Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավոր` սիրելի դասախոս

00:12, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
Շնորհավոր` սիրելի դասախոս

Իհարկե, մեկ հոդվածում հավասարաչափ ներկայացնել Էդիտա Աբրամովնա Ավագյանի նման երաժշտի կյանքի և գործունեության բոլոր փուլերը անհնար է, այդ իսկ պատճառով ես կուզենամ սեղմորեն ցույց տալ նրա մարդկային և մասնագիտական այն կերպարը, որը պատկերվել է հոգուս կտավի վրա իր դասարանում անցկացրած անմոռանալի ժամերից և ինձ համար ոչ պակաս կարևոր` առանձնազրւյցներից:

Ինչպես ասում է հայտնի ասացվածքը` լավ ուսուցիչը սովորեցնում է, մեծ ուսուցիչը օրինակ է տալիս, իսկ հանճարեղ ուսուցիչը` ոգեշնչում: Քանիսն են ոգեշնչվել և ոգևվորվել Էդիտա Ավագյանի կվարտետային դասարանում, հաշվելը դժվար է, սակայն նրանց թիվը հաստատ անցնում է 200-ից:

Մենք` նրա ուսանողներս, սովորել և շարունակում ենք սովորել առաջին հերթին լինել մարդ, քաղաքացի, հետո նոր երաժիշտ, որովհետև լավ արվեստագետ լինելու համար առաջին երկուսը պարտադիր են: Շատերիս համար Էդ. Աբրամովնան դառնում է երկրորդ մայր և մի հսկա բարոյական փարոս, որով ամենքս յուրովի դեգերում ենք կյանքի երաժշտության օվկիանոսում:

Հավասարապես գտնել սեփական եսը և' մասնագիտական ոլորտում և' կյանքում դժվար է և հաճախ անհասանելի երազ շատերի համար: Նման մի արտասովոր երևույթ է Էդ. Ավագյանը և բացի կայացած լինելուց, օգնում է կայանալ բոլորին, ով դրա կարիքը իրապես ունի, իսկ դրանով նա զբաղվում է 30 տարուց ավելի:

Կցանկանայի համառոտ ներկայացնել այս արտակարգ մարդու և երաժշտի անցած ուղին, քանզի նման մարդիկ սովորություն չունեն շատերի նման գովազդել իրենց արածը և չարածը, և այդ պատճառով ամենքին չէ որ հայտնի է Ավագյանի գործունէությունը: Դեռ Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանում սովորելու տարիներին պարզ էր դարձել, որ վերջինս դառնալու է իր ժամանակի ամենակարկառուն կատարողներից մեկը: Տարեց երաժիշտները կհիշեն այդ տարիներին Չայկովսկու կոնցերտի նրա կատարումը պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն քչերը գիտեն, որ այն պատրաստվել է ընդամենը 20 օրում:

Փայլուն ավարտելով կոնսերվատորիան (Մասն. Ժան Տեր-Մերկերյանի դաս., կվարտետը` Գուրգեն Ադամյանի դաս.) 1985 թվականին վերապատրաստվում է Մոսկվայի կոնսերվատորիայում, նվագախմբային ֆակուլտետի այն ժամանակվա դեկան` Դավիդյանի դասարանում:

Դեռ 60-ական թվերի վերջին Էդ. Աբրամովնայի նախաձեռնությամբ ստեղծվեց " Կանացի քառյակ"- ը և որի հասուն կատարումներից ոգևորված, ԵՊԿ կամերային և կվարտետային ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Կարեն Կոստանյանը առաջարկեց քառյակը կցել կոնսերվատորիային: Ղեկավարությունը մինչև 80-ական թվականները ստանձնեց ՀԽՍՀ ժող. Արտ. Գուրգեն Ադամյանը, որն ի դեպ ուսանել էր հանրաճանաչ պրոֆեսոր Գուզիկովի դասարանում, ում մոտ և սովորել էին Կոմիտասի քառյակի անդամները` Ավետ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ինքը Ա. Գաբրիելյանը նույնպես առիթ է ունեցել պարապել " Կանացի քառյակի " հետ և նաև արտահայտել իր կարծիքը` ասելով, որ առաջին ջութակահարը շատ տաղանդավոր է և հույս հայտնել որ քառյակը կփայլի: Եվ քառյակը իրոք փայլում է… 1981 թվականին կոլեկտիվը համամիութենական մրցույթում դառնում է դափնեկիր, և արժանանում ժամանակի առաջավոր երաժիշտներից շատերի բարձր գնահատականներին:

Մի առիթով Արամ Խաչատրյանը ասել է. "Ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ փոքրիկ Հայաստանը զարդարում է այնպիսի մի անսամբլ` ինչպիսին "Կանանց քառյակն" է" :

1988 թվականի ավերիչ երկրաշարժը նաև շատ արվեստագետների հոգիներ ցնցեց: Կարմիր խաչի հետ համատեղ Է. Ավագյանը մի շարք հանդիպումներ ունեցավ տուժածների հետ, բարեգործական շատ միջոցառումներ իրականացրեց հիվանդանոցներում և հոսպիտալներում:

Նույն թվականին "Lydian" լարային քառյակի կողմից նա հրավիրվեց Բոսթոն, վերապատրաստվելու "New England" կոնսերվատորիայում, բայց ֆինանսների սղության պատճառով այցելությունը ժամանակավորապես հետաձգվեց: Սակայն 1991-ին Հայաստանը անկախացավ և "Lydian"-ի անդամները այնքան էին ներշնչված Էդիտա Ավագյանի և նրա քառյակի կատարումներով, որ նամակ են գրում ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` խնդրանքով, որ վերջինս ֆինանսավորի "Կանանց քառյակ"-ի ԱՄՆ-ում շրջագայելու պրոյեկտը և 91-92 թվականներին քառյակը անցկացնում է Բոսթոնում, հանդես գալով "Գաբրիելյան կվարտետ" անվան ներքո: Ավագյանը վերապատրաստվում է հայտնի պրոֆեսոր Յուջին Լեխների մոտ, որը տաղանդավոր հայուհու մասին իր հիացմունքը արտահայտեց Ժան Տեր-Մերկերյանին ուղղված նամակում: Ահա այն`


    

" Հարգելի պարոն,
     Հուսով եմ, որ վիրարվորանք չեք համարի Ձեզ անծանոթի կողմից նամակ ուղղելը, սակայն քանի որ Դուք Էդիթ Ավագյանի ուսուցիչն եք, ցանկանում եմ ասել, թե որքան եմ նրանով տպավորված:
     Ինչպես հավանաբար գիտեք, նա ʺԳաբրիելյան կվարտետիʺ առաջին ջութակն է, և ներկայումս ես նրանց հետ եմ աշխատում:
     Էդիտան անթերի տեխնիկա ունեցող ջութակահար է, նրա տոնայնությունը բացառիկ ջերմ է և հարուստ, նվագում է մեծ երևակայությամբ և արտահայտիչ, շատ աշխույժ և կրակոտ: Նա ունի կվարտետի ղեկավարի համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները:
     Կարող եք հպարտանալ իրենով, և վստահ եմ՝ նա անչափ շնորհակալ է Ձեզ այն ամենի համար, ինչ իրեն սովորեցրել եք:"
    
    

Այնուհետև Է. Աբրամովնան ստանում է դոցենտի կոչում ՌԴ-ում, իսկ 2004-ից նաև պրոֆեսոր է:

Պետք է համաձայնել ժամանակի ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետի դեկան, և մեծ երաժիշտ Արամ Շամշյանի հետ, ըստ որի Էդիտա Ավագյանը փաստացի հանդիսանում է հայկական կվարտետային "Նոր" մտածողության և "Նոր" դպրոցի հիմնադիր: Եվ դա է պատճառը, որ նրա նվիրվածությունը և ոգևորությունը ժանրի նկատմամբ ակամայից ստիպում են նրա ուսանողներին նույնպիսի սիրով նվիրվել կվարտետային, անսամբլային ժանրերին, և գաղտնիք չէ, որ նրանցից շատերը նվագում են հանրապետւթյան և աշխարհի լավագույն կոլեկտիվներում: Ես չեմ կասկածում նրանց հպարտ լինելու վրա, որ բոլորն էլ հանդիսանում են հենց "Նոր" դպրոցի ներկայացուցիչներ և սովորել են եզակի արվեստագետ-մարդու դասարանում:

Անձամբ ես հաճախ եմ շնորհակալություն հայտնում Աստծուն, որ ինձ բախտ է վիճակվել ճանաչելու Էդիտա Աբրամովնային և մասնակիցը լինելու "Կվարտետ" կոչվող արարողությանը հենց նրա ղեկավարմամբ: Այս հոդվածով ցանկանում եմ շնորհավորել իմ սիրելի դասախոսի Նոր Տարին, Սուրբ Ծնունդը և իր ծննդյան տոնը, ցանկանալով երկար տարիների ստեղծագործական կյանք և շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել և համոզված եմ դեռ շատ երկար է անելու մեզ բոլորիս համար և կարծում եմ, որ իր բոլոր ուսանողները այս հոդվածը կարդալիս կմիանան իմ շնորհավորանքներին և մի քանի ակնթարթով կհայտնվեն Էդ. Աբրամովնայի ջերմ "դասարան-սրբավայրում":

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9590 | 0 | 0
Facebook