Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազատամարտիկ Սեյրան Բուդախյանի հիշողությունները

19:23, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

90-ականներին պայքարի հասունացման, մարտական խմբերի կազմավորման, Նոյեմբերյանի գնդի մարտական գործողություն- ների մասին ազատամարտիկ Սեյրան Բուդախյանի հետ զրուցեց Ալետա Հակոբյանը

-Ազատագրական շարժման տարիներին Ձեր գլխավորած ջոկատը նշանակալի ներդրում է ունեցել Նոյեմբերյանի ու հարակից սահմանամերձ տարածքների պաշտպանության գործում: Ինչպե՞ս հասունացավ պայքարը: Ինչպե՞ս կազմավորվեց ձեր խումբը: Կպատմե՞ք ձեր անցած մարտական ուղու և ձեր մարտական ընկերների մասին:

-Հայոց համազգային շարժման շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններում սկսվեցին ցույցեր, հացադուլներ: 1989թ. մենք մեր ռայկոմի շենքի առաջ նստացույց էինք անում, վրաններում էինք մնում: Շառոյան Գարիկը (Գարեգին) ՀՀՇ-ի գլխավոր ղեկավարն էր, մեզ հետ էին նաև Ասլանյան Ռաֆիկը (Մուրո), Բուդախյան Սոսը, Խասիկյան Վալին և էլի ուրիշներ: Նոր գործկոմի նախագահ ընտրեցինք: Այդ ժամանակներից արդեն սկսվեց թշնամու հարձակումը. շարունակ գողություններ, կրակոցներ: Ոսկեվանից Ոսկեպար ճանապարհը շարունակ կրակի տակ էր:

1990թ. ոստիկանության անձնակազմի կարգերի տակ ստեղծվեց հատուկ գունդը: Ամեն շրջանից կամավորական ջոկատներ էին հավաքում: Նոյեմբերյանի շրջանից, եթե չեմ սխալվում, 33 կամավորականներ գնացինք Երևան: 2 ամիս ծառայելուց հետո մեզ 33 հատ АК-74 ավտոմատ տվին: Զենքերով եկանք Նոյեմբերյան, մեզ լավ դիմավորեցին: Մենք տեղավորվեցինք Նոյեմբերյանի վաշտում: Հետո ընթացքում գյուղերից մարդիկ էին գալիս, մենք մոտ 10 հոգու հետ 5 ավտոմատավոր էլ էինք դնում ու ուղարկում սահմանամերձ գյուղեր` Դովեղ, Բերդավան, Կոթի… Բաժանվում էինք խմբերի, որ ամբողջ սահմանը պահենք:

Եղել եմ վաշտի հրամանատար, պարետի տեղակալ, հետո երբ Նոյեմբերյանի գունդը ստեղծվեց, էն ժամանակ բրիգադա էր, բրիգադան նստում էր Իջևանում և 4 գունդ ուներ, մեր գնդի հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, ես նրա առաջին տեղակալն եմ եղել:


     Մի գիշեր մի անծանոթ տղա է մոտենում հերթապահին, թե հրամանատարին եմ ուզում տեսնել: Գալիս, ներկայանում է որպես Գագո և ասում, որ ուզում է շարժման մեջ մտնել: Իմանալով, որ ընտանիքի միակ զավակն է` նրան արգելեցի միանալ մեզ: Բայց նա համառեց և երեք օր դարպասներից չհեռացավ: Էնքան մնաց, մինչև վերջապես վերցրինք:

1991թ. վերջերին Հայաստանի տարբեր շրջաններում ստորաբաժանումներ էին դնում: Ինձ ուղարկեցին ամենաթեժ գիծը` Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Ոսկեպար ուղղությունը: Ստորաբաժանումը կենտրոոնացրի Ոսկեվանում: Ինձ, որպես հրամանատարի, թույլատրեցին երկու հոգու վերցնել ինձ հետ: Գագոյին (Գագիկ Մակարյան) նշանակեցի առաջին տեղակալ, Մարտունին (Մարտուն Ղազարյան) դաստիրակության գծով հրամանատարի տեղակալ:

Այրումեցի Ալիկը` մեր ընկերը, ներքին Հաղթանակի գրավման ժամանակ խփվեց, գնացինք, առաջինը մենք խրամատները վերցրինք, ուրախությունից դուրս եկավ, կանգնեց, - «ուռա, ՜ գրավեցի՜նք… թուրքերի խրամատը վերցրի՜նք» .- մեկ էլ խփեցին, սիրտը երկու կես եղավ, մեր կողքին ընկավ…

Մեր հրամանատար Գարիկ Շառոյանը Վ. Սարգսյանի կանչով որպես մահապարտ գնաց, էնտեղ էլ մահացավ: Ես ի՞նչ գիտեմ… ո՞ր մեկին ասես:


    

-Պատերազմի դաշտում տեղի ունեցած բոլոր դեպքերն ու իրադարձությունները տպավորիչ են ու անմոռաց. Դուք հատկապես որո՞նք կառանձնացնեք:

-Հրաման եկավ, որ պետք է հարձակվենք Ղուշչի Այրումների վրա: Հարձակվեցինք:

Մենք մի տանկ ունեինք, բայց աշտարակը հանած էր, մենք վրան ինքնաշեն գնդացիր էինք դրել: Էդ տանկով մեխանիկի` Անաստասի հետ մտանք թուրքական գյուղը: Կարևոր դիրք պետք է վերցնեինք, իսկ Գագոն կրակելով պիտի պահեր ճանապարհը: Մեր տանկն էլ լավ չէր աշխատում, միշտ պիտի թեք տեղ կանգնեցնեինք: Ու էս անգամ էլ տանկը հակառակի պես գնում կանգնում է մի մեծ քարի վրա. քարը ծածկում է տանկի գաղտնի ելքը: Թուրքերը դանդաղ մոտենում են: Տանկը չի շարժվում: Երբ փամփուշտներս վերջացավ, հանեցի նռնակն ու քաշեցի օղակը: Թուրքերն անընդհատ կրակում էին, ուր որ է` կհասնեին, ու գերի չընկնելու համար ընկերոջս ասացի, որ պիտի պայթեցնեմ, ելք չկա: Մեկ էլ տեսնենք` մեկը անդադար խփում է տանկին. տեսնեմ` Գագոն: Իմացել էր, որ թուրքի գյուղում եմ մնացել, գնացել էր վաշտից մի ավտոմատ, երկու արկղ փամփուշտներ (մի արկղը 50կգ է-ո՞նց էլ կարողացել էր) վերցրել ու շալակած սողալով եկել-հասել էր ինձ: Ու էնտեղից կրակելով, սողալով մի կերպ մեր սահմանը հասանք: Թուրքերն անընդհատ կրակում էին, ես ու Գագոն պառկած էինք. մեկ էլ տեսնեմ` երկուսիս մեջտեղում մի բան պայթեց, սկզբում ինձ թվաց` աչքերս կուրացավ, Գագոն իր վրա բան չէր զգում, հետո ուշքի գալով տեսանք, որ պայթուցիկ գնդակը պայթել ու Գագոյի ոտին էր կպել:

Արաբոյի տղերքն էլ էին մեզ հետ մոտ 150 հոգով: Հոտո սպարապետից հրաման եկավ, որ Արաբոն իր խմբով գնա Ղարաբաղ: Մենք էլ չկարողացանք գյուղի դիրքերը պաշտպանել. քիչ էինք մնացել` 20-25 հոգի: Մինչև էսօր էլ էդ գյուղը թուրքերի ձեռին է…

Թուրքերը կրակում էին Ոսկեպարի հեռուստաաշտարակի ուղղությամբ: Գագոն գնաց տեսնելու` ինչ է կատարվում դիրքերում: Կամազով հենց հասավ սարի գագաթը, մե՜ծ, շատ մե՜ծ պայթյուն բաձրացավ: Թուրքերը գիշերը ականապատել էին…

1991թ. մայիսի 4-ին, մոռացա ասեմ, Ոսկեպարից հերթափոխ էի կատարում: 9 հոգի կար ուազիկում: Ոսկեպարից Բաղանիս սարի գլխով անցնելու ժամանակ դիմացի Ասկիբար գյուղից հրանոթով կրակեցին ու արկը ընկավ ուազիկի մեջ: Ես վարորդն էի, մեջն ընկավ, տրաքեց, ես չեմ հիշում էդ պահերը, մենակ էն եմ հիշում, որ պայթյունից ուազիկի դուռը բացվել էր ու ինձ դուրս շպրտել միջից: Իմ հետևին նստած էր Մալինյան Հարությունը: Բեկորները Հարութի վրա էին ընկել: Մեզանից առաջ գնացել էին միլիցիայի էն տղերքը, որ ծուղակի մեջ ընկան ու 14 հոգի մահացան: Նրանք տեսնում են, որ իմ ուազիկը պայթեց, ետ են գալիս, (ավտոն ձորն էր ընկել` Սալդաթի աղբյուրի մոտ), տեսնում են, որ Հարութը մահացած ա, մանցած բոլորը վիրավոր են: Էդքանից մենակ ես չէի վիրավորվել: Վիրավորներին մի կերպ տեղավորեցինք Նոյեմբերյանի միլիցիայի ուազիկում, որ արագ հեռացնենք էդտեղից:

Մայիսի 5-ի իրիկունը գիշերը 11-12-ի մոտերը հավաքվել էինք միլիցիայի շենքի առաջ, հերթափոխության էին գնում: Հետո տղերքն ինձ ասին` գալիս ես մեզ հետ, բա էսքան վիրավորներին, զոհերին ո՞վ ա տեր կանգնելու: Մուրոն Ոսկեպար ա, մենք էլ գնում ենք, գոնե դու մնա, դու տեր կանգնի էս ժողովրդին:

Էդ էլ էր իմ ղսմաթը, տղերքը չթողին ես գնամ: Էդ գիշերը գնում են, մայիսի 6-ի առավոտյան 3: 30 ընկնում են ծուղակի մեջ ու սկսում են տղերքին կոտորելը:


     Է՜հ, ես ի՞նչ գիտեմ, շատ դժվար տաիներ էին, սովա՜ծ, ծարա՜վ: 3 երեխա ունեմ, բայց էդ տարիների ընթացքում համարյա չեմ էլ հասցրել իրանց երեսը տենամ: Գիշեր-ցերեկ կորած… շատ դժվար պահեր էին, ես ի՜նչ գիտեմ:


    

-Դուք Ձեր ջոկատով մասնակցել եք նաև Արցախի ազատագրական մարտերին և հատկապես Լաչինի միջանցքի գրավվման մարտական գործողություններին: Ինչպե՞ս ներգրավվեցիք պայքարի այս ուղուն:

-Վ. Սարգսյանի հրամանով Նոյեմբերյանի հին կռվող մոտ 30 տղերքի հետ գնացինք Լաչին: Լաչինը գրավեցինք: Մեզ մի ուղղություն էին տվել, գնում ու գրավում էինք էդ ուղղությամբ: Կարևոր նշանակության Գյոչալ սարի դիրքերը պաշտպանեցինք: Մեզ եկան հերթափոխեցին, ու մենք էլի գնացինք Նոյեմբեերյան: Էլի շարունակեցինք կռիվը, պաշտպանությունը:

Հետո 1994թ. հոկտեմբեր ամիսն էր մենք գնացինք Քելբաջար: Մասնակցեցինք կռիվներին, հասանք մինչև Օմարի լեռնանցք, եսի՜մ է… ինչքան կարողացանք, ազատագրեցինք մեր հողերը:

-Ի՞նչը Ձեզ ստիպեց հեռանալ Հայաստանից` գրեթե չճաշակած Ձեր ու Ձեր ընկերների արյան գնով վաստակած ազատությունը:

-Արդեն պատերազմը վերջացել էր: Մենակ սահմանամերձ գյուղերում մեկ-մեկ կրակոցներ էին լսվում: 1997թ. փետրվարի 17-ին ինձ գործից հանեցին: Մեծ հանձնաժողով եկավ, որոշեցին` իբր թե չենք կարողանում` ծառայենք: Էդ ժամանակ արդեն էլ մեր պահանջը չէին զգում: Բանակը կազմավորվել էր, կադրային սպաներ էին բերում: Քիչ-քիչ հանեցին, զտեցին…Գործից ազատելուց հետո 2 ամիս տանը մնացի, հետո երկրից դուրս եկա ու մինչև օրս էլ Ռուսաստան եմ: Մեր կռվող տղերքից հիմա ոչ մեկը չկա ծառայող:

-Ի՞նչը կարող է Ձեզ կրկին հայրենիք վերադարձնել: Միգուցե ղեկավարության վերաբերմունքի փոփոխությո՞ւնը:

-Չէ, բայց եթե Հայաստան աշխարհում պատերազմ սկսվի, կռիվներին մասնակցած տղերքը, լինեն 60 տարեկան, թե 70, էնքան ուժներս տեղն եղավ, կգանք, էդ կասկածելու բան չի:

Ուղղակի որ ամբողջ կյանքդ նվիրել ես ազգիդ, պետությանդ, բացի քո շրջանից կռվել ես նաև ամբողջ Հայաստանում, Ղարաբաղում: Որտեղ մեր կարիքը զգացվել ա, էնտեղ ենք եղել: 88թ-ին, երբ Երասխում կռիվ էր, մենք էնտեղ էլ ենք կռվել:

Չի կարելի ասել, թե հիասթափվել եմ, ուղղակի մեծ նստվածք կա նստած մեջս: Որ էդ նստվածքը մի պահ դուրս գա, կարողա պատահի` գամ: Վերջին տարիներին ցանկություն ա առաջանում, որ գամ գնամ Եռաբլուր, մեր տղերքի գերեզմանին, շատ եմ կարոտել…

Էս վերջերս օդանավակայանում մի տղա մոտեցավ, թե բարև Ձեզ պարոն Բուդախյան, չե՞ք հիշում, ես ձեր առաջին զինվորներից եմ եղել: Հակական բանակի առաջին զինվորներին ես ընդունել եմ Ոսեվան գյուղում: 27 տղա էին` Հայասատանի տարբեր շրջաններից եկած, էսքան տարի էր անց կացել, մեծ մարդ էր արդեն:

Գալու ենք, անպայաման, բա հո էստեղ չե՞նք մնալու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5719 | 0 | 0
Facebook