Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոլոր ժամանակների հանճարեղ երաժիշտ Մոցարտի կենսագրությունը

K a rEN U-yAn
Հեղինակ`
K a rEN U-yAn
13:56, կիրակի, 16 մարտի, 2014 թ.

Մոցարտը ծնվել է 1756 թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է) ։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է։ Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն՝ որպես Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (***tlieb) Mozart։ Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ Սուրբ Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր լատիներեն՝ Amadeus, գերմաներեն՝ ***tlieb, իտալերեն՝ Amadeo, ինչը նշանակում է «Աստծո սիրեցյալը» ։ Ինքը Մոցարտը գերադասում էր, որ իրեն անվանեն Վոլֆգանգ։

Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ Այդ տարիքում նա գտնում էր կլավիսինի վրա բարեհնչյուն ինտերվալներ։ Նրա հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժների թվին էր պատկանում։ Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները։ Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները։ Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։

1762 թ. Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլլանդիա, Շվեյցարիա։ Ամենուրեք Մոցարտը զարմանք և խանդավառություն էր հարուցում՝ հաղթող դուրս գալով իրեն առաջարկվող դժվարին երաժշտական ստուգատեսներից.սակայն հաջողությունները սպասեցնել չտվեցին 1763 թ. Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները։ 1766 -1769 թթ. ապրելով Զալցբուրգում և Վիեննայում՝ Մոցարտն ուսումնասիրում է հռչակավոր երգահաններ Հենդելի, Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ 2-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (իտալ. La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա երգահանի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն, և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա։

Այս տարիքում Մոցարտը արդեն կրում էր Հրաշամանուկ անվանումը։ Հայրը նաև մեծ ուշադրություն էր դարձնում որդու կրթությանը։ Մոցարտը ուսումնասիրում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերենով սովորում մաթեմատիկա։

1770 - 1774 թթ. Մոցարտը անցկացնում է Իտալիայում։ Նա ելույթ է ունենում որպես կլավիսինահար և ջութակահար։ 1771 թ. Միլանում բեմադրվում է Մոցարտի «Միհրդատ, Պոնտոսի թագավորը» (իտալերեն՝ Mitridate, Re di Ponto) օպերան, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից և հաջողությամբ բեմականացվում 20 անգամ։ Նույն հաջողությամբ է անցնում նաև նրա երկրորդ իտալական օպերայի՝ «Լուցիո Սուլլայի» (Lucio Sulla, 1772) բեմադրությունը։ Զալցբուրգի համար Մոցարտը գրում է «Սկիպիոնի քունը» (իտալերեն՝ Il sogno di Scipione) օպերան (1772), Մյունխենի համար՝ «Չքնաղ այգեպանուհին» (La bella finta Giardiniera) օպերան, 2 ժամերգություն, օֆֆերտորիում (1774) ։ 17 տարին թևակոխելու պահին նրա ստեղծագործությունների մեջ արդեն հաշվվում էին 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։

Մոցարտը, սակայն, չի կարողանում Իտալիայում ապրել, քանի որ աշխատանք չուներ։ Նա վերադառնում է Զալցբուրգ, որի տիրակալն էր դաժան կոմս Կոլորադոն։ Նա ամեն պատեհ առիթ օգտագործում էր Մոցարտին ցավ պատճառելու համար։ Մոցարտը մեծ դժվարությամբ մեկնում է Փարիզ։ Նա արդեն ճանաչված կոմպոզիտոր էր, ուներ ավելի քան 300 ստեղծագործություն տարբեր ժանրերում։

1775 - 1780 թթ., չնայած նյութական ապահովություն գտնելու փնտրտուքներին, Մյունխեն, Մանհայմ և Փարիզ կատարած անպտուղ ճանապարհորդությանը և մոր կորստին, Մոցարտը գրում է 6 դաշնամուրային սոնատ, սրինգի և տավիղի համար համերգը, № 31 D-dur «Փարիզյան» մեծ սիմֆոնիան, հոգևոր խմբերգեր, բալետային համարներ։

1779 թ. Մոցարտը ստանում է արքունի երգեհոնահարի տեղը։ Հռոմի պապը նրան շնորհում է ասպետի կոչում։ 1781թ, հունվարի 26-ին Մյունխենում հաջողությամբ բեմադրվում է Մոցարտի «Իդոմենեոս» օպերան, որը համարվում է իտալական opera-seria ժանրի գլուխգործոցներից և այսօր էլ չի իջնում օպերային թատրոնների բեմերից։ Յուրաքանչյուր նոր օպերայով Մոցարտի ստեղծագործական հանճարը ավելի ու ավելի էր ի հայտ գալիս։ «Առևանգումը հարեմից» (գերմաներեն՝ Die Entführung aus dem Serail) օպերան՝ գրված կայսր Հովսեփ 2-ի հանձնարարությամբ 1782 թ., լավ ընդունելության արժանացավ Վիեննայում և շուտով մեծ տարածում գտավ Գերմանիայում։ Դա առաջին գերմաներեն ազգային օպերան էր։ Նույն 1782 թ. Մոցարտը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ամուսնանում է Կոնստանցա Վեբերի հետ։

Վիեննայում Մոցարտը հանդես էր գալիս համերգներով, երաժշտության մասնավոր դասեր էր տալիս, ստեղծագործում։ 1783 - 1785 թթ. ստեղծվում են 6 հայտնի լարային կվարտետ, որոնք Մոցարտը ձոնում է իր ժամանակակից համբավավոր երգահան Հայդնին։ 1786 թվականին գրում է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան, որը ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ։ Վիեննայում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ անցավ, սակայն Պրահայում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել։ Հաջորդ տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «Դոն Ժուան» օպերան, որը էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում։

1787 թ. Մոցարտին շնորհվեց արքունի երգահանի պաշտոնը՝ 800 ֆլորին ռոճիկով։ 1788 թ. Մոցարտը գրում է իր երեք ամենահայտնի սիմֆոնիաները՝ № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551) ։

1790 թ. բեմադրվում է «Այդպես են վարվում բոլորը» (Cosi fan tutte), իսկ 1791 թ., Լեոպոլդ 2-րդ կայսեր թագադրության առիթով, «Տիտոսի ողորմածությունը» (La Clemenza di Tito) օպերաները։ 1791 թ. վերջերին ջերմ ընդունելության է արժանանում Վիեննայում բեմադրված «Կախարդական սրինգ» օպերան։

1791 թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ» -ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել։ Այն համարվում է համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից։ Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ։ Այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր։ Եվ նա հասկացավ, որ այդ ռեքվիեմը գրում է հենց իր համար։ Այդ ստեղծագործությունը խլում է նրա վերջին ուժերը։ Չնայած հանճարեղ երաժիշտ լինելուն, նա միշտ ապրել է նյութական ծանր պայմաններում։ Մոցարտը մահացել է 1791 թ. դեկտեմբերի 5-ին, 36 տարեկանում, հնարավոր է, երիկամային վարակից, (թեև առ այսօր մահվան պատճառը վեճեր է հարուցում, հայտնի վարկածով Մոցարտին թույնել է նրան ժամանակակից երգահան Անտոնիո Սալիերին) ։ Մոցարտը թաղվել է Սմ. Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր շիրմափոսում, ուստի թաղման ճիշտ տեղը անհայտ է։

Վեջին ավարտուն ստեղծագործությունը եղել է «Կախարդական սրինգը» օպերան։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8826 | 0 | 0
Facebook