեր գումարելով՝ միաձայն վճռել է դիմել Ադրբեջանի և Հայաստանի գերագույն օրենսդիր մարմիններին՝ մոր գիրկը վերադառնալու խնդրանքով: Եվ հիմա կարևոր խոսքը մարզային խորհրդինն է, նիստը որի գումարվել է երեկ երեկոյան:

Վաչե Սարուխանյանն ավարտում է խոսքը՝ համոզմամբ, որ ժողովրդին հայրենիքում արթնացնելու առաքելությունը հաջողությամբ կպսակվի: Հատուկենտ ձեռքեր են օդ բարձրանում: Որոշ մասի ցուցամատն ու մատնեմատը անկյուն են կազմել՝ V: Սա, հո, viktoria-ն է, որ նշանակում է ՀԱՂԹԱՆԱԿ:

Հաջորդ ելույթ ունեցողին ավելի բուռն են արձագանքում: Հաղթանշանը համակիրների նորանոր խմբեր է հավաքագրում:

Օրն ինչու՞ վաղ մթնեց: Վերստին ընդմիջում է հայտարարվում: Ոչ ոք չի կամենում հեռանալ: Թողնել ասպարեզը, նույնն է, թե լքել մարտադաշտը, ի՞նչ փույթ, թե ոտքերս տևաբար կանգնելու հետևանքով թմրել են: Այգում նստարան կա: Ամենաշատը՝ նստել...

Դադարը կարճ է տևում, և չորահացի համար բաց խանութ գտնելը զրկում է լուրն առաջին բերանից լսելու բերկրանքից. մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է ժողովրդի կամքը: Պատի՛վ ընտրյալներին, նաև՝ խոր խոնարհում:

Ելույթները հաջորդում են մեկը մյուսին: Տոն տվողներից մեկը /Իգոր Մուրադյան/ ռուսերեն է խոսում: Սկզբում դժկամ, հետո տարված՝ մարդիկ ունկնդրում են: Լուրերը խառնակ են: Արցախահայերին վտանգ է սպառնում, մահացու վտանգ: Հարյուր հազար ազերի, իբր, պատրաստ է հարձակման, իսկ Ադրկոմկուսի կենտկոմի բյուրոն հապճեպ քննարկել է /տասնհինգ րոպեում/ մարզային խորհրդի որոշումն ու մերժել, ինքնաթիռն էլ, որով պատվիրակները՝ մի խումբ պատգամավորներ Երևան պիտի գան, ուշանում է: Ըստ լուրերի, մեկ այլ խումբ մեկնել է Մոսկվա...

Ապա… մեկը տալիս է Խաչիկ Սաֆարյանի անունը: Հանկարծակիի եմ գալիս, սակայն զարմանքս կարճ է տևում. այլ կերպ չէր կարող լինել: Վճռական պահին եթե ոչ դույն հայորդին, ո՞վ պիտի ելներ հարթակ: Նա դեռ վաթսունականի սկզբին ընտրեց կյանքի ուղին, կրեց Խաչը: Բանտային կյանքը չփոխեց, չսասանեց, ավելին… Գյուղատնտեսական ինստիտուտ, պարզ է, թողնող չկար, ու գիտության թեկնածուն վերադարձավ ծանոթ եզերք: Լավ է, գործ տվեցին Արտենիում՝ կարծելով ընդհատակյա «Յոթնյակ» -ի հիմնադիր անդամը կխեղճանա, կխոնարհվի, հեզիկ դարձի կգա: Իր ծննդավայր Ն. Բազմաբերդում ուսուցչությանս երեք տարում մտերմացանք: Ես նրա զավակներին հայոց լեզու և գրականություն էի ուսուցանում, նա ինձ՝ պայքարի պատմություն, մղում ինքնազրկանքի, ինքնազոհության, հանուն սույն վայրկյանի: Դրանք նվիրումի, տքնանքի, Հույսի տարիներ էին: Բեկումնային տարիներ: Հետագայում ինչ քայլ ձեռնարկում, մտովի խորհուրդ էի հարցնում նրանից: Եվ, թվում է, չէի սխալվում: Երախտապարտ եմ, շա՜տ:

Չի փոխվել. նույն շիկամորուսը, ճաղատը, ընդգծուն այտոսկրերը: Անծանոթ մեկը կշփոթի, չի կարծի հայ է, մինչդեռ ի՜նչ սիրտ է բաբախում կրծքի տակ ու որքա՜ն հավատավոր է: Աներեր հավատավոր: «Ու՜ր է հովիվը, -տագնապահարույց ձայնը ելևեջում է համակ լռություն դարձած խռիվ անտառի վրայով, -առանց հովվապետի անկարելի՜ է»: Անտարակույս, հայոց երկրի իշխանությունը՝ անգամ կախյալ, պետք է անխորտակ թիկունք լինի, ականջալուր արցախահայոց կանչ-պաղատանքին:

Առաջարկվում է տասներկու անձից պատվիրակություն կազմել և գնալ ուղիղ Կենտկոմ: Սկսվում է ընտրությունը: Թեկնածուների թվում Խաչիկ Սաֆարյանից բացի այլ ծանոթներ կան, մեկը՝ Լեոն, Լեո Գասպարյանը՝ ֆիզիկոս, միութենական պետական մրցանակի դափնեկիր, հայրենապաշտ, ում մասին ժամանակին ակնարկ եմ գրել: Կրթությունը ռուսաց դպրոցի, բուհի է, հայերեն վարժ չի արտահայտվում, սակայն ծնողների սխալը շտկելու նպատակով դստերը հայկական դպրոց է տվել, չի ներում հորը, թեև վերջինիս շատ սիրելու, մեծարելու մղումով է միակ զավակին պատմաբանի, հայագետի անունով կոչել:

Բորբոքվածներից ոմանք նստաշրջան են պահանջում՝ անհապաղ, անմիջապես, ընդսմին՝ օպերայի շենքում, մարդկանց ներկայությամբ, հսկողության ներքո. մեկ էլ տեսար Մոսկվայի թելադրանքով սինլքորություն արեցին: Պատվիրակներն ուշանում են: Հինգ հոգուց բաղկացած նոր խումբ է ուղղվում Կենտկոմ: Վերադառնում են միասին: Շռնդալից չի եղել ընդունելությունը, բայց հուսադրող է: Այնտեղ տեղյակ են նստաշրջանից, պատրաստվում են զբաղվել խնդրով, թեև չքմեղանքը, թե հեռագիրը դեռևս հիմք չէ, պաշտոնապես իրենց ոչ ոք չի դիմել, ավելի է գրգռում ամբոխվածներին: Պոչ խաղացնելը ելք չէ: Զբաղվել է պետք իսկույնևեթ, առանց հապաղման, վայրկյան կորցնելու, քանզի ամեն բան պարզ է, ինչպես՝ մեկին գումարած մեկ: Մայր հայրենիքը պետք է իր երկրամասին համընթաց քայլի: Այդպես են մտածում հրապարակից չհեռացողները, տուն աճապարողները, հետայդու դա կպահանջի հայությունը:

Սպասենք վաղվան: Կբացվի օրը, հետը՝ բարին...

ՀԵՏԳԻՐ - Քսանյոթ տարի անց էլ ականջներումս ծառաբնի ճռինչն է, ճյուղերի փշրտոցն ու տերևների խշրտուքը, կարմիր-կարմիր խնձորների թափվելը՝ ինչպես Մալյանի «Նահապետ» -ում: Տեսիլքը մեկնել առ օրս խուսափում եմ: Քսանյոթ տարի անց չունեմ նաև հարցի հստակ պատասխանը՝ կա՞ ի վերջո այդ անիծյալ «համաշխարհային ուղեղային կենտրոն» ասվածը, նրա՞ գիտությամբ ոտքի ելանք, ընդամենը խամաճիկ էինք, թե՞ մարդկությունը յուրատեսակ ինքնակառավարվող մարմին է, և երբեմն-երբեմն կատարվում են բաներ, որոնք ալիքվելով` իրենց մեջ են ներառում ժողովուրդներ, անհատներ՝ դառնալով ճակատագրական ոմանց, վերջնարդյունքում՝ հանուրի համար...

Հիմա էլ - մեր մեծ Ցավի հարյուրերորդ տարում կապանքված Փեթակում անդորր չէ. այս զոհերը, լարումը՝ ներսում, դրսում, կենարար օդի պակասը, «համայն» հայության անունից հրապարակված վերջին Հռչակագիրը՝ հյուծիչ հեռանկարով, սեփական ստվեր դարձած երկու ուրվականի ուղեկցությամբ, որոնցից մեկը՝ դիմակավոր ...

Եվ կյանքից հեռացած Խաչիկ Սաֆարյանի տագնապահարույց ձայնն է ցայսօր ելևէջում՝ ու՜ր է Հովիվը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7252 | 0 | 0
Facebook