Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

էդուարդ Հախվերդյան

02:18, չորեքշաբթի, 23 հուլիսի, 2014 թ.
էդուարդ Հախվերդյան
     Բանաստեղծ, թարգմանիչ
     Ծնվել է 1952թ. ապրիլի 4-ին, Թեհրանում: Կրթություն է ստացել տեղի հայկական և պարսկական դպրոցներում: 1970թ. ընտանիքի հետ հայրենադարձվել և մշտական բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում: Ավարտել է Երևանի Մ.Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, «Նոր դար» հանդեսում: 1991թ-ից աշխատում է «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում: 1995թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: Հայերեն է թարգմանել պարսից ժամանակակից գրականության հեղինակների գործեր: Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում: 1999թ-ից հայ-իրանական «Միհր» մշակութային-հասարակական հանդեսի գրական բաժնի վարիչն է: Նաև Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենն է: 2001թ. պարսկական լեզուն և գրականությունը պրոպագանդելու համար իրանի «Էրշադի» և մշակույթի նախարարի կողմից արժանացել է արծաթե գավաթի ու վկայագրի:
    
     ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է
    
    
     1-ՙ4-ը ապրիլի՚ բանաստեղծությունների ժողովածու. 1992թ. «Տապան» Երևան
    
     2. «Անառակ որդի» բանաստեղծությունների ժողովածու, 1996թ. «այբ- բեն» Լոս Անջելես
    
     3. «Իմ սիրտը լեռներում չէ՚ բանաստեղծությունների ժողովածու, 2002թ. «այբ- բեն» Լոս Անջելես
    
     4. «Գնում եմ էտյուդի» բանաստեղծությունների ժողովածու, 2012թ. «Անտարես» Երևան
    
     ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
     1. «Քոռ բու» իրանական պատմվածք և վիպակ, 1992թ, «Տապան» Երևան:
    
     2. «Մի այլ ծնունդ» Ֆորուղ Ֆարրոխզադ, բանաստեղծությունների ժողովածու, 1996թ. «այբ- բեն» Լոս Անջելես
    
    
     3. «Կանաչ ծավալ» Սոհրաբ Սեփեհրի, բանաստեղծությունների ժողովածու, 2000թ. «Վան Արյան» Երևան
    
    
     4. «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» Իրանական ժամանակակից հեքիաթներ, 2000թ. ՙ «Վան Արյան» Երևան
    
    
     5. «Զահակ» Իրանական ժամանակակից դրամատռուրգիա, 2003թ. «Աղբյուր» Երևան
    
    
     6. «Սուրբ Ղուրան» 29, 30 մաս, 2004 թ «Հայաստան» Երևան
    
     7 «Ոսկե գմբեթ» ժամանակակից Իրանական պոեզիա, 2005 թ «Հայաստան» Երևան
    
    
     8. «Սուրբ Ղուրան» 24, 25, 26, 27 և 28 մասեր, 2005 թ «Հայաստան» Երևան
    
     9. «Մարգարեի արևածագը» Իրանական ժամանակակից պոեզիան / Իսլամական հեղափոխությունից հետո, 2006թ. «Հայաստան» Երևան
    
     10. «Սուրբ Ղուրան» հայերեն ամբողջական թարգմանությունը և ծանոթագրությունը 2006-2007 թթ. «Հայաստան» Երևան
    
     11.Մոլավի «Մասնավիի պատումներ» 2007թ. «Հայաստան» Երևան
    
     12. «Ղեյսար Ամինփուր» բանաստեղծությունների ընտրանի, 2008թ. ՙՀայաստան՚ Երևան
    
     13. «Նազելի նոճին» Իրանական հեքիաթներ, 2008թ. «Հայաստան» Երևան
    
     14. «Թարմ օդ» Ահմադ Շամլու, բանաստեղծությունների ընտրանի, 2008թ. «Հայաստան» Երևան
    
     15. «Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ» Վահե Արմեն, բանաստեղծություններ
    
     2011թ. «Ծիծեռնակ» Երևան
    
     16. «Փողոցների նավաստին» Շամս լանգյարուդի, 2011թ, «Հայաստան» Երևան
    
     Էդուարդ Հախվերդյան
     Զրույց Դանտեի, Թ.Ս. էլիոթի, Ֆ. ֆարրոխզադի եւ … Ձեզ հետ։
     1.
     Եվ ինչու՞ ողբալ…
     «Այն ագռավը, որ թռավ
     Մեր գլխի վրայով»,
     Կանխանշեց քո մահը
     Եվ կռռոցը ինչպես կույր գնդակ,
     Խոցեց իմ հոգին։
     Ոչ ոք չգիտի,
     Ոչ ոք չգիտի,
     Թե ով է վերադառնալու
     Հայելիների հավերժական անդրադարձից,
     Եվ ինչ ծավալով է բեղմնավորվելու
    
    
    
     Մութ արգանդը ժամանակի։
     Մենք կանգնեցինք ու տեսանք,
     Փոքրիկ շատրվանների
     Ողբը անարցունք,
     Մենք կանգնեցինք ու տեսանք
     Համաճարակը փողային ախտի
     Եվ մեր մատներից դանդաղ հեռացող
     Հետքը թանաքի։
     Ծառերը չեն վազում…
     Եվ ամենօրյա հրաշքները մեծ
     Տաղտուկ են բերում
     ճահիճում ապրող գիշակերներին։
     Ոչ ոք չգիտի,
     Ոչ ոք չգիտի,
     Թե ով է վճարելու
     Ստույգ գինը երկչոտության
     Եվ ինչ՞ պատգամներով ենք վերաշինելու
     Վարդի հոգին փշրված։
     Մենք կանգնեցինք ու տեսանք
     Ամոթից շիկնող
     Ընդվզումը արեւածաղկի։
     Մենք կանգնեցինք ու տեսանք
     Կեղծ լուսապսակը
     Խավարասեր «մարգարեների»
     Եվ մեր սիրո ողջակիզումը
     Առ ոչինչ…
     2.
     Եվ ինչու՞ ողբալ…
     …………………………….
     Պետք է ապահովել…
     Պետք է ապահովել շրջանակը սեւ.
     «Նախքան մտածելը
     Պատահում է պատահարը»
     Եվ հետապնդող լույսերը մահվան
     Մերթ միանում են
     Ու մերթ անջատվում։
     Ես տեսա
     Համբույրից հյուսված
     Պարանը ճոճվող
     Եվ մարմինը քո Արեւածաղիկ։
     Ծառերը չեն վազում Նրանք սուզվելով
     Բարձրանում են վեր։
     Իսկ ժամանակը…
     Իսկ ժամանակը անսեռ իր ձայնով
     Միայն մի բան է շշնջում հիմա
     ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ…
     3.
     Եվ ինչու՞ ողբալ…
     Եվ ինչու՞ ողբալ
     «Հասարակ իշխանության ուժը կորուսյալ…
     Ի՞նչ վայր է սա, ի՞նչ երկիր, ի՞նչ աշխարհամաս»,
     Ուր միայն ապրիլը չէ ամենադաժան ամիսը,
     Եվ առանց անձրեւների
     Ազգի բեղուն արգանդից
     Դուրս է հորդում
     Հոծ բանակը սինլքորների
     «Նրանց, ովքեր շան ատամ են սրում
     Ենթադրելով մահ։
     Նրանց, ովքեր հծծահավի փառքով են ցնծում
     Ենթադրելով մահ։
     Նրանց, ովքեր նստել են գոհության խոզանոցներում
     Ենթադրելով մահ։
     Նրանց, ովքեր անասնական մտացնծություն են ապրում
     Ենթադրելով մահ» ։
     Իսկ երկիրը ծանրորեն հիվանդ,
     Իսկ երկիրը դաժանորեն եթերացված,
     Ընկած սեղանին վիրահատության
     Լուռ ճչում է.
     «ՈՎ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՔԵԶ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ…»
     4.
     Ծառի բողբոջը ինձ հուշում էր ապրելու մասին,
     Փոքրիկ շատրվանը ինձ հուշում էր ապրելու մասին,
     Թաղվող հատիկը ինձ հուշում էր ապրելու մասին,
     Կանգուն ժայռը, գլորվող քարը
     ինձ հուշում էին ապրելու մասին,
     Իսկ «մահը այն ծառն էր հսկա,
     Որի հոգնած ճյուղերին
     Այս կողմի «Սկզբի» շնչավորները,
     Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
     Իսկ մյուս կողմի «Վախճանի» մեռյալները
     ճանկռոտում էին նրա ֆոսֆորե արմատները» ։
     Իսկ մահը խորհրդատուն ամենամեծ,
     Իսկ մահը ուղեկիցը հավերժական,
     Լուռ ճչում էր.
     «Ոչինչ կարեւոր չէ այնքան,
     Որքան իմ շփումը քեզ հետ,
     Բայց ես, դեռ չեմ դիպել քեզ» ։
     Իսկ մենք
     Մեր իսկ արյանը ծարավ,
     Հրապարակներում գոռում էինք
     Քայլերգը մահվան.
     «Կեցցե…
     Կորչի…» ։
     5.
     Մենք գայլեր ենք անհոգի, Տեր, աղոթիր մեզ ամար…
     … … … … … … … … … … …
     Ոչ մարգարե, ոչ արքա, հարկավոր չէ մեզ ոչինչ։
     Սուրբ քարոզներ ու պատգամ, հարկավոր չէ մեզ ոչինչ։
     Մենք գայլեր ենք անհոգի եւ «հոգիներ փոքրոգի,
     Որ ոչ Աստծուն, ոչ էլ դեւին ենք հաճո» ։
     Մենք խժռող ենք ու լափող,
     Տեր, աղոթիր մեզ համար…
     Խաչակնքիր ու վառիր քո ջահերը սրբազան,
     Մենք մարմին ենք սնամեջ
     Ու չունենք սիրտ գթության…
     Տեր, աղոթիր մեզ համար
     Մեր ծննդի
     Ու մեր մահվան ժամանակ։
     6.
     Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
     Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
     Մեռնող ճայը ինձ հուշում է թռիչքի մասին,
     Մեռնող զինվորը
     Տհասությունը մարդկային։
     Ոչ ոք չգիտի,
     Ոչ ոք չգիտի,
     Թե ով է փրկելու
     ժառանգությունը մեր
     Միաբջիջ պրոտոզոններից,
     Ով է տանելու պարտեզն անապատ
     Եվ ի՞նչ հրաշքով
     Մեր դեմքերը աղճատված
     Կհատուցանեն
     Քաղցր բերկրանքը ինքնաճանաչման։
     Գնանք ուրեմն,
     Հաստատուն գնանք
     Դեպի հարցն սպանիչ.
     «Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ…»,
     Իսկ գուցե ոչինչ,
     Այն ենք
     Ինչ եղել ենք շարունակ…
     7.
     «Ոչ բաժանումն է կարեւոր,
     Ոչ միությունը։
     Աա է երկիրը։ ժառանգությունը մեր» ։
     … … … … … … … … … … …
     Անշուշտ դեռ կլինի ժամանակ
     Վերլուծության ու քննարկման,
     Անշուշտ դեռ կմնան ինչ-որ բաներ
     Պեղումների համար ու հնաբանությանը,
     «Դեռ ժամանակ կլինի, դեռ ժամանակ կլինի»,
     Իսկ մինչ այդ
     Սովալլուկ մանկան նման
     Անհագորեն ծծենք
     Ամքած ծծակը
     Անփառունակ մեր Գոյության։
     Իսկ մինչ այդ
     Շնորհ համարենք «ապրելը»
     Այն երկրռւմ,
     Որ առաջինն է,
     Որ առաջինն է,
     Որ առաջինն է…
     Իսկ մինչ այդ
     Գնանք հաստատուն, հաստատուն ու պարզ,
     Դեպի հարցն սպանիչ.
     «Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՄԵԶ» ։
    
     ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՉԷ…
     Բանաստեղծ Հայկ Հրայրին
     I.
     Ահա և ես…
     Դյուրախոց թիրախ,
     Որին շարունակ պիտի խոցոտեն
     Եվ աստվածները հզոր ու չարկամ
     Եվ մարդուկները ճճվային գանգով…
     Ահա տեգերը
     Իմ կրծքին ուղղված,
     Բայց ես հերոս չեմ
     Եվ ոչ էլ Ռազմիկ՝
     Պարտված ու շվար,
     Միայնակ կանգնած
     Այս փորձարարական կյանքի հարթակին…
     Ուրիշ արյուն է իմ հոգում հոսում,
     Ուրիշ ձայներ են ինձ առաջնորդում
     Բայց ահա եկել
     Խրտվիլակի պես խրվել եմ այստեղ,
     Այս քավարանում,
     Որ հազար տեղից քրքրված հոգիս՝
     Դոն Քիշոտյան խենթ միամտությամբ,
     Առագաստ դարձնեմ հողմերի դիմաց,
     Իսկ հողմերը կույր փչում են անտես՝
     Մաս-մաս տանելով
     Իմ ժամանակի ծվենները լույս…
     II.
     Եվ ժամանակը հոսեց առանց ինձ…
     Ոչինչ իմը չէր
     Ու ես ոչնչի…
     Անձրև էր ու արև
     Ինչ-որ տեղ շատ մոտիկ
     Գորշ գայլը ծնում էր գայլուկներ…
     Վազում էր երեխան՝
     Շուրթերին ավետիսը գարնան,
     Վազում էի ես՝ տագնապած,
     Դեպի մութ ոհմակը գայլերի…
     Ոչինչ իմը չէր
     Ու ես ոչնչի…
     Անձրև էր ու արև
     Եվ ընթացք կորուսյալ…
     III.
     Ես այստեղ
     Ենթադրում էի, որ
     Դեռևս բանաստեղծ եմ
     Բայց ամեն առավոտ,
     5: 30-ին,
     Բոլոր երազներս ավերած,
     Մահվան freeway-ներով
     Նետվում եմ քաղաքակրթության խորխորատը
     Որթեսզի ձեռքս դրած կրծքիս
     Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
     This site is full…
     This site is full…
     Իսկ մահը այստեղ
     Գիտակցություն չէ,
     Ոչ էլ վիթխարի ցուլ վրաս հարձակւող,
     Այլ փսլնքոտ,
     Առօրյա երևույթ,
     Որի դեմ անիմաստ է կարմիր պաստառ ճոճելը:
     VI.
     Ես այստեղ
     Փորձարկում եմ խաչելություն՝ առանց խաչի,
     Ցեղասպանպւթյուն՝ առանց արյան,
     Գաղթ՝ առանց թշվառության,
     Թռիչք՝ առանց բարձրունքի,
     Սեր՝ առանց կնոջ,
     Կյանք՝ առանց ապրելու
     Մահ՝ առանց մեռնելու:
     Ես այստեղ փորձարկում եմ
     Ճամբորդությունը Դանտէի՝
     Քավարանից downtown,
     Downtown-ից քավարան,
     Որպեսզի անտերունչ շան նման
     Անտարբեր ու անհոգի,
     Ձեռքս դրած կրծքիս,
     Քաղաքակիրթ ու զուսպ գոռամ.
     $10
     $5
     $1
     V.
     Ես այտեղ
     Չնչին գումարով «վայելում» եմ՝
     Խոյահարող արհեստական կրծքերով,
     Զարդարուն պորտիկներով,
     Տիկնիկային աչքերով,
     Շքեղաշուք կանանց
     Կրքագրգիռ, նրբագույն վարպետությունը
     Եվ սեփական հոգու
     Դառնատտիպ ձախորդությունները ծամծմելով
     Կում-կում ըմպում եմ
     Կաստանեդայան թունդ թքիլան,
     Որպեսզի
     Խրոխտ
     Իմ կապույտ լեռան
     Ճերմակ կեցվածքով
     Երկիրն իմ պագնեմ՝
     Երազային մտացնծությամբ:
     VI.
     Ես այստեղ
     Տեսնում եմ
     Մարդկային մտքի
     Աստվածային փայլատակումը,
     Անխորտակ,
     Հզոր ու հաստատակամ թռիչքը՝
     Տիեզերական նվաճումների…
     Ես այստեղ,
     Հենց այստեղ
     Ջղաձիգ սրտով
     Վերհիշում եմ՝
     Ամեմաանարյուն,
     Ամենախաղաղ մահերը՝
     Ճերմակ տագնապի սև հովանավորությամբ
     Եվ մարդկային միաբջիջ ցեղի
     Անսահման լկտիությունը,
     Որ ինձ մղում է
     Ամենաշքեղ գաղթականության
     Որպեսզի
     Պայթող սրտով
     Վայրագորեն գոռամ.
     Իմ սիրտը լեռներում չէ…
     Լեռներն են իմ սրտում…
     VII.
     Կարող էի ոչինչ չասել,
     Եվ բեռան տակ
     Կքած գնալ մինչև ՈՉԻՆՉ…
     Բայց շառաչյուն մտրակի պես
     Հարվածում էր անձրևը դեմքիս,
     Եվ արևը կատաղած շուն
     Այս հրավառ անապատում՝
     Հոշոտում էր նեխող հոգիս:
     Կարող էի ոչինչ չասել
     Բայց օտար էր իմ պատկերը
     Եվ իմ բույրը այս հողին,
     Եվ ընթացքը այս ուղիով
     Դեպի ՈՉԻՆՉ
     Չէր խոստանում ոչինչ-ոչինչ…
     Glendale-Downtown L.A.
     394 ավտոբուսային երթուղի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5351 | 0 | 0
Facebook