Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

4 հրաշալի կենսագրական ֆիլմ 4 տաղանդավոր նկարչի մասին

Աննա
Հեղինակ`
Աննա
11:30, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2012 թ.
4 հրաշալի կենսագրական ֆիլմ 4 տաղանդավոր նկարչի մասին

1. Ֆրիդա/ «Frida»/2002

Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրական

Երկիր: ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա

Ռեժիսոր: Ջուլի Թեյմոր

Դերերում: Սալմա Հայեկ, Ալֆրեդ Մորինա, Վալերիա Գոլինո, Էշլի Ջադ

Ֆիլմ, որը պատմում է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի բարդ, բազմագույն և դրամատիկ կյանքի մասին: Ֆիլմը օժտված է կենսագրավավերագրական կինոյին անհրաժեշտ ճշտապահությամբ և միաժամանակ` գեղարվեստական կինոյին հատուկ լիրիկայով: Ֆիլմը պարզապես հանճարեղ է` իր ամեն ինչով. Երաժշտությամբ (որի համար, իմիջիայլոց, ֆիլմը օսկար է ստացել), գունագեղությամբ, Հայեկի աննման խաղով, Դիեգոյի ճիշտ ընտրված կերպարով: Այն ամբողջովին փոխանցում է հանդիսատեսին 20-րդ դարի մեծագույն կնոջ և հանճարեղ նկարչուհի Ֆրիդայի հմայքը` նրա անձի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով նույնիսկ գեղարվեստից շատ հեռու մարդկանց մոտ: Այն ներկայացնում է Ֆրիդայի անձը և Ֆրիդայի արվեստը մեկ ամբողջության մեջ` դրանով իսկ խորապես բացահայտելով աշխարհահռչակ նկարչուհու կյանքի դրաման և յուրօրինակ արվեստը:Մյուս կողմից սա պարզապես ֆիլմ է Ֆրիդայի և Դիեգոյի բարդ և հզոր սիրո մասին, որը վեր է գտնվում ամուսնության մասին ամեն տեսակ քաղքենի պատկերացումներից և շարունակվում է անգամ մահից հետո: Ինձ համար ֆիլմը հանդիսանում է նկարիչների մասին երբևիցե նկարահանված ֆիլմերից ամենահաջողվածը:

2. Մոդիլիանի/Modigliani/2004/

Ժանր: Դրամա, կենսագրական

Երկիր: ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ռումինիա, Մեծ Բրիտանիա

Ռեժիսոր: Մայքլ Դեվիս

Դերերում: Էնդի Գարսիա, Էլզա Զիլբերշտեյն, Օմիդ Ջալիլի, Իպոլիտ Ժիրարդո, Եվա Հերցիգովա

Ֆիլմում ներկայացված է 20-րդ դարի 20-ականների գեղարվեստական էլիտայի կյանքը.Պիկասսո, Րիվերա, Ուտրիլլո, Կոկտո…: Ֆիլմի սյուժեն կառուցված է Մոդիլիանիի և Պիկասսոյի դաժան մրցակցության գաղափարի և Մոդիլիանիի և Ժաննա Էբյուտերնի բարդ փոխհարաբերությունների վրա: Ֆիլմում Մոդիլիանիի կերպարը, իհարկե, փոքր-ինչ գեղարվեստականացված է. հայտնի է, որ իրական կյանքում նա եղել է կնամոլ և արբեցող, ունեցել է ցոփ և շվայտ կենսաձև, բազմաթիվ սիրուհիներ, որոնք հիմնականում իր բնորդուհիներն են եղել: Մյուս կողմից ֆիլմում շատ ռեալիստիկ է ներկայացվել այն հանգամանքը, որ Մոդիլիանին չի եղել «վաճառվող» արվեստագետ, նունիսկ եթե համաձայնել է կատարել վարձու դիմանկար` դա արել է յուրովի, այնպես, ինչպես ինքն է կամեցել: Չնայած նա անասելի տաղանդավոր էր, սակայն, ինչպես կյանքում, այնպես էլ ողջ ֆիլմի ընթացքում, նա տառապում է չհասկացված լինելուց: Ֆիլմում բեկումնային կերպար է հանդիսանում մեկ այլ նկարիչ` Օգյուստ Ռենուարը, ով, կարծես կարդում է Մոդիլիանիի հոգին. "Ամադեո Մոդիլիանի, դու խե~նթ էս…ես այդպես էլ գիտեի": Ֆիլմում, իհարկե, աղավաղված է Պիկասսոյի կերպարը, ով ներկայացված է` որպես մի ինքնահավան հաստափոր, սակայն իրականում Պիկասսոն եղել է իր ժամանակակից նկարիչների կուռքը: Սակայն, չնայած որոշ լիրիկական շեղումներին, ֆիլմը շատ համոզիչ է, իսկ Էնդի Գարսիան պարզապես հիացնում է Մոդիլիանիի` իր մարմնավորմամբ:


    

3. Գոյատևել Պիկասսոյի հետ/ Surviving Picasso/1996/

Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրական

Երկիր: ԱՄՆ

Ռեժիսոր: Ջեյմս Այվորի

Դերերում: Էնտոնի Հոփկինս, Նատաշա Մաքելհոուն, Ջուլիանա Մուր, Ջոսս Էքլենդ

Ֆիլմում ներկայացված է ավելի շատ ոչ թե Պիկասսո-արվեստագետի, այլ Պիկասսո-կանանց մեծ սիրահարի կերպարը: Ավելի շուտ սա ֆիլմ է հենց Պիկասսոյի կանանց մասին, որտեղ Պիկասսոն հանդես է գալիս` որպես մի քանի կանանց ճակատագրերը միահյուսող շղթայի կենտրոնական օղակ: Ռուս բալերինա Օլգա Խոխլովա, ում Պիկասսոն ամուսնության առաջարկ է անում, և նրա հետ սկսվում է Պիկասսո նկարչի հասարակական կյանքը, սակայն երեխայի ծնունդից հետո Պիկասսոն կորցնում է հետաքրքրությունը վերջինիս նկատմամբ: Մարի-Թերեզա` 17-ամյա հմայիչ շիկահերը, ում Պիկասսոն հանդիպում է Լաֆայետ թանգարանում զբոսնելիս, և ում հետ Պիկասսոյի կտավները դառնում են ավելի կանացի`"չոր գծայինից" ավելի "կլորավուն": Դոռա Մաար (Ջուլիանա Մուր)` ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ, ում հետ Պիկասսոն ծանոթանում է 1936թվականին, և 9 տարի շարունակ Դոռան լինում է նրա մուսան և ներշընչանքի աղբյուրը: Պիկասսոյի կտավներում Դոռան միշտ թախծոտ է և հանդես է գալիս "լացող կնոջ" կերպարով: Ֆրանսուազա Ժիլո` 21-ամյա նկարչուհին, ում հետ Պիկասսոն ծանոթանում է 1943թ-ին գերմանական օկուպացիայի ժամանակ, և ապրում նրա հետ շուրջ 10 տարի, որից հետո Ֆրանսուազան հեռանում է` դառնալով միակ կինը, ով լքել է մեծն վարպետին: Հենց Ֆրանսուազայի հետ փոխհարաբերությունների տեսանկյունից էլ կառուցված է ֆիլմի սյուժեն: Ժակլին Ռոկ` Պիկասսոյի օգնականը արհեստանոցում, ով հետագայում դառնում է նրա մոդելը և ապա`սիրուհին, ում հետ նա ապրում է 20 տարի, և ում բախտ է վիճակվում դառնալ Պիկասսոյի այրին: Ահա այս կանանց և Պիկասսոյի միջև սիրավեպերի վերելքների և անկումների մասին է ֆիլմը: Ինքնահավան և երես առած, սիրառատ և տաղանդավոր, «մեծ երեխա» և պարզապես հոյակապ Պիկասսո` Էնտոնի Հոփկինսի մարմնավորմամբ:

4. Վինսենթը և Թեոն/Vincent and Theo/1990

Ժանր: Դրամա, կենսագրական

Երկիր: Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա

Ռեժիսոր: Ռոբերտ Օլտմեն

Դերերում: Թիմ Ռոտ, Փոլ Ռիս, Ժան-Ֆրանսուա Պերրյե, Հանս Կեսթինգ

Շատ նուրբ ռեժիսորական աշխատանք, ինչի արդյունքում ստացվել է շատ ռեալիստիկ ֆիլմ Վան Գոգի մասին: Ռեժիսորը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել Վան Գոգի կենսագրությանը`զերծ մնալով ավելորդ ինքնագործունեությունից. սեփական ենթադրություններն ու հավելումները գրեթե բացակայում են, կամ քողարկված են անմեղ ակնարկների ձևով առանձին երկխոսություններում և պատկերներում, որոնք միայն «հասկացողը կհասկանա»: Սա անխոս դերասանական կինո է, որտեղ բոլոր կերպարները` գլխավորից մինչև ընդհուպ մեկ ակնթարթ երևացող գյուղացի բնորդուհին, ավարտուն են և իրական: Թիմ Ռոտը հանճարեղ է. նյարդային, մեկուսացված, տառապող, բայց միաժամանակ մարդասեր, գթառատ ու վերերկրային Վան Գոգ, որը մշտապես ձգտում է կատարելության և ճանաչում է միայն մեկ Աստված` Արվեստը: Նրան նունյիսկ հաջողվել է հաղորդել կերպարին այն վանողականությունը, որով օժտված է եղել Վան Գոգը իրական կյանքում:

Չի կարելի չառանձնացնել Թեոյին մարմնավորող Փոլ Րիսին, որը կերտել է շատ զգայական կերպար. նա անձնվեր եղբայրական սիրով սիրում է Վինսենթին և զոհաբերում է իր կյանքը հանուն եղբոր արվեստի`վեր դասելով այն իր և իր ընտանիքի շահերից` անգամ համոզված չլինելով, որ հասկանում է այդ արվեստը:

Եվ իհարկե Ջոանա, որը Թեոյի և Վինսենթի միջև այն խանգարող օղակն է, որը հնարավոր չէ անջատել: Նա ամեն ինչ գիտակցում է, սակայն ի վիճակի չէ որևէ կերպ փոխել իրավիճակը:

Վինսենթ և Թեո` 2 դժբախտ ճակատագիր, 2 զոհ, որոնք անհրաժեշտ էին հանուն մեծն Արվեստի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11779 | 1 | 0
Facebook