Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներսես Շնորհալի / հանելուկներ, տաղեր

11:38, երեքշաբթի, 12 օգոստոսի, 2014 թ.
Ներսես Շնորհալի / հանելուկներ, տաղեր
     Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ (Կլայեցի, Երգեցող) ) (1102-օգոստոսի 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
     Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։

1166 թ-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանվել է 1173 թ-ի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։

Նա վախճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։

Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ՝ հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա) ։ 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ։

Հայ միջնադարյան մտածողության վրա մեծ ազդեցություն թողեց 1166 թ. Շնորհալու գրած «Թուղթ ընդհանրական» արձակ գործը։

Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։

Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» վիթխարի պոեմը, «Վիպասանութիւն», «Ողբ Եդեսիոյ» հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ՝ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ «Յաղագս երկնի և զարդուց նորա» տիեզերագիտական պոեմը ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով։

Նրա շարականների, տաղերի գանձերի ու փոխերի թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Այս տեսակետից կարևոր են նաև նրա հանելուկները, որոնց թիվը հասնում է 300-ի։

Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։
    
    

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* * *

Ծնվում է ու մեծանում,
     Հենց նույն օրն էլ` մահանում,
     Հետո նորից կյանք առած
     Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
     Բեհեզ բարձի վրա քնում,
     Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
     Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
     Հետո նորից կյանք առնում,
     Աչքը հառած երկնքին,
     Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
     Զու է ածում, թռչուն չի,
     Խոտ է ուտում կովի պես,
     Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

* * *

Տուն է սպիտակ, լայնատարած,
     Սև հավիկներ մեջը թառած,
     Խոսում են ու զրույց անում՝
     Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

* * *

Ամբողջ օրը քուն չունի,
     Լայն դաշտերում տուն չունի,
     Ծաղկից ծաղիկ է թռչում,
     Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

* * *

Արքա չունեն, սակայն արագ
     Կազմում են մեծ, ահեղ բանակ,
     Հենց մտնում են արտը հասած՝
     Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)

* * *

Գիշերով է նա լույս տալիս,
     Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
     Կիսվում է նախ և նորանում,
     Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

* * *

Տեսա իմ հոգու հոգին
     Հողում թաղվեց, մահացավ,
     Շատ չարչարվեց ու կրկին
     Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,
     Քարով ճզմվեց, փշրվեց,
     Հետո բոցում այրվեց,
     Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)

* * *

Հսկայական փռում թխած
     Մի գաթա կա սիրուն, գլոր,
     Թխողն ինչքան ծայրից պոկում,
     Նորից է նա դառնում կլոր:

(Լուսին)

* * *

Նա որսորդ է չար ու անգութ,
     Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
     Ժանիքը սուր, ագին բարակ,
     Եվ աչքերն են մի-մի ճրագ:

(Հովազ)

* * *

Ճարտարագետ և իմաստուն,
     Ծաղկի փոշուց շինում է տուն,
     Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
     Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)

* * *

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
     Հա գնում է պտույտ-պտույտ,
     Նրանով են սնվում անվերջ
     Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)

* * *

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
     Կանաչ շորեր ունի հագին,
     Թողեց հետքեր նա ամենուր,
     Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

(Գարուն)

* * *

Մի տախտակ կա քառանկյուն,
     Առանց դրա չկա տուն,
     Մինչև ամուր չփակես
     Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)

* * *

Նա ապրում է շարժուն տան մեջ,
     Ծտի նման խայտում անվերջ,
     Առավոտից մինչ իրիկուն
     Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)

* * *

Երեկ տեսա մի քարավան
     Ճամփա ելած՝ գնում էր Վան,
     Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
     Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)

* * *

Մի թռչուն կա շատ իմաստուն,
     Բարեկամ է նա միշտ մարդուն,
     Աղմկում է, ձայնեղ կանչում,
     Երբ որ գող է մտնում իր տուն:

(Սագ)

* * *

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
     Կանգնած անսյուն ու անգերան,
     Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
     Կախված ջահեր, առանց պարան:

(Երկինք)

* * *

Խոսում է նա, լեզու չունի,
     Շրջում է նա, ոտքեր չունի,
     Բայց մտնում է ամեն մի տուն,
     Ուրախ լուրեր բերում մարդուն:

(Նամակ)

* * *

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
     Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
     Պարգևում է լույս ու բերկրանք,
     Երբ գնում է, օրն է մթնում:

(Արև)

* * *

Թռչուն անթև ու անփետուր,
     Բայց շրջում է նա ամենուր,
     Նրա համար սահման չկա
     Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

(Միտք)

* * *

Հողից շինեցին,
     Բոցում թրծեցին,
     Կախեցին սյունից,
     Տարան, բերեցին:

(Խնոցի)

* * *

Մի բան գիտեմ զարմանալի,
     Նա մագիլներ ունի հավի,
     Մութ անտառն է իրար տալիս,
     Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)

_____________________
    
    

[Ա]

ՏԱՂ ԱՒԵՏԵԱՑ, ՆԵՐՍԷՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Նոր երկինք յերկրի, արփւոյն պարունող,
     Ծագողին ծագող:

Երրակի ունող աւետեաց ձայնիւ
     Անմահից պետին:

Րոպէիցըն տիպ համայնից հոգւոց
     Գոլով արեւելք:

Սըրտի մաքրելոյ զթափանցիկ լուսոյն
     Ծագելով նըշոյլ:

Էին աննիւթի հիւթ պարունակող,
     Նիւթեալ առ ի քէն:

Սիրատունկ ծառոյն սաղարթից բողբոջ
     Ի քէն ընձիւղեալ:

Իսկական Բանին գիր քո մելանաւ
     Արեամբ պարագրեալ:

Գեղմն ունակ ցաւղոյ Գեդէոն ետես,
     Երգէ եւ Դաւիթ:

Ուրախ լե'ր, դըշխոյ, հարսըն պանծալի
     Անմահ փեսային:

Վեհին անեղի էից եղակի
     Եղակ վերըստին:

Երբին անկէտի կէտ ժամանակեայ,
     Սկիզբն անըսկըզբան:

Սաւս խընկաբերին, նոր դրախտ Ադենի,
     Ծառ կենաց պըտղոյն:

Տիրական որթոյն Հաւր տընկագործի
     Երկիր բանաւոր:

Աբրահամին աւետ Սահակաւ տըւեալ
     Ի քէն կատարումն:

Սառա ամլութեամբ, նորահրաշ ծնընդեամբ
     Տիպ քո կուսութեանդ:

Տապանակ կտակի, սափոր ոսկի լի
     Նոյն մանանայիւ:

Վէմ առանց ձեռին ի լեռնէդ հատեալ,
     Կոյսդ անհայր ծընեալ:

Անկէզ մորենի Մովսեսի տեսեալ,
     Ըզքեզ ծանուցեալ:

Ծընող ծնիցելոյն, անմայրըն յառաջ
     Անհայր ծնանելով:

Անըստուեր լուսոյ խորան նոր Սինայ,
     Տաճար Սաղիմայ:

Ծիր ծայրագունին, ծաւալումն արփւոյն
     Յոգիս նըշողից:

Նըստելոյն ընդ Հաւր արքային փառաց
     Հուպ մայր մըշտակաց:

Ի բարձունս առ նոյն լեր մեզ բարեխաւս
     Սուրբ կոյս Մարիամ:

[Բ]

ՓՈԽ

Իմանալի սերովբէ,
     Բանին աթոռ քերովբէ.
     Խորան լուսոյ արքային,
     Հարսըն մաքուր փեսային:

Նոր բուրաստան ծաղկերանգ,
     Ողկուզաբեր բարունակ,
     Դրախտ Տեառն դարձեալ քեւ տըւաւ
     Մաւրն Եւայի, որ մեղաւ:

Րոտեալ զերկունս տըրտմական,
     Փոխադրեցեր րախճական
     Ուրախութիւն երկրայնոցս,
     Հարսն ի յերկրէ երկնայնոց:

Մայր կենդանեացըն հոգւոց,
     Զոր նախահայրըն ծանոյց.
     Երկոտասան վըտակաւ
     Վէմն առ ի քէն շնորհեցաւ:

Ծըրար քառիցըն խընկոց.
     Հոգւոյն յոգիդ խառնելոց,
     Իմաստութիւն, զաւրութիւն,
     Արդարամէտ մաքրութիւն:

Նարդոս, զըմուռ ծովային,
     Եւ կինամոն կընդըրկին,
     Թագապաճոյճ զարմազան
     Զըմրուխտ եւ կայծ կարկեհան:

Ով~ դու քաղաք կենդանի,
     Տաճար շինեալ Քրիստոսի.
     Րաբուն Բանին Յիսուսի,
     Ծընող մարմնով ի յերկրի:

Որով հայցեմք մայր լուսոյ,
     Զերգող երգոյս եւ զխընդրող,
     Սըրբել ըզմեզ ի մեղաց
     Լեր բարեխաւս անմոռաց.

Ի զըւարթնոց կայանին
     Երգել ըզփառս ընդ նոսին,
     Երրորդութեան անեղին
     Յաւէտ ի նոյն միշտ Էին:

ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, Ի ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԿՈՅՍՆ

Նոր ծաղիկ ցուցաւ ի նորատունկ բուրաստանի,
     Նոր արեւ հարաւի
     Նորազուարճ առաւաւտի:

Երփնատիպ սաղարթ տերեւախիտ կանաչազուարճ
     Հողմով Հոգւոյն շարժեալ,
     Քաղցրիկ աւդով վայրաբերեալ:


     Րախճանայ դրախտն Եդեմայ նոր ծառ կենաց տնկեալ ի նմա
     Ի յաբրահամեան
     Յեսսեան արմատ դաւթիազարմ:


     Սքանչելեաւք Կոյսն յըղացաւ զէմմանուէլն ըստ Եսայեայ,
     Ծընեալ զՀաւր համագոյն`
     Մեզ համագոյ գոլ ըստ մարմնոյ:

Էն ի միշտ Էէն անժամանակ ծընեալ անմայր,
     Նոյն ժամանակաւ
     Ի կոյս մաւրէ անհայր ծընաւ,

Սիրով խոնարհեցաւ ճըշմարտապէս եւ տիրաբար,
     Առնուլ ըզմերս մարմին,
     Առանց մեղաց մնալ անմարմին:

Սիրով երկըրպագեա', եկեղեցի, ծնեալ արքային.
     Փառաւք զքեզ պսակողին
     Մատո ըզփառս միշտ յաւիտեան:

[Դ]

ՓՈԽ

Այսաւր ցընծութիւն հողեղինացս,
     Եւ աւետիք խընդութեան փըրկողին ծննդեան:

Սա յերկնից իջեալ ի ծոցոյ Հաւր,
     Որդի եւ Բան անմարմին` եղանի մարմին:

Է զարմանք հրաշից աննիւթ Բանին
     Լինել մարմին տիրապէս եւ մնալ անմարմին:

Զանհաս այս խորհուրդ վերին զաւրացն
     Ծանուցեալ ասէին` ըզփա~ռս ի բարձունս:

Աստղն արեւելեան զարդարութեան
     Եցոյց յայրին զարեգակն ընծայաբեր հովուացն,

Յորմէ սրովբէքն ծածկեալ ըզդէմըս
     ԶԵրեքսըրբեանն երգէին. հովիւքն աւրհնէին,

Սարսեալ քրովբէիցն տեսանելով
     Զվերանըստեալըն ինքեանց ի գիրկըս Կուսին:

Բանն, որ կերակրէ բանիւ զհոգիս բանականաց,
     Դընի յանբանից մըսուր:

Առած Միքիայ առ Բեթղահէմ այսաւր լըցաւ,
     Ուստի հացիւ կենաց կերակրիմք:

Նոր երգս աւրհնութեան անճառ Բանին մարմնացելոյ
     Մատուսցուք այժմ եւ յաւիտեան:

[Ե]

ՏԱՂ ՃՐԱԳԱԼՈՒՑԻ ԾՆՆԴԵԱՆ

Այսաւր աւետեաց Գաբրիելի լրումն
     Եղանի առ կոյս Մարիամ:

Այսաւր աներբին իննամսեան աճմամբ
     Առլըցեալ յարգանդի Կուսին:

Այսաւր գայ Յովսէփ ի քաղաք Դաւթի,
     Ընդ Կուսին յայրն իջավանի:

Այսաւր երկնային արքայն մըտանէ
     Ընդ երկրաւոր արքային գրոյն:

Այսաւր ազգ մարդկան վերագրին աշխարհագրաւն այն
     Յաշխարհըն վերին:

Այսաւր ի Հաւրէ անմարմին ծընեալ Որդի
     Նոյն մարմնով ծընանի:

Այսաւր Բանն աննիւթ թանձրացեալ
     Հիւթական կերպիւ յայտնեալ երեւի:

Այսաւր լուծանի երկունք անիծից նախամաւրն
     Ծնընդեամբ սուրբ Կուսին:

Այսաւր մեզ Դաւիթ տասնաղեաւըն տայ նըշանակ.
     Գըտաք յԵփրաթայ:

Այսաւր ըստ Միքիայ Բեթղահէմ ցընծայ`
     Տուն եղեալ երկնաւոր հացին:

Այսաւր ըստ Եսայեայ Կոյսըն մայր լինի
     Սքանչելեաւք Էմմանուելի:

Այսաւր հոգեղէնք տան որդւոց մարդկան
     Աւետիս._ Ծընաւ ձեզ փըրկիչ:

Այսաւր ընդ հովիւսն երգս առեալ գոչեմք.
     Ասելով` ըզփառս ի բարձունս:

[Զ]

ՓՈԽ

Նոր ծաղիկ բըղխէ այսաւր յարմատոյն Յեսսեայ,
     Եւ որդի Դաւթի ծնանի Որդին Աստուծոյ:
     Րոպէից Տէրն աւծանի արքայ նոր Իսրայելի,
     Սրովբէից անտես բնութիւնն տեսանի մարմնով,
     Ի լոյսն անմատոյց բնակեալն խանձարրաւք պատի.
     Սա անմայր յառաջ ծընեալ, անհայր ծընանի,
     Ի բարձունս անբաւ վերնոցն` յայրըն պարագրի.
     Երեւի տղայ ծերունին, մանուկ հինաւուրցն,
     Անեղն եղանի այսաւր մարդ ճըշմարտապէս.
     Յիւր պատկերըն գայ կամաւ կերպարանըն Հաւր,
     Սիրով խոնարհի ի մեզ բարձրեալ թագաւորն:
     Եկայք զնախատաւն ծնընդեանս վերապատուեսցուք,
     Րամեալ մայրութեամբ հաղորդ լիցուք ծնիցելոյն.
     Գոհութիւն տացուք նըմին ընդ Հաւր եւ Հոգւոյն,
     Սուրբ Երրորդութեանըն փա~ռք յաւիտեանս, ամէն:

[Է]

ՏԱՂ ԾՆԸՆԴԵԱՆՆ ՏԵԱՌՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

Այսաւր ի սկըզբան Բանն, որ ընդ Հաւր միշտ յէութեան,
     Ծընանի մարմնով, անյեղապէս գոլով բնութեամբ:

Այսաւր ծոցածին լոյսն, որ յառաջ քան զյաւիտեանս,
     Ծագեցաւ յերկրի ի կուսական յորովայնէ:

Այսաւր հինաւուրցն Աստուած էակն եղականաց,
     Եղանի մանուկ ի զաւակէ Դաւթի ծընեալ:

Այսաւր յարմատոյն Յեսսեայ բըղխեալ մեզ գաւազան,
     Ծաղկեցաւ ծաղիկ կենդանատու տիեզերաց:

Այսաւր զլոյս փառաց, որպէս զաւթոց արկող զինքեամբ,
     Խանձարրաւք պատի եւ յանբանից մըսուր բազմի:

Այսաւր սրովբէիւք պարածածկեալ թեւաւք խորհուրդն
     Յայտնեցաւ մարդկան ի սուրբ յայրին Բեթղահեմի:

Այսաւր ի հրանիւթ քառակերպեան նըստեալն յաթոռ,
     Նըւաստացեալ բառնի ի գիրկըս հողեղինի:

Այսաւր կերակրողըն համայնից կենդանութեանց,
     Կերակրի կաթամբ ի կուսական բըղխեալ ըստեանցն:

Այսաւր մոգքն աստեղբ յարեւելից եկեալք ի յայրն,
     Երկիր պագին` ոսկի եւ զըմուռ, խունկ ընծայեալ:

Այսաւր որ հովուէրըն զԻսրայէլ հովիւըն քաջ,
     Բացաւթեայ հովիւք երգեն նըմա. Փա~ռք ի բարձունս:

[Ը]

ՓՈԽ

Նոցին համաձայնեալ եւ մեք ցընծութեամբ
     Երգեմք ընդ հովիւսն` ըզփառս ի բարձունս.
     Րախճանամք երկրաւորքս ցընծութեամբ երկնայնոցն,
     Սրովբէից անտեսն այսաւր տեսանի.
     Ի բարձունս անհասն յերկրի երեւի,
     Սոսկալին քրովբէից ի գիրկըս գըգուի.
     Ի յայրն իջավանի որ յաթոռ ընդ Հաւր,
     Երկնից թագաւորն դընի ի մըսուր.
     Եւ խանձարրաւք պատի զլոյս փառաց զգեցեալն,
     Րամից մարդկայնոց գայ ի փըրկութիւն:
     Գովեմք նոր երգով զնորածին արքայն,
     Սըմա միայնոյ տացուք այժմ ըզփառս:

[Թ]

ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ

Նոր եդեմ բանաւոր տընկոյն,
     Նոր Ադամն ի քէն հընոյն նորոգող.
     Երկակի դիմառից առիթ
     Անքակ միութեան Էին ընդեղումն:

Րենական արփիւ առլըցեալ,
     Զմինըն մարմնապէս ծընար վերըստին.
     Սիրամարգ ոսկետիպ նըկար,
     Տատրակ ողջախոհ, մաքուր աղաւնի:

Երեւեալ ծաղիկ գարնայնոյ,
     Վարդ, մանիշակ, քըրքում, շուշան վայելուչ.
     Սարդիոն, յակինթ, դահանակ,
     Յասպիս, կարկեհան, զըմրուխտ, շափիւղայ:

Ի տիպ վակասին յեռեալ
     Կայծ եւ տըպազիոն նորն Ահարոնի.
     Երկնագոյն աւդամանուած շար,
     Բեհեզ եւ ծիրանի` նիւթ նոր խորանիդ:

Րակերտեա համասեռիցս ելք,
     Ընդ քեզ վերաբերիլ յառ ի քէն ծագումն.
     Գոչելով զեռահիւսակ նուագս,
     Երիցն ի միումն յաւէտ միշտ ըզփառս:

[Ժ]

ՓՈԽ

Մայր Աստուծոյ Մարիամ,
     Դուստըր Դաւթեան թագազարմ.
     Ծընար մարմնով զնորն Ադամ,
     Որ նորոգեաց զհինն Ադամ:

Աստուածածին դաւանեմք,
     Զնեալդ Աստուած քարոզեմք.
     Ընդ հրեշտակին քեզ գոչեմք,
     Զուրախութիւնն աւետեմք:

Խընդա', խորանըդ լուսոյ,
     Բերկրե'ա, տաճարդ արեւոյ.
     Ցընծա', աթոռ Աստուծոյ,
     Բարձող Բանին բարձրելոյ:

Երկինք երկնից վեհագոյն,
     Քերովբէից գերագոյն,
     Ի սրովբէիցըն թեւոյն
     Ծածկեալ խորհուրդ ծնիցելոյն:

Անտանելոյն կայարան,
     Արեգականն աւթարան,
     Ահեղ բոցոյն բնակարան,
     Աննիւթ Բանին մարմնարան:

Զքեզ տեսանողքըն տեսեալ,
     Մովսէս` մորենի ոչ կիզեալ,
     Եսայիաս` կոյս յղացեալ,
     Եզեկիէլ` դուռն աղխեալ:

Լեառն վիմածին` Դանիէլ.
     Բլուր կընդըրկի` Սողոմոն,
     Աղբիւր կընքեալ պահողին,
     Պարտէզ փակեալ տընկողին:

Նըման գեղման` Գեդէոն,
     Դաւիթ` իջման անձրեւոյն,
     Եւ Միքիաս` ըզտեղւոյն
     Ի Բեթղահէմ ծնանելոյն:

Նոյեան տապան կենարար,
     Աբրահամեան տաղաւար,
     Կըտակագրին տապանակ,
     Անճառ լուսոյն աշտանակ:

Դրախտ Աստուծոյ ծաղկալի,
     Նարդոս բուրեալ ի յոգի,
     Հովիտ պայծառ շուշանի,
     Աղբիւր գետոց քառակի:

Բուրուառ խընկոց անուշից,
     Քառաբուրեանըն խառնից,
     Զոր ծերունեացըն խըմբից
     Զաղաւթս խընկեն քոց բանից:

Ի քէն հայցեմք, մայր կենաց,
     Մաքրել ըզմեզ ի մեղաց.
     Հայցմամբ առ Տէրն աշխարհաց,
     Որում պատիւ սըրբասաց:

[ԺԱ]

ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Անճառ է խորհուրդ սըրբոյ յայտնութեանն.
     Բանն, որ ի ծոց Հաւր ծընեալն անմարմին,
     Գըթացեալ ի մեզ, մարմին ըզգեցաւ`
     Դարձումն առնելով նախաստեղծ մարդոյն:
     Երանեն այսաւր մեզ ազգ եւ ազինք,
     Զաւրք հոգեղինացն յերկիր ծաւալին`
     Էմմանուելի գուշակ լինելով:
     Ընդ մեզ Աստըւած շըրջեցաւ մարմնով,
     Թագաւոր փառաց` ծառայի կերպիւ:
     Ժամանակ եհաս փըրկութեան մարդկան,
     Իջեալ ի յերկիր Որդին միածին,
     Լոյս փառաց ծագեաց իւր արարածոցս:
     Խաւար լուծանի երեւմամբ լուսոյն,
     Ծագի արեգակն ի Բեթղահեմէ,
     Կոչէ զտիեզերս ի լուսաւորիլ:
     Հովուացն ընթացեալ ի տեսիլ լուսոյն,
     Ձայնակից եղեն վերին զըւարթնոցն:
     Ղամբար լուսափայլ յայտնեալ ի յայրին,
     Ճառագայթ ծագեաց աստղըն յարեւելս:
     Մոգուցըն տեսեալ, նըմին հետեւեալ,
     Յայրն իջավանեալ տեսին զարեգակն,
     Նըմա մատուցին զընծայս խորհըրդոյ,
     Շարժեալ իմաստիւք զըմուռս մահացու,
     Ոսկի` արքայի, կընդրուկ` Աստուծոյ:
     Չնաշխարհիկ գոլով աճմամբ մարդկութեան,
     Պարագայց լրութեամբ թիւ երեսնամեայ,
     Ջրով Յորդանանու այսաւր զմեզ սըրբեաց:
     Ռահ հորդեալ յերկինս որդւոց Ադամայ,
     Սարսէր Յովհաննէս մերձենալ ի հուրն:
     Վերնոց ահաւորն խոնարհի մարդկան,
     Տէր Հոգին իջեալ կերպիւ աղաւնոյ,
     Րաբունից րաբունն Հայր վըկայելով,
     Ցուցեալ յայտնեցաւ սուրբ Երրորդութիւն,
     Իիւսեալ միութեամբ անբաժանելի:
     Փառաց, միշտ Էին փառաւորելոյն,
     Քահանա'յք, երգով մատուսցուք ըզփառս:

[ԺԲ]

ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅ

Ծագումն յարփւոյն, ը~, փառաց
     Փայլեալ, ը~, յարարածս եւ լուսաւորեաց:

Լոյսն, որ ի սկըզբանէ աշխարհի,
     Վերըստին հաստատի դարձեալ:

Դարձեալ նոր Իսրայէլ ի Քրիստոս, ը~,
     Հաւատոյ սեամբ լուսաւորի:

Զլոյս մեծ գիտութեան, ը~, տեսին, ը~,
     Ժողովուրդք` որք ի խաւարի:

Խաւար ստուերին աւրինացն փոխեալ, ը~,
     Տեղի ետ լուսոյն ճըշմարտի:

Ճըշմարիտ Մելքիսեդեկ, անմայրն յառաջ,
     Այսաւր անհայր ծընանի:

Ծնընդեամբն, որ ի Կուսէն,
     Զաւրէնըս բընութեան ելոյծ ըզծնելոց:

Ծնեալքս յապականութիւն ցընծամըք
     Ծընընդեամբ անապականին:

Անապական կուսածին Որդին
     Զանապական շնորհեաց մեզ ծընունդ:

Ծընեալք աւազանաւն,
     Ըզծընեալն ի Կուսէն փառաւորեցէք:

[ԺԳ]

ՓՈԽ

Երգ նոր աւետեաց բարբառ այսաւր մեզ հընչեաց,
     Րաբունն երկնային դասուց զաւրաւք յայրն իջեալ:

Գոչէր Գաբրիէլ հովուացն այսաւր._ Ցընծացէ'ք,
     Նոր ծընաւ փըրկիչ աւծեալ ի քաղաք Դաւթի:

Երկինք երկնայնովք տաւնեն ըզծընունդ փըրկչին,
     Րոպէից քառից կուսից լոյս ծաւալեցաւ:

Սոսկացեալ խըմբից մոգուցն ընդ փայլումն աստեղն
     Ի յերկըրպագել ծնելոյն եկեալ ընծայիւք:

Սարսեալ Հերովդէս դողայր ընդ լուր արքային,
     Ի խընդիր մահու շարժեալ կենաց տըւողին:

Արեամբ անմեղաց մանկանց լընոյր զԲեթղահէմ,
     Յառաջեալ տըղայք վըկայք տըղայացելոյն:

Սոցին համաձայն լերուք, մանկունք Սիոնի,
     Էին ծնիցելոյ Բանին տուք միշտ աւրհնութիւն:

[ԺԴ]

ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ

Աստուծոյ ողորմութեանցըն ազդեցումն
     Յառաքումըն միածնին Հաւր ի յերկիր,
     Համբաւ ահեղ երեւեցաւ յաշխարհի
     Առ ի քէն, Երուսաղէմ, քաղաք Դաւթի:

Թագաւորք եկին առ քեզ ահաւորք,
     Եւ զաւրաւք պատեն ըզդրունըս քո, Սիոն.
     Աստղ ունին փայլատակող` առաջնորդ,
     Յարեւելից գան ի հարաւ փութապէս:

Արքայի ծընիցելոյ են ի խընդիր
     Եւ սիրով նըշան հայցեն բերել ի մէջ.

Ո'չ կարես թաքուցանել, ո~վ սուրբ քաղաք,
     Զի յերկնից է տեսութիւնըն, զոր ուսան:

Փութա', հա'րց ըզմարգարէն, որ եւ ասէ`
     Ուր ծընանի արքայն հրէից կուսածին.
     Ի բարբառոյ խուժադուժիցն աւետեաց
     Խռովեցաւ Երուսաղէմ եւ Հերովդէս:

Յիրաւի դու խըռովիս, ո~վ Հերովդէս,
     Զի երկնաւոր արքայն իջեալ բառնայ զթագդ.
     Որոյ իւր են յաւիտեանքն ըստ Յակոբայ,
     Նա կանգնէ զաթոռ Դաւթի յաւիտեան:

[ԺԵ]

ՓՈԽ

Իսկ դու ընդէ՞ր ես խռովեալ, Երուսաղէմ.
     Հակառակ քո փրկութեանըդ վարանիս,
     Զի յազգէ աբրահամեան է շառաւիղն,
     Եւ յարմատոյն Յեսսեայ ծաղկեալ է գաւազանն:

Երանեն, քեզ երանեն, քեզ երանեն,
     Ամենայն ազգ եւ ազինք քեզ երանեն.
     Քեզ փըրկիչ եւ ազատիչ յայտնեալ այսաւր,
     Եւ մեզ պարտ է այնըր լուսովըն զարդարիլ:

Դու խընդա եւ զուարճացիր, Երուսաղէմ.
     Ուրախացի'ր բերկրեալ, ցնծա', մայրաքաղաք.
     Ձայն աւետեաց հընչեաց յերկնից առ ձեզ, մարդիկ.
     Ելէք տեսէք ի Բեթղահէմ` զըսքանչելիս:

Հրեշտակաց իմն է բարբառս այս սոսկալի,
     Եւ զաւրաց երկնաւորացըն` շուրջ զայրիւն.
     _ Աւրհնութիւն Հաւր ի բարձունս, _ երգեն զուարթունք, _
     Եւ յերկիր խաղաղութիւն որդւոց մարդկան:

Մեծարի այսաւր Կուսիւն մայրըն Սառա,
     Պայծառանայ հայր Աբրահամ սուրբ ծերունին,
     Զի աւետեաց Որդին եկեալ հիւր առ նմա
     Հաղորդս առնել ուրախութեան ընդ զաւրս երկնից:

Որք էաք մեղաւք կապեալ ի յԱդամայ,
     Քրիստոսիւ արձակեցաք ի կապանաց,
     Եւայիւ դատապարտեալ ազգըն կանանց
     Մարիամաւ ազատեցան ի յանցանաց:

Ընդ նոսին համաձայնեալ ուրախութեամբ.
     Երգեմք եւ մեք Տեառն Աստուծոյ. Փա~ռք ի բարձունս:

[ԺԶ]

ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], Ի ՆԵՐՍԻՍԷ

Այսաւր աւետեաց ձայն եհաս ի յունկն Եւայի,
     Եւա` առաջին կոյս, ցնծայր դըստերբ Կուսիւն,
     Կուսին խընդութեան լուր զըւարթունն իջեալ գոչէր,
     Գոչէր Գաբրիէլ. «Որախ, ը~, լեր, բերկրեալե:

Բերկրեալ ցընծայր Կոյսն աւետեաւք հրեշտակապետին,
     Հրեշտակըն զարհուրէր` տեսեալ ի նմա զառաքողն,
     Զառաքողն առաքեալն ծանեաւ յառաջ եկեալ,
     Եկեալ հուրն, որ ի մորենին վառեալ ոչ այրէր:

Ոչ այրեալ, այլ սըրբեալ ինքեան տաճարացոյց,
     Տաճար հոգեւոր ի Հոգւոյն, ը~, նախ մաքրեալ,
     Մաքուր խառնարան գինւոյն իմաստութեանըն Հաւր,
     Հաւր մըշակեալ որթն անդ տընկեալ արմատացաւ:

Յարմատոյն Յեսսեայ գաւազան, ը~, ծաղկեցաւ,
     Ծաղիկ կուսածին, ձըմերան հալածող գարուն,
     Գարուն հոգեւոր աշխարհի յայտնեալ ճըշմարիտ,
     Ճըշմարտութիւն յերկրէ ի Կուսէն բուսաւ պըտուղ:

Պըտղոյն առաջնոյ մահ լուծաւ կենացըն պըտղով,
     Պըտուղ անմահին ծառոյ տուաւ մեռեալն Ադամայ,
     Ադամ վերըստին եմուտ ի դրախտն Եւայիւ,
     Եւա պարէ այսաւր ծնանելով զԱստուածորդին:

Որդին, ծածկեալն առ Հաւր, այսաւր յայտնի մարմնով,
     Մարմնով անմարմին Բանն մարդկան փըրկող եկեալ,
     Եկեալ մըկըրտել Յորդանան ի Յովհաննէ,
     Յովհաննէս հրաժարէր. «Ինձ պարտ է ի քէն մկրտիլ, Տէ'րե:

Տէր լուսոյն լոյս զգեցեալ, որ ըզգեցոյց մեզ ըզլոյս,
     Լուսափայլ Հոգին գայր աղաւնակերպ յերկնից,
     Երկնիցըն փակեալ դրունք եղեն բացեալ այսաւր,
     Այսաւր զմարմնացեալ Բանն Հայր` Որդի դաւանէր:

Դաւանեմք ընդ նըմին էակից Հաւր զՈրդի,
     ԶՈրդի եւ զՀոգի ընդ Հաւր անճառ, ը~, միութեամբ.
     Միոյ տէրութեանն յաւէտ նըւագեմք ըզփառս,
     Փա~ռք երից միոյ միշտ, այժմ եւ յաւիտեանս, ամէն:

[ժէ]

ՓՈԽ

Բարբառ աւետեաց ձայնիւ
     Գաբրիէլ գոչէր սըրբուհւոյն.
     _ Առ քեզ առաքիմ, մաքուր,
     Պատրաստել տեղի տէրունւոյն:
     Նըւագ ցընծութեան երգեմք.
     _ Ուրախ լե'ր, բերկրեալ, Տէր ընդ քեզ:
     Նորոգի երկիրս այսաւր
     Յառաջին մեղաց հնութենէն,
     Երկինք երկնայնովք հանդերձ
     Ընդ մարդկան տան փա~ռք ի բարձունս,
     Րամեալ միանան սիրով,
     Հաշտութեամբ Հաւր ընդ արարածս:
     Սարտեաւ յողջունէն սուրբ Կոյսն,
     Հաստատէր բանիւ հրեշտակին.
     Ի տուն Զաքարիայ երթայր
     Ի յողջոյն Եղիսաբեթին,
     Սիրով զլուր բանին լըւեալ,
     Եւ խայտայր ձայնն յորովայնին,
     Ի բերան ծերոյն ամլոյ
     Աւրհնութիւն տայր պըտղոյ Կուսին:
     Երգեմք ընդ մեծին ի ծնունդս.
     _ Փըրկողիդ փա~ռք եւ զաւրութիւն:

[ԺԸ]

ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

Լոյս փառաց Էին ծագողին ծագումն,
     Զաւրութիւն զաւրին, իմաստութեանն իմաստ,
     Բան բերող խորհըրդոյ
     Դէմ անձնաւոր կատար:

Կատարումն էից յանգոյից գոյակ.
     Նախեղակ վեհից իմանալեացըն խումբ
     Ստորակայ տարրից, ը~, քառիւք,
     Յորոց միութեան, ը~, պատկեր` տիպ աննըմանոյն նըման:

Նըման միայնում սկըզբնատպին գեղոյ,
     Խաւարին խաբմամբ փոխակերպեալ ընդ լուսոյ
     Պըճնից, ը~, խաւար մերկացեալ
     Ըզպատմուճանն անճառ փառաց:

Փառաց թագաւորն յայց ել պատկերին,
     Գըտեալ յարգանդի անապական Կուսի,
     Խանդակաթ, ը~, սիրով գըրկեալ համբուրիւ
     Ըզխառնեցելոյ բնութեանն:

Զբնութիւն հողանիւթ ստուերամած կերպիւ,
     Լուսափայլ պըճնիւք փառազարդեալ
     Աստուածատեսակ, ը~, հրաշիւք ծընանի մարմնով, ը~,
     Յիջավանեալ յայրին:

Յայր Բեթղահեմի, ի տուն Եփրաթայ,
     Ի քաղաք Դաւթի հրեշտակերամ դասուց,
     Ստոր իջեալ պարեն ընդ հովիւսն աւետաքարոզ, ը~,
     _ Փա~ռք ի բարձունս, երգով:

Երագեալ մոգուցն աստեղբ նըշանաւ,
     Եկին ի խընդիր արեգականն արդարութեան խորհըրդեան, ը~,
     Բերմամբ ոսկի եւ կընդրուկ, զըմուռ
     Ընծայեալ նըւէր:

Ընդ նոսին եւ մեք ընծայ հոգեւոր մատուսցուք
     Ծնընդեան թագաւորին մերոյ
     Ըզհաւատս, եւ ըզյոյս, ըզսէր`
     Ի ձայն ցընծութեան երգել նըմա ըզփառս:

[ԺԹ]

ՓՈԽ

Նոր թագաւորին անժամանակ ծընեալ Բանին
     Եկայք երկիր պագցուք եւ ընդ մոգուցն ընծայեսցուք,
     Րամեալ զհոգի, զմարմին, զմիտըս տացուք երրեակ անձին:
     Սիրով խոնարհելոյն մաքուր հոգւով տաճարասցուք,
     Ի սիրտըս գըգուեսցուք, որպէս ի գիրկսըն` Սիմէոն:
     Ստասցուք տիպ աւրինակ զանարատ կոյսըն Մարիամ
     Ի նոյն նըմին նըման տաճար լինել Երրորդութեանն:
     Երգով համաձայնեալք հոգեղինացն, որպէս հովիւքն,
     Րաբունաբար զիմաստ իմաստութեան Հաւր ընծայեալ`
     Գըլխոյն եկեղեցւոյ յաւդեալքս ի նոյն տացուք ըզփառս:

ՏԱՂ ԾՆՆԴԻ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

Տիրուհի սուրբ Կոյս, մայր մարմնացելոյ Բանին,
     Մաքուր կուսութեամբ ծընար տըղայ ըզՏէրն,
     Տաճար հոգեւոր թագաւորին երկնից,
     Առաքեցելոյն ի հայրական ծոցոյ:

Րաբունին էից իմաստութիւնըն Հաւր,
     Առ քեզ խոնարհեալ շուշանափայլ հովիտ.
     Րախական բայիւք երգաբանեալ գոչեմք.
     _ Հարսն երկնից դըշխոյ, ուրախացի'ր բերկրեալ:

Ցընծութիւն կուսից աւետաբեր կանանց,
     Բաց լուծանելով զանիծաբեր երկունս.
     Ցաւղ ի Հերմոնէ վայր ի Սիոն հեղեալ,
     Գեղմն իմանալի ի քեզ իջեալ Հոգւոյն:

Հինաւուրցն Աստուած մանուկ ի քէն յայտնեալ,
     Մորենի վառեալ զքեզ Մովսեսի տեսեալ,
     Հիւսակ հոգեւոր եաւթնարփեան շնորհաց
     Ջահ վառեալ լուսով Զաքարիաս ետես:

Փունջ վարդից յեռեալ անուշահոտ հոգւով,
     Խընկաբեր հովիտ, զըմուռ եւ տաշխ հալուէ,
     Փառաց թագաւորն քեւ ի տաճարն եկեալ,
     Սիմէոն ցընծայր քառասնաւրեայ մանկամբն:

Քառակերպ աթոռ սուրբ ծերունին գըտաւ`
     Ի գիրկս իւր բարձեալ զ՚ի քերովբէս նըստեալն:
     Քրիստոսի փըրկչին ընդ ծերունւոյն գոչեմք.
     _ Արձակեա' եւ զմեզ ի կապանաց մեղաց:

[ԻԱ]

ՓՈԽ

Անճառ Բանին բարձրելոյն
     Երկըրպագեն քերովբէք,
     Որ միշտ ընդ Հաւր եւ Հոգւոյն
     Փառաբանի յանմահից:

Անճառելի խորհըրդով
     Նըւաստացեալ տեսանիւր,
     Կոյս կուսական ծընընդեամբ
     Զկանանցն ելոյծ զդատակնիք:

Ծընաւ ծընեալն ի Հաւրէ,
     Զմեզ ազատեաց յանիծից,
     Կեանք ի կենաց յայտնեց.
     Մեզ կեցուցիչ եւ փըրկիչ:

Իջավանի ի յայրին
     Այն, որ անտեսն է վերնոցն,
     Ի խանձարուրս պատեցաւ,
     Լուսով ըզմեզ զարդարեաց:

Կաթամբ Կուսին կերակրի
     Հացըն կենաց անմահից,
     Մըսուր եդաւ յանբանից
     Անպարագիրն ի յէից:

Հովուացն եկեալ ի տեսիլ
     Փառաց լուսոյ անեղին,
     Ձայնակցելով ընդ վերնոցն`
     Փա~ռք ի բարձունս, երգէին:

Մոգքն ընծայիւք կանխէին
     Ի փառս ըզմեզ փըրկողին:
     Ընդ որս եւ մեք գոչեսցուք.
     _ Փա~ռըք ծնընդեան Քրիստոսի:

[ԻԲ]

ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

Էին միայնոյ միածին Որդին,
     Ծընեալն յառաջ քան ըզկէտ ժամանակի սկըզբանց:

Սկիզբըն համայնից յանէից էից,
     Պատճառ ստեղծողն անտարրից եւ տարրեղէն գոյից:

Գոյին պատկերի կորուսեալ դրամին
     Իջեալ` այց առնելով ծառայական կերպիւ:

Կերպարանըն Հաւր ի կերպի եղեալ
     Ադամայ` զնոյն վերաստեղծեալ վերածելով ի փառս:

Փառաց թագաւորն, որ նըստի ընդ Հաւր յաթոռ,
     Ծընեալ ի Կուսէ եւ ի մըսուր բազմեալ:

Բազմի եւ ի գիրկըս դըստեր Դաւթի,
     Տղայապէս կաթամբ կերակրի` որ կերակրէ զաշխարհս:

Յաշխարհի ծագաց մոգք ընծայաբերք եկին,
     Աստեղբըն տեսին զանտեսական ըզլոյսն:

Լոյս փառաց ծագեաց բացաւթեայ հովուաց,
     Հրեշտակք պարակցեալ մարդկան` փա~ ռք ի բարձունս երգեն:

Երգեմք ընդ նոսին եւ մեք զուարճալի ձայնիւ.
     _ Փա~ռըք նորածին թագաւորիդ մեծի:

[ԻԳ]

ՓՈԽ

Նորահրաշ ծնընդեան քո, Տէ'ր,
     Ընդ մոգուցն երկըրպագեմք,
     Երկնաւոր հովուիդ երգեմք
     Զերգս հովուացն` փա~ռք ի բարձունս:

Րաբունւոյդ աշակերտեալքս
     Ընդ հրեշտակս այսաւր պարեմք,
     Սրովբէից համաձայնեալ`
     Յայտնութեամբ քո, Տէ'ր, ցընծամք:

Երեւելոյդ ի փըրկել
     Քեւ փըրկեալքըս պաղատիմք.
     _ Սըրբեա' ըզմեզ ի մեղաց
     Կենարար քո սուրբ ծնընդեամբ.

Ի փա'ռըս վերաբերեա
     Աղաչանաւք Աստուածածնին:
     Եւկեալ նորոգող փըրկչիդ
     Նորոգեալքս երգեմք ըզփառս:

[ԻԴ]

ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

Սկըսեալն յանըսկիզբն ի Հաւրէ անժամանակ Որդին,
     Որդին անըսկիզբն առեալ ըսկիզբն ի Կուսէն մարմնով.
     Մարմնով պարագրի արկողն որպէս զաւթոց ըզլոյս,
     Լոյս փառացըն Հաւր ի մըսուր խանձարրաւք պատեալ բազմի.
     Բազմի եւ ի գիրկս Կուսի ի քերովբէից բարձեալն,
     Բարձողըն կարեաց էից կերակրի կաթամբ Կուսին.
     Կոյսըն մայր եղեալ հրաշիւք զբնութեանս ելոյծ զաւրէնս,
     Աւրինաց տըւողն եմուտ ընդ աւրինաւք ծնընդեան.
     Ծնընդեան արքային աստեղբն մոգքն ընծայաբերք եղեն,
     Եղեն եւ հովիւք դասուց հրեղինաց համաձայնեալ:
     Համաձայնելով եւ մեք երգեմք` փա~ռք ի բարձունս.
     Ի բարձանց իջեալ փըրկչիդ տացուք յաւէտ ըզփառս:

[ԻԵ]

ՓՈԽ

Տէր փառաց անճառ ծընեալն յառաջ քան զյաւիտեանս,
     Նոյն ծընաւ այսաւր ի Բեթղահէմ քաղաք Դաւթի:

Րաբունն երկնային իմաստութիւնըն Հաւր եւ բան,
     Յանբանից մըսուր ի խանձարուրս պատեալ դընի:

Նըստեալն ի քրովբէս յաթոռ փառացըն հինաւուրցն,
     Ի գիրկըս Կուսին տըղայապէս բազմի մանուկ:

Երկնաւոր զաւրացըն թագաւոր մեծ եւ յաղթող,
     Յամպ թեթեւ նըստեալ, ի յԵգիպտոս փախչի կամաւ:

Րամից համայնից ստեղծող եւ Տէր, անտես վերնոցն,
     Յերկրի երեւի եւ ընդ որդւոց մարդկան շըրջի:

Սրովբէից թեւաւք պարածածկեալն ի սուրբ սըրբոցն
     Խոնարհեալ հայցէ ի ծառայէն իւր մըկըրտիլ:

Եկեալ հուրն Աստուած Յորդանանու յորձանսն իջեալ,
     Ջրով կիզու ըզմեղս ադամային բնութեան մարդկան:

Սարսեալ ամլորդւոյն ի կիզանող ահեղ բոցոյն,
     Հրաժարէր մերձիլ ի ճառագայթն անճառ փառաց:

Ի բարձանց Հոգին աղաւնակերպ էջ առ նըմա,
     Մատամբ ցուցանէր զծածկեալ մարմնով բնութիւնն Աստուած:

Երկնից դրունք բացան, այն զոր փակեաց մեղաւք Ադամ,
     Հաւր բարբառ հընչեաց._ Դա' իմ Որդի, դըմա' լուարուք:

Սուրբ Երրորդութեան երից անձանց խորհուրդ յայտնեալ,
     Զոր փառաւորեմք անլըռելի ձայնիւ երգով:

Այժմ եւ հանապազ ընդ Հաւր զՈրդի գովեմք Հոգւովն,
     Միաստուածութեան տացուք ըզփառս միշտ յաւիտեան:

[ԻԶ]

ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


    


     ***
     Այսաւր ցընծան դասք հոգեղինացն
     Ընդ փըրկութիւն հողեղինացս:
     Այսաւր ցընծայ Ադամըն հին`
     Նոր Ադամաւ նորոգելով:
     Այսաւր ծընծայ կոյսն առաջին
     Երկրորդ Կուսին ծընեալ զԱստուած:
     Այսաւր իջեալ բանակք անմարմնոցն
     Տան աւետիս մարմնաւորացս:
     Այսաւր գոչէր հրեշտակապետն.
     _ Ուրախ լերուք եւ ցընծացէ'ք,
     Դասք երջանիկ ընտրեալ հովուացն.
     Ծընաւ այսաւր ձեզ փըրկութիւն`
     Տէր եւ աւծեալ Հաւր միածին
     Ի Բեթղահէմ քաղաք Դաւթի:
     Փութացարուք յայրն երկնանման
     Ի տեսանել զհովիւըն քաջ,
     Որ ի լընուլ զթիւ հարիւրոց
     Իջեալ ի գիւտ մոլորելոցս,
     Երգեմք նըմա` փա~ռք ի բարձունս:


     ՓՈԽ
     Այսաւր ցընծայ տունն աբրահամեան
     Աւետաբեր Որդւոյն ծնընդեամբ:
     Այսաւր ցընծան դասք նահապետացն,
     Լըրմամբ ուխտին թըլփատութեան:
     Այսաւր ցընծայ Մովսէս աւրինաւքն`
     Տեսանելով զլրումն աւրինաց:
     Այսաւր ցընծան հոյլք մարգարէիցն`
     Տեսեալ ըզմարգարէացեալն:
     Այսաւր փողէ դաւթեան քընարն.
     _ Գըտաք ըզնա տուն յԵփրաթայ:
     Այսաւր գոչէ մեծն Եսայիաս.
     _ Ընդ մեզ Աստուած Կոյսըն ծընաւ:
     Այսաւր հընչէ յայրըն Միքիաս.
     _ Ծընցի իշխան ի Բեթղահէմ:

Այսաւր խայտայ ձայն բարբառոյն`
     Որպէս երբեմն յորովայնին,
     Այսաւր ցընծայ մեծ Կարապետն`
     ԶԱստուած եկեալ տեսանելով:
     Այսաւր գոչէ յանապատէ.
     _ Ձեզ աւետի~ք, որք յԱդամայ.
     Տէր գայ, հըզաւրըն զաւրութեամբ,
     Վանէ զկարծեալըն զաւրութիւն,
     Մերձ է երկնից արքայութիւն,
     Պատրաստեցէք յոգիս շաւիղ:
     Թագաւորին երկնաւորի
     Լերինք եւ բլուրք խոնարհեցան,
     Խորք անդընդոց բարձեալ լըցցին:
     Իսկ դու ցընծա', գետ Յորդանան,
     Զի զարհուրեալ անդրէն դառնաս,
     Արագ փութա' այսրէն ի նոյն,
     Ծափ ըզծափի հարցես ձեռամբ,
     Յորդ վըտակաւք խաղա' զըւարթ,
     Ել ընդառաջ ալեաւք խորոց,
     Երկըրպագեա' արարողին.
     Գայ մըկըրտիլ հուրն Աստըւած`
     Լըւանալով զմեղս Ադամայ,
     Ջախէ ի քեզ զգլուխ վիշապին:


     ՓՈԽ

Այսաւր անմեղըն մըկըրտի,
     Զի զմեղուցեալքըս սըրբեսցէ:
     Այսաւր ստեղծողըն ձեռնադրի
     Խոնարհութեամբ յարարածոյն:
     Այսաւր Հոգին աղաւնակերպ
     Էջ` վըկայեալ իւր էակցին:
     Այսաւր փակեալ դըրունք բացան,
     Եւ հինաւուրցն Աստուած յայտնեալ:

Այսաւր հընչեաց Հայր ի բարձանց.
     _ Դա' է Որդի իմ սիրելի,
     Բան եւ ծընունդ եւ ճառագայթ,
     Լոյս ի լուսոյ, կեանք ի կենաց,
     Իմաստութիւն եւ զաւրութիւն,
     Սկիզբն սկըզբանց անժամանակ,
     Արարչակից եւ գոյակից,
     Միով բնութեամբ` ոչ բաժանեալ,
     Իջեալ յինէն` ոչ հեռացեալ,
     Մարմին առեալ` ոչ փոփոխեալ:
     Դըմա' լուարուք, որդիք մարդկան,
     Դա` ճանապարհ ճըշմարտութեան,
     Ելէ'ք ընդ նոյն առ իս յերկինս:


     ՓՈԽ

Այսաւր Հոգւովն ել յանապատ
     Տէրըն` փորձիլ ի փորձողէն,
     Այսաւր երկրորդ Ադամ պահեալ
     Պարտեաց զյաղթող հնոյն Ադամայ:
     Այսաւր պահաւք քառասնաւրեայ
     Կանգնեաց զանկեալըն ճաշակմամբ:
     Այսաւր ցընծամք որդիք մարդկան,
     Զի ետ կոխան զաւձն առաջին:
     Այսաւր տաւնեմք ուրախութեամբ
     Զաւր աւետեաց ազատութեան:
     Այսաւր եկայք, հաւատացեալք,
     Տացուք փըրկչին չփառս յաւիտեան.
    
    

[ԻԷ]

ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ

Քառանիւթիցըս Աստուած եւ աննիւթիցն
     Անեղ յէութեան ծածկեալըն ի ծոց Հաւր,
     Փըրկող ծագեցաւ ի լուսոյ մեզ լոյս,
     Բան բովանդակեալ յորովայնի Կուսին:

Ւիւթիւ Սուրբ Հոգւոյն տնաւրինաբար յղացեալ
     Զհինաւուրցն Աստուած ծընանելով մանուկ,
     Ցուցաւ ի մարմնի եւ ցընծացաւ երկիր,
     Պանծացաւ Եւա` զԱստուածորդին ծընեալ:

Րաբունին բազմեալ ի յանբանից մըսուր,
     Պար առեալ հրեշտակք ընդ բացաւթեայ հովուացն
     Տան փա~ռք ի բարձունս, յերկիր խաղաղութիւն,
     Աւետիս մարդկան ընդ հաշտութեանըն Հաւր:

Վերնական աստեղբըն հրաւիրեալ մոգուցն
     Ընծայաբերիլ թագաւորին նորոյ.
     Սարսեալ Հերովդէս ընդ համբաւ Մանկանն,
     Մոլեգնեալ լընոյր արեամբ ըզԲեթղահէմ:

Ռահ հորդէր Յովսէփ ըստ հրեշտակին տեսլեան,
     Մանկամբն եւ Կուսիւ փախչէր ի յԵգիպտոս.
     Ջահ լուսոյն դարձեալ ի Նազարեթ բնակէր,
     Ծածկէր զճառագայթն երեսնամեայ լըրմամբ:

Պարագրեալ մարմնով ի Յորդանան եկեալ.
     Զհընոյն Ադամայ լուանալ պարտեացն ըզգիր.
     Չառնոյր Յովհաննէս ըզմըկըրտելն ի յանձն,
     Խոնարհէր փըրկիչն` իջանելով ի ջուրսն:

Որդին կուսածին յամլորդւոյն ձեռնադրեալ,
     Ձայնէր Հայր յերկնից._ Դա' իմ Որդի ընտրեալ:
     Շնորհատու Հոգին աղաւնակերպ իջեալ,
     Հանգչէր ի վերայ մարմնացելոյ Բանին:

Նա սկիզբն առնելով մըկըրտութեան նորոյ,
     Ի հուր եւ Հոգի մըկըրտելով ըզմեզ,
     Յաղթէր բնակելոյն վիշապ աւձին ի ջուրսն,
     Զգլուխ նորին ջախեալ կոխան մարդկան տըւեալ:

Մեկնեալ յանապատ չար փորձողին յաղթէր,
     Խրատելով ըզմեզ ըզգուշանալ շնորհին.
     Ճաշակն ըզմեղաց ապաշխարէր անմեղն,
     Անճաշակ եղեալ քառասնաւրեայ աւուրբք:

Ղաւղեալ բանսարկուն հալածեցաւ ի բաց,
     Մատուցեալ հրեշտակք եւ պաշտէին ըզՏէրն:
     Ձայնիւ քաղցր երգով համաձայնեալ նոցին,
     Աւրհնեսցուք զեկեալն ի փըրկութիւն մարդկան:

[ԻԸ]

ՓՈԽ

Նոյն ինքն անդրանիկըն Հաւր յառաջ քան զարեւ,
     Եղեւ անդրանիկ այսաւր կուսական ծնընդեամբն:

Րոպէից քառից ստեղծողն ի նոյն խոնարհեալ,
     Սըրբել զԱդամայ զյանցանս ի գետն Յորդանան:

Եկեալ հուրն Աստուած մարմնով մըկըրտիլ ի ջուր,
     Սարսեալ Յովհաննէս տեսլեամբն, ոչ իշխէր մերձիլ:

Ի վերուստ իջեալ Հոգին նըման աղաւնոյ,
     Երկնիցըն բացան դըրունք, Հայր յայտնեալ ցուցաւ.

Աղաղակելով գոչէր. «Դա' է իմ Որդի
     Յինէն առաքեալ յերկիր, դըմա~ լըւարուքե:

Սա տաւնից մեզ տաւն, եղբարք, ժողովոց ժողով,
     Բոլորից փըրկիչն այսաւր Յիսուս կոչեցաւ:

Արդ, յաւուր տաւնիս այս Տեառն անուանադրութեան
     Նըւագ ցընծութեան երգեմք` ըզփառս ի բարձունս:

[ԻԹ]

ՏԱՂ ՔԱՌԱՍՆԱԻՐԵԱՅ ԳԱԼԸՍՏԵԱՆ ՏԵԱՌՆ Ի ՏԱՃԱՐ, Ի ՆԵՐՍԻՍԷ

Այսաւր նորահրաշ լոյսն ի յերկնից ծագեալ,
     Ծագեալ ի Հաւրէ լոյս ի լուսոյ ծընունդ:
     Ծընունդ էական Աստուած ընդ Հաւր լոյս քան զարեւ յառաջ,
     Յառաջ քան զըսկիզբն անժամանակ անեղ անմահ բնութիւն:
     Բնութիւն միշտ էակ մին միածին Բանն, որ ի ծոցըն Հաւր,
     Հաւր անեղ Որդին անճառելի ամենեցուն ստեղծիչ:
     Ստեղծիչն, որ եստեղծ զիս` յանէից գոյացուցեալ բանիւ,
     Բանիւ զաւրութեամբ կրէ զամենայն արարչական սիրով:

Սիրով խոնարհեալ եկն ի խընդիր իւր հողացեալ կերպին,
     Կերպին նախեղակ զոր մահացոյց մահու առիթ պըտուղն:
     Պըտուղ կենդանի, որ ի սկըզբան Բանն ի Կուսէն նոր մարդ,
     Մարդ ճըշմարտապէս տնաւրինաբար ընդ աւրինաւք մըտեալ:


     ՓՈԽ

Մըտեալ ի տաճարն այսաւր աւծեալն Աստուած,
     Աստըւած եւ Տէր սինէական տառիցն:
     Տառից աւրինաց մարգարէից նահապետացըն Տէրն,
     Տէր Յիսուս ելից զերանաւետ ուխտ նոր ընդ հարսն այսաւր:
     Այսաւր ծերունին գիրկս արկանէր Հաւր ծոցածին լուսոյն,
     Լուսոյն անեղի Մանըւէլի տղայացելոյ Բանին:
     Բանին Հաւր գոչէր աղերսալի արտասուագոչ ձայնիւ,
     Ձայնիւ աղերսէր. «Լո'յսդ, որ եկիր լուսաւորել զաշխարհս,
     Զաշխարհս փըրկեցեր, արձակեցեր յանլոյծ մեղաց կապից,
     Կապից անիծից եղեր լուծիչ, այժմ արձակեա' եւ զիս.
     Զի'ս այժմ արձակեա, զծե'րս, ի կապէ, ծեր տղայ ծերոյ ծընունդ,
     Ծնունդ անեղ լուսոյ մանուկ տըղայ, Աստուած եւ Տէր, Քրիստոսե:
     Քրիստոս Աստըւած, լուր մեզ եւ այժմ աղաչանաւք ծերոյն,
     Ծերոյն աղաւթիւք մեզ ողորմեա' քո բանաւոր հաւտիս,
     Հաւտի քո փոքու, զոր գընեցեր քո պատուական արեամբդ,
     Արեամբ քո քաւիչ դեղ թողութեան մեղաց շնորհեա' եւ մեզ:
     Մեզ այց արա, Տէ'ր, ընդ սուրբըս քո յայցելութեան աւուրն,
     Յաւուրն աներեկ մեծի ծագման քո հայրենի փառաւք:
     Փառաց թագաւո'ր, քեզ վայել է փառք եւ պատիւ ընդ Հաւր,
     Ընդ Հաւր եւ Հոգւոյն փա~ռըք, պատիւ միշտ յաւիտեանս, ամէն:

[Լ]

ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ, Ի ՅԱՐՈՒԹԻՒՆ ՂԱԶԱՐՈՒ ՈԳԵԱԼ

Անմահ թագաւորն իջեալ ի վայրըս մահու,
     Մահու գերելոց առընել գերէդարձ.
     Դարձոյց վերըստին ի կեանս անվախճանս,
     Վախճան մահու եւ կենաց ըսկիզբն այսաւր:
     Այսաւր կեանքն եկեալ ի Բեթանիայ առ մահն,
     Մահուն փախուցեալ որպէս խաւար ի լուսոյ,
     Լուսոյն ընթացեալ զհետ մահուն, ը~, խաւարի,
     Խաւար ստուերամածըն եղեւ լոյս անըստուեր:
     Ստուերաւ տըրտմութեամբ քոյրքն անկեալ առ ոտըս Տեառն.
     _ Տէ'ր, թէ աստ պատահեալ, կեանքդ եղբաւրն ոչ հանդիպիւր մահ:
     Մահու սիրելւոյն կրիւք մարդկաբար արտասուէր,
     Արտասուաց բըղխումն այն զարտասուսըն բառնայր:
     Բառնալ հրամայէր հզաւրն ըզվէմն առ ի բաց,
     Բարձմամբ տապանին այնմ բացան դրունք դըժոխոց:
     Դըժոխք սարսեցին ի ձայնելն առ Ղազար.
     _ Ղազարէ', եկ արտա'քս, _ ձայնէր կոչողն Ադամայ:
     Ադամայն կապ մահու լուծեալ ձայնիւ հըզաւրին,
     Հըզաւրին զաւրութեամբ դարձաք դարձեալ ի կեանսն:
     Կենսատու ձայնին մերձեալ ի յունկըն մեռելոյն.
     Զմեռեալ չորեքաւրեայն ոչ արգելին դըժոխք:
     Ի դըժոխս կապեալ անձն արագ գայր առ կոչողն,
     Կոչողին հրաման լուծանէր զնա ի կապից.
     _ Կապելոցն ի դըժոխս աւետի~ս յարութեան:

Յարութեան յուսով ցընծասցուք եւ մեք այսաւր,
     Այսաւր զուարճանամք տաւնիւս ընդ Մարիամանցն:
     Մարիամու մասին հաղորդս արա զմեզ, Տէ'ր,
     Տիրականդ ոտից աւծմամբ թողութիւն շնորհել,
     Շնորհաց քոց անճառից, Յիսո' ւս, մատուսցուք զփառս:

[ԼԱ]

ՓՈԽ

Նոր աւետեաց լուր այսաւր մեզ հընչեաց
     Երկնային ձայնիւն Որդին որոտման.
     Րոպէից Տէրն Յիսուս` ստեղծողն Ադամայ`
     Սա այսաւր եկեալ ի Բեթանիայ
     Ի յարուցանել ըզչորեքաւրեայն:
     Սաստեաց հրամանաւ մահու բըռնութեան.
     Ի կեանըս դարձոյց վերըստին զՂազար
     Եւ նովին յուսով զմեզ անմահացոյց:
     Րաբուն իմաստիւք սպասեալ յարութեան`
     Գոչեսցուք եւ մեք` Կենարարին փա~ռք:

[ԼԲ]

ՏԱՂ ԾԱՂԿԱԶԱՐԴԻՆ

Տիրական տաւնիւս այսաւր եկայք ցընծասցուք,
     Րախճանայ այսաւր երկինք անմարմնականաւք:

Նորոգի երկիրս այսաւր գալըստեամբ փըրկչին,
     Երգս առեալ մանկանցն ոստովք` ովսաննա', աւրհնեալ:

Րաբունին էից այսաւր եկեալ ի Սիոն,
     Սիոնի ցընծան մանկունք ելեալ ընդառաջ:

Երգս երգէ Զաքարիաս դըստեր Սիոնի,
     Սիրով խոնարհեալ նըստի նոր յաւանակի:

Ի ծերոց ընծայ բանիւ ի տղայոց ձայնիւ,
     Երգեմք ընդ նոսին ըզփառս գալըստեան քո, Տէ'ր:

[ԼԳ]

ՏԱՂ ՄԵԾԻ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

Այսաւր ըզՏէրդ արարիչ որ գաս ի չարչարանս,
     Այսաւր ժողով Հեբրայեցւոցն խորհին քեզ ը~, մահ:
     Այսաւր Կայիափա խոստովանի զփըրկիչդ աշխարհի,
     Այսաւր իւղով աւծանիս նըշան պատանացըն քոց:
     Այսաւր յայտնէ Յուդա զախտ արծաթսիրութեան,
     Այսաւր առնու զցանց ըմբըռնող զինքըն ի կորուստ:
     Այսաւր` ըսկիզբն փըրկութեան եւ շընորհաց մերոց:
     Այսաւր աւրհնեմք զեկեալդ կամաւ ի չարչարանս,
     Քրիստոս Աստըւած յաւիտեանս, ամէն:

[ԼԴ]

ՏԱՂ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹՈՒՆ, ՆԵՐՍԻՍԻ

Ի յուրբաթու մեծի զատկիս,
     Գառն անարատ ածեալ ի սպանդ
     Լըցեր զաւրէնըս քո ճըշմարտութեամբ զըստուերն:

Յառաւաւտու յայգոյն ծագեալ,
     Արեւ պայծառ զնըշոյլ լուսոյ
     Չարչարանացըդ քոց, զարդարեցեր զերկիր:

Ով~ անարատ, ամբիծ Յիսուս,
     Կապանաւք պընդեալ տոռամբք,
     Որ զպարտական ածար դատաւորաց ի ձեռս:

Երկնային բիւրուց բանակք
     Սատակել իջին զմարդիկ,
     ԸզՏէրն իւրեանց տեսեալ մեղաւորաց յատեանն:

Թագաւոր զաւրաց վերնոց,
     Դաւանեցեր յայտնի ըզնոյն,
     Յոր եւ ծընեալ եղեր նախքան զարեւ անուն:

Ի Պիղատոսի յատեանն
     Արքայդ երկնից կացեր
     Եւ սպասաւորաց քոց զհոյլսն ոչ մարտընչել թողեր:

Հեզութեամբ, Քրիստոս Աստուած,
     Կոխեցեր զչարին ըզմարտ,
     Ճըշմարտութեան վըկայ ի յաշխարհի յայտնեալ:

Զթիկունսդ ետուր ի գանս կամաւ,
     Ոչ խըստացեալ դարձար ընդդէմ,
     Եւ քեզ ոսոխ արդար ոչ ոք եկաց ի մէջ:

Այսաւր պըսակիս արքայ
     Ի հեթանոսաց` փըշովք,
     Ծիրանազգեստ պըճնեալ եկեղեցւոյ փեսայ:

Այսաւր առնուս եղեգն ի յաջդ,
     Ի կեանս գըրես արեամբդ զմարդիկ
     Եւ տաս կըտակ անջինջ քո` հաստատեալ մահուամբ:

Այսաւր թագաւորդ միայն
     Ի մարտ յառնես փոխան հաւտիս,
     Կալ ախոյեան չարին զինու վառեալ խաչիւ:

Յայս վըկայեցեր հանդէս
     Ի Հաւրէ վերուստ տըւեալ,
     Վիրաց մերոց բըժիշկ` այդ միածինդ ամբիծ:

Զքեզ, ով~ թագաւոր արդար,
     Ընկալաւ եկեղեցի,
     Զոր ուրացան հրեայքն` սա ամփոփեաց ի գիրկս:

Խոստովանիմք ըզշնորհս փըրկչիդ,
     Դո'ւ, Քրիստոս, մեր թագաւոր,
     Աղաղակեմք ի ձայն ընդդէմ ապերախտ ազգին:

Երկըրպագեմք նորոգողիդ,
     Համբուրեմք սիրով զպարգեւս
     Եւ տամք գոհութիւն փոխան այժմ եւ հանապազ:
    
    

[ԼԵ]

ՓՈԽ

Դուստըր Սիոնր,
     Եկեղեցի հեթանոսաց ժողով,
     Ե'լ ի հանդէս ահեղ:

Տես ըզՍողոմոն
     Զխաղաղութեան արքայն յայտնեալ յերկիր,
     Ըզքո փեսայն ամբիծ:

Այսաւր պըսակեաց
     Մայրն իւր ըզնա` փշովք բոլորեալ թագիւ
     Եւ առաքեաց առ քեզ:

Զգեցոյց ծիրանի
     Արքունական քղամիդ ի փառս նորին`
     Հաճոյ լինել սըրտիդ:

Բաց զքո զառագաստ,
     Եղբաւրորդւոյն բաց եւ ընկալ ի գիրկս
     Եւ տուր ողջոյն սիրով:

Այս այն թագաւորն,
     Որ զհայրենիսն եթող ունայն եւ զմայրն
     Եւ զքեզ արար մարմին:

Մեծ է այս խորհուրդ
     Յեկեղեցի եւ ի Քրիստոս ցուցեալ,
     Անճառ սիրոյ առիթ:

Դուք ճաշակեցէք
     Եւ զայս տեսէք, եղբա'րք, մըտաց աչաւք
     Ըզքաղցրութիւնըս Տեառն:

Չիք առ մեզ երկիւղ,
     Այլ է մաքուր սիրոյ պատճառ բաժակ`
     Մատըռուակեալ այսաւր:

Անդա'մք Յիսուսի,
     Արեամբ նորին զմայլեցուցէք զըսիրտս
     Եւ տուք պըտուղ զարտաւսր:

Կերայք եւ լացէք,
     Կերայք արտասուաւք զմարմին փրկչին ձերոյ`
     Չարչարանացն հաղորդ:

Սա առհաւատչեայ
     Եւ գրաւական ձեզ հաստատուն տըւաւ
     Ուրախութեան երկնից:

Տընկակիցք մահուն,
     Բողբոջ եմք մեք այն կուսածին արեան,
     Մեռցուք ընդ նմա կամաւք:

Գրեսցուք առաջի
     Աչաց մերոց զՅիսուս ի խաչն այսաւր
     Եւ խաչեսցուք ընդ նա:

Յայտնեաց ըզսէրն իւր
     Աստուած ի մէջ երկրի ի մահու լեալ,
     Այն ծոցածին ծաղիկն:

Զի արդարութիւն
     Սուրբ միածնիս զամենեսեան հանցէ
     Ի յանիծից մեղաց:

Շնորհաւք կենդանիք
     Յարդարութիւն եղաք ի փառըս միշտ
     Նորս Ադամայ մահուամբ:

Հաւատով առ սա
     Եւ ոչ գործով եղաք արդարըք մեք,
     Աղաղակէ Պաւղոս:

Հաւատացեալքըս
     Փա~ռք եւ պատիւ հանցուք նըմա երգով
     Ի յաւիտեանս, ամէն:

[ԼԶ]

ՏԱՂ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹԻՆ

Անեղ Որդին Հաւր միածին բազկատարած
     Այսաւր եկաց ի յատենին տիեզերաց:

Բարձեալ մարմնով ի խաչն անճառ խոնարհութեամբ,
     Բերեալ բազկաւ ըզհեռացեալ ազգըս մարդկան:

Գառն անարատ, ածեալ ի սպանդ պատարագի,
     Գայ հաշտութեամբ Հաւր` ի բառնալ զմեղս աշխարհի:

Դատափետք եղեն դըպիրքն առ Պիղատոս,
     Դատաստանաւ բառնալ ի խաչ բողոքէին:

Եկն եհաս վախճան ամաց ÿստ նախատեսիցն,
     Եւ ցուրտ եւ պարզ աւր մի յայտնի Տեառն Աստուծոյ

Զէլի էլին Տէր գըթութեանց տայր ի բարձունս`
     Զխաղաղութիւն խաչահանուացն աղաւթելով:

Էնն է ինքն ընդ մեզ Աստուած յաւիտենից,
     Էրեւեցաւ մեզ ի վախճան ժամանակի:

Ընդ մեզ Աստուած յայտնեալ, բարձեալ մարմնով ի խաչ`
     Ընդդէմ լուսոյ արեգականըն կընքելով:

Թողեալ լըքաւ լոյսն ի ծոցոյ արեգականն,
     Թաքոյց յինքեան ըզճառագայթս ի միջաւրեայ:

Ժամուն ոչ տիւ եւ ոչ գիշեր ՚ստ մարգարէին,
     Ժամանեալ գայ Տէր զաւրութեանց ի պատերազմ:

Իշխանութեամբ առ Հայր զհոգին աւանդելով`
     Ինքն ի հանդէս մարտի ընդդէմ մահու իջեալ:

Լըւեալ իշխանք չարին` պակեան ահիւ մեծաւ,
     Լըւեալ մահու եւ դըժոխոց` սասանեցան:

Խոր խաւարին սաստէր Յիսուս լուսով խաչին,
     Խընդիր առնէր իւր ծառայիցն անդ գերելոցն:

Ծանեաւ Ադամ զնըշան գալոյ Տեառն ի դըժոխս,
     Ծանր ամաւթով կայր հիացեալ երկիւղագին:

[ԼԷ]

ՈՂԲՔ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹԻՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ ՀԱՅՈՑ

Կայր մայր Տեառն առ խաչին`
     Կոյսըն Մարիամ,
     Ողբալով զայս ասէր
     Առ միածին Որդին.

_ Ո'վ անմեղ գառն Աստուծոյ,
     Ընդ ո՞ր մեղաց պատժիս.
     Ես սրբութեամբ զքեզ յղացայ,
     Մաքուր կուսութեամբ ծնայ:

Կոյս յետ ծնընդեան քո մնացի`
     Ծնելոյդ զաւրութեամբ.
     Ամբիծ շըրջեցար յերկրի,
     Անփորձ ի մեղաց:

Մեղս ոչ արարեր մարմնով
     Ըստ նախաձայն Բանին,
     Եւ ոչ նենգութիւն գըտաւ
     Ի բերան քո բարի:

Իշխանն աշխարհի ի քեզ
     Ոչ եգիտ յիւրոցն,
     Արդ, զի՞ մատնեցար, որդե'ակ,
     Խաչի եւ մահու:

Ո՞ւր հրեշտակին բանն ըզքէն`
     Թագաւորել անվախճան.
     Ահա զձեռսդ, որ զերկինս ձգեցին,
     Տարածեցին ի փայտին:

Զմատունսդ, որ զաւրէնս գրեցին,
     Բեւեռեցին ի խաչիդ.
     Զոտսդ, որ ի ծովուն գնացին,
     Հեղուսեալ կապեցին:

Յայտնեա' ինձ, Յիսո'ւս, զխորհուրդ
     Քո կամաւոր մահուանդ,
     Զի հաստատեսցի սիրտ իմ
     Ի մարդկեղէն կարծեաց:


     ՓՈԽ

_ Ո~վ Մարիամ, կոյս եւ մայր,
     Տաճար լուսոյ իմոյ.
     Մի' տկարանար դու հոգով
     Յիմ ծածկեալ խորհըրդոյս:

Ես մարգարէիւք իմովք
     Յառաջ զայս ցուցի.

Աբրահամ կախեալ ետես զիս
     Խոյ ընդ Սահակայ:

Մովսէս գուշակեաց տեսանել
     Ըզկեանս ի փայտի,
     Ըստ Դաւթայ ծակեցին զձեռս իմ
     Եւ զոտս` ի փայտիս:

Ըստ Սողոմոնի եդին ինձ
     Պըսակ ի փըշոց,
     Ըստ Եսայեայ` իբրեւ զոչխար
     Ի սպանդ վարեցայ:

Ըստ Դանիելի սպանին
     Զաւծեալ Տեառն այսաւր,
     Ըստ Երեմիայ արկին
     Փայտ` ի հաց մարմնոյս:

Ըստ Զաքարիայ` հայեսցին
     Յորս խոցեն տիգաւ:
     Զիս Հայր իմ մատնեաց ընդ մեղաց
     Որդւոց Ադամայ:

Ես հնազանդ եղէ Հաւր իմոյ
     Մինչ ի մահ խաչիս,
     Զանէծսն Ադամայ բառնամ
     Փշեղէն պըսակաւս:

Զձեռսըն կարկամեալ փայտիւն,
     Պարզեմ բեւեռաւքս,
     Զոտիցըն կապանս ընդ ծառոյն
     Արձակեմ հեղուսիւքս:

Դառնահամ պըտղոյն ճաշակ
     Քաղցրանայ լեղեաւս,
     Զկողածնին լըւանամ զխայթուած,
     Կողիս վըտակաւք:

Մահ իմ տայ ըզկեանս մեռելոց,
     Որք ի սկըզբանէ,
     Փայտ խաչիս իմոյ` զփայտ մահու
     Ի կեանս փոխարկէ:

Նընջեմ ի հող մահուընդ մեռեալս
     Զորս ընդ իս յարուցից,
     Ի դժոխս իջանեմ առ հոգիսն,
     Որք են ի բանտի:

Զկապեալն արձակեմ զԱդամ,
     Կապեմ ըզկապողն,
     Ի դրախտն ուստի ել` տանիմ,
     Ուր եւ զաւազակն:

Արդ, մի' վըհատիր, Մարիամ,
     Այլ խընդա' յուսով,
     Ես յետ յարութեան իմոյ
     Քեզ երեւեցայց.
     ԶՀաւր կամս կատարել կամիմ,
     Առ նոյն վերանամ:


     ՓՈԽ

_ Արդ, ո~վ Տէր եւ Որդի իմ,
     Ո՞ւմ յանձն արարեր
     Զմայր եւ զաղախին քո:

Դու յերկինս առ Հայր երթաս,
     Ո՞վ զկեանս իմ տնաւրինէ
     Փոխան քո յերկրի աստ:

Զի թէ հրէական նախանձն
     Զլոյսդ հալածեցին,
     Ինձ զի՞նչ արասցեն, որդեա'կ:

Ես ակն ունէի` Յիսուս
     Թագ ի գլուխ եղեալ,
     Եւ այժմ տեսանեմ խաչեալ:

Բան ի հրեշտակէն լըւայ,
     _ Ուրախ լե'ր, բերկրեալ, _
     Եւ այժըմ հոգւով խոցիմ:

Ի ժամ ծընըդեան քո
     Հրեշտակք ցընծացին
     Եւ այժմ անարգեն մարդիկ:

Մերկ ըզքեզ տեսի, որդեա'կ,
     Պընդեալ ի փայտիդ,
     Խաւար իմ աչացս այսաւր:


     ՓՈԽ

_ Ո~Վ անմեղ աղաւնի իմ,
     Մի' զանգիտեր դու սըրտիւ
     Ի յերկիւղէ մարդկային:

Ընդ քեզ եմ յաւիտեան ես,
     Որ բառնամ զարարածս իմ
     Բանիւ զաւրութեամբ իմով:

Ո~վ սըրտիւ սիրեցեալդ իմ,
     Ընդ քո մաքրութեան հոգւոյդ
     Տամ մայր քեզ ըզՄարիամ մայր իմ:

Պատուեա' ՚ստ աւրինացն ըզնա,
     Որպէս եւ տեսեր դու յիս,
     Հնազանդ լինելով նըմա:

Եւ մեզ աղաւթիւք մաւր քո
     Եւ Յովհաննու սիրելւոյն
     Շնորհեա' զթողութիւն մեղաց:


    

Եւ քեզ երգեսցուք ընդ Հաւր,
     Եւ ընդ Սուրբ Հոգւոյն ըզփառս
     Յայժմուս եւ յաւիտենից, ամէն:

[ԼԸ]

ՏԱՂ ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Ծարաւեցաւ որպէս ըզմարդ Տէրն ի խաչին,
     Այն որ արար զծով եւ զերկինըս ջըրային:

Լեղի խառնեալ ընդ քացախոյ զինաւորին.
     Արբուցանէր այն երկնաւոր թագաւորին:

Արեւն յերկինս խաւար դարձաւ մէջաւրէին,
     Նըսեմացաւ ընդ անարգանս անմահ Բանին:

Բարձրագոչ ձայնիւ գոչէր Տէրն ի խաչին
     Զէլի էլին եւ աւանդէր առ Հայր զհոգին:

Եւ վարագոյր հին աւրինին սուրբ տաճարին
     Ընդ չարչարանս կենարարին պատառէին:

Երկիր հիմամբք ի յանդընդոց սասանէին,
     Վէմք պատառեալ եւ գերեզմանըք բանային:

Դըժոխք սարսեալ սասանեցաւ բանտն ահագին
     Եւ արձակեաց զկապեալ հոգիսն, որ անդ էին:

Յահեղ ձայնէն կենդանատու Տեառն Յիսուսին
     Ազատեցան կապեալ հոգիքն, որ ի բանտին:

Յորժամ էջ մեր կենսատուն անդ ի ստորին,
     Լուսաւորեաց զորս ի խաւար անդ նըստէին:

Եւ վեր ածեաց անտի զնոսին յերկինս վերին
     Եւ դասեցոյց ընդ անմարմին զաւրսն երկնային:

Արժանացոյց պայծառ լուսոյ առագաստին,
     Արքայութեանըն հարսանեաց սուրբ փեսային,

Ուր անդրանիկ որդիքըն մաւր սուրբ Սիոնին,
     Աբրահամու գոգոյն ժառանգ Հաւրըն վերին,

Ու արդարոց դասք ամենայն սուրբ երամին
     Ուրախանան յաջմէ փառաց սուրբ փեսային:

Նըմա երգեմք եւ մեք ընդ Հաւր եւ Սուրբ Հոգւոյն:
     Փա~ռք յաւիտեանս խաչեցելոյ անմահ Բանին:


     ԼԸա. ՓՈԽ

Ծարաւեցաւ Տէրն ի խաչին որպէս ըզմարդ,
     Այն որ արար զովկիանոս ծով գեղեցիկ:

Ի Սամարացւոյն ջուր խընդըրէր յաղբիւրըն Տէրն,
     Այն որ արբոյց տիեզերաց զանմահութիւն:

Լեղի խառնեալ ընդ քացախոյն զինաւորին,
     Արբուցանէր անմահ Բանին թագաւորին:

Բարձրագոչ ձայնիւ գոչէր Տէրն ի խաչին
     Զէլի էլին եւ աւանդէր առ Հայր զհոգին:

Նըմա երգեմք եւ մեք ընդ Հաւր եւ Սուրբ Հոգւոյն,
     Խաչեցելոյն անմահ Բանին փա~ռք յաւիտեանս:

[ԼԹ]

ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ, ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Առաւաւտին շաւիղին
     Շող ծագեալ, արեւ տարածեալ,
     Արեւ, ը~, բարձըր իջեալ
     Արփենւոյն արփւոյն տարփըմամբ,
     Արփւոյն, ը~, տարփըմամբ անդ,
     Ը~, քաղցրիկ ցաւղիկ արկանէր,
     Ցաւղ ի Հերմոնէ իջեալ
     Ի վերայ լերին սիրայնոյ,
     Լերին, ը~, սիրայնոյ սէր
     Ի սընունդ հովիտ շուշանի,
     Հովիտ, ը~, յաւրինեալ, ը~,
     Նուսխայնոյ կանայք տարփացեալք,
     Կանայք, ը~, տարփացեալ, որ,
     Ը~, գայք ի հանդէս գիշերոյ,
     Հանդէս, ը~, խաչելոյն լոյս
     Զըւարթնոյն զուարթուն հրեշտակին,
     Զըւարթուն, ը~, սերովբէն
     Ի վերայ վիմին փողերգէր,
     Փողէր, ը~, զաւետիս.
     _ Տէր յարեաւ, դուք, ը~, զո՞վ խընդրէք,
     Յարեաւ անձկալին, ը~,
     Սիոնի սիրով սիրեցեալն,
     Սէր ողջոյն, ը~, խանդակաթ, ը~,
     Սուրբ ոտիցն երկիր պագանեմք:
     Փա~ռք նոյն ի նոյն ի նոյն, ը~,
     Նըմին յաւիտեանս, ամէն:
    
    

Շարունակությունն այստեղ
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
25174 | 0 | 0
Facebook