Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե Ադրբեջանը հարվածի ԼՂՀ ինքնաթիռներին, ապա պատերազմ կսկսվի. Դավիթ Բաբայան

l Æ l
Հեղինակ`
l Æ l
12:43, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
Եթե Ադրբեջանը հարվածի ԼՂՀ ինքնաթիռներին, ապա պատերազմ կսկսվի. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի կառավարության կողմից ընդունված օրենքը, որը թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին, ևս մեկ անգամ հաստատում է, որ գործ ունենք աննորմալ, հիվանդ պետության հետ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ եթե ադրբեջանական զինուժը հարվածի ԼՂՀ քաղաքացիական ինքնաթիռներին, ապա պատերազմ կսկսվի։


     «Սա նշանակում է, որ եթե իրենք մեր ինքնաթիռը խփեցին՝ պատերազմ է սկսելու, ուրիշ ոչ մի բան. բազմաթիվ մարդիկ են զոհվելու, հարյուր հազարավոր մարդիկ», - ասաց նա։


     Միաժամանակ Դավիթ Բաբայանը զգուշացրեց, որ ԼՂՀ-ն չի պատրաստվում ետ կանգնել օդանավակայանը շահագործելու որոշումից։


     «Իհարկե մենք մեր որոշումից հետ չենք կանգնելու, ինչքան էլ ուզում է Ալիևն իրեն այդպես պահի։ Մենք ի վիճակի ենք ապահովել մեր օդային տարածքի և ընդհանրապես ԼՂՀ ամբողջ տարածքի անվտանգությունը, այնպես որ դա իր պրոբլեմն է», - ասաց նա։


     Դավիթ Բաբայանի խոսքով՝ քաղաքացիական ինքնաթիռներին խփելու որոշումը կարող էր ընդունել միայն ֆաշիզմ քարոզող երկիրը։


     «Այս որոշումը, որն ընդունվել է նրանց կառավարության կողմից, համարում եմ ֆաշիզմի և, ընդհանրապես, հայատյացության ամենավառ դրսևորումներից մեկը պատմության մեջ, որովհետև կառավարության մակարդակով երբ նման որոշում է ընդունվում քաղաքացիական ինքնաթիռներին խփելու վերաբերյալ, սա նշանակում է, որ այդ պետությունն աննորմալ է։ Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն», - ասաց նա։


     ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ թե՛ Արցախը, թե՛ ՀՀ–ն այս հարցը պետք է բարձրացնեն միջազգային հանրության բոլոր ատյաններում։


     «Որովհետև փաստորեն Սաֆարովի հարցը կուլ տվեց միջազգային հանրությունը և հիմա էլ արդեն այդպիսի երկրորդ աննորմալ որոշումն է ընդունում, որը կտրականապես կարող է լարել և պայթունավտանգ դարձնել իրավիճակն ամբողջ տարածաշրջանում», -ասաց նա։


     Դավիթ Բաբայանը նշեց, որ իր համար դժվար չէ կռահել Ադրբեջանի նախագահ Ալիևի նման աննորմալ քայլերը ինչից են բխում. ալիևյան կլանն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ կորցնում է լեգիտիմությունը սեփական ժողովրդի մոտ։
     «Գիտեք, որ այս տարի ընտրություններ են սպասվում նաև Ադրբեջանում և որ նա Սահմանդրության մեջ փոփոխություն մտցնելով իր համար պայմաններ է ստեղծել, որպեսզի կարողանա ցմահ «ընտրվել»։ Բայց ընտրությունները նրա լեգիտիմությունը չեն բարձրացնում», – ասաց նա։


     Դավիթ Բաբայանը մատնացույց արեց «Արաբական գարունը», երբ մի շարք երկրներում, որտեղ մարդիկ ղեկավարում էին իրենց պետությունները տասնյակ տարիներ, սակայն մի քանի օրում ուղղակի տապալվեցին։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևն այժմ փորձում է «լեգիտիմացնել իր թագավորությունը»։


     «Իսկ դրա համար գտնում է՝ ոչ միայն իր, այլ իր ցեղի իշխանությունը լեգիտիմությունը ամրապնդելու միակ ձևը Արցախի պատերազմն է և հաղթանակը, բայց չի իմանում, որ սա կլինի իր վերջը և Ադրբեջանի՝որպես պետության վերջը», - ասաց նա։
     Բոլոր դեպքում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ իրենք պետք է հարցին սառը դատողությամբ մոտենան՝ հասկանալու համար, թե ինչքանով է դա PR, ինչքանով իրական, միջազգային հանրությանն, անպայման, այս գործընթացներում ներգրավվեն և նոր որոշեն, թե ինչ անել։


     «Այսինքն՝ Ալիևի լեգիտիմության համար գնալ պատերազմական գործողությունների, թե ոչ, ես չգիտեմ։ Բայց ամեն դեպքում սա է այդ մարդու ճակատագիրը՝ ստանալ իշխանությունը, ափսեի վրա վայելել ամեն ինչ և տապալվել՝ ինչպես բոլոր բռնապետները՝ խայտառակ ձևով», - եզրափակեց նա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5514 | 1 | 0
Facebook