Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապաշխարություն

04:02, չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2014 թ.
    

Մի կյանք, որը լի է նպատակներով, բայց զուրկ է երազանքից ավելին չէ քան թվաբանական հաշվարկը:

ՀԽ.


    
    

Գալիս է մի պահ, երբ զգում ես հոգուդ մենությունն այս լիուլի աշխարհում: Եվ փնտրում ես լռություն... Այս գիշեր ես գտել եմ իմ լռությունը: Գիշերային լիարժեք լռությունն այսօր ավելի խոսուն է ու թելադրող: Իսկ այն թելադրում է մենություն: Երբեմն, մարդկանց խառնամբոխը ստիպում է քեզ գտնել այն, ինչ չես կարող գտնել նրանց լիության մեջ: Ու փնտրում ես մենություն: Դատարկ լիություն, որը զերծ է մարդկանցից:

Ու ես փնտրում եմ, փնտրու՜մ անդադրում ու առանց կանգառ՝ մի շնչով անցնելով հորիզոնի բոլոր հոլովույթներով:

Ես սլանում եմ դեպի երազը:

Երբեմն, իսկ ավելի հաճախ, երբ մարդ ապրում է միայն նպատակներով՝ նա վախենում է երազել: Այո՛, ես վախենում էի երազել... Բայց գիշերային դատարկ լիության մեջ ես փորձում եմ երազել, ես ուզում եմ թոթափել հասարակության լուծը, որը միշտ հրամայում է ու պարտադրում, հրամայում... ու պարտադրում:


    

Նա չի տալիս քեզ ոչինչ, ինչպես եսասեր ու փառասեր մի դիկտատոր: Ու, եթե անգամ հաջողություն ու փառք է խոստանում, լոկ իրեն համար, ի փառս իրեն: Բայց ես չե՜մ ուզում ո՛չ փառք, ո՛չ պսակ: Ես մենություն եմ անչափ երազում: Չե՛մ ուզում տեսնել մարդկանց պատ դարձած, երկաթբետոնե ծածկույթների տակ սրտերն ամփոփած: Երանի տեսնեմ մարդկանց երազկոտ, նպատակից զուրկ, ամպոտ մտքերով: Երանի նրանք դամբանազրկեն իրենց մտքերը ու սրտերն իրենց, արձակեն թևերը տանջված հոգու ու թռչեն վերև: Ու, երբ կթռչեն հոգու թևերով դեպ բարձունքները երազահասու, թող որ ցած նայեն ու տեսնեն իրենց կամ միգուցե այն ինչ մնացել է իրենցից հետո՝ վտիտ կաղապար, բայց և մի վանդակ, որը փակել էր ճաղերից անդին իրենց երազը, կտրել էր իրենց մարդկային հոգու թևի թռիչքը՝ զրկելով իրեն երազից անգին: Ու այս գիշերվա դատարկ լիության մենության հովտում ես երազում եմ վեր կանգնել կյանքից, նպատակներից, կաղապարներից հոգին կաշկանդող, սիրտս ճմլող: Քանզի երազն է, որ տալիս է կյանք՝ առաջ գնալու, լուսավոր վաղվա օդը շնչելու անհագ ցանկություն: Երանի, թե ես ապրեմ երազով ու մարդիկ նույնպես երազով ծնվեն, երազով սնվեն ու երազ դառնան հենց իրենց համար, իսկ հետո՝ թեկուզ ուրիշի համար: Ու ես երազում գիշերվա կեսին երբեք էլ չասեմ ապաշխարանքի խոսքեր անդադրում. «Ես չեմ երազել, ների~ր ինձ, աստվա'ծ, քանզի զրկել եմ ինձ քո պարգևից, հոգուս թևերի'ց, մտքիս թռիչքի'ց, սիրտս եմ պահե~լ երկաթբետոնե ծածկույթների տակ: Ների'ր ինձ, աստված, քանզի մեղավոր նպատակներն իմ երազանքներիս ճորտը լինելով՝ տիրել են նրանց: Ներիր և ԱՄԵՆ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4433 | 0 | 0
Facebook