Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սլավիկ Չիլոյան /Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում

00:12, չորեքշաբթի, 30 հուլիսի, 2014 թ.
Սլավիկ Չիլոյան /Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում
    
    
    

ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ


    


    
     Փոքրիկ էի այնժամ,
     փոքրիկ էի, այո,
     փոքրիկ էի այնքան,
     որ սիրահարի
     տնից դուրս եկած
     և կամ էլ հարբած
     մի քանի մարդկանց
     զվարճանքն էի ես.
     կտտացնում էին
     նրանք իմ գլխին
     և կամ էլ գրկած
     հասցնում էին ինձ
     ինչ-որ հեռավոր,
     անծանոթ փողոց
     և ինչ-որ անկապ
     բառեր հորանջում.
     փոքրիկ էի այնժամ,
     լավ չէի հասկանում:
     Երբ լացակւմած,
     արցունքն աչքերիս
     ես դուրս էի գալիս
     մթին կինոյից,
     ապա հևիհև
     ու շնչակտուր
     պատմում մայրիկիս
     «ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ»,
     ասում էր. «Որդիս,
     կինո է, կինո»:
     Բայց մեղք հայացքով
     տեսնում էի նրա
     արցունքներն անափ
     ու չէի հավատում,
     թե կինո է դա:
     Մի օր էլ մեռավ.
     թաղեցին նրան,
     իմ լավ մայրիկին:
     Կանգնել էի նրա
     փակ աչքերի մոտ
     ու կրկնում էի.
     «Կինո է, որդիս»:
     Այժմ էլ մեն-մենակ,
     առանց մայրիկիս,
     առանց ոչ մեկի
     ես քարշ եմ գալիս
     այս փողոցներում
     և լացող մարդկանց
     դողացող դնչով
     ասում եմ. «Ոչինչ,
     ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ...

ՓՈՂՈՑԻ ՇՆԵՐԸ ՄԻՇՏ
     ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

Այնպես խաղաղ էր դրսում,
     այնքան ցուրտ,
     որ ոռնում էր մի շուն:
     Մոտեցա նրան ու հարցրի.
     շուն,
     ի՞նչ կա աշխարհում.
     ոչինչ, ասաց նա,

տաք տեղ եմ փնտրում:


    

ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ Է

Սիրելը մեծ բան չէ.
     ուղղակի
     պետք է խորհրդակցել.
     Իսկ խորհրդակցությունը
     Մի օր կավարտվի,
     երբ լռությունը կխփի ուսիդ
     ու կասի,
     գնա՜նք:

***
     Բանաստեղծները
     մուկ են
     որոնք
     մարդկանց կորցրած ոսկին
     իրենց բույնն են քաշում
     եւ հետո
     մեկիկ-մեկիկ հանում
     շարում են
     իրենց բնի առաջ
     ու ժիր ճստվստոցով
     անմեղ հիանոմ
     իսկ մարդիկ
     ոսկին գտնելու
     ուրախությունից
     խելքները թռցրած
     անմեղ մկներին են հաճախ տրորում
     դրա համար
     մկները վաղուց
     էլ չեն հիանում
     եւ իրենց բների
     մթության մեջ են
     գտած ոսկիները
     խորունկ թաքցնում …

ԷՔՍՊՐՈՄՏ

Քո ոտնահետքերը
     բերեցին
     ինձ, խղճուկիս,
     մի տխուր արբեցում,
     որ,
     ինչպես տեսնում ես,
     դարձավ բանաստեղծություն.
     ոտնահետքերդ…
     (Բազմակետերն էլ
     իզուր եմ դրել,
     որ դու շունչ առնես):


    

ՄԻԱՅՆ ԲԵՆԶԻՆՈՎ

Կարդում եմ.
     «Զգույշ, ներկված է»:
     Ճանապարհին հանդիպում եմ մի ծանոթի.
     բարեւում ենք.
     խոսում է ինչ որ բանից,
     իսկ ես դեռ կարդում եմ.
     զգույշ, ներկված է:
     Հասնում եմ,
     իսկ նա սպասում է արդեն,
     քայլում ենք կողք-կողքի,
     մաշվում է ժամանակը,
     իսկ ես դեռ կարդում եմ.
     զգույշ, ներկված է:
     Հասնում եմ տուն,
     ակամա վերցնում եմ մի լրագիր
     ու նորից մեկը
     ուղեղիս միջից
     սողում է ականջիս
     ու շշնջում է.
     ԶԳՈՒՅՇ, ՆԵՐԿՎԱԾ Է:

***

ես չեմ կորցրել
     ոչ մի բան.
     զգացմունք,
     թեկուզ զգացողություն.
     կեղտից անգամ քաշված օղին
     ես դատարկում եմ իմ
     պարզ ուղեղում,
     ու հետո այդ կեղտը
     դառնում է ոչինչ
     կամ էլ այսպիսի
     բանաստեղծություն:

ԿՈՄԻՏԱՍԻՆ

Մենք չիմացանք,
     թե ինչ երգեցիր
     օտար Փարիզի հոգեբուժարանում…
     Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,
     հանապազօր հաց,
     տնքոցը հիվանդի` հորովել, հո՜, հո՜…
     Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,
     Էլ չենք հեծկլտա
     թալանված մեր ապերջանկությամբ.
     մի բահ էլ նրա ուսին կդնենք,
     որ նա էլ երգի.

հորովել, հո՜, հո՜…

ՄԵՌՆԵԼՆ Է ԴԺՎԱՐ

Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի
     Ու ահագին ոսկի գտնեի,
     Թեկուզ հետո մի փոս փորեի
     Այդ ահագին ոսկին թաղեի:
     Օպերետտայից

Ես ի սկզբանե այնպես ծնվեցի
     (և իմ կարծիքով բոլորն են այդպես),
     որ առաջին օրն իսկ մտածել գիտեի,
     բայց խոսել չէի կարող
     ու պետք էլ չէր ինձ,
     բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին
     խոսեցնելու համար,
     որ մտածմունքս փոխվեց խոսելու.
     և հետո խոսում, խոսում,
     խոսում էի ու չէի պրծնում:
     Միայն մի ելք կար.
     այդպես խոսելով անցա այն աշխարհ,
     որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել,
     որ առաջին օրն իսկ մտածել գիտեի:
     Եվ այսքանից հետո
     դեռ հարցնում եք,
     թե` այն աշխարհից ո՞վ է ետ եկել:

ԱՍՔ ԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ

քսաներորդ դարում
     կամ դարերում առհասարակ
     անունները լինում հատուկ և հասարակ
     հատուկ են կոչվում այն անունները,
     որոնք դառնում են
     հրվանդան, քաղաք, փողոց, արձան,
     զբոսայգի, նավ, թխվածք և այլն,
     օրինակ՝ Բերինգ, Վաշինգտոն, Պյոտր 1-ին,
     Սասունցի Դավիդ, Նապոլեոն, Ժոզեֆինա և այլն։
     Հասրակ են կոչվում այն անունները
     որոնք դառնում են
     հող,
     օրինակ. մեր հարևան ղարսեցի մաուզերիստ
     արտաշը, որը մինչև մեռնելն ասում էր.
     «Սկորո բուդետ վայնա» մեքենավար կարոն,
     որն ահագին պատիվ ուներ, տոմսավաճառ
     հայրենասեր Հայկը, 1946 թվի հայրենադարձներից
     շատերը, հրաշալի յոթնյակը,
     բոլոր թափառող գնչուները և այլն։
     Բացառություն. քանի որ բոլոր հրվանդանները,
     քաղաքները, արձանները, փողոցենրը, թխվածքները
     և այլնը
     առաջանում են հողից,
     ուստի՝ բոլոր հատուկ անունները դառնում են
     հասարակ
     և ընդհակառակը, ու պտտվում,
     օրինակ. ԵՐԿՐԱԳՈՒՆԴ։


     Հիսուս Քրիստոս

Կյանքը ծխախոտ է,
     մարդը` թունդ ծխող.
     միայն նրանից հեռանալիս է
     երևում նրա
     ավելորդությունը,
     իսկ ծխախոտի դեմ պայքարող
     միակ ու հիանալի բժիշկը
     խաչվելով անգամ
     չփրկեց մեզ,
     որովհետև կյանքը ծխախոտ է,
     մարդը` թունդ ծխող,
     իսկ այս աշխարհում
     ամենաքաղցր բանը
     թույնն է,
     երբ այն տրվում է
     մանր դոզաներով:
    
     *
     Տղան ընդամենը ութ տարեկան էր,
     տղան ընդամենը մի բլուզ ուներ ու մի շալվար
     և երկու խոշոր, վախվորած աչքեր.
     իսկ այդ աչքերով
     (որոնք սիրել էին իր ուսուցչուհին)
     ուսուցչուհուն էին տեսել միայն,
     որը պինդ կին էր,
     առողջ թոքեորվ ու լիքը կրծքով:
     Այդ ութ տարեկանը,
     որն հաց էր կերել քսաներկու տարի,
     վիճաբանության ժամանակ սիրո
     ասաց, որ ինքը սիրել է միայն
     իր ուսուցչուհուն
     և միայն նրան:
     Ու ելավ գնաց,
     դժվար չէր` գտավ.
     փաթաթվեց նրան:
     Ու էլ ոչ մի խոսք:
     -Այդպես էլ գիտեի - մեղավորի պես քրթմնջաց կինը, -
     որ դու պիտի գայիր:
     Ու տղան, որ եղել էր ութ տարեկան
     և ընդամենն ունեցել էր մի բլուզ, մի շալվար
     և երկու խոշոր, վախվորած աչքեր,
     ներս մտավ դանդաղ ավերակը այդ...


    

ԳՆԱՑՔԸ
    
     Ժամում հազար կիլոմետր արագությամբ
     դուրս եկավ ռելսերից
     և շարունակեց ճանապարհը
     կաղամբի ու շաղգամի մարգերով:
     Վագոնի պատուհանը ջարդեց մի ճանճ,
     նստեց իմ դիմաց
     ու կես լիտր օղի խմեց...
     Չե՞ք հավատում.
     գնացքը դրեք ռելսերի վրա,
     վագոնի պատուհանը համարեք չկոտրված,
     իսկ ճա՞նճը...
     Թռավ-գնաց:
    
     ԿԻՐԱԿԻ ՕՐԸ
    
     ես այնքան կուզեի
     մարդկության այս լրջության քողը


    

հանել հագից,
     լվանալ երկար.
     հետո,
     որպես մի սպիտակ խալաթ
     մանկապարտեզի փոքրիկ աղջկա`
     հագցնել նրան.
     ու թող որ
     թռվռար իմ շուրջը
     այս մարդկությունը`
     մանկապարտեզի փոքրիկ աղջկա
     սպիտակ խալաթով...
    
     *
    
    

Ժասմենին

Մի փոքր
     մի փոքր էլ սպասեք
     ձեր սիրտը անչափ
     արագ է խփում
     ձեր սիրտը
     նորմալից դուրս է
     ձեր սիրտը
     ինձ դուր է գալիս
     մի փոքր էլ սպասեք
     և այդպես
     հիվանդի
     ճակատին
     դիզվեց
     բժշկի խոսակցություն
     թաց ու խոնավ
     շնչառությունը
     ու կաթիլ-կաթիլ
     քրտինք դարձած
     սառը գլորվեց
     նրա երեսից:
    
     ՎԱԼՍ

Пора, пора, душевных мук Не стоит мир, оставим заблужденье. Александр Пушкин


     Օխ, հեռավոր աղջիկ Ժասմեն,
     գնացքի պատուհաններից պես ես քեզ տեսա,
     ծովի փրփուրների պարի պես.
     կանաչ դաշտերի վրա կախված օդի
     ու իմ աչքերի պես քեզ նկարեցի
     և այդ նկարդ
     ես սպիտակ-սպիտակ շորով
     ծոցիցս հանեցի
     ու այս աշխարհում քեզ հետ
     բոլորի աչքի առաջ
     ես էլ այդպես ապրեցի,
     բոլորի աչքը
     երկրագունդ դարձրի
     ու նրա վրա
     քեզ թույլ գրկած
     մունջ պտտվեցի...


    
    

     ԱՐԳԵԼՔ
    
    
Մենք համբուրվում էինք
     ու այնքան պինդ,
     որ օրենքը նկատեց.
     մարդիկ հավաքվեցին,
     որոնց
     չորս պատից դուրս
     համբուրվել չէր տրված.
     ու մեր համբույրը
     դատարան տարան:
    
    
     *
     Ութ տարեկան փոքրիկ աղջիկ
     ինչպես սիրեմ
     դնեմ ծնկիս
     ու օրորեմ քեզ բառերով
     բայց օրորս
     ինչ քուն բերի
     ութ տարեկան դու մեծ աղջիկ
     երբ ներկված թարթիչներիդ
     տակ թաքնված հրապուրիչ
     ու խորամանկ մի հայացքով
     դարձա ես կով
     ու բառաչս ձգվեց երկար
     այս մարդկության
     նախրքաշում
    
     *
     Եկա, տեսա, հաղթեցի: Կեսար Լուրջ, անգամ ոչ մի բառ
     չասացի
     ոչ մեկին:
     Եկա պատմեցի
     իմ մոր ամուսնությունը,
     իսկ ինձ
     համարեցին
     նրա որդին:
    
     ՉԷ, ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
    
     Մի մեռնիր, տեր իմ: Սանչո Պանսա Արտաքսեք, մարդիկ,
     ինձ երկրագնդից
     արտաքսեք:
     Երկրագնդից խոշոր
     երկու արցունքներ
     ծանր գլորվում են
     իմ զույգ աչքերից:
     Արտաքսեք, մարդիկ,
     ինձ երկրագնդից`
     ձեր մոլորակից,
     ծեր մոլորակից:
    
     RONDO
    
     Դու լույսի մեջ
     ես մթան
     դու ինձ երբեք չես տեսնում
     գնում եմ ես գլխիկոր
     գլխի
     գլխի
     գլխիկոր
    
     Ես լույսի մեջ
     դու մթան
     ես քեզ երբեք չեմ տեսնում
     գնում ես դու գլխիկոր
     գլխի
     գլխի
     գլխիկոր
    
     Ես լույսի մեջ
     դու լույսի
     բնավ իրար չենք տեսնում
     ու գնում ենք գլխիկոր
     գլխի
     գլխի
     գլխիկոր
    
    
    
*
     Դու լաց մի լինի,
     ճամփա եմ ելել,
     ես տեղ եմ գնում
     մի քանի օրով.
     դու լաց մի լինի,
     ես ետ կդառնամ

    
նույն ճանապարհով
     ու երբ կծագի
     արև քեզ համար,
     հավատա դու ինձ,
     այդ ես եմ, որ կամ
արևի տեսքով.
իսկ երբ լուռ կընկնի
խաղաղ երեկոն,
ու դուրս կլողա

    
երկրի այն կողմից
մահիկը լուսնի`
հավատա դու ինձ,
այդ ես եմ, որ կամ
     լուսնյակի տեսքով.
     դու լաց մի լինի,
     երբեք մի տխրի,
ինչպես տեսնում ես
քեզ մոտ եմ ես միշտ:

    
***

    
Եվ նա ուզեց երգել
     ու սկսեց երգել.
     նա երբեք չէր երգել,
     երգեց.
     երգեց իր ինչ որ ժամանակ տեսած
     թուխ կնօջ հրապույրը,
     երգեց այն ժամակները,
     որ հինեին,
     երգեց նրանց կորցնելու երգը.
     նա կերգեր այսպես անընդհատ,
     բաից երգը հիմա այնքան
     հեռացվել ե, մոռացվել,
     որ ամեն երգ երգելուց
     նորից նույնն է երգվում,
     երգվում է երկար ու տարտամ,
     ինչպես անցած դարերը բոլոր.
     իսկ հիմա այդ երգը
     հին մի երգ է մնացել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4424 | 0 | 0
Facebook