Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկ ես կուզենայի քայլել տանիքների վրայով` գիշերով

Any8
Հեղինակ`
Any8
23:36, հինգշաբթի, 10 հունվարի, 2013 թ.
Իսկ ես կուզենայի քայլել տանիքների վրայով` գիշերով

..Իսկ ես կուզենայի քայլել տանիքների վրայով`գիշերով, մթությանը փարված, աստղերից ու լուսնից եկող լուսավորությանը գրկած: Երևի դա է հենց իրականության ու երազանքի այն երևակայական սահմանը, որ բաժանում են ինձ երկու անհավասար հատվածների: Հենց այդ ցածր բարձրության եզրից ներքև եմ պատկերացնում ռոբոտացված կյանքը` անզգա, սառը, անտարբեր, անկենդան, իսկ վերևում ` ինձ հարազատ սահմանն է, որ բոլորիս հայտնի է «7-րդ երկինք» անունով:
     Ես, իրոք, կուզենայի քայլել տանիքների վրայով` ձեռքերս հորիզոնական դիրքում, դանդաղ ու սահուն քայլերով, դեմքով դեպի երկինքը: Ինձ ավելի լավ եմ զգում սահմանից վերև, ներքևի պարունակությանը չանտեսած, այլ վերլուծած ու պահած ուղեղումս: Զգացմունքային լինելս ավելի շատ է պարտավորեցնում իրականությանը նայել սթափ, մշտապես հավասարակշիռ վիճակում մնալու համար: Ես կարող եմ այդ ամենը անել վերև նայելով, որովհետև երբ նայես ներքև, գլխիկոր վիճակը կստիպի մտքերիդ գլորվել գլխիցդ, աչքերդ կպատվեն տեսանելիությունը դժվարացնող, մի քանի գույների համադրությամբ ստեղծված փառով, արյունդ կթանձրանա ու քեզ կթվա, թե ուր որ է մազերիդ արմատներից դժվարությամբ դուրս է հոսելու:Անգամ դեմքիդ մաշկն է ծանրանում, օտարանում քեզ, թուլացած կախվում ու անշնչանում: Ես ֆիզիկապես այսպես եմ պատկերացնում երազանքների անկումը: Ու եթե չլինի երազկոտ, եթերային վիճակը, այդ սահմանից ներքև կերևան միայն իրականության մութ փոսեր` լցված տհաճ ու անկենդան զգացումով: Կդժվարանամ հավատալ, եթե ինչ-որ մեկն ասի, թե կարող է ապրել իրականության ձեռքը բռնած, առանց երազանքներին ուժեղ փարվելու ու դրանց գիրկն ընկնելու մեծ ցանկության: Ախր աննկարագրելի հաճելի է ուղղակի նայել այդ սահմանից վերև, ուր անսահմանության լայն ժպիտը միանգամից կջերմացնի քեզ, անվերջ թռչելու, վեր բարձրանալու ցանկության ձայնը կխլացնի իրականության հոգոցները, աչքերումդ կարտացոլվի խաղաղության գույնով ներկված երկինքը, իսկ օդը, կորցրած թվացյալ կշիռը, կթեթևանա ու կապահովի հեքիաթային մթնոլորտ:
     Երբեք չեմ մտածել, որ երազկոտ վիճակը հեռացնում է ինձ իրականությունից, բայց կխոստովանեմ, որ վերև- ներքև անցումը ցավոտ է: Ցավոտ ու հատկապես այն դեպքում, երբ ստիպողաբար ես գլուխդ իջեցնում կամ երբ քեզ հրում են սահմանից ներքև: Նույնն է ինչ երկնքում ճախրող թռչունին իջեցնես, սկզբում շոյես, կերակրես, ապա պոկես թևերն ու շպրտես օդ: Դաժան է...
     Բայց միևնույնն է, այնքան կուզենայի քայլել տանիքների վրայով`գիշերով...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4287 | 2 | 0
Facebook