Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
12:30, երկուշաբթի, 03 մարտի, 2014 թ.
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Հայոց Համազգային Շարժման առաջամարտիկների մարդկային նկարագիրը տալու պատասխանատվություն ժամանակին չստանձնեցի, սակայն պատեհ առիթով գրի եմ առել ոմանց հումորով թաթախուն խոսքը: Ընթացքում ինչ-որ բան կուտակվել է, գուցե հետաքրքրի:

***

Մեկը եկել էր Ազատության հրապարակ, միտինգի ժամին բարձրացել հարթակ և համառորեն ելույթի թույլտվություն էր խնդրում.

-Ուզում եմ Լենինի՝ սիֆիլիսով հիվանդ լինելու մասին պատմել:

Համոզել չէր լինում: Միջամտեց Լևոն Տեր-Պետրոսյանը.

-Այդ բոլորը՝ ինչ ասում եք, լավ է, բայց պետք է բժշկից տեղեկանք բերեք. առանց ասվածի ստուգությունը հավաստող թղթի չի կարելի:

Երևակայեք՝ օգնեց. մարդը գլուխկախ, մտածկոտ գնաց:

***

ՀՀՇ վարչության նիստում քննարկում էին պատգամավորության թեկնածուների լրացուցակը: Աշոտ Մանուչարյանն ինչ-որ մեկի անունը տվեց: Սադոյանն ընդվզեց.

-Չեմ հասկանում, պատահական անձանց անունն ինչու՞ ես խցկում մեր ցուցակը:

-Գերագույնում ես մի պատահական մարդ գիտեմ՝ Արշակ Սադոյան, -ի պատասխան, անցողակի ծեփեց Մանուչարյանը:

***

Ֆրանսիայից նոր վերադարձած Համբարձում Գալստյանը շատ էր ոգևորված առաջիկա ընտրություններով. մեծ հույսեր էր փայփայում, ՀՀՇ թեկնածուներին գովազդելու անիրական ծրագրեր առաջարկում:

-Загар է, ոչինչ, թող խոսի: Մի քանի նիստ հետո կանցնի, -հոգնաբեկ, աչքերը կիսախուփ՝ նետեց Դավիթ Վարդանյանը, ոՐ այդ օրն էր վերադարձել Արցախից, եղել Շահումյանի ենթաշրջանում:

***

ՀՀՇ վարչությունում ինչ-որ հարց քննարկումից հետո քվեարկության դրվեց: Ինը կողմ էին, ինը՝ դեմ: Որպեսզի խնդիրը փակուղուց դուրս գա, տարեցներից Կամո Վարդանյանը /ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ թերթի գլխ․ խմբագիր/, որ սկզբում կողմ էր, վերջին պահին դեմ քվեարկեց: Դարձավ տասը՝ ութի դեմ: Վանո Սիրադեղյանը, տեսնելով իր առաջարկը չի անցնում, տեղից ելավ.

-Սրանց սերունդը… Ոչ սկզբունք ունեն, ոչ Աստված, -ու ընդմիջում հայտարարեց:

***

Մտավորականի հագուկապով մեկը եկել էր Տեխնիկայի տուն՝ պահանջելով հեռուստակամուրջ կազմակերպել ՀՀՇ վարչության ու Ադրբեջանի Ազգային ճակատի միջև, «Կոմունիստը» տպագրել ադրբեջաներենով և տարածել Բաքվում, որպեսզի նրանք, իբր, իմանան ճշմարտությունը, աչքերը բացվի: Համառ էր, ոչ մի բացատրություն չէր օգնում: Փրկության ելքը գտավ Լևոն Տեր Պետրոսյանը.

-Հրաշալի եք ասում. թերթով պետք է կռվել, բայց… մեջը «լոմ» դրած:

***

ՀՀՇ երկրորդ համագումարը կազմակերպող աշխատախմբում գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կար: Հավաքներից մեկում Վանո Սիրադեղյանը դիտողություն արեց.

-Կին կա, բարեկիրթ եղեք, վարչության նիստերի բիրտ տոնը մոռացեք:

-Կամո Վարդանյանը հեգնեց.

-Հլա տեսեք ով է բարեկրթությունից խոսում:

***

ՀՀՇ վարչության նիստում Սամվել Գևորգյանը տաքացած՝ բան էր բացատրում Աշոտ Մանուչարյանին.

-Վերջապես երեսփոխան ես, չէ՞…

-Ես՝ երեսփոխա՞ն: Կներես, երեսս կյանքում փոխած չկամ, -դեմքին չքմեղանք՝ պատասխանեց Գերագույն Խորհրդի նորընտիր պատգամավորը:

***

Մի կին գլխովին տարված էր Խաչիկ Ստամբոլցյանով:

-Խաչիկը Հայաստանի սիրտն է, մեր խիղճը, -հիացքը չթաքցնելով՝ մի օր ասաց:

Վանո Սիրադեղյանը չկարողացավ լեզվին փականք դնել.

-Հո՞ «Ղարաբաղ» կոմիտեի կույր աղիքն է:

-Է՛ր, -խնդմնդաց Ստամբոլցյանը:

***

Ռաֆայել Ղազարյանը պետք է Մոսկվա գնար՝ ՀՀՇ կողմից մասնակցելու Անդրեյ Սախարովի թաղմանը:

-Տղաներ, տոմսի հարցը լուծեք: Այստեղից հնարավոր է, բայց հետ գալը գիտեք ինչ տանջանք է. մեզ շան տեղ չեն դնում:

-Չէ, ինչու՞՝ շան տեղ լավ էլ դնում են, -նկատեց Աշոտ Մանուչարյանը:

***

Նորաստեղծ Հատուկ գունդը նեղության մեջ էր /լուծված չէին սննդի, գույքի, կոյուղու ու էլի զանազան հարցեր/: Առաջարկվեց ՀՀՇ վարչության անդամ պատգամավորներից խումբ կազմել՝ վիճակը տեղում պարզելու, այնուհետ լուծումներ գտնելու համար: Ի թիվս այլոց տրվեց Կամո Վարդանյանի անունը: Վանո Սիրադեղյանն առարկեց.

-Հասկացող մարդ է պետք:

***

Արկադի Մանուչարովին /արցախցի գործիչ/, ով նոր էր դուրս եկել բանտից, հրավիրել էին ՀՀՇ վարչության նիստին: Ձայն խնդրելով՝ երախտիքի խոսք ուղղեց ընտրողներին, տվեց Սախարովի, Ստարավոյտովայի անունները: Կամո Վարդանյանը դիտողություն արեց, որ դարձյալ նման առիթներ լինելու դեպքում սկզբում թող ժողովրդից շնորհակալ լինի: Մանուչարովը չընդունելով սխալը՝ պնդեց, թե ժողովրդի անունը հնչեցրել է, ընդսմին՝ սկզբում:

Կամո Վարդանյանը չընկրկեց.

-Ես ուշադիր լսել եմ:

Միջադեպը սպառնում էր վեճի փոխվել: Միջամտեց Վանո Սիրադեղյանը.

-Դրա համար, ընկեր Մանուչարով, հայերեն պիտի խոսել, որպեսզի մարդիկ հասկանան:

-Գնա քեզ ընկեր գտիր, -Կամոն ծխախոտ վառեց, -մի ռուսերեն էլ իմանա:

***

ՀՀՇ վարչության նիստ էր, ժամանակը՝ սուղ, իրադրությունը՝ լարված: Տարիքը հիսունին մոտ մեկը քշել հասել էր սրահի կենտրոն.

-Ինձ մի հարց է հուզում…

-Ընդամենը մե՞կ, - նիստը վարող Լևոն Տեր Պետրոսյանն էր:

-Հա, թաք մի, -մարդը մատը տնկեց վերև:

-Տնաշեն, իսկ ինձ հենց հիմա հազար հարց է մտահոգում:

***

ՀՀՇ վարչության նիստերից մեկում Համբարձում Գալստյանը ներկայացնում էր ֆրանսիայում կայացած հանդիպումները. սոցիալիստ խորհրդարանականները հետաքրքրվել էին հայաստանյան առաջիկա ընտրություններով, մեր ու վրացոց հարաբերություններով: Նրա՝ այնտեղ տված չափազանց անկեղծ, անմիջական պատասխանները հավասարակշռությունից հանեցին Վազգեն Մանուկյանին.

-Դե ասա՝ ֆրանսիացիք երեք-չորս լրտեսի աշխատավարձ քո շնորհիվ խնայած կլինեն:

***

ՀՀՇ վարչության նիստում քննարկվում էր Քյարքիի /այժմ՝ Տիգրանակերտ/ հարցը: Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ բաքվեցի փախստականներ էին տարել այնտեղ բնակվելու: Վտանգ կար, որ Մոսկվան կարող է փաստն օգտագործել սադրիչ նպատակով: Աշոտ Մանուչարյանը, իբրև խնդրի լուծման տարբերակ, առաջարկեց բնակավայրը փոխանակել Երասխավանի ընդհարումների ժամանակ գերի ընկած ազատամարտիկ Վահանի հետ: Ծիծաղի ալիք բարձրացավ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չհամբերեց.

-Լավ է, խոսք չկա. որ հարյուր պատանդի դիմաց հարյուր գյուղ տաս, մեկ տարի անց Հայաստան չի լինի:

***

Բարբկեն Արարքցյանենց տանը ընթրիքի սեղանի շուրջ տարիքից էին խոսում, ով՝ որ թիվ է: Արցախից եկած Ռոբերտ Քոչարյանը, Աշոտ Մանուչարյանը, ևս մի քանիսը, պարզվեց, հիսունական թվականների ծնունդ են: Վանո Սիրադեղյանը չդիմացավ.

-Կարինե /Արարքցյանի տիկնոջը/, խոխեքին առանձին սեղան գցիր:

***

ՀՀՇ վարչության շենքում հերթապահություն սահմանելու անհրաժեշտության շուրջ խոսակցություն էր գնում: Մարդիկ հազար ու մի հարցով այցում էին, զանգում Տեխնիկայի տուն, իսկ մասնավորապես առավոտյան ու կեսգիշերային ժամերին պատասխանատու մեկը չէր լինում:

-Ես օրը հարյուր գործարան հանդիպման եմ գնում, ժամանակ չունեմ, ի վիճակի չեմ, -դժգոհեց Աշոտ Մանուչարյանը:

Վազգեն Մանուկյանը, որ այդ փուլում վարչության նախագահն էր, տեղնուտեղը կանխեց.

-Հարյուր կոլեկտիվ փչացնելու փոխարեն, վեր կընկնես այստեղ:

***

«Նաիրիտի» առնչությամբ վիճում էին Ալեքսան Հակոբյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը: Ալեքսանը խռովքի մեջ գլուխը կորցրած՝ դիմեց շուրջը եղողներին.

-Էս մարդն ինձ կսպանի, -հետո դարձավ Ստամբոլցյանին: -Խաչիկ, դու հիսուն տարի ապրել ես, թող գոնե մի քիչ էլ ես ապրեմ:

***

Դիմացի մայթից ինքնաձիգով գնդակոծել էին Գերագույն Խորհրդի՝ ՀՀ նախագահի ներկայիս նստավայրի, դիմաց կայանած մեքենաները /պարիսպ այն օրերին չկար/: Հարկադիր դադարից հետո՝ մոտ մեկ ժամ անց Տեխնիկայի տանը վերսկսվել էր վարչության նիստը, երբ դուռը հուշիկ բացելով՝ մտան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բաբկեն Արարքցյանը, անխոս նստեցին:

-Խե՞ր լինի, -Վանո Սիրադեղյանն էր:

-Կրակոցներից վախեցել են, թե չէ Գերագույնի տաք սենյակները թողած՝ ինչու՞ պիտի գային, -պատասխանը կանխեց Ալբերտ Բաղդասարյանը:

***

Գերագույն Խորհրդի ընտություններից անմիջապես հետո էր. ՀՀՇ վարչության կենտրոնում հավաքվել, շնորհավորում էին մեկմեկու, տպավորություններ կիսում: Արշակ Սադոյանին հարցրին.

-Հիմա ասա՝ սահմանադրակա՞ն պայքար էր, թե...

-Տեղ-տեղ, -ժպիտը վատ սքողած՝ պատասխանեց:

***

Բողոքարկուներից մեկն ինչ-որ հարցով մոտեցել էր ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանին: Վերջինս խորհուրդ էր տվել համապատասխան նախարարություն դիմել: Այցելուն նեղսրտած՝ ընդվզել էր.

-Իջնեմ էդ մակարդակի՞ն:

***

Վազգեն Մանուկյանը ջանում էր հիմնավորել, թե առաջիկայում զարգացումներն ինչ հունով կընթանան, և ժողովուրդն ինչ պիտի անի.

-Երեք տարբերակ կա...

-Գիտենք, -ժպիտը քողարկած՝ նախագահի իրավունքով ընդմիջեց Լևոն Տեր Պետրոսյանը, -ժամանակին գնացքից թռչել, մնալ գնացքում և կամ՝ անդունդն ընկնել /նկատի ուներ Վազգեն Մանուկյանի՝ այդ օրերին տպագրվող հոդվածաշարը «Հայքում» ՝ «Գնացքից թռչելու ժամանակը» խորագրով/:

***

Համբարձում Գալստյանը հեռախոսահամարները մտապահելու բացառիկ ձիրք ուներ, և շատերն էին հարկավոր պահին նրա օգնությանը դիմում: Վանո Սիրադեղյանը նման մի դեպքից հետո ափսոսանքով նկատեց.

-Համբոն չափսերով փոքր լիներ, գրպանումս պահեի:

***

Լուր էին տարածել, թե Ռաֆայել Ղազարյանը մեկնել է Ֆրանսիա: Երեկոյան տեսնենք՝ վարչության նիստին մասնակցում է:

-Բա ասում են, ֆրանսիայու՞մ ես:

-Արդեն ես էլ եմ այդպես կարծում:

***

Կամո Վարդանյանը կամենում էր նիստի ժամանակ դուրս գնալ ծխելու /վարչության պատասխանատու քարտուղար Մանուշակ Պետրոսյանն էր չծխելու կարգ սահմանել/: Տեր Հուսիկ քահանան, ով Վանո սիրադեղյանի վատառողջության պատճառով, որպես նախագահի տեղակալ, վարում էր օրվա նիստը, արգելեց: Կամոն մթնդած՝ լռեց: Օգնության հասավ Սիրադեղյանը.

-Տարիքն առած մարդ է, թող. «ջուր թափելու» է գնում:

***

Լևոն Տեր Պետրոսյանը հոգնած էր. Գերագույն Խորհրդի նախագահի լարված աշխատանքային օրվա ավարտից հետո վարչության նիստերին թեկուզև շարքային անդամի կարգավիճակով մասնակցությունը նրա համար ծանր էր: Առժամանակ նստելուց հետո, թե՝

-Թույլ տվեք գնամ:

Վանո Սիրադեղյանը, որ նախագահում էր, միջոց չտվեց.

-Շուտ պիտի գնայիր. երկու նախագահ մի նիստում շատ է:

***

Մեկը վարչության նիստի ժամանակ դուռը բացել, շատ հրամայաբար Լևոն Տեր Պետրոսյանին էր ուզում: Բացատրեցին, որ ժողով է, թող հետո մոտենա:

-Այս շենքն իմն է, պիտի ազատեք, -ոչ դես, ոչ դեն, ասաց ու սկսեց մոլեգնել:

Վանո Սիրադեղյանը կոպտորեն, մինչևիսկ հրելով՝ դուրս տարավ: Խաչիկ Ստամբոլցյանը, էլի երկու-երեք հոգի ելան, որպեսզի բան է, ծեծկռտուք չառաջանա: Ուրիշները նույնպես կամենում էին լքել սրահը, հավանաբար՝ հետաքրքրասիրությունից մղված: Նիստը վարող Աշոտ Մանուչարյանը սրտնեղեց.

-Վարչության չորս անդամ լիուլի հերիք է, մնացեք:

-Մենակ Խաչիկը հուլուհում կուտի, -Լևոն Տեր Պետրոսյանն էր:

***

Վանո Սիրադեղյանը փողկապով էր:

-Խեր լինի, ի՞նչ է պատահել, -այս ու այն կողմից հարցրին:

-Կազմակերպված շարժում չե՞նք դառնում, -հարցին հարցով պատասխանեց:


    

Արամ Հովհաննիսյան, ՀՀՇ վարչության նախկին անդամ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3651 | 0 | 0
Facebook