Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ-թուրքական հարաբերություններ

23:53, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Հայ-թուրքական հարաբերություններ

Հայ-թուրքական հարաբերությունները բավականին խնդրահարույց են, և դրանց կարգավորումը ևս պահանջում է ճկուն դիվանագիտություն: 1915թ. Թուրքիայի իշխանությունները իրականացրել են պատմության մեջ իր նախադեպը չունեցող ցեղասպանույուն` փորձելով բնաջնջել հայ ժողովրդին իր իսկ հայրենիքում: Մենք իհարկե դեմ ենք հարևան Թուրքիայի հետ բարի դրացիական հարաբերությունների հաստատմանը, քանի որ ոչ մի տնտեսական շահ չի կարող փոխհատուցել մեր անմեղ հայրենակիցների թափած արյունը: Բայց և հակված ենք այն տեսակետին, որ ժամանակն է հայ ժողովուրդը դուրս գա անվերջ տուժողի և ողբացողի իր կեցվածքից: Հայաստանը չպետք է այս հարցում ապավինի երրորդ կողմի օգնությանը, քանի որ բոլոր մեր «բարեկամ» պետություններն էլ առաջնորդվում են իրենց շահով: ժամանակն է հզորանալու և Թուրքիայի հետ խոսելու «հավասարը հավասարի հետ» մակարդակով:

«ֆուտբոլային դիվանագիտությունը» և հայ-թուրքական արձանագրությունները չհասան իրենց նպատակին, սակայն հստակ դրեցին այն սահմանները, որը մենք չենք կարող երբեք անցնել և դա շատ կարևոր է մեզ համար: Արձանագրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին միջազգային հանրությանը, որ Թուրքիան պատրաստ չէ, առանց նախապայմանների, հարաբերությունների կարգավորմանը: Ռեջեփ Էրդողանը հաճախ է կրկնում. «Պատմությունը, Ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին»: Ակնհայտ է, որ Ռ.Էրդողանը այդ հայտարարություններն անում է՝ ելնելով իր այն սխալ հաշվարկներից, որ հնարավոր կլինի այդ ծուղակի մեջ ներքաշել հայ մասնագետներին կամ ընդհանրապես հայերիս: Մենք համոզված ենք, որ ոչ մի հայ պատմաբան չի ընկնի այդ ծուղակի մեջ և թուրք պատմաբանների հետ չի քննարկի այդ հարցը: Սա այն ակնհայտ հնարքն է, որ փորձում է կիրառել Թուրքիան, Էրդողանը, բայց դա նրանց ոչ մի հաջողություն չի բերի:

"Մենք" կարծում ենք, որ Ցեղասպանության ճանաչումը առաջին փուլն է: Դրան պետք է հետևի Ցեղասպանության հանցագործության համար հատուցում պահանջելու փուլը, այսինքն՝ պետք է այս խնդիրը տեղափոխել իրական միջազգային իրավական դաշտ: Եվ դրանից հետո, երբ մենք հաջողությամբ դա իրականացնենք, կգա արդեն բուն հայկական հարցի լուծման փուլը: Լուծել հայկական հարցը՝ դա նշանակում է վերականգնել հայ ժողովրդի իրավունքը՝ ստեղծելու իր պետականությունը այն տարածքի վրա, որը համարվում է Հայաստան: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը, ապա դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան հրաժարվի Հայաստանի վրա ճնշում, հարկադրանք գործադրելու իր քաղաքականությունից և սկսի Հայաստանին դիտարկել իրեն հավասար: Այդ պայմաններում երկու երկրների միջև հնարավոր է նորմալ (ոչ թե բարի դրացիական, այլ նորմալ) պետական հարաբերություններ, ինչպես լինում է երկու հարևան պետությունների միջև: Բայց դա չի նշանակում, որ այն խնդիրները, որոնք կան Հայաստանի և Թուրքիայի, հայ ժողովրդի և թուրք ժողովրդի միջև, միանգամից կլուծվեն: Այդ խնդիրները հետագայում մեր կողմից երկար աշխատանքի միջոցով պետք է լուծվեն ի օգուտ մեզ:
    

Հեղինակ. "ՄԵՆՔ" ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման նախագահ Ռ.Գյոզալյան


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5657 | 0 | 0
Facebook