Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԷԼԻ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՈՐ ԻՐԵՆՔ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅ ԵՆ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
00:27, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2012 թ.
ԷԼԻ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՈՐ ԻՐԵՆՔ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅ ԵՆ

Երբ վերևում ոմանք բարի են դառնում, հիշում՝ գյուղացուն, մտածում երկրի, տնտեսության կամ արտագաղթը կանխելու մասին, ես արդեն չեմ ուրախանում։ Հասկանում եմ որ ընտրություններ են և յուրաքանչյուրն ուզում է իր բարության «միամսյակը» շռայլելով հաջողության հասնել, հետո էլ սովորականի պես մոռանալ որ մի ժամանակ ինքը «բարի» է եղել և խոստումներ տվել։ Պայքարը սովորաբար լինում է հանուն գաղափարի, իսկ մերոնք երբեմն անողոք են դառնում սկսում պայքարել ընդեմ միմյանց։

Ամեն առավոտ մեր դռան առջև ես տեսնում եմ թղթի վրա մեռնող տարբեր ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը խոստանում է դառնալ իրականություն իմ քվեն ստանալուց հետո։ Նայում եմ թղթե կտորներին և ինձ նմանեցնում Դարվինյան ուսմունքի հետևորդ այն մարդուն ով միչև այսօր միամտաբար հավատում և սպասում է թե ե՞րբ և որտե՞ղ է ևս մեկ կապիկ մարդ դառնալու, որ կարողանա ապացուցել Դարվինյան ուսմունքը։

Ներս եմ մտնում վերստին փայփայելով վաղեմի երազանքս.«Ի՞նչ լավ կլիներ որ խոսեին ոչ թե անելիք այլ արված ծրագրերից արդեն, որոնք տեսանելի կլինեին նաև մեզ՝ բոլորիս։ Չէ՞ որ մեր ձայնը հինգ տարին մեկ անգամ դառնում է արժեքավոր»։ Սևակն ասում էր. «Ատում եմ նրանց ովքեր համայնքի ծովից են խոսում, բայց դեպի իրենց լճակն են հոսում»։ Օրը հարյուր անգամ ինձ հիշեցնում եք այդ խոսքը տղերք, մի մտածեք որ մենք կույր ենք, երբեմն ավելին ենք տեսնում քան դուք կարծում եք։

Ես սիրում եմ հայրենիքս, և երբեմն մտածում եմ չմասնակցել ընտրություններին, ոչ ոքի չեմ կարողանում վստահել իմ բաժին հայրենիքը։ Կանցնեն այս ամիսներն էլ, ընտրություններից հետո յուրաքանչյուրդ կգնաք ձեր գործին։ Պաշտոնաթող իշխանավորները ընդիմություն կդառնան, պաշտոն ստացած ընդիմադիրները՝ իշխանություն, գրեթե ոչինչ չի փոխվի, և կրկին ընտրապայքարը կավարտվի աթոռապայքարով։ Գյուղացին էլի կսպասի ջրի թանկացմանը, որն ամենից զավեշտալին է։ Մեր ջուրը պետք է անվճար լինի տղերք։ Տվեք գյուղացուն աշխատելու հնարավորություն նորմալ պայմաններով և նա ձեզանից ոչինչ չի պահանջի, փոխարենը կշենացնի երկիրը, որը ձերն է նաև։ Փակում եմ պատուհանը՝ ցանկանալով որ գոնե այս անգամ չմոռանաք որ բոլորդ էլ հայ եք։ Այլևս սխալվելու իրավունք չունենք, այլապես ստիպված կլինենք Հայաստանում հայ գտնելու համար ամիսներով փնտրել։ Ուշքի եկեք...


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3352 | 2 | 0
Facebook