Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԴԱՐԱՐԸ` «ԱԶԴԱՐԱՐԸ»

19:13, չորեքշաբթի, 02 հունվարի, 2013 թ.
ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԴԱՐԱՐԸ` «ԱԶԴԱՐԱՐԸ»


     Պատմամշակութային բարձր արժեքների կողքին կարևոր նշանակություն ունի հայկական առաջին պարբերականի հիմնադրումը: Մեր օրերում բազմաթիվ աղբյուրներից կարելի է իրազեկ լինել այդ նշանակալից իրադարձության կարևոր մանրամասների, ժամանակի հնչեղության մասին: Հայաստանի ազգային գրադարանում մեծաքանակ հարստությունների կողքին մեծ հոգածությամբ ու խնամքով պահպանվում է Հարություն քահանա Շմավոնյանի` Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796թթ.-ին լույս ընծայած հայ առաջին պարբերականը` տասնութ համարներով: Նախաբանում համառոտ անդրադարձ է «Ազդարարի» հիմնադրման շարժառիթների, նյութի բովանդակության ու կարևորության մասին, իհարկե նաև ժամանակի համար կրթական նշանակության, անդրադարձ է հայկական գաղթօջախների, մասնավորապես հնդկահայ գաղութի կյանքի մասին: Այն ներառում է մեծ թվով լուրեր, առակներ, պատմական ու հոգևոր պատմություններ, բանաստեղծություններ, հայտարարություններ և այլ բնույթի տեղեկատվություն:
     Պարբերականի շուրջ ծավալված կարծիքներից ու ինֆորմացիայից կարելի է ենթադրել, որ այն կարճ ժամանակում դարձավ համահայկական թերթ, այն թերթ էր բոլոր խավերի համար: «Ազդարարում» նշվում է, որ շուրջ 771 էջ ներկայացվում է հնդկահայ գաղութի մեկ ու կես տարվա յուրատեսակ ժամանակագրությունը: Այս տողերից կարելի է ենթադրել մամուլի հիմնական նպատակաուղղվածության մասին, այն, որ հայ պարբերական մամուլի ծնունդը պայմանավորված էր գաղութահայության կյանքի ձևավորման հետ:
     Մեզ` հայերիս համար, կարծում եմ մեծ պատիվ է, որ առաջին հայ ամսագրի` աշխարհում պահպանված մեկ տասնյակ հավաքածուներից` մատենագիտական հազվագյուտ այդ մասունքներից երեքը գտնվում է Հայաստանում: Պետք է որ աննկարագրելի բարդ առաքելության կրողն ու պատասխանատուն իրեն հռչակած լիներ Հարություն Շմավոնյանը, ով իր վրա վերցրեց թե նյութապես դժվարին, թե գիտակցական կողմով բարդ այդ գործը` առանց պետականության պաշտպանության պայմանների:
     Հատկապես ուշագրավ ու տպավորիչ են «Ազդարարի» ձևավորանքը, զարդանախշերը: Ամեն համարի առաջին պարբերության առաջին տառերը առանձնանում են մեծ չափերով ու նախշազարդ պատկերներով, որ թռչունների են հիշեցնում: Բավական շատ են նկարները, որ ամբողջացնում են համարների բովանդակությունը: Էջերը համարակալված են փոքր ինչ անհասկանալի, բայց խորհրդավոր թվացող տառակապակցություններով, որ առանձին այբուբենի կտորներ կարծես լինեն, իսկ թերթերի վերին մասում արդեն մեզ ծանոթ կերպով են համարակալված էջերը:
     Խորհրդավոր ու հատկանշական են համարները, որ թեև դյուրընթեռնելի չեն ու բարդ են ընկալվում, բայց ակամա տրամադրում են, որ նորից ու նորից փորձես կարդալ ու հետդարձ կատարել 1790-ականներ:
     Հայ մամուլի հիմնադրման ու զարգացման սկիզբը ազդարարելու համար մենք պարտական ենք Հ. Շմավոնյանին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6672 | 2 | 0
Facebook