Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռաֆայել Նահապետյան / ստեղծագործելը ճակատագիրս է

20:18, կիրակի, 20 հուլիսի, 2014 թ.
Ռաֆայել Նահապետյան / ստեղծագործելը ճակատագիրս է

2010թ. Հուլիսի 19-ին մահացել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը
    

     անավարտ կյանքի վերջին հարցազրույցը
    
    

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՍ Է
    

-Պարոն Նահապետյան, Ձեր վերջին գիրքը` «…Եվ ծագեց խավարը», լույս է տեսել 2003-ին: Դրանից հետո Ձեր պատմվածքները հազվադեպ են երևում գրական մամուլում: Չե՞ք ստեղծագործում, թե՞…

-Թե: Միայն` «թե», քանի որ ստեղծագործելը ճակատագիրս է: Պարզապես երկու ձեռագիր վիպակ ունեմ, որոնք զարմանալիորեն արագ գրվեցին (դժվար եմ գրում), բայց արդեն երեք-չորս տարի է` դրանց վրա աշխատում եմ ու աշխատում: Ավարտուն ոչ մի տարբերակ ինձ ձեռ չի տալիս` չնայած երկուսից էլ, իբրև առանձին գործեր, հատվածներ եմ տպագրել ու իմ կողմից հարգված-վստահելի ընթերցողներից, քննադատներից ջերմ կարծիքներ եմ լսել, բայց նրանց հետ զրույցների ընթացքում պարզից-պարզ գիտակցել եմ, որ ասելիքս, գաղափարս ճիշտ չեն գիտակցվի: Ուստի շարունակում եմ աշխատել ու աշխատել: Այս տարի հաստատ որոշել եմ` մեկը վերջնականորեն ավարտել, կամ վերջնականորեն դեն նետել: Եթե մի բան չի ստացվում` չի ստացվում: Ես հավերժ համառողներից չեմ: Այս պատճառով է, որ պատմվածքներ համարյա չեմ գրում: Չնայած պետք է ասեմ, որ 2004-ին ու 2005-ին տպագրել եմ «Անջո հեծանիվը» և «Անջո ֆուտբոլի գնդակը» մանկական պատմվածքները, որոնք բացառիկ ընդունելություն գտան (այս տարի տպագրում եմ այդ շարքի երրորդ գործը` «Անջո ոստիկանության սերժանտը»), և գրքի ներկայացուցչական խոսքում «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը գրեց. «Հայ մանկական գրականության մեջ սրանք նորույթ են»: Իսկ Անուշ վարդանյանը գիտի, թե ինչ է ասում:

- Ձեր պատմվածքներում վերնագրերն ինքնատիպ կառուցվածք ունեն. «Մեղեդի երևակայական ջութակի համար», «Գունատ հարսնացու` կարևոր ու երկրորդական մանրամասնություններով», «Շեքսպիրյան ընթերցումներ` անիմանալի ավարտով» և այլն: Այսինքն` ընդգծում եք մի երևույթ, ապա առանձնացնում մի բնորոշ կողմ: Ինչպես են ծնվում այս վերնագրերը: Սկզբում վերնագի՞ր, ապա պատմվա՞ծք, թե՞ հակառակը:

- Ինքնատիպ են ոչ միայն պատմվածքներիս վերնագրերը, այլ հենց պատմվածքներս: Գործն այնպիսին պետք է լինի, որ անկախ այն բանից` կա՞ հեղինակի անուն ազգանունը, թե` չկա, ընթերցողը անմիջապես կռահի, թե ում գործն է կարդում: Սա համոզմունքս է ու ձգտումս: Վերնագրերը դնում եմ վերջում, և ծիծաղելի է այն, որ եղել են դեպքեր, երբ պատմվածքիս վրա ավելի քիչ ժամանակ եմ ծախսել, քան ինձ բավարարող վերնագիր գտնելու:

- Ձեր կարծիքով ի՞նչն է փոխվել գրող-ընթերցող հարաբերություններում: Ինչպե՞ս է ներկայանում այն Ձեզ հիմա: Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը հասարակության մեջ:

- Գրող-ընթերցող հարաբերություններում ՀԻՄԱ փոխվել է ամեն ինչ: Կտրականապես: Եկել են մարդկային միանգամայն նոր փոխհարաբերությունների որժեքների վերարժևորման ժամանակները: Սա բնական, իմաստավորված ու հոգեբանորեն պատճառաբանված-հիմնավորված գործընաց է, և ծիծաղելի է, երբ այն ընդունվում է, կամ չի ընդունվում, անխնա քննադատվում է, կամ մոլեռանդ պաշտպանվում: Այս գործընթացը ժամանակի թելադրանքն է, գոյավիճակը` մեր կամքից-ցանկությունից անկախ: Մարդիկ անկեղծ համոզվածությամբ, կամ ժամանակակից ձևանալու` թույլին հատուկ մոլուցքով սկսել են քամահրանքով վերաբերվել ԳՐՔԻՆ (գրականությանը), իսկ գրողներն էլ, հաշվի չառնելով իրական աշխարհում տեղի ունեցած ու ունեցող ահռելի տեղաշարժերը` շարունակում են պարտադրել իրենց կողմից անկասկած համարվող ճշմարտությունները, արժեքները: Ու սա երկուստեք անվստահության, օտարման պատճառ է դարձել: Իմ կարծիքով, սրանում ամոթալի, սխալ կամ անբնական ոչինչ չկա: Պետք է այդպես լիներ (իբրև հետևանք) ու լինում է: Բանն այն է, որ անհիշելի ժամանակներից ԳԻՐՔԸ մրցակցությունից դուրս է եղել: ԳԻՐՔԸ և´ ճաշակի, և´ բարոյական նորմերի, և´ հոգևոր արժեքների միակ թելադրողն էր ու կարգադրիչը: Սակայն անսպասելիորեն ու արագ ամեն ինչ փոխվեց: Հրապարակի վրա հայտնվեցին հեռատեսիլը, համակարգիչը, բջջային հեռախոսը` անընդհատ ավելացող ու ամեն բնագավառ ընդգրկող զորությամբ: Եվ ստեղծվեց մի վիճակ, երբ ընթերցողը ընթերցելու ժամանակ չի կարողանում գտնել: Բայց եթե մարդկության ու քաղաքակրթության առաջընթացը անհնարին է պատկերացնել առանց այս բաների (հեռատեսիլ, համարգիչ, բջջային հեռախոս, ընդ որում` սրանք դեռ շատանալու են), ապա մարդկության ու քաղաքակրթության այդ նուն առաջընթացու հնարավոր չէ պատկերացնել և առանց ԳՐՔԻ: Պարզապես երկու կողմերն էլ միմյանց պետք է անկեղծ հարգանքով ու սիրով մոտենան և ոչ թե` արհեստական մրցություն մեջտեղ նետելով կամ անլիարժեքության կոմպլեքսից թելադրված չարությամբ ու թշնամանքով: ԺԱՄԱՆԱԿԸ` միակ որոշողն ու դատավորը, ամեն ինչ տեղը կդնի` ԳՐՈՂԸ` կգրի, ԸՆԹԵՐՑՈՂԸ` կընթերցի: Ի՞նչ վերաբերում է. «Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը հասարակության մեջ» կետին, այսքանը կասեմ` այն ինձ պատկերանում է խոստովանահայր-ճշմարիտ հավատացյալ փոխկապակցությամբ: Միտքս պարզելու համար ահռելի ժամանակ ու ջանքեր են պետք, ուստի այսքանով կբավարարվեմ` հավատացած լինելով, որ ով ականջ ունի` կլսի:

- Հետևու՞մ եք մեր գրականության նորօրյա զարգացումներին, հատկապես` երիտասարդներին:

- Մի ժամանակ շատ ուշադիր էի հետևում, հիմա` չէ: Սակայն անկախ այն բանից կհետևեմ ես, կամ ուրիշները նորերի բերածին` նրանք գալիս են ու գալու են և հաստատում են իրենց ու հաստատելու են: Միայն թե կուզենայի, որ ինքնահաստատվելը ոչ թե նախորդների ջարդուփշուր անելուց սկսեն, այլ համաշխարհային գրականության մեծերին ծանոթանալուց, յուրացնելուց:

- Ո՞վ է Ձեր վստահելի ու խստագույն ընթերցողը:

- Տղաս` Հայկարամ Նահապետյանը:

Հարցազրույցը` Աշոտ Գաբրիելյանի


    
     Ռաֆայել Նահապետյան
(Հունիսի 8, 1946, Երևան - Հուլիսի 19 2010) ՝ հայ ժամանակակից գրող, արձակագիր։

Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946թ հունիսի 8-ին Երևան քաղաքում։ 1965-ին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-73-ին ծառայել է ԽՍՀՄբանակում որպես սպա։ 1974-83-ին աշխատել է ՀՀ հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր։ 1985թ-ին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Հայաստանի անկախության հռչակումից հետո զբաղեցրել է ԳԽ լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը։ Հայաստանի գրողների միությունում վարել է Գրական հինգշաբթի ամենշաբաթյա միջոցառումը։

Տպագրվել է 1970-ից։ Առաջին հրապարակումը՝ "Հայրենիքի ժամանակը" պատրաստել է համակուրսեցի Արա Մնացականյանի հետ և հրատարակել Գարունհանդեսում։ Հոդվածը սփյուռքահայերի՝ դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի թեմայով էր։ Հեղինակել է պատմվածքներ, ռադիոպիեսներ, վիպակներ, հեռուստատեսային ներկայացումներ։ 60ականների վերջերին Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը փոքր խմբակով իրականացրել են ազգայնական բնույթի գործունեություն, ծավալել ազգայնական քարոզչություն։ Խմբակի աշխատանքը կասեցվել է ԽՍՀՄ Պետանվնտանգության մարմինների կողմից։ Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը կարճաժամկետ ազատազրկվել են։ Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատվիերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Հեղինակել է նաև Անջո հեծանիվը, Անջո ֆուտբոլի գնդակը, Անջո ոստիկանության սերժանտը մանկական վիպակները։ Ռաֆայել Նահապետյանի Մթի մեջ արեւի ցոլքերում վեպը մնացել է անավարտ։ Արժանացել է մի շարք մրցանակների։
     .

Կանոն Գրչության


    

Այս ողջ ընթացքում մենք անընդհատ միմյանց էինք նայում, և այն զգացողությունն ունեցա, թե կույր ենք, իրար չենք տեսնում և ձեռքերով միմյանց շոշափելով, ցանկանում ենք գլխի ընկնել, թե դիմացինը իրենից ինչ է ներկայացնում: Այդ զգացողությունս, որքան խոսակցությունը երկարում էր` գնալով ամրանում էր, ավելի էր ամրանում, էլ ավելի էր ամրանում:


    

- Ի՞նչը` ինչու:


    

- Ինչո՞ւ լավ կլիներ, որ աշակերտս լինեիր, - հարցրեց Աղջիկը:


    

- Հարցեր կտայի ու կստիպեի, որ պատասխանեիր, - ասացի ես:


    

- Ի՞նչ հարցեր:


    

- Թե այս ի՞նչ է կատարվում երկրում, թե ո՞ւր չքացան ընկերներս, թե մարդկանց համար ինչո՞ւ գիրքը արժեզրկվեց և այդ բանը ցուցադրելը ինչո՞ւ է լավ տոնի նշան համարվում, թե ինչո՞ւ մարդիկ միանգամից փոխվեցին, թե ինչո՞ւ գողությամբ հարստացածները ՏԵՐ են դարձել և իրենց կամքը-ճաշակն են թելադրում, թե ինչո՞ւ առաջվա Նոր տարիները ուրախությամբ էիր դիմավորում` մի լավ բանի և երջանկության սպասումով, իսկ հիմա կգա-չի գա` մի հաշիվ է, թե ինչո՞ւ փողոցում կանգնած միլիցիոները չի համարձակվում սուլել արտասահմանյան մակնիշի մեքենա վարող այն այլանդակի ետևից, որը սարսափելի արագությամբ քշում է մեքենան ու չի էլ անհանգստանում, թե կարող է մարդ տրորել, քանի որ քայլողներին նա իսկի մարդ էլ չի համարում, թե ի՞նչ օրենքներով ենք ապրում, թե ինչո՞ւ լիարժեք ու պատվախնդիր մարդը իրեն պիտի անլիարժեք զգա և անպաշտպան, թե ինչո՞ւ ընկեր Միսակյանը, որ դպրոցում մեզ «Հին աշխարհի պատմություն» էր դասավանդում, պիտի ռետինե ձեռնոցներ հագնի և ծայրին կեռիկ ունեցող հատուկ փայտով քրքրի աղբարկղները, թե ինչո՞ւ պատգամավոր կոչված մեկը, որին ժողովուրդն ընտրել է սեփական շահերը պահպանելու համար, թքած ունի ժողովրդի վրա էլ այդ ժողովրդի շահերի վրա էլ և իր առնետային գոյության նպատակը դարձրել է անկուշտ էությանը բավարարություն տալը, թե ինչո՞ւ մի քանի օր առաջ փողոցում մեկը մի ուրիշի ասաց. «Երկիրը շատ է փոխվել», և այդ մի ուրիշը պատասխանեց. «Քու էլ, Երկրի էլ մերը…» առանց հասկանալու, որ ԵՐԿԻՐԸ իր նախնիների և իր սկիզբն ու վերջն է ամփոփում, ուստի և Սուրբ բան է, թե ինչո՞ւ…


    

- Հերիք է, - բարձր ու արտասվախառն ասաց Աղջիկը, բայց ես նրա աչքերին արցունքներ չնկատեցի:


    

Գուցե այստեղից չէին երևում կամ գուցե արտասվում էր Ձայնը, ուստի արցունքները ներսում էին հոսում:


    
ՎԵՐ ՏԱՆՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ` ՆԵՂԼԻԿ


    
     Դիմացի շենքի ութերորդ հարկում ապրող այդ Աղջիկը գիտեր, որ գրող եմ ու ինձ հարգանքով էր վերաբերվում: Սկզբում չգիտեր, որ գրող եմ ու գիշերները, երբ իր ապակեպատ պատշգամբում վառում էր լույսը և գրասեղանին հակված գրում-կարդում էր, ու ես, մոտենալով բաց պատուհաններիս, նրան էի նայում` արտաքինի մասին կարծիք կազմելու համար, նկատում էր ինձ, արագ ելնում տեղից ու զայրացած շարժումներով վրա էր բերում վարագույրը: Այնպես որ, սկզբում այդ Աղջիկը ինձ հարգանքով չէր վերաբերվում: Բայց հետո, ըստ երևույթին հարևաններից կամ ծնողներից իմանալով, թե ով եմ` սկսեց հարգանքով վերաբերվել: Նկատելով, որ իրեն եմ նայում, այլևս արագ չէր ելնում տեղից ու զայրացած շարժումներով վրա բերում վարագույրը: Թողնում էր, որ նայեմ իրեն: Իսկ մի գիշեր, պատուհաններիս առջև ինձ նկատելով, բարձրացրեց ձեռքը ու օդում թափահարեց: Ողջունեց ինձ: Համարձակ Աղջիկ էր: Ես չարձագանքեցի: Անշարժ կանգնած շարունակում էի նրան նայել` փորձելով կարծիք կազմել արտաքինի, կազմվածքի, տարիքի վերաբերյալ: Բայց Աղջիկը հստակ չէր երևում ու կարծիքս անորոշ էր, հակասական: Ուստի չէի շտապում բարձրացնել ձեռքս, օդում թափահարել, ողջունել նրան: Տեսնելով, որ չեմ պատասխանում, Աղջիկը ինձ վրա մատ թափ տվեց (սքանչելի շարժում էր դա` սքանչելի) և սկսեց դանդա՜ղ վրա բերել վարագույրը: Դեմքի մի կեսը վարագույրով ծածկված էր, մյուս կեսն էր երևում ու այդ երևացող կեսը սպասողաբար ինձ ուղղված` կբարձրացնե՞մ ձեռքս, թե՞ ոչ: Անշարժությունիցս զայրացած` նա թափով ու վերջնականապես ծածկեց պատուհանները: Հաջորդ գիշեր ինձ նկատելով, օդում կրկին թափահարեց ձեռքը ու համոզվելով, որ չեմ պատասխանում, ցնցեց ուսերը և նորից սկսեց վարագույրը վրա բերել: Արագ բարձրացրի ձեռքս ու օդում թափահարեցի: Աղջիկը փռթկացրեց: Ծիծաղի ձայնը չլսեցի, սակայն պարզ տեսա, թե ինչպես ձեռքի ափով փակեց բերանը, կախեց գլուխը, և ուսերը թեթևակի ցնցվեցին` այդպես սովորաբար փռթկացնում են: Հետո նա վարագույրը ետ տարավ: Ու գնաց գրել-կարդալու: Իսկ ես, որոշ ժամանակ նրան նայելուց հետո, եկա տեղս, նստեցի գրասեղանիս առջև` պատմվածքս շարունակելու: Գործս դժվար էր առաջ գնում: Նյութը, ինչպես ասում էր համալսարանի դասախոսներիցս մեկը, «Ակտուալ հնչեղություն ուներ» մեր օրերին էր վերաբերում: Գեղարվեստական հնարքներով փորձում էի ժամանակի գնահատականը տալ, արժևորել տեղի ունեցող դեպքերը, իրադարձությունները, իմաստավորել դրանք կամ մի վերին ուժի վերագրելով կատարվածն ու կատարվողը, խորհրդավոր, ազնիվ, վեհ ենթատեքստ հաղորդել սրանց: Չէր ստացվում: Ավելի ուշ հասկացա, որ երբեք էլ չէր ստացվի: Այն ամենը, ինչ տեղի էր ունենում բնակարանիցս դուրս` իրական աշխարհում, իմ կարծիքով, անհեթեթ էր, անմաքուր, անկանխատեսելի, և սա հնարավոր չէր ձևի ու բովանդակության մեջ դնելով ոճավորել: Ուրիշը գուցե թե կարողանար, ես` չէ: Դա իմ ուժերից վեր էր: Բայց համառորեն շարունակում էի չարչարվել: Փորձում էի սյուժեն փոփոխելով գործիս գրավիչ տեսք տալ: Նախնական մտահղացմամբ գլխավոր հերոսը, որ առաջներում անվնաս, քիչ խեղճուկրակ, ազնիվ մեկն էր ու ընկերների, շրջապատի կողմից սիրված, բայց ոչ այնքան հարգված (արվեստի աշխարհից) երկրում կատարվող մեծ տեղաշարժերի նախօրեին, ուր որ է փլուզվող ռեժիմի մարտնչող հակառակորդներից է դառնում և միանում է մյուս մարտնչողներին: Ուր որ է փլուզվող ռեժիմը, ի վերջո, փլուզվում է, և մարտնչողները վերցնում են իշխանությունը: Գլխավոր հերոսը երկրի աչքի ընկնող դեմքերից է դառնում և այստեղ պարզվում է, որ նա ա) բոլորովին էլ անվնաս անձնավորություն չէ, բ) խեղճուկրակ չէ ընդհանրապես և գ) ազնիվ չէ բացարձակապես: Պատմվածքի առաջին տարբերակում այս ամենը, իհարկե, այդպես ճակատային չէր մատուցվում` հետաքրքիր կապեր կային, արագընթաց գործողություն, խոր, սահուն դիալոգներ ու սիրո պես մի բան` սեքսուալ հաջողված երկու տեսարաններով, որ նյութին գրգռիչ բնույթ էին հաղորդում: Այս ամենը, իհարկե, կար, բայց գործը ծանրամարս էր, պատումի թեթևությունը, որ ես սիրում էի, ոչ միշտ էր հաջողվում պահպանել, բացի այդ` խանգարում էին գլխավոր հերոսի նախատիպերը, որոնց հետ առաջներում մոտ էի ու սրանց նկատմամբ ունեցած այժմյան արհամարհանքս, չարությունս (որքան էլ սեղմում էի ներքին արգելակներս) գործում առկա էին, տեսանելի, իսկ դա թունավորում էր Գեղարվեստը, չնչին ու ավելորդ մանրամասներով խճճում գրելիքը: Չարչարում ինձ: Աշխատում էի գիշերները: Վաղուց համոզվել էի, որ դրանք աշխատանքային իմ ամենաարդյունավետ ժամերն են: Ազատ էի: Քնած շրջապատը անվտանգ էր ու խաղաղված: Ոչինչ չէր խանգարում: Ցերեկները, տնից դուրս գալիս, ուշադիր զննում էի հանդիպածս աղջիկներին, փորձելով գտնել ութերորդ հարկում ապրող Աղջկան, սակայն իզուր: Ոչ մի անգամ չտեսա մեկին, որ նրա հետ գոնե հեռավոր նմանություն ունենար: Այսինքն` «նմանություն» բառը խիստ հարաբերական էր հնչում, քանի որ չգիտեի Աղջիկն ինչի է նման, ինչ տեսք ունի: Չնայած ամեն գիշեր սկսել էի հիանալ նրանով, բայց հիացմունքս հնարած էր, ավելի ճիշտ` հիանում էի հնարածովս, իսկ իրականում եղածով արժեր հիանալ թե ոչ` չգիտեի: Մի խոսքով, գիշերները ձեռքներս օդում թափահարելով իրար ողջունում էինք: Լուրջ ոչինչ չկար այս ամենի մեջ, խաղ էր` խաղում էինք: Գեղեցիկ խաղ էր, անվնաս, հետաքրքիր: Պատահում էր, որ Աղջկա ու իմ ընդմիջումները համընկնում էին, ու պատուհանների առջև կանգնած իրար էինք նայում: Որոշ ժամանակ նայելուց հետո, երբ համոզվում էի, որ, ճիշտ է, Աղջկան նայում եմ, բայց միևնույնն է չեմ տեսնում, շրջվում էի, գնում գործս շարունակելու: Մի գիշեր, մինչև շրջվելս, Աղջկան օդային համբույր ուղարկեցի: Նա անսպասելիությունից շփոթվեց, ու ինձ թվում է, զայրացավ: Հաջորդ գիշեր պատուհաններին չմոտեցավ, սակայն վարագույրը վրա չէր բերել ու մի քանի անգամ նկատեցի, որ գրասեղանի առջև պարապելիս, ինչ-որ բան որոնելու պատրվակով, գլուխը զգույշ թեքում է ու իմ կողմը նայում: Մյուս գիշեր մոտեցավ պատուհաններին և սպառնալիքով ինձ վրա մատ թափ տվեց (սքանչելի շարժում էր դա, սքանչելի): Ես տեղնուտեղը օդային նոր համբույր ուղարկեցի, և Աղջիկն օրորեց գլուխը, ցնցեց ուսերը (սրա հետ ո՞նց վարվես` անհասկացող մարդ է, բութ) և դեպի գրասեղանը գնաց: Ժամանակ անց, երբ իմ օդային համբույրները մեր գիշերային ծիսակատարությունների պարտադիր գործողությունը դարձան` նա անսպասելիորեն պատասխանեց ինձ: Չնայած նրա օդային համբույրը շատ գեղեցիկ ստացվեց: Իսկ մի գիշեր, երբ Աղջկան ձեռքով ինձ մոտ հրավիրեցի, կասկածելիորեն արագ (ակնթարթորեն, կարծես դրան սպասում էր) արձագանքեց: Անմիջապես բարձրացրեց ձեռքը և երեք մատների հայտնի կոմբինացիան ցույց տվեց: Այնուհետև շրջվեց, արագ վրա բերեց վարագույրը: Պատուհանները ծածկվեցին: Հետագա գիշերներին մշտապես ծածկված էին: Պատուհանները բաց էին, լույսը վառվում էր, բայց ոչինչ չէր երևում: Աստիճանաբար Աղջկան մոռացա: Այսինքն` ոչ թե մոռացա, տեսնում էի, որ նրա պատշգամբում լույս է վառվում, հասկանում էի, որ իր զբաղմունքով է զբաղված, բայց դա ինձ համար այլևս կարևոր չէր, նշանակություն չուներ, ինձ չէր վերաբերում: Հատկապես, որ գործերս լավ չէին: Պատմվածքիս սյուժեն փոխել էի: Դարձյալ «Ակտուալ հնչեղություն ուներ», և նախկին մեծ ընդգրկումը մնացել էր, բայց հիմա մատուցվում էր որոշակի, ընդամենը մի քանի ժամ տևող բարեգործական երեկույթի շրջանակներում: Մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում բարեգործական երեկո է կազմակերպվում, որի հասույթը ամբողջովին տրամադրվելու էր կույրերի-համր-խուլ երեխաների գիշերօթիկ դպրոցին, որն աղետալի վիճակում էր գտնվում: «Եթե նրանց աչքը չի տեսնում, լեզուն չի խոսում, ականջը չի լսում, -կեղծ հուզմունքով ու կեղծ պաթետիզմով հայտարարում է երեկոն բացող անվանի բանաստեղծը, - մենք հո տեսնո՞մ ենք, մենք հո խոսո՞ւմ ենք, մենք հո լսո՞ւմ ենք», - և բոլորին կոչ է անում առատաձեռն լինել, գթասրտություն հանդես բերել: Սա դիտմամբ էի արել, որպեսզի հետո, շատ զգույշ ու նուրբ հասկացնեի, թե ճշմարիտ կույրերը, խուլերն ու համրերը հենց սրանք են` այս բարեգործ կոչվածները: Երեկոյին, որպես իշխանության պաշտոնական ներկայացուցիչ և երկրի աչքի ընկնող դեմք, մասնակցում է մեկը, որը պատմվածքի նախկին տարբերակում գլխավոր հերոս էր: Այդ կերպարից չէի ուզում ձեռք քաշել, դրա հետ իմ հաշիվներն ունեի: Բացի սրանից, զբոսայգին լի է խառը ժամանակներում հարստացած տղամարդկանցով ու նրանց կանանցով, սիրուհիներով: Կուշտ են, գոհ, բավարարված: Վայելում են գեղեցիկ, հետաքրքիր երեկոն, այգու հրավառությունը, պարերը, երաժշտությունը, խաղերը: Եվ շռայլ են: Կարևոր չէ ոնց են հարստացել: Կարևոր չէ առաջներում ինչ էին: Կարևորը իրենց նկատմամբ ունեցած այժմյան առանձնահատուկ-ընդգծված վերաբերմունքն է և այն, որ իրենց կանանց կամ սիրուհիների առջև կարող են փայլել: Առանձնանալ: Ահա այստեղ գործս առաջ չէր գնում: Տեղում դոփում էի: Ամեն կերպար առանձին միավոր պիտի լիներ` իրեն հատուկ գույներով և ինքնատիպությամբ, այնինչ, ինձնից անկախ, ես դրանց բոլորին նույնացրել էի: Երկվորյակներ լինեին կարծես: Միանգամայն տարբեր արտաքիններով սրանց ներկայացնելով, ըստ էության, բոլորն էլ բութ, անտարբեր, կասկածոտ, զգուշացնող, անկարեկից և ուրիշների դժվարություններից, անհաջողություններից վայելք ստացող միասնական զանգված էին դուրս գալիս: Ավագ գործընկերներիցս մեկը ժամանակին, իմ առաջին գործերը կարդալուց հետո, ասել էր. «Դու դատավոր չես, դու արարիչ ես, ստեղծող, իսկ այստեղ տես, թե ինչ է ստացվում, դու հերոսներիդ ստեղծում ես ու միաժամանակ գնահատում, բնորոշում: Բայց դա քո գործը չէ արդեն, դա ընթերցողին թող, դու ստեղծիր»: Սակայն բարեգործական երեկոյի մասնակիցներին նկարագրելիս ես մի պառավի էի իջնում, որին փողոցում հանդիպեցի, երբ ոտքով տնիցս քաղաքի կենտրոն էի հիշում: Մոտեցավ ու հացի փող խնդրեց: Գրպանումս կատարյալ դատարկություն էր: Ասացի. «Մայրիկ, որ փող ունենայի, ոտքով չէի քայլի, աաաա՜յ նրանից ուզի»: Ու ցույց տվեցի, քիչ հեռվում, բենզինալցման կայանում շարված, մեքենաներում նստածներին: Պառավը ասաց. «Դրանք չեն տալիս, բալա, իմ հացի փողը քեզ նմաններից եմ հավաքում»: Նայեցի մեքենաներում նստածների ինքնագոհ, չտեսնող աչքերով (ոչ թե կույր, այլ` չտեսնող) դեմքերին ու պառավին հավատացի: Դրանք, ճիշտ որ, չէին տա: Բոլորը մեկի պես էին ու մեկը` բոլորի: Հենց սա էր պատճառը, որ բարեգործական երեկոյի մասնակիցները, որքան էլ չարչարվում էի, նույն բաներն էին ստացվում: Ինքս իմ դեմ կռվելով, դրանց հատ-հատ, մեկը մյուսից պոկում էի, փորձում էի անհատականացնել: Իսկ մի գիշեր, երբ այս հարցերի մասին էի մտածում և սենյակիս լույսը դեռ չէի վառել, որպեսզի սկսեմ աշխատել` անսպասելիորեն առաստաղիս մի մեծ ու պայծառ ուղղանկյուն հայտնվեց: Հետո անհետացավ: Հետո կրկին հայտնվեց: Ու էլի: Ու էլի: Մոտերքում մեկը լույսի անջատիչը թարթելով էր զբաղված: Անմիջապես կռահեցի ինչն ինչոց է: Դիմացի շենքի Աղջիկը ութերորդ հարկում էր ապրում: Ես` իններորդ: Իմ շենքը ավելի բարձրադիր էր: Այնպես որ, եթե նա իր պատշգամբի լույսը վառեր (շրջապատում և տանս մութ էր) ահա այսպիսի պայծառություն պիտի առաստաղիս երևար: Ուրեմն Աղջիկն էր: Վառում-հանգցնում էր իր պատշգամբի լույսը: Ուրեմն ինձ էր կանչում: Ելա տեղիցս, վառեցի սենյակիս լույսը, մոտեցա պատուհաններին: Ինձ նկատելով, Աղջիկը պատշգամբի խորքից, ուր անջատիչն էր, առաջ եկավ, մոտեցավ պատուհաններին: Որոշ ժամանակ միմյանց էինք նայում: Հետո նա կռացավ, հատակից ինչ-որ բան վերցրեց, ուղղվեց: Սկսեց ընտրել: Լարեցի տեսողությունս: Աղջկա ձեռքին կարտոնե բավականին մեծ, քառակուսիներ էին: Գունավոր: Հավանաբար ինչ-որ տուփերից կտրտած նա ընտրում էր դրանք, դասավորում: Հետո մեկը վեր բարձրացրեց: Եվ շրջեց իմ կողմը: Կարտոնե քառակուսուն սպիտակ թուղթ էր սոսնձված, որի վրա մի թիվ կար: Սև գույնի: Խոշոր, որպեսզի ես տեսնեմ: Դա հասկացա, բայց չհասկացա, թե այդ թիվն իմ ինչին է պետք, դրանով ինչ անեմ:
     - Քսեմ հացին, ուտե՞մ, - բղավեցի ես:
     Աղջիկը ձայնս, իհարկե, չլսեց, բայց կռացավ, հատակից հեռախոսը բարձրացրեց ու հասկացրեց, որ գրի առնեմ, որ իր հեռախոսահամարն է թելադրում: Գրասեղանիցս ակընթարթորեն գրիչ-թուղթ բերեցի: Բավականին աշխուժացա: Աղջիկը պատշգամբի կողքը գնաց, գրավիչ ծուլությամբ կանգնեց ու դաաաանդաաաա՜ղ, նաաազաանքո՜վ բարձրացրեց աջը, գլխից վեր պարզեց: Գրեցի: Հետո երկրորդ թիվը բարձրացրեց: Գրեցի: Հետո երրորդը: Նրա շարժումները խենթացնող էին, սքանչելի: Սքան-չե-լի: Հավանաբար կինոներում էր տեսել կամ հայելու առջև բազմաթիվ փորձերից հետո գտել էր լավագույն տարբերակը: Կարող էր, չէ՞, միանգամից երկու թիվ բարձրացնել` ամեն ձեռքում մեկը, կամ կարող էր, չէ՞, մի քառակուսու վրա երկու թիվ գրել` անպայման կերևար: Իհարկե կարող էր: Բայց չէր արել, որպեսզի իր խենթացնող, նազելի շարժումները երկար տևեն: Ու ես դա տեսնեմ, գնահատեմ: Գնահատեցի: Գրի առա համարը, իսկ հետո սենյակի խորքից բերի հեռախոսը, դրեցի պատուհանի գոգին ու սկսեցի հավաքել թվերը: Հետո նայեցի Աղջկան: Նա ընկալուչը ականջին էր դրել և զանգի առաջին ծլնգոցից հետո անմիջապես բարձրացրեց ու նայեց ինձ: Ինչ-ինչ, բայց խոսել ես գիտեմ: Երբեմն խոսելու շնորհիվ հաջողվում է նույնիսկ փայլուն տպավորություն թողնել: Սակայն հիմա ապուշությամբ զգացի, որ չգիտեմ ոնց սկսեմ: Ի՞նչ ասեի: Ասեի. «Ալո»: Սակայն որ ի՞նչ: Իրար պարզ տեսնում էինք, երկուսիս ձեռքերին էլ ընկալուչներ կային, ասեի. «Ալո» որ ի՞նչ: Ասեի. «Բարի օր»: Բայց օրը դեռ չէր սկսվել: Գիշեր էր: Ասեի. «Բարի գիշե՞ր»: Իսկ այդ խոսքերով մենք սովորաբար միմյանց հրաժեշտ ենք տալիս: Ասեի. «Ո՞նց ես»: Իսկ եթե ասեր. «Քեզ ինչ»: Եվ հետո դա հասարակ էր հնչում: Հարկավոր էր ինքնատիպ, գեղեցիկ ինչ-որ սկիզբ, որպեսզի նրա վրա տպավորություն թողնեի, ինչպես ինքը, իր սքանչելի շարժումներով: Նա իր խաղը գեղեցիկ սկսեց, ես էլ ուզում էի իմ խաղը գեղեցիկ սկսել: Սկիզբ: Արժանի, լավ սկիզբը չէի գտնում, ու մենք շարունակում էինք իրար նայել, ու ես պարզ լսում էի Աղջկա խորը շնչառությունը: Տեսնում էի Աղջկան` ընկալուչը ձեռքին, բայց լռում էի: Եվ սա ձև չէր: Սա հիմար վիճակ էր:
     - Ինձ հյուր չե՞ս գա, - անսպասելիորեն հարցրի ես ու այն տպավորությունն ունեցա, թե դա ես չասացի, ուրիշ մեկը իմ փոխարեն խոսեց:
     - Չէ, - ասաց Աղջիկը ու ձայնը հոգոց հանելու պես հնչեց, - չեմ գա:
     Ուզում էի հարցնել. «Ինչո՞ւ», բայց չհարցրի: Ասացի.
     - Քեզ էնքան էլ պարզ չեմ տեսնում, չգիտեմ էլ` սիրուն ես, սիրուն չես:
     - Այդքան կարևո՞ր է:
     Հիմար նախադասություն էր: Շատ հիմար ու հասարակ: Չգիտեմ ինչու ուրախացա, որ վրիպեց: Ասացի.
     - Կարևոր է: Չիմանա՞մ, արժի՞, թե՞ չարժի չարչարվել:
     - Արժե, - ասաց Աղջիկը:
     - Ուրեմն սիրո՞ւն ես, - ուրախացա ես:
     - Չգիտեմ, - ասաց Աղջիկը, - այդքան կարևո՞ր է:
     «Սիրուն է-սիրուն չէ` չգիտեմ, - մտածեցի ես, - բայց որ հիմար է` հաստատ»:
     - Ի՞նչ ես անընդհատ կրկնում` այդքան կարևոր է, այդքան կարևոր է, - եթե կարևոր չլիներ` չէի հարցնի:
     - Ուրեմն մի՛ հարցրու, - հանգիստ ասաց Աղջիկը, և պատշգամբիցս այնպես երևաց, թե ժպտում է:
     «Բայց երևի այնքան էլ հիմար չէ, - մտածեցի ես, - համենայն դեպս, հաստատ չի լինի ասել, թե հիմար է»:
     - Գիշերվա կեսերին այդ ի՞նչ ես գրում-կարդում, - հարցրի ես:
     - Պարապում եմ, - ասաց Աղջիկը, - սեպտեմբերի մեկից ուսուցչուհի եմ աշխատելու:
     «Ուսուցչուհի, - մտքումս փնչացրի ես, - այսինքն` մի բան այնքան լավ գիտի, որ ուրիշներին է սովորեցնելու: Սովորեցնողներն աչքիս շատացել են»:
     - Ի՞նչ առարկայի մասնագետ ես:
     - Չեմ ասի, - կարճ մտածելուց հետո ասաց Աղջիկը:
     - Ինչո՞ւ, - հարցրի ես ու մտքումս հայհոյեցի ինձ, պետք չէր հարցնել, չես ուզո՞ւմ` մի ասա, քո գործն է, բայց արդեն հարցրել էի:
     - Ձեռքիդ հաղթաթուղթ կտամ: Իսկ ես դա չեմ ուզում:
     «Հաղթաթուղթ» բառը, էլի մի քանի բառեր և ոճը անմիջապես գլխի գցեցին, թե ինչ առարկա է դասավանդելու:
     - Հայոց լեզու-գրականություն, -թունոտ քմծիծաղեցի ես, -հինգից ութերորդ դասարանցիներին:
     Պարզ տեսա, թե Աղջիկը զարմանքից ոնց ցնցեց գլուխը ու ձեռքն ինձ ուղղելով օդի մեջ հարցական շարժումներ արեց, այսինքն` ո՞նց իմացար, իսկ հետո հիշեց, որ ձեռքին ընկալուչ կա: Հարցրեց.
     - Հաղթաթո՜ւղթ, - ծիծաղեցի ես, - այդքան կարևոր է՜… խոսելուդ ոճը նույնպես… բայց ինչո՞ւ մտածեցիր, թե մասնագիտությունդ իմանալը ինձ համար հաղթաթուղթ է:
     - Կհասկանայիր, որ գործերիդ ծանոթ եմ, - քիչ լռելուց հետո ուսուցչուհիավարի բացատրեց Աղջիկը, - ու հավանում եմ:
     - Հա՞, - ուրախացա ես և օդում ձեռքս թափահարեցի, ու Աղջիկը նույնպես օդում թափահարեց ձեռքը, - հավանում ե՞ս:
     - Ըհը, -ասաց Աղջիկը:
     - Շաաաաաա՞տտ, -հարցրի ես:
     - Հույս ունեի, թե Աղջիկը կասի` » Շատ-շատ» ու ավելի կուրախանամ: Բայց Աղջիկն ասաց.
     - Այդքան կարևո՞ր է:
     - Զզվեցի այդ բառերից, - ասացի ես, - եթե դպրոցում աշակերտներիցդ մեկը մի բան հարցնի, պիտի կրկնե՞ս` «Այդքան կարևոր է, այդքան կարևոր է»:
     - Դու իմ աշակերտը չես:
     - Իհարկե չեմ, - հաստատեցի ես, չնայած լավ կլիներ, եթե լինեի:
     - Ինչո՞ւ, - հարցրեց Աղջիկը:
     Այս ողջ ընթացքում մենք անընդհատ միմյանց էինք նայում, և այն զգացողությունն ունեցա, թե կույր ենք, իրար չենք տեսնում և ձեռքերով միմյանց շոշափելով, ցանկանում ենք գլխի ընկնել, թե դիմացինը իրենից ինչ է ներկայացնում: Այդ զգացողությունս, որքան խոսակցությունը երկարում էր` գնալով ամրանում էր, ավելի էր ամրանում, էլ ավելի էր ամրանում:
     - Ի՞նչը` ինչու:
     - Ինչո՞ւ լավ կլիներ, որ աշակերտս լինեիր, - հարցրեց Աղջիկը:
     - Հարցեր կտայի ու կստիպեի, որ պատասխանեիր, - ասացի ես:
     - Ի՞նչ հարցեր:
     - Թե այս ի՞նչ է կատարվում երկրում, թե ո՞ւր չքացան ընկերներս, թե մարդկանց համար ինչո՞ւ գիրքը արժեզրկվեց և այդ բանը ցուցադրելը ինչո՞ւ է լավ տոնի նշան համարվում, թե ինչո՞ւ մարդիկ միանգամից փոխվեցին, թե ինչո՞ւ գողությամբ հարստացածները ՏԵՐ են դարձել և իրենց կամքը-ճաշակն են թելադրում, թե ինչո՞ւ առաջվա Նոր տարիները ուրախությամբ էիր դիմավորում` մի լավ բանի և երջանկության սպասումով, իսկ հիմա կգա-չի գա` մի հաշիվ է, թե ինչո՞ւ փողոցում կանգնած միլիցիոները չի համարձակվում սուլել արտասահմանյան մակնիշի մեքենա վարող այն այլանդակի ետևից, որը սարսափելի արագությամբ քշում է մեքենան ու չի էլ անհանգստանում, թե կարող է մարդ տրորել, քանի որ քայլողներին նա իսկի մարդ էլ չի համարում, թե ի՞նչ օրենքներով ենք ապրում, թե ինչո՞ւ լիարժեք ու պատվախնդիր մարդը իրեն պիտի անլիարժեք զգա և անպաշտպան, թե ինչո՞ւ ընկեր Միսակյանը, որ դպրոցում մեզ «Հին աշխարհի պատմություն» էր դասավանդում, պիտի ռետինե ձեռնոցներ հագնի և ծայրին կեռիկ ունեցող հատուկ փայտով քրքրի աղբարկղները, թե ինչո՞ւ պատգամավոր կոչված մեկը, որին ժողովուրդն ընտրել է սեփական շահերը պահպանելու համար, թքած ունի ժողովրդի վրա էլ այդ ժողովրդի շահերի վրա էլ և իր առնետային գոյության նպատակը դարձրել է անկուշտ էությանը բավարարություն տալը, թե ինչո՞ւ մի քանի օր առաջ փողոցում մեկը մի ուրիշի ասաց. «Երկիրը շատ է փոխվել», և այդ մի ուրիշը պատասխանեց. «Քու էլ, Երկրի էլ մերը…» առանց հասկանալու, որ ԵՐԿԻՐԸ իր նախնիների և իր սկիզբն ու վերջն է ամփոփում, ուստի և Սուրբ բան է, թե ինչո՞ւ…
     - Հերիք է, - բարձր ու արտասվախառն ասաց Աղջիկը, բայց ես նրա աչքերին արցունքներ չնկատեցի:
     Գուցե այստեղից չէին երևում կամ գուցե արտասվում էր Ձայնը, ուստի արցունքները ներսում էին հոսում:
     - Կներես, - ուշքի եկա ես, - հենց այնպես ստացվեց, բանի տեղ մի դիր:
     - Չեմ դնի, - ասաց Աղջիկը:
     - Չեմ դնի, - նրան նմանակելով կրկնեցի ես, - ինչ էլ շուտ ես համաձայնվում:
     - Ի՞նչ պատասխանեմ, որ քեզ դուր գա, - ասաց Աղջիկը, - ուզում եմ…
     - Պատասխանիր ոչ թե ինձ դուր գալու համար, - ընդհատեցի ես, - այլ պատասխանիր, որովհետև բան ունես ասելու: Դա՞ էլ սովորեցնեմ: Մեզանից ո՞վ է ուսուցիչը:
     - Ես, - ծիծաղեց Աղջիկը և օդային համբույր ուղարկեց, և խոսափողը այնպես էր պահել, որ ես պարզ լսեի այդ համբույրի ձայնը:
     - Լսիր, - ասաց Աղջիկը ու տվեց պատմվածքներիցս մեկի վերնագիրը` միանգամից հասկացա, թե ինչ է հարցնելու, - այդ պատմվածքը կենսագրական բնույթի՞ է:
     - Կենսագրական բնո՜ւյթ, - թունոտ քմծիծաղեցի ես, - դասատո՜ւ… հո չես խոսում:
     Զարմանալի է, բայց շատ ծանոթ կանանց էր այդ հարցը հետաքրքրում: Հենց կանանց: Բազմիցս հարցրել էին. «Քեզ հետ պատահե՞լ է, թե՞ հնարել ես»:
     - - Չէ, ճիշտ, - հարցրեց Աղջիկը, - քեզ հետ պատահե՞լ է, թե՞ հնարել ես:
     Ծիծաղեցի:
     - Ասա, հա՞, - խնդրեց Աղջիկը:
     - Չէ, - ասացի ես, - ուզում ես իմանալ, արի ինձ հյուր, մանրամասն կբացատրեմ:
     - Չէ, - ասաց Աղջիկը, - չեմ գա:
     - Ինչո՞ւ:
     - Ես ուզում եմ, որ դու ինձ սիրես, - ասաց Աղջիկը, - իսկ քո մտքինը ուրիշ է, գիտեմ, թե ինչ է:
     - Իմ մտքինը քո ուզածից չի տարբերվում, ասացի ես, - ոչ մի տարբերություն` նույն բաներն են: Արի ինձ հյուր, դա էլ կբացատրեմ: Մանրամասն:
     - Չէ, - ասաց Աղջիկը, ու ես տեսա, որ նա ոտքը հատակին զարկեց, - չեմ գա: Ես ուզում եմ, որ դու ինձ սիրես:
     - Ես քեզ հենց սկզբից եմ սիրում, - հանգիստ ստեցի ես, - երբ դեռ վարագույրը ծածկում էիր:
     - Ստում ես:
     - Չէ, սիրում եմ, ճիշտ եմ ասում:
     - Ստում ես, - կրկնեց Աղջիկը, - նույնիսկ չգիտես ինչ տեսք ունեմ, ինձ էիր հարցնում` սիրուն եմ, սիրուն չեմ: Փողոցում մի քանի անգամ կողքովս անցել ես, նայել ես, բայց գլխի չես ընկել, որ ես եմ:
     - «Եթե նայել եմ, - արագ մտածեցի ես, - ուրեմն նայելու բան է, իսկ եթե նայելու բան է, - ու մտքումս տնքացի, - ո՞նց համոզեմ, որ գա»: Բայց չկարողացա համոզել: Խոսելու մեջ վարպետ եմ, սակայն համոզելու, ապացուցելու գործում` չէ: Չի ստացվում: Բախտ չունեմ: Էլի որոշ ժամանակ խոսեցինք ու հրաժեշտ տվեցինք միմյանց: Եվ դարձյալ օդային համբույր ուղարկելիս Աղջիկն այնպես արեց, որ պարզ լսեցի այդ համբույրի ձայնը և նույնիսկ, կարծես թե զգացի շուրթերիս: Հետագա գիշերներին մենք հեռախոսով զրուցում էինք, սակայն անարդյունք: Ինձ համար անարդյունք: Աղջկան ոչ մի կերպ չէի կարողանում համոզել, որ հյուր գա, տունս մտնի: Հանկարծ զգացի, որ կին եմ ուզում: Այսինքն` ոչ թե կին ընդհանրապես, այլ հենց` այս Աղջկան: Հակառակ դեպքում կհավաքեի մոտս եղած-չեղած փողերը ու մեկնումեկին տունս կբերեի: Քաղաքում մի երկու հայտնի տեղ գիտեի, ուր ******ներ էին հավաքվում: Առանձնապես թանկ չարժեին և գնալով էժանանում էին: Առաջներում երբեմն-երբեմն, եթե ցանկությունն ու մենակությունը խեղդում էին ինձ` օգտվում էի դրանց ծառայություններից: Բայց հիմա ինձ դրանք պետք չէին: Ինձ այս ուսուցչուհին էր պետք, որը շարունակում էր ոտքը հատակին զարկել ու զայրացած պնդել. «Չէ, չեմ գա»: Նրա համառությունն ու «Չէ» -ն երբ ինձ, ի վերջո, ձանձրացրին ու մի գիշեր, երբ հերթական «Չէ, չեմ գա» -ն ասաց, գազազած նետեցի. «Չես գալիս` մի՛ արի, ես քու…»: Եվ ընկալուչը ցած դնելով` հեռախոսս իր տեղը տարա, վարագույրով ծածկեցի պատուհաններս: «Վերջ, - բղավեցի դեպի սենյակս շրջվելով, - վերջ, տիկնայք և պարոնայք, թատրոնն ավարտվեց, ցրվեք ձեր տները»:
     Դրանից հետո ինձ արգելեցի Աղջկա մասին մտածել: Անգամ հիշել նրան: Դժվար էր: Մի բան ցավում էր ու նվաղում: Շատ էր դժվար: Բայց աստիճանաբար վարժվեցի և՛ ցավին, և՛ նվոցին ու այդ վիճակս սովորական, բնական համարելով, ողջ ուժերս կենտրոնացրի պատմվածքիս վրա, որը նույնպես հրաժարվում էր մտահղացումս իրականացնել: «Աշխարհն իմ դեմ դավադրություն է նյութել, - շփոթահար գռմռում էի գրասեղանիս առջև նստած, - թարսվել է»: Մեկ-մեկ ինձ թվում էր, թե պատմվածքս նույնպես ոտքը հատակին զարկելով` զայրացած համառում է. «Չէ, չեմ ստացվի»: «Հեչ էլ ստացվես, - մրթմրթում էի, - բայց պատճառն ի՞նչ է, ասեիր` հասկանայինք»: Եվ մի գիշեր հասկացա պատճառը: Պատմվածքիս հերոսները թույլ ու կեղծ էին ստացվում, որովհետև ես նրանց չարությամբ էի ստեղծում: Անսեր: Հենց սկզբից չէի սիրում նրանց և դեռ նոր-նոր էի սկսում ուրվագծել: Մինչդեռ իմ ստեղծածներն էին ու կտրված նախատիպերից, որոնց հետ իմ հաշիվներն էի ցանկանում մաքրել չարությամբ: Այնինչ չարությամբ ԲԱՆ չես ստեղծի, որովհետև չարությունը թուլացնում է, իսկ թույլի ստեղծածը կա՛մ մեռած կծնվի, կա՛մ դեբիլ:
     Այս ամենը պարզորոշ գիտակցելուց հետո, գրոտած թղթերս լցրի լոգարանի մեջ ու վառեցի: Գրավիչ կրակ ստացվեց, լավ էլ ճտճտում էր: Եվ ինձ համար անիմաստ մի շրջան սկսվեց, երբ նոր գործ գրելու տրամադրություն չունեի, իսկ ժամանակս հենց այնպես, պարապ-սարապ ծախսելուց էլ` գազազում էի: Երբեմն-երբեմն ծանոթներիս հետ խմում էի, բայց դա ինձ ո՛չ ուրախություն էր բերում, ո՛չ հանգիստ: Դժվար ու անդուր ժամանակ էր. դժվար ու անդուր վիճակ: Մի գիշեր, երբ մի կերպ շենքիս էի մոտեցել (մի կերպ, որովհետև շուրջբոլորս համատարած խավար էր` փողոցի լապտերները էներգետիկ ճգնաժամի պատճառով չէին վառվում, հասարակական տրանսպորտ այդ ժամերին չկար, այստեղից-այնտեղից հաճախ կրակոցներ էին լսվում), ուրեմն, երբ մի կերպ շենքիս էի մոտեցել ու պատրաստվում էի մուտք մտնել` անսպասելիորեն լույս վառվեց, ճիշտ աչքերիս ուղղված: Կուրացա: Թույլ լույս էր, բայց կուրացա: Մինչ այդ, համատարած խավարի մեջ ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, տեսնում էի, իսկ լույսից տեղնուտեղը կուրացա: Ձեռքս ինքնաբերաբար վեր բարձրացրի, ծածկեցի աչքերս:
     - Ուշ ես տուն գալիս, - ասաց Աղջկա Ձայնը:
     Անմիջապես ճանաչեցի: Վերջերս ներսումս անընդհատ հնչում էր դա` աստիճանաբար ավելի ուժեղ:
     - Լապտերդ հանգցրու, - ասացի ես, - ոչինչ չեմ տեսնում:
     - Մինչև հիմա տեսնո՞ւմ էիր, - Աղջիկը լույսը ոտքերիս ուղղեց:
     - Չէ, - ասացի, - բայց ոնց որ կինո լինես` գեստապո:
     - Կինոն դու ես, - ասաց Աղջկա Ձայնը, - կինո ես, թատրոն և համատարած հիմարություն:
     - Համատարած հիմարությունը նույնպես արվեստի ժա՞նր է, - հետաքրքրվեցի ես:
     - Չէ, - ասաց Աղջկա Ձայնը, - որոշ անձանց էությունն է:
     - Եկել ես, որ դա՞ ասես:
     - Չէ, մի համատարած հիմարություն էլ ես եմ: Քեզ հյուր եմ եկել:
     Աղջկա Ձայնում ես ճակատագրին հնազանդվելու խոնարհություն զգացի, մի լավ, մի մեծ բանի սպասման ակնկալիք: Այդպիսի բաները տեսնես ո՞նց են մեկից մյուսին փոխանցվում:
     - Վերելակը չի աշխատում, - ասաց Աղջկա Ձայնը, ես կլուսավորեմ, արի վեր բարձրանանք:
     - Ո՞ւր, - հարցրի ես, - երկի՞նք:
     - Չէ, - ասաց Աղջկա Ձայնը, - իններորդ հարկ:
     - Իմ իններորդ հարկից սկսվում է երկինքը:
     - Տիեզերագնացիս տես, - փնթփնթաց Աղջկա Ձայնը, - արի բարձրանանք:
     Աղջիկը ձեռքի լապտերի թույլ, դողդողացող լույսով հատ-հատ լուսավորում էր հերթական նեղլիկ աստիճանը: Նախ իմ ոտքերի առջև, ու ես տեղափոխում էի ոտքերս, հետո իր, ու նա իմ հարթության վրա էր հայտնվում: Հետո հաջորդ աստիճանն էր լուսավորում և մեր շարժումները նույնությամբ կրկնվում էին` վեր էինք բարձրանում: Երկուսս էլ լուռ էինք: Աղջիկն ինձ թևանցուկ էր արել ու սեղմվել: Պատկերը անիրական էր թվում և ֆանտաստիկ: Մեր ոտքերի առջև ընկած թույլ լույսը, ասես, թպրտում էր համատարած մութի շոշափուկներում, որն ուզում էր խավարեցնել նրան, խեղդել, սակայն իրար խառնված, միաձույլ մեր շնչառություններից լիցք ստանալով, լապտերի թույլ լույսը տոկուն համառությամբ դիմանում էր, մնում ու քրքրում էր մութը, մաշում նրան:
     - Չես էլ հետաքրքրվում, չես էլ ուզում տեսնել` սիրուն եմ-սիրուն չեմ, - դժգոհեց Աղջկա Ձայնը, երբ իմ հարկի հարթակին էինք հասել:
     - Մութ է, - բացատրեցի ես, - չքնաղ բանը լույսի մեջ է երևում:
     - Չքնա՜ղ, - փնթփնթաց Աղջկա Ձայնը, - իսկ ինչո՞ւ պատուհաններիդ չէիր մոտենում:
     - Չգիտեի ինձ ոնց պահեմ, - ասացի ես գրպանիցս բանալին հանելով, - մտածեցի թող ինքնիրեն ստացվի` ինչ ստացվելու է:
     - Ինքնիրենը ե՞ս եմ, - զայրացավ Աղջկա Ձայնը, - եթե չգայի, ինքնիրեն ի՞նչ էր ստացվելու:
     - Մի ուրիշ ինքնիրեն, - ասացի ես ու հրեցի դուռս:
     ՈՒ ԴՈՒՌ-ը ԲԱՑՎԵՑ` ներս մտանք:
    
    

ԳՈՒՆԱՏ ՀԱՐՍՆԱՑՈՒ՝ ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«Անձն իմ յոյժ խռոված է,
     Եվ դու, Տէր, մինչև ե՞րբ…»:
     (Դավթի սաղմոսների գիրքը, 6, 4)

Պատկերասրահում վաղուց արդեն ոչինչ չէր կատարվում: Կտավների պատկերները ձանձրույթից նույնիսկ սկսել էին խամրել, գունաթափվել, ճաքճքել: Այն միտքը, թե իրենք միմիայն այցելուների առջև ցուցադրվելու և նրանց գեղագիտական հաճույք պատճառելու համար են՝ նկարվածներին խիստ վիրավորում էր և հուսահատեցնում: Այդ դաժան ճշմարտությունը հերքելու կամ գոնե «մոռանալու» համար, պատկերասրահի փակվելուց և գիշերային պահակի շրջայցից հետո, սրահներում մշտապես սարքովի, բայց արտասովոր ինչ-որ իրադարձություններ էին տեղի ունենում, որոնք վրձնաներկային ստեղծվածքներին հնարավորության էին տալիս չհիշելու, թե իրենք ընդամենը տաղանդավոր (կամ ոչ այնքան) նկարչի երևակայության արդյունք են՝ իրականացված որոշակի չափսերով կտավային հարթության վրա և ներկալված բրոնզե շքեղ շրջանակով: Սակայն վաղուց արդեն ոչ միայն արտասովոր, այլև նույնիսկ աննշան որևէ իրադարձություն չէր կատարվում, և կտավների պատկերները ձանձրույթից սկսել էին խամրել, գունաթափվել, ճաքճքել: Պատկերասրահի աշխատակիցները իրար էին անցել ու այս անհասկանալի փաստը չկարողանալով գիտականորեն որևէ կերպ հիմնավորել՝ ամեն ինչի մեղավորն ու պատճառը ֆինանսական իրենց սուղ վիճակն էին համարում և երկրի անառողջ քաղաքական մթնոլորտը: Գիտական քարտուղարը այլ կարծիքի էր:

-Անբացատրելի թվացող սույն երևույթը շատ պարզ բացատրություն ունի, - ներողամտորեն ժպտում էր նա, - կտավների վրա ազդում են մթնոլորտային կտրուկ փոփոխությունները, մագնիսական հողմերը և արևի վրա հայտնված բծերը:

-Իսկ ինձ թվում է, - ինքն իր ասածին համարյա չհավատալով քրթմնջում էր պատկերասրահի հնագույն վերականգնողը, - որ կտավները մեզ տեսանելի վիճակից բացի, կամ դրանից այն կողմ, մի ուրիշ՝ իրենց սեփական գոյության վիճակն էլ ունեն:

Գիտական քարտուղարի ժպիտը խամրում էր: Ցավակցաբար նայելով իր լավագույն աշխատակցին, նրա անհեթեթ խոսքերը վերագրելով տարիքին ու սեռական անկարողությանը՝ խորհուրդ էր տալիս.

-Հարգելիս, մթնոլորտային կտրուկ փոփոխությունները, մագնիսական հողմերը և արևի վրա հայտնված բծերը, ըստ երևույթին ու ըստ իս, ձեզ վրա նույնպես ազդում են: Այնպես որ, աշխատեք դրսում քիչ լինել, իսկ արև ժամանակ խուսափեք գլխաբաց քայլելուց: Ձեզ անպայման հարմար մի գլխարկ է պետք:

Եվ բարեգործական հանգանակություն կազմակերպեց՝ հնագույն վերականգնողին մի գլխարկ գնելու համար: Ու պատկերասրահի աշխատակիցները կտավների հետ կատարվող անհասկանալի երևույթը մոռացության տալով, սկսեցին քննարկել հարմար գլխարկների, արևային բծերի, խոշոր պաշտոնյաների կողմից կատարվող գանձագողության և «*****ությունը իբրև կանանց իրավահավասարության ու ազատ կամքի հետաքրքիր դրսևորման ինքնատիպ եղանակներից մեկը» նույնքան անհասկանալի, բայց առավել գրավիչ հարցերը: Մինչդեռ համընդհանուր ձանձրույթը կայծակնային արագությամբ տարածվում էր ողջ պատկերասրահում, և կտավները, մեկը մյուսի ետևից, արժեզրկվում էին՝ խամրում, գունաթափվում, ճաքճքում:

-Լսի՛ր, - պատկերասրահի փակվելուց ու գիշերային պահակի շրջայցից հետո մի օր շշնջաց յոթերորդ սրահի «Դեպի աքսոր» կտավի գլխավոր դետալը՝ ավազակապետը, իր օգնականին, - էսպես որ երկար շարունակվեց, հաստատ կփչանանք:

-Հաստատ, - հոգոց հանեց օգնականը, որ բացառիկ բութ լինելով՝ ամեն ինչում պետի հետ համաձայնում էր, - բայց ի՞նչ կարանք անենք:

-Փախչել է պետք, - ասաց ավազակապետը, - ուրիշ ճար չկա:

-Վարակը ամեն տեղ տարածվել է, - հիշեցրեց օգնականը, - փախչում ենք որ ի՞նչ:

-Ասում են, թե սրահներ կան, ուր միայն բնանկարներ են, - միտքը զարգացրեց ավազակապետը: - Արի ողջ խմբով փախչենք, մի հարուստ պալատ թալանենք, գնանք էդ սրահները: Հարմար, աչքի չընկնող բնանկար կգտնենք, շրջանակից ներս կխցկվենք ու մեր ուզածի պես կցուցադրվենք, իբր թե կոմպոզիցիա ենք կամ ըտենց մի բան:

-Ա՜յ թե խելք ունես, - հիացավ օգնականը, - ա՜յ թե գլուխ ունես:

-Ունեմ, - հաստատեց ավազակապետը, - բայց տես՝ ոչ ոք չիմանա:

-Ո՞նց չիմանա, - խնդմնդաց օգնականը, - ով ասես գիտի:

-Որտեղի՞ց, - qարմացավ ավազակապետը, - ես, ախր, նոր եմ մտածել:

-Գլուխդ, - շշմեց օգնականը:

-Ի՞նչ գլուխ:

-Ուսերիդ վրայի, - բացատրեց օգնականը, - էդ որ ասում ես, թե ոչ ոք չիմանա:

-Անխելք, - կատաղեց ավազակապետը՝ հասկանալով, որ նորից օգնականի բթության հերթական թակարդն ընկավ: - Ես ասում եմ, որ փախչելու մասին ոչ ոք չիմանա: Գլուխս քեզ ի՞նչ: Գլխիս հետ ի՞նչ գործ ունես:

-Ոչ մի, - վախեցավ օգնականը, - ես էլ մտածեցի...

-Մի՛ մտածիր, անխելք, - շարունակեց բղավել ավազակապետը, - հենց սկսում ես մտածել, ամեն ինչ թարս է գնում: Գործ չունես: Դու միայն տես, որ փախուստի մասին ոչ np չիմանա՝ մերոնցից բացի:

-Պարզ է, - հանգստացրեց օգնականը, - ոչ ոք չի իմանա ու վե՛րջ: Մերոնցից բացի:

Բայց զարմանալին այն էր, որ յոթերորդ սրահում շուտով փսփսոցներ տարածվեցին, թե «Դեպի աքսոր» կտավում աննախադեպ փախուստ է նախապատրաստվում: «Դեպի աքսոր» կտավը, չնայած հայտնի նկարչի վրձնի աշխատանք էր, բայց յոթերորդ սրահում հեղինակություն չուներ, քանի որ ընդամենը 20-րդ դարի առաջին տասնամյակում էր ստեղծվել, ու պատկերներն էլ ստորածին, շղթայակապ ավազակներ էին, որ բութ ու անկարեկից հրացանավոր զինվորների ուղեկցությամբ պատժավայր էին քայլում, մինչդեռ սրահի մյուս նկարները հիմնականում 17-19-րդ դարերից էին գալիս ու իրենց ժամանակների հռչակված անձանց դիմանկարներ էին կամ արքունի ինտիմ մանրամասնություններ ներկայացնող գեղեցիկ տեսարաններ: Այնպես որ, սրահում հայտնվելու առաջին օրերից այս կտավի նկատմամբ մյուս պատկերները ընդգծված սառնություն էին ցուցադրում և բացահայտ արհամարհանք: Նման վերաբերմունքից «Դեպի աքսոր» կտավի պատկերներն այն աստիճանի էին հոգնել ու զզվել, որ փախուստի գաղափարը բոլորին ոգևորեց: Հատկապես, չգիտես ինչու, հսկողության համար նկարված զինվորներին:

-Չտեսնված բան է, - ուրախացավ սիֆիլիտիկ ավազակի մի պատկեր, - հենց ազատվեցինք, սրահներում ինչքան ասես հայտնի բժիշկների դիմանկարներ կան, մեկնումեկին կվախեցնեմ, կամ կփախցնեմ, կստիպեմ, որ ինձ լավ բուժի ու սրանից հետո ինչ կնիկ էլ սիրեմ՝ կոմսուհի լինի, ֆաբրիկայի բանվորուհի թե սովորական լիրբ, նախ և առաջ առողջության վերաբերյալ բժշկի թուղթ եմ պահանջելու:

-Իսկ ես, - շղթաները զրնգացնելով բղավեց բարձրաշխարհիկ տիկնանց երկարատև արհամարհանքից խելքը թռցրած մի ավազակ, - հարուստ պալատ թալանելուց հետո ընտիր հագուստներ ձեռք կբերեմ ու էս ժանգոտած երկաթի շղթաների փոխարեն մաքուր ոսկուց շղթաներ կպաավիրեմ, դե թող էն ժամանակ որոշ պատկերներ փորձեն ինձ բանի տեղ չդնել:

-Մաքուր ոսկուց շղթանե՜ր, - հմայված շշնջաց ավազակների խմբի ամենաողորմելի պատկերը, ու նրա տհաճ կերպարանքում երազային ու ջինջ, մինչ այդ չեղած գույներ հայտնվեցին: - Մաքուր ոսկուց շղթանե՜ր:

-Ոսկի՞ն է թեթև, թե՞ երկաթը, - հետաքրքրվեց խիստ գործնական մի ավազակ:

-Ոսկին, - ասաց խմբի ամենազարգացածը:

-Էղավ, - արագ վճռեց խիստ գործնականը, - փախչելուն համաձայն եմ, ես էլ եմ մաքուր ոսկուց շղթաներ ուզում:

Եվ ողջ ավազակախումբը ոգևորված սկսեց փախուստի ծրագիր մշակել: Գի-շերային քննարկումներին նրանք իբրև փորձագետ-խորհրդատու հրավիրում էին իրենց հսկելու համար նկարված հրացանավոր զինվորներից ամենահեղինակավորներին, որոնք գործնական դիտողություններ էին անում ու նշում բացահայտ թերությունները: Ու չնայած այս ամենը խիստ գաղտնի էր կատարվում, բայց փախուստի մասին անորոշ շշուկներն ավելի էին հստակվում, ուժեղանում և տարածվում պատկերասրահով մեկ: Ազնվազարմ, բարձրաշխարհիկ պատկերները չնայած գիտեին այդ մասին, բայց բարձրաձայն խոսելուց համառորեն խուսափում էին, մինչև այն օրը, երբ «Ամառային պարահանդես դքսուհի դը Լանժեի առանձնատանը» կտավում, ուր նրանք ժամանակ առ ժամանակ հավաքվում էին, մի ծեր կոմս, ոչ ոքի չդիմելով, նետեց.

-Իսկ «Դեպի աքսոր» կտավում աննախադեպ փախուստ է նախապատրաստվում:

Ներկաները շփոթահար լռեցին: Մինչ այդ նրանք ձանձրույթից կիսախենթացած լսում էին սալոնային ասպետի հորինովի պատմությունները իր թափառումների, արկածների, քաջագործությունների մասին, սակայն ծեր կոմսը, որին հատկապես զայրացնում էր սալոնային ասպետին ուղղված դյուրահավատ կանանց հիացական հայացքները, ընդհատեց նրան ու, ոչ ոքի չդիմելով, նետեց.

-Իսկ «Դեպի աքսոր» կտավում աննախադեպ փախուստ է նախապատրաստվում:

-Օ՜հ, - անտանելի թախծով հառաչեց դքսուհի դը Լանժեն, - փախո՜ւստ, մի այլ գոյությո՜ւն:

-Դքսուհի, - բացականչեց լպստված մի պալատական, որ ինչ-որ տիտղոս ուներ, սակայն ոչ ոք ճշզրտորեն չգիտեր, թե ի՛նչ տիտղոս, - ձեր թախիծը ցրելու համար ես վաղն իսկ արշավի կելնեմ:

Պարահանդեսին ներկա բազմաթիվ ազնվական տիկնայք, չնայած բացարձակապես չհասկացան, թե ուր է արշավելու լպստված պալատականը, ում դեմ է արշավելու, և թե այղ արշավը ինչո՞ւ պիտի դքսուհու թախիծը ցրի, համենայն դեպս, հիացած նայեցին պալատականին:

-Օ՜հ, - անտանելի թախծին աննման հմայք հաղորդելով՝ կրկին հառաչեց դքսուհին, - փախո՜ւստ:

Այդ պահին նա այնքա՜ն էր գեղեցիկ ու գրավիչ: Համարյա այնպիսին էր, որ-պիսին երազում էր լինել աղջկական տարիներին, երբ մտածում էր, թե միանգա¬մայն արժանի ու պատրաստ է ինքնամոռաց և անձնազոհ սիրվելու որևէ թափառական, բայց անպայմա՛ն տիտղոսակիր ասպետի կողմից:

-Փախո՜ւստ, - ահավոր տենչանքով մրմնջաց իր զառամյալ փեսացուի հետ պարահանդես հրավիրված Գունատ Հարսնացուն և ավելի գունատվեց, - փախո՜ւստ:

Օգտվելով այն բանից, որ պարահանդեսում խառնաշփոթ սկսվեց, ու զառամյալ փեսացուն, բոլորին միանալով, անցավ «Դեպի աքսոր» կտավում նախապատրաստվող աննախադեպ իրադարձության քննարկմանը, Գունատ Հարսնացուն, բոլորից աննկատ, սկսեց կտավի շրջանակներին մոտենալ: Եվ երբ համոզվեց, որ իրեն տեսնող չկա, շրջանակից դուրս սողաց: Իսկ «Ամառային պարահանդես դքսուհի դը Լանժեի առանձնատանը» կտավում վիճաբանություններն ու կրքերը բորբոքվում էին:

Մեծագույն դժվարությամբ գտնելով «Դեպի աքսոր» կտավը՝ Գունատ Հարսնացուն փորձեց աննկատ ներս սողոսկել: Սակայն նրա հայտնվելն անմիջապես իմացվեց: Հրացանավոր զինվորներն իրենց կորցրին, նրանց նկարել էին աքսորյալների փախուստը կանխելու համար, բայց թե ինչպես վարվեին իրենց մոտ եկողի հետ, ոչ ոք չգիտեր: Իսկ ավազակները համրացան. իրենց միջավայրում աննման գեղեցկությամբ, գունատ ու մաքրամաքուր հարսնացուի հայտնվելը բոլորին շփոթեցրեց: Այդքան գեղեցիկ մի բան, թափանցիկ ու հրաշալի գույներով ստեղծված՝ անհնարին էր իրենց կողքին պատկերացնել, իրենց կտավային հար¬թության վրա, ուր նույնիսկ ճանապարհի եզրերին եղած թփերն ու քարերը թունավոր ու վանող երանգներ ունեին, իսկ ճաքճքած հողը պատկերող ներկերն այնքան էին շոշափելիորեն դաժան, որ միայն այդ գույներին նայելով, ավազակները խեղդող փոշուց շնչահեղձ լինելու պատրանքն էին ունենում: Ու հանկարծ... հարսնացուի ճերմակ զգեստներով նման անթերի գեղեցկություն: Իրենց մեջ: Իրենց հետ: Ավազակները համրացել էին: Հսկող զինվորները՝ նույնպես: Ու Գունատ Հարսնացուն խոսեց: Հայտնեց, որ «Անհավասար ամուսնություն» կտավից է: Որ վաղուց, շատ վաղուց՝ ստեղծման օրից, կանզնած է եկեղեցու խորանի առջև, զառամյալ փեսացուի կողքին: Որ այլևս չի կարող, ուժ չունի լռելյայն կրելու այդ ահավոր ու դաժան փաստը: Որ իրեն արարող նկարիչը, «Անհավասար ամուսնություն» կտավն ստեղծելով, ցանկացել է մերկացնել ժամանակի սարսափելի բարքերը, որ ինքը դա շատ լավ հասկանում է, որ տեղյակ է, թե նա ինչ առաջադեմ արվեստագետ է եղել ու կտավն ստեղծելով՝ ցանկացել է անպայման բարիք գործել, թույլ չտալ, որպեսզի նման բարքեր հասարակության մեջ արմատավորվեն: Որ ինքն այդ ամենը գիտի: Գիտի՛: Գիտի՛: Բայց չէ՞ որ իրականացնելով հոյակապ մտահղացումը, վեհ ու վսեմ գաղափարը՝ նկարիչ-ստեղծողն իրեն հավերժական տառապանքի է դատապարտել՝ զրկելով փրկության աննշան հույսից, սիրելու ու սիրվելու ցանկացած հնարավորությունից: Եվ հիմա, տեղեկանալով, որ «Դեպի աքսոր» կտավում փախուստ է նախապատրաստվում, նրանց մոտ է եկել և խնդրում է, որ իրեն նույնպես վերցնեն, քանի որ նման ցուցադրական գոյությունն այլևս իր ուժերից վեր է: Ու Գունատ Հարսնացուն հեծկլտաց: Սարսափահար ավազակներն ու զինվորները զարմանքով զգացին, որ իրենց աչքերի անկյուններում նույնպես արցունք արտահայտող ներկի կաթիլներ հայտնվեցին: Զինվորների հրամանատարը՝ ծեր մի սպա, ցանկացավ Գունատ Հարսնացուին ասել, որ այս ամենը խաղ է, սուտ, սարքովի, որպեսզի պատկերները չհիշեն վրձնաներկային իրենց գոյությունը, որպեսզի կարողանան խաբել իրենց ու կարծել, թե իրենք իրենցից անկախ ինչ-որ գոյություն են ներկայացնում, ինչ-որ բան որոշում: Իսկ բացարձակ ճշմարտությունն այն է, որ ի սկզբանե ու մեկընդմիշտ ամեն ինչ որոշված է ու վերջնականորեն արտահայտված, և իրենք մարդկանց համար ընդամենը համաշխարհային մշակույթի մնայուն արժեքներ են և միմիայն այդ պատճառով է, որ նրանք, իրենց նկատմամբ այդքան ուշադիր են ու սիրում են ու գնահատում: Բայց Գունատ Հարսնացուի աչքերում հույսի այնպիսի մի շող էր ճառագում, փրկության այնպիսի սպասում կար, որ ծեր սպան խոսել չկարողացավ: Բացի այդ, կատարվեց մի բան, որի մասին անկանխատեսելի իրարանցման ընթացքում պատկերները մոռացել էին՝ հնչեցին պատկերասրահի գլխավոր մուտքի մեծ ժամացույցի զարկերը՝ ազդարարելով աշխատանքային օրվա սկիզբը: Իսկ համաձայն նկարվածների գերագույն օրենքի, մարդկանց առջև կտավները միմիայն կտավներ էին՝ անշարժ ու անգո: Պատկերներն անշարժացան, և Գունատ Հարսնացուն անհեթեթորեն «Դեպի աքսոր» կտավի շրջանակների ներսում մոռացվեց: Անհեթեթ վիճակում հայտնվեց նաև «Անհավասար ամուսնություն» կտավի զառամյալ փեսացուն, որ տենդագին ու անօգուտ որոնելով անհետացած հարսնացուին ու չգտնելով նրան՝ մեծ ժամացույցի զարկերը լսելով աներևակայելի արագությամբ իր նկարը սլացավ: Եվ անշարժանալուց առաջ մեծագույն ցավով հասցրեց պատկերացնել, թե ինքն ի՜նչ աստիճանի անհեթեթ զավեշտ է դիտվելու: Քանի որ՝ ի՞նչ ամուսնության մասին է խոսքը, եթե խորանի առջև միայնակ ու զառամյալ ծերուկ է կանգած, ո՞ւմ հետ է ամուսնանում, ինքն ի՞ր: Ասենք թե, բայց այդ դեպքում «անհավասար» բառի իմաստը ո՞րն է:

Աշխատանքային ցուցադրման ողջ օրվա ընթացքում յոթերորդ սրահի բոլոր պատկերները սարսափահար սպասում էին այն պահին, երբ մարդիկ (կամ այցելուները, կամ աշխատակիցները) «Դեպի աքսոր» կտավում չգիտես որտեղից հայտնված Գունատ Հարսնացուին տեսնելով, իսկ «Անհավասար ամուսնություն» կտավում այդ նույն հարսնացուին չգտնելով, կսկսեն մտածել-խորհել-բխեցնել և վերջնական եզրակացության գալով՝ կբացահայտեն պատկերների կարևորագույն գաղտնիքը: Սակայն ոչինչ էլ չեղավ: Ու ոչ ոք ոչինչ չնկատեց: Միայն ճարպիկ էքսկուրսավարներից մեկը օրվա ընթացքում այցելուների իր խմբի հետ յոթերորդ սրահում հայտնվելով և «Դեպի աքսոր» կտավի մասին խոսելիս բոլորին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել ճանապարհի եզրին կանգնած հարսնացուի խիստ ողբերգական կերպարին, որը «նկարչի տաղանդի լավագույն ապացույցը լինելուց բացի, դիտողին պարզորոշ հասկացնում է, թե ինչ աստիճանի տառապանք է ապրում ՍԵՐԸ, երբ բախվում է դաժան իրականության հետ, քանի որ անմնացորդ սիրելով իր տղամարդուն՝ կինը հանկարծ իմանում է, որ նա սովորական հանցագործ է՝ աքսորվելու արժանի»: Իսկ «Անհավասար ամուսնություն» կտավի առջև հայտնվելով ու հարսնացուի սովորական կերպարը չգտնելով՝ էքսկուրսավարը ցնցեց ուսերը, անտարբեր նետեց՝ «իբր թե ի՞նչ…», և այցելուների խմբին խնդրեց անցնել հաջորդ սրահ:
    
    

Շեքսպիրյան ընթերցումներ.Վառլեն Ալեքսանյանին

- Տեսնում եմ դեմքս ձեզ դուր չի գալիս, - ասաց Տղամարդը Կնոջը. որն անզգուշություն էր ունեցել նրա հետ միասին վերելակ նստելու, - զարմացած եք ու վախենում եք ինձնից: Բայցի զուր:
     - Ի՞նչ եք ասում, - հարցրեց Կինը, ու հայերենի նրա առոգանությունից Տղամարդըգլխի ընկավ, որ տեղացի չէ, - չհասկացա:
     Ներքևում, առաջին հարկի հարթակում, ուր նրանք վերելակի էին սպասում, մութ էր, ու Կինը Տղամարդու դեմքը չէր տեսել: Իսկ այստեղ՝ խցիկում, պայծառ լամպ էր վառվում, և կոճակը սեղմելուց հետո, շրջվելով ու նկատելով Տղամարդու արյունոտ-այլանդակված արտաքինը, Կինը սարսափահար ցնցվել էր, վանդակ ընկած գազանիկի պես նայել էր փակ դռների կողմը ու անմիջապես հասկանալով, որ դուրս պրծնելու ոչ մի հնարավորություն չունի, քաշվել էր խցիկի անկյունը, ձեռքերը բռնցքել, և Տղամարդը հստակ զգաց, որ նա ամեն վայրկյան հարձակման է սպասում կամ անվայել, շատ վատ արարքի:
     - Մի՛վախեցեք, - մեղմորեն ասաց Տղամարդը, փորձելով Կնոջը հանգստացնել, - ես մեղք չունեմ, որ տեսքս այսպիսին է: Ընկերոջս հետ հարբած էինք, իսկ նրանք շատ էին: Դրանք միշտ շատ են լինում: Այսինքն ոչինչ էլ չէր պատահի, եթե նրանց խմած քածերը չլինեին. «Գլադիատորների մենամարտ ենք ուզում տեսնել, - բղավում էին ու nգևորում իրենց անճար տղերքին, - կրկես ենք ուզում ուգլադիատորների մենամարտ», և կռիվր սկսվեց: Իսկ նրանք շատ էին:
     - Ձեզ ոչ ոք չէր ստիպել այդպիսի մարդկանց հետ գործ ունենալ, - ասաց Կինը նախատինքով, ու ձայնում թեթև արհամարհանք հայտնվեց, թեթև խղճահարություն, ու դեմքից վախը, անհանգստությունը վերացան:
     Տղամարդը հասկացավ պատճառը: Կինը հավանաբար մտածեց, որ մեկից, որին այս օրն են գցել, վախենալ չարժե, ընդամենը արհամարհել է պետք ու մի փոքր խղճալ:
     - Իզուր եք այդպես լկտիանում, - ասաց Տղամարդը անդուր ժպտալով, - ձեզհամար, համենայն դեպս, ես շարունակում եմ վտանգավոր մնալ: Ձեր հախիցկկարողանամ գալ: Այնպես որ, մի՛ լկտիացեք, մի՛ զայրացրեք ինձ:
     Կնոջ աչքերում կրկին սարսափ հայտնվեց, դեմքն աղճատվեց վախից, արագ հայացք նետեց հարկերի թվացույցի կողմը: Տղամարդը նույնպես նայեց: Չորրորդ հարկում էին:
     - Որտե՞ղ եք իջնելու, - հարցրեց Տղամարդը:
     Կինը չպատասխանեց: Վախ-անզորություն-ատելություն արտահայտող մի հայացքով Տղամարդուն էր նայում:
     - Ձեզ հետ եմ, - կտրուկ ու խիստ ասաց Տղամարդը:
     - Տասեր… տասեր…- փորձեց շշնջալ Կինը:
     - Կոկորդդ մաքրիր, - նույն կտրուկությամբ-խստությամբ ասաց Տղամարդը, -ձայնդ հազիվ է լսվում:
     Կինը «Ըհըմ, ըհըմ» արեց ու բարձրաձայն, բայց վանկ առ վանկ, ասաց. «Տաս-ներ-կու-երորդ հար-կում եմ իջ-նե-լու»:
     - Եթե կենդանի տեղ հասնեք, հնարավոր է իջնեք, - ասաց Տղամարդը անփույթ:
     Կինը պատրաստվեց հեծկլտալու: Աչքերը խոնավացան:
     - Դե, դե, - զգուշացրեց Տղամարդը, - արցունքներ չեմ սիրում, դրանք ինձ միայն զայրացնում են:
     Կնոջ աչքերն ակնթարթորեն չորացան:
     -Ձեզ ի՞նչ եմ արել, - իր ճակատագրին հնազանդ ու անօգնական հարցրեցնա:
     -Ոչ մի բան, - ասաց Տղամարդը, - ու մտադիր էլ չէի ձեզ վնասել: Ընդհակառակը՝ փորձեցի բացատրել, որ արյունոտ ու այլանդակ տեսքս թյուրիմացությանարդյունք է: Բայց դուք կարեկցելու փոխարեն արհամարհեցիք ինձ: Դրա համարէլ հնարավոր է տեղ չհասնեք: Այսինքն՝ տեղ կհասնեք, բայց դուրս չեք գա՝ ձեզ դուրս կբերեն:
     -Խնդրում եմ, - շշնջաց Կինը, - դուք սխալ հասկացաք: Ես ձեզ միանգամից կարեկցեցի:
     - Ուշ է, - բազմանշանակ քմծիծաղեց Տղամարդը:
     Կինը նայեց թվացույցի կողմը՝ վեցերորդ հարկում էին:
     - Կհասցնեմ, - Տղամարդը Կնոջը հանգստացնում էր, - մինչև տասներկուերորդ հարկ կհասցնեմ ձեզ բռնաբարել, մորթել, մասերի բաժանելու խցկել գրպաններս:
     Կինն սկսեց անձայն արտասվել:
     - Ընտանիք, երեխաներ ունե՞ք, - հարցրեց Տղամարդը:
     - Այո, - արագ ու հուսավառ ձայնով շշնջաց Կինը, - երեք տղա ունեմ, շատ փոքր են, բոլորովին փոքրիկ են:
     - Ուզում եք գութս շարժե՞լ, - չարախնդաց Տղամարդը, - գուցե ասեք, որ ձեր երեք փոքրիկներին դեռևս կրծքով եք կերակրում:
     Ու նայեց Կնոջ կրծքերին: Հրաշալի կրծքեր էին: Ու մարմինն էլ լավն էր, բայց դեմքն անասնական վախից, անպայման կենդանի մնալու, չմորթվելու, գոյությունը շարունակելու անհագ ցանկությունից այն աստիճանի էր աղճատվել, որ նրան նայելը տհաճ էր: Կրծքերին ուղղված զննող հայացքը տեսնելով, Կինը գունատվեց ու ձեռքերով ծածկեց դրանք՝ ասես մերկ լիներ:
     - Իսկ ամուսինս զոհվել է, - աչքերը կախելով շարունակեց ստել Կինը, ու Տղամարդուն դա դուր եկավ՝ ուրեմն մասնագետ ստախոս չէր:
     - Այո՞, - հարցրեց ծաղրանքով, - իսկ որտե՞ղ է զոհվել, տիեզերքո՞ւմ:
     -Հանքահորում, - շշնջաց Կինը և ոչ միայն հայացքը փախցրեց, այլև շիկնեց:
     Տղամարդը ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց այղ պահին վերելակըկանգնեց, ու դռները բացվեցին: Կինը հուսաշող նայեց դռներին, հետո աղերսանքով Տղամարդուն ու փորձեց դանդաղ դեպի դուռը գնալ:
     -Չշարժվեք, - ասաց Տղամարդը սպառնալիքով ու սառը, մետաղե ծայնով, - նույնիսկ չփորձեք դուրս գալ կամ ծպտուն հանել, կմորթեմ:
     Ու ձեռքը գրպանը տարավ: Կնոջ սարսափը տիեզերական չափերի հասավ: Թվում էր, թե աչքերը բներից ուր որ է դուրս կթռչեն: «Այ քեզ վախ, -զարմացավ Տղամարդը, - այ քեզ ապրելու տենչանք»: Դռներըփակվեցին:
     - Հիմար կին, - ասաց Տղամարդը, - այդքան մի՛ վախեցիր, մի ապրելու համար արժե՞այդքան վախենալ, - ու կրկին սեղմեց 12-րդ հարկի կոճակը.դռներըբացվեցին:
     Կինը ոչինչ չէր հասկանում: Մեկ դռներին էր նայում, մեկ՝ տղամարդուն:
     - Իսկ եթե այդքան սիրում ես կյանքը, - ասաց Տղամարդը ցուցամատը Կնոջվրա թափահարելով, - այդքան ապրել ես ուզում, մի քիչ մարդկային եղիր: Կարիքկա՞ր ինծ արհամարհել միայն այն պատճառով, որ ծեծվել եմ: Հետո ի՞նչ՝ վաղնէլ ես կծեծեմ: Բայց դրանից ի՞նչ կփոխվի: Խելոք եղիր:
     Կինն անակնկալի եկավ: Փորձեց արդարանալ: Ինչ-որ բան բացատրել:
     - Մի՛ խոսիր, - ասաց Տղամարդը, - դուրս եկ:
     Կինն այլևս չէր կարողանում ըմբռնել կատարվածը՝ իրականությունը չէր զգում: Եվ Տղամարդը նորից ապշեց ապրելու, գոյությունը շարունակելու նրա ահռելի տենչանքի վրա: Տեսնես այդ ի՞նչ սպասելիքներ ուներ կյանքից, որ այդքան լինել էր ուզում:
     - Դո՛ւրս կորիր, - բղավեց, - ռա՛դ եղիր:
     Կինը շփոթահար կախեց գլուխը ու դեպի դուռը գնաց: Աչքերի ծայրերով Տղամարդուն էր նայում, ու սա մի կողմ քաշվեց, որ Կինն ազատ դուրս գա: Դուրս եկավ: Դռների մոտ կանգնեց: Նայեց Տղամարդուն:
     - Ներեցեք, - ասաց ցածր:
     Տղամարդը սեղմեց տասնվեցերորդ հարկի կոճակը ու տեսավ, որ Կինը նայում է դրսում եղած թվացույցին՝ ուզում է իմանալ, թե Տղամարդը որ հարկում է իջնելու: «Հավանաբար ոստիկանություն զանգահարի, - մտածեց Տղամարդը, - բայց ի՞նչ է ասելու, նույնիսկ մատով չդիպա: Ընդամենը խրատադաստիարակչական հիմար ներկայացում սարքեցի, չնայած, իհարկե, տհաճ ու անախորժ բացատրությունների կարիք կլինի»: Բայց նա այնքան էր հոգնել ու ձանձրացել, որ այդ մասին այլևս չմտածեց:
     Երբ լոգարան մտավ ու հայելու մեջ իրեն տեսավ, առաջին պահին կարծեց, թե դիմակով է ու նույնիսկ փորձեց դիմակը հանել: Բայց ոչ մի դիմակ էլ չկար: Դեմքն էր: Արյունոտ կեղևով պատված: Կնոջ անասնական վախն ու սարսափը փոքր-ինչ հասկանալի դարձան: Արյունը շատ էր շատ: Հիշեց, որ կռվի ժամանակ դեմքն անընդհատ խոնավանամ էր, կարծում էր քրտինք է՝ սրբում էր: Ուրեմն արյուն է եղել: «Ոչինչ, - գռմռաց նա, - վաղը կամ մյուս օրը դրանց կգտնենք, ոնց ուզում է լինի՝ կգտնենք»: Տղամարդը սկսեց լվացվել: Երկար ու խնամքով: Իսկ երբ վերջացրել էր ու նորից հայելու մեջ նայեց՝ զարմացավ: Սարսափելի ոչինչ չկար, ընդամենը երկու վերք ուներ: Մեկը ճակատին՝ աջ հոնքից քիչ վեր: Սա խորն էր: Մյուսը քթին՝ կենտրոնում: Սա համարյա քերծվածք էր: Սրբվելուց հետո անցավ սենյակ, պահարանիկից օղու շիշը հանեց, լցրեց, արագ խմեց ու, երր ցանկանում էր մեկն էլ լցնել, զանգահարեց հեռախոսը: Տղամարդը վերցրեց ընկալուչը, բայց չհասցրեց խոսել:
     - Քեզ այդ ի՞նչ են արել, ի՞նչ են արել, ի՞նչ են արել, - բղավեց կանացի հիստերիկ մի ձայն, - ի՞նչ են արել, հը՞:
     Տղամարդու մորաքրոջ աղջիկն էր: Նույն շենքում էր ապրում՝ տասներկուերորղ հարկում: Բժշկուհի էր ու սիրում էր ծանր իրադրությունները: Չգիտես որտեղից իմանալով, անմիջապես հայտնվում էր ու իր օգնությունն առաջարկում: Եվ ինչ-որ բանի դեմ անպայման սրսկում էր: Սրսկելը պարտադիր էր:
     -Ոչ մի բան, - հանգիստ ձայնով պատասխանեց ու մտածեց. «Տեսնես որտեղի՞ց այսքան շուտ իմացավ»:
     - Դուռդբաց արա, - կարգադրեց մորաքրոջ աղջիկը, - հիմա գալիս եմ:
     - Չէ, - ասաց Տղամարդը, - կարիք չկա:
     - Դուռդ բաց արա, - կրկնեց մորաքրոջ աղջիկը, - քեզ հիմա երկու սրսկում է անհրաժեշտ՝ փայտացման դեմ ու վարակազերծիչ:
     - Գոնե մեկը, - խնդրեց Տղամարդը, - որն ուզում ես՝ փայտացման կամ վարակազերծիչ՝ դու որոշիր: Բայց մեկը: Լավ էլի:
     - Չէ, - ասաց մորաքրոջ աղջիկը, - երկուսն էլ պետք են:
     Տղամարդը գիտեր, որ համոզելն անօգուտ է, ուստի ընկալուչը վայր դրեց.բացեց դուռը ու անցավ լոգարան՝ արտաքինը, հնարավորին չափ, ավելի կարգի բերելու: Սափրվելուց հետո օգտագործվող զանազան քսուքների, օծանելիքի, դիմափոշու օգնությամբ այդ բանը նրան կարծես թե հաջողվեց, բայց մորաքրոջ աղջիկը ներս մտնելուց անմիջապես հետո բղավեց.
     - Այս ի՞նչ օրի ես: Սա ի՞նչ տեսք է:
     Նրա ետևից մի ինչ-որ կին նույնպես ներս մտավ, բայց Տղամարդը չկարողացավ տեսնել դեմքը՝ կինը մնաց դռների առջև, մութի մեջ: Մորաքրոջ աղջիկը սրսկեց Տղամարդուն, աջ հոնքի վերևում եղած վերքին լեյկոպլաստիր փակցրեց ու սկսեց խոսել: Տղամարդը չէր լսում, բայց գլուխը երբեմն դրականորեն էր շարժում, երբեմն՝ բացասաբար: Մորաքրոջ աղջկան այդքանը հերիք էր, ու նա շարունակում էր խոսել: Տղամարդուն շատ էր հետաքրքրում դռների առջև անշարժ m լուռ կանգնած կինը: Դիմագծերը կարծես թե ծանոթ էին, բայց կինը մութի մեջ էր ու հստակ չէր երևում: Մորաքրոջ աղջիկն ի վերջո նկատեց Տղամարդու սևեռուն հայացքը, նայեց այդ ուղղությամբ ու հիշեց, որ մենակ չի եկել:
     - Աաա՜ա, - բղավեց նա ու ցատկեց տեղից, - իսկ ես մոռացել էի: Դա այդ ի՞նչես արել, հը՞, այդ ի՞նչ ես արել: Ամենամոտ ընկերուհուս, մանկությանս ընկերուհունսարսափահար ես արել: Տեսնեիր, թե խեղճն ինչ վիճակում ներս մտավ, - մորաքրոջ աղջիկը վազեց դռների կողմը ու ամենամոտ ընկերուհու ձեռքը բռնելով՝ առաջբերեց.վերելակի կինն էր: - Ո՞նց չես հիշում, մեր դպրոցում էր սովորում, առաջինից մինչև տասներորդ իմ դասարանից էր, իսկ հետո Մոսկվա գնաց՝ ուզում էրդերասանուհի դառնալ: ՀիմաՕմսկում է ապրում, պետական թատրոնի հուշարարն է ու ողջ խմբի հետ մեր քաղաք՝ հյուրախաղերի է եկել: Իսկ դու այդ ի՞նչ եսարել, հը՞, այդ ի՞նչ ես արել:
     Տղամարդը հիշեց, որ վերջերս, քաղաքում, աչքով շատ հաճախ են ընկել փողոցների լայնքով ամրացված պաստառներ, որոնց վրա խոշոր տառերով գրված էր՝ «Օմսկի պետական թատրոնի հյուրախաղերը: «Ռոմեո և Ջուլիետ», «Օթելլո»: 15-ից 27-ը»: Տղամարդը գարմացած կնոջն էր նայում: Գեղեցիկ, նուրբ ու փխրուն մի էակ էր հիմա նրա առջև կանգնած, ու Տղամարդը հիշեց վերելակի կնոջ խելագար հայացքը, բներից դուրս թռչելու պատրաստ աչքերը, աղճատված դեմքը:
     -Իսկ ես ձեզ հիշեցի, - ասաց Կինը անըմբռնելի մի ժպիտով՝ մեղմ ձայն ուներ. նուրբ արտաքինինհամապատասխան, եղնիկանման աչքերին ներդաշնակ, անըմբռնելի ժպիտին սազող, - վերելակում էլ ձեզ անմիջապես կհիշեի ու կճանաչեի, բայց վերելակում ձեր դեմքը չէր երևում, ամբողջովին արյունապատէր:
     - Օրիորդ, երդվում եմ այն օրհնյալ լուսնով,
     Որ այս պտղավետ ծառերի ծայրն է արծաթազօծում:
     Տղամարդը սպասողաբար լռեց ու նայեց Կնոջը:
     Կինը զարմացած, եղնիկանման աչքերը հառեց Տղամարդուն: Մտածեց: Ժպտաց:
     - Ո՛չ, ո՛չ, մի՛ երդվիր: Թեպետ իմ սիրտը հրճվում է քեզնով,
     Սակայն այս գիշեր հաճություն չունեմ դաշինք կռելու:
     Դա խիստ հանդուգն է և խիստ անխոհեմ, խիստ հանկարծական,
     Նման փայլակի, որ չքանում է, նախքան թե կասես՝ նայիր, փայլում է»:
     Կնոջ հաճելի ու ցածր ձայնը զանգակների թույլ ղողանջների նման տարածվեց սենյակում՝ անսովոր իրավիճակին մի ուրիշ հմայք հաղորդելով, ու երեքն էլ, որոշ ժամանակ վայելելով պահը, լռում էին: Հետո Տղամարդը նայեց մորաքրոջ աղջկան, աչքով արեց ու գլխով դռան կողմը ցույց տվեց: Մորաքրոջ աղջիկը բացասաբար m զայրացած շարժեց գլուխը: Տղամարդը չար հայացքով նայեց մորաքրոջ աղջկան ու կրկին գլխով դուռը ցույց տվեց: Մորաքրոջ աղջիկը կարճ մտածեց, հետո անձայն ելավ տեղից ու աննկատ դուրս եկավ (գիշերվա մի ինչ-որ պահի Կինը կասի. «Ես տեսա գլխիդ շարժումը, և թե ինչպես ընկերուհիս դուրս եկավ, ինքս էլ ցանկացա գնալ, բայց, չգիտես ինչու, մնացի: Ու ձևացրի, թե ոչինչ չեմ նկատում», ուՏղամարդը կասի. «Սիրում եմ քեզ»):
     15-ից 27-ը, երեկոները, Տղամարդը «Ռոմեո և Զուլիետ», «Օթելլո» էր նայում, և ներկայացման ավարտից հետո Կնոջ հետ իր տունն էին գալիս: Հայ ունևոր թատերասերները ողջ խմբին բանկետի կամ խնջույքի էին հրավիրում, և Կինը հաջորդ օրը ստիպված էր լինում խումհարից դուրս չեկած արտիստներին պիեսը ծայրից ծայր հուշելու: Դա նրան առանձնապես չէր անհանգստացնում և դեռ հակառակը՝ ասում էր, որ այսպիսի հրաշք հյուրախաղեր իր կյանքում երբեք չեն եղել: Այդ ասելիս նա սևեռուն նայում էր Տղամարդուն, ու սա չէր կարողանում հասկանալ, թե Կինը հատկապես ինչ նկատի ունի: Վերջիններկայացումից հետո (հաջորդ օրը խումբը մեկնելու էր) Տղամարդն ու Կինն իրար սեղմված պառկել էին, ու Կինը Տղամարդու համար «Ռոմեո և Ջուլիետը» կարդաց ու «Օթելլոյից» հատվածներ: Հատվածներից մեկի ժամանակ («Որ Օթելլոյին սիրեցի՝ հետը ապրելու համար՝ Հախուռն ընթացքս ու փոթորկահույզ ճակատագիրս թող փողահարեն համայն աշխարհին») Կնոջ ձայնը դողաց, ու Տղամարդը, գլուխը բարձրացնելով, նրա աչքերում արցունքներ նկատեց: Ինքն էլ չիմանալով, թե իրենց համար տարօրինակ, բայց մարդկային կյանքում հաճախ պատահող ու հասարակ այս պատմությանն ինչպես է շարունակվելու ու ինչ ավարտ է ունենալու, Տղամարդը, այնուամենայնիվ, քննադատեց Մավրի հախուռն բնավորությունը, իսկ երբ Կինը փորձեց ինչ-որ բան բացատրել, ձեռքով փակեց նրա շուրթերը ու Կնոջը դեպի իրեն ձգեց:


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6598 | 0 | 0
Facebook