Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ (Բանաստեղծություններ)

12:58, երկուշաբթի, 03 մարտի, 2014 թ.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ (Բանաստեղծություններ)
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն

Բանաստեղծություններ
    
    


    

ԹԵ ՉԵՍ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


     Թե չես եղել Հայաստանում,
     Հային թե չես հյուրընկալվել`
     Ի՞նչ իմանաս քարե դարում
     Հողն ինչպես է երկիր դառել...
    
     Ի՞նչ իմանաս ի՞նչ են Եղեռն,
     Կոտորածներ ու ավերում,
     Ի՞նչ են բերում սրերը կեռ,
     Երկրաշարժներն ի՞նչ են բերում:
    
     Թե չես եղել Հայսատանում,
     Ի՞նչ իմանաս ի՞նչ է մարդը,
     Քեզ ո՞վ կասի ու՞ր է տանում
     Պանդխտության որոգայթը:
    
     Քեզ ո՞վ կասի, թե քրտինքով
     Քարից ինչպես գինի քամել,
     Ի՞նչ է պատմում երկինքը մով,
     Նոյի զարմերն ու՞ր են հառնել:
    
     Թե չես եղել Հայաստանում,
     Հայոց հոգին ո՞նց կընկալես.
     Լույս կա այստեղ ամեն քարում
     Եվ խնդություն ամենատես:
    
     Հայաստանում ջուրն էլ այլ է
     Եվ ուրիշ են հողն ու քարը,
     Հենց այստեղ են ծնունդ առել
     Նոյի որդոց բառն ու բարը:
    
     Ի՞նչ իմանաս ի՞նչ է լեզուն,
     Որի սերմը Նոյն է գցել,
     Մարդն Աստծո հետ ո՞նց է խոսում,
     Ո՞նց է խոսքը վերքեր բուժել...
    
     Թե չես եղել Հայաստանում,
     Քեզ ծանոթ չէ հոգու երգը,
     Որից լույս է մարդն ստանում,
     Սպիացնում սրտի վերքը...
    
     Չես իմանա մարդն ինչպես է
     Ընդդիմանում տառապանքին,
     Ո՞նց կարող ես հոգիդ կիզել
     Ու նվիրվել Տիրոջ փառքին:
    
     Քեզ ո՞վ կասի, թե երկնքից
     Թարթող աստղերն ի՞նչ են ասում,
     Ի՞նչ հրաշք է երկինքը ջինջ,
     Երազանքներն ու՞ր են հասնում:
    
     Թե չես եղել Հայաստանում,
     Ի՞նչ իմանաս ի՞նչ է համը,
     Հայոց հողն է լոկ խոստանում
     Համեղ խաղողն ու ծիրանը:
    
     Հայաստանյան արեւը բարկ
     Համ ու հոտ է տալիս մրգին,
     Խաղողի մեջ դնում կրակ
     Ու ծիրանում` բույրը անգին:
    
     Այս հին հողում ամեն քայլի
     Մի հին վանքի կհանդիպես,
     Ուր պատգամ կա Վերին Կամքի,
     Քրիստոնե հոգուն ի տես:
    
     Թե դրախտի տեղն ես ուզում
     Գտնել երկիր հսկա տանը`
     Ուրեմն դու դեռ չես լսել,
     Թե որտեղ է Հայաստանը:
    
     Բաճկոն հագիր, ցուպ վերցրու,
     Հին հոգսերդ թող քո տանը.
     Երազներիդ նոր շունչ կտա
     Երազ երկիր Հայաստանը:
    
     20.10.2003


    

ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
    
     Աշխարհի բոլոր ճանապարհները
     Հայեր են տանում:
     Տանում, տանում են
     Ու… չեն կշտանում…
    
     Աշխարհի բոլոր ճանապարհները
     Բաց են մեր առաջ.
     Ջուր, ցամաք ու օդ մեզ դուրս են հանում,
     Ընկած են անտեր գերանդի ու մաճ,
     Մշակ չմնաց դաշտ ու բոստանում…
    
     Աշխարհի բոլոր ճանապարհները
     Այստեղից հանում, հեռու են տանում,
     Տանու˜մ, տանում են, դեռ չեն կշտանում...
    
     Ու մեկը չկա`
     Կանաչ լույս վառի տունդարձի համար,
     Սեր ու գորովով ետ պահի
     Մեզնից հեռացողներին
     Նեղացողներին չգամի պատին
     Խոր մոռացության,
     Ուրացողներին չսիրաշահի,
     Արժանիներին անկյուն չնետի
     Ավելորդի պես,
     Ու չնեղացնի
     Հնուց վիրավոր հոգիները հեզ...
    
     Աշխարհի բոլոր ճանապարհները
     Լլցված են մեզնով,
     Ու տարիները լցնում են էլի,
     Ճակատագրով մեզ բաժին հասած
     Կամ մեր օրհնությամբ մեր բախտը դարձած
     Հին, ազգակործան երախն ահռելի…
    
     Մինչև ե՞րբ, Աստված…
    
     1.06.2003


     Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

(Օրհներգ)

Ի’մ Հայաստան, ի’մ Մայր, Ի’մ Հայրենիք

Քո շնչով եմ ապրում ես շարունակ,

Քո կարոտի հուրն է իմ մեջ ալիք-ալիք

Իմաստություն դառնում պարզ ու շիտակ:


    

Բորբոքել ես դու իմ երևակայությունը մերթ

Մերթ թախիծ ես դարձել սրտիս խորքում,

Մերթ գալիքին միտող հույսի հզոր մի երթ,

Մերթ կարոտն ես անծիր դու իմ հոգու:


    

Դու եղել ես հոգուս հավատամքը անբիծ,

Քո երգերն են ինձ միշտ թևեր դարձել,

Դու երկունքն ես եղել ու թռիչքը կամքիս

Եվ իմ հոգում հավետ աստվածացել:


    

Հայկյան նետի փառքն է եղել երկունքը քո,

Աստղերին է հառնում քո նոր ուղին,

Դու չես եղել երբեք տմարդի կամ անգո.

Անվարան ես հարթել քո մենուղին:


    

Դարերի դասն առած, դարերի մեջ կոփված

Դու ցրորք ես դարձյալ երկրի բիբում,

Քո վանքերի երթով` քարե աղոթք դարձած,

Նարեկացու հետ ես դու օրնիբուն:


    

Աստծո օրհնա’քը քեզ երկիր իմ ավետյաց,

Կուզեմ որ նոր ուժով փթթե’ս, ծաղկե’ս,

Ու քո եղերացիր որդոց միաբանած,

Դրախտ Երկիր դառնաս Արարատին ի տես:


    

04.11. 1997


     ԵԿԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ

    
     Հայաստան եկեք, շրջեք մեր հողում,
     Հաց կիսեք մեզ հետ` մեր հացն անապակ,
     Տեսեք ինչպես են ամպերը սողում
     Ձեր ոտքերի տակ:
    
     Խմեք սառնորակ մեր աղբյուրներից,
     Ըմբոշխնեք բույրը մեր ծառ ու ծաղկի,
     Լսեք, թե ի՞նչ են պատմում վերևից
     Թարթող աստղերը ձեր երազանքի...
    
     Լսեք մեղեդին լեռներից ծորող`
     Մեր անտառների թավշաձայն հիմնը,
     Այստեղ ամենը նոր է, անսովոր,
     Աստվածավայել և անչափ հին է:
    
     Այստեղ է Լույսը ստանում արժեք,
     Երբ մամուռին է գույնն իր հաղորդում,
     Ոսկու գին ունեն քարափները շեկ
     Եվ օձագալար գետերն ադունդում...
    
     Հայաստան եկեք ու տեսեք Հային`
     Քարից հաց քամող աղի քրտինքով,
     Նրա ընկերն են անձրևն ու քամին,
     Բայց ձեզ կընդունի Բարի ժպիտով:
    
     Եկեք Հայաստան և հենց այս տարի:
    
     9.07.2004
    
    
    

ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ


    

Եղել եմ ուրիշ երկինքների տակ,

Խմել եմ ջուրը այլոց ջրհորի,

Հող կար դեղնահունց, հող կար սպիտակ,

Բայց բուրը չկար մեր քարոտ հողի:


    

Տեսել եմ անթիվ ժպտացող աչեր,

Ծովի լազուրի թովչանքով լեցուն,

Բայց հեռուներից ինձ տուն է կանչել,

Հայի աչքերի թովչաշող լեզուն:


    

Հեռու ափերում` խորհելով անվերջ,

Սիրտս ոչ մի պահ չի հանգստացել,

Ու երբ ինքս ինձ չեմ հաղթել իմ մեջ,

Ամեն ինչ թողել ու տուն եմ դարձել:


    

Հայրենի կանչը, արյան կանչի պես,

Չի լքել հոգիս և ոչ մի պահի,

Ու չեմ հասկանում` ի՞նչ թել է անտես,

Որ ինձ կապում է իմ խենթ աշխարհին:


    

6.07.2001
    
    
    

Ն Ո Ր Ա Վ Ա Ն Ք


    

Վարդակարմիր ժայռերին երկնից արյուն է կաթել,

Արնագույնով է ներկել լեռներն ու ձորը հսկա,

Ու թվում է կարմիրն այդ Աստծո վերքից է կաթել,

Ու ծերպերն այս երկնամերձ լուռ հիշեցումն են Նրա:


    

Երկնասլաց ժայռերի հրակարմիր ելուստին

Հայտնվում են վեհաշուք աղավնակերպ երկու վանք,

Նրանք արցունքն են վճիտ վաղուց խաչված Հիսուսի

Որ և' ցավ են, և' հավատ, և' տրտմություն, և' բերկրանք...


    

10.08.2015


    

ՕՋԱԽԻ ԾՈՒԽԸ
    
     Մեր հնամյա երազների ջուրն անցանք,
     Եվ ամենն այդ վաստակեցինք արյունով.
     Մաճկալ էինք ուզում դառնալ, սերմնացան`
     Մեր հող, ջրի տերը լինել ամեն օր:
    
     Հեռվում թողինք տարիները չար ու նենգ,
     Թողինք հեռվում հալածանքները բոլոր,
     Հեռացել են սուր ու կապանք արնահետք,
     Բայց օտարի ափն ենք փնտրում նորից-նոր...
    
     Պանդխտության ցուպն ենք ընտրել հնուց վեր
     Ու չենք կարող ձերբազատվել նրանից,
     Տուն ենք դնում, թողնում, դառնում բնավեր.
     Հուսո ափը հեռու է միշտ մեր տանից:
    
     Մի բուռ էինք, դարձանք մի ափ, մատնաչափ,
     Մասիսներն իսկ օտարված են մեզանից,
     Անխոհե՞մ ենք, անկա՞մ, թե՞ մեր բախտն է չար,
     Աստ հանց զորբ ենք, օտարի մոտ` հեզանիստ:
    
     Դեգերում ենք` ճակատագրին հուլ ու հար
     Հավերժածին երազները մեր սրտում,
     Մեր հայրենին անվերջ թողնում հողմահար,
     Հոգու երգը ուրիշ մի տեղ ավարտում:
    
     Կգա՞ն, արդյոք, երանավետ պահերն այն,
     Որ անապակ մեր տուն դառնանք կամովին,
     Ծուխն օջախի նորից դառնա Հայկամայր,
     Մասիսները հանգրվանեն Հայ Նոյին:
    
     12.07.2004
    
    


    

ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
    
    

Մեր նոր գոյության ամբողջ ընթացքում
     Հայտնի չէ՝ ո՞վ էր առանց նախանձի,
     Ո՞վ էր մեզ հարմար ճանապարհ բացում,
     Ո՞վ էր ջուր լցնում ի՛ր ջրաղացին...
    
    

Հանապազ հացի խնդիր չէ կյանքը.
     Բազում հարցերի վերծանում է դա,
     Սե՞րն է կարեւոր մարդուն, թե՞ փառքը,
     Մե՞նք պիտի ճգնենք, թե՞ Տերը գթա...
    
    

Ընտրել մե՞ր ուղին, թե՞ ուրիշինը,
     Ապրել գդակո՞վ, թե՞ առանց դրա,
     Բախտը որոնել հի՞ն հողի վրա,
     Թե՞ մեկ ուրիշ տեղ՝ մոռացած հինը...
    
    

Մեր հազարամյա, գեղեցիկ ու կուռ,
     Ճոխ ու բարձրարվեստ լեզուն մոռանա՞լ,
     Թե՞, ճիգ տքնանքով, աշխարհին ի լուր,
     Հին իմաստության խորանը բանալ...
    
    

Ձեռք - ձեռքի՝ որպես նորօրյա Փյունիկ,
     Ճախրել երկնքու՞մ մեր Բիբլիական,
     Թե՞, նորից ու նոր դառնալ անտունի՝
     Մոռացած, որ մենք զարմերն ենք Հայկյան...
    
    

Նոյի հանգրվան Սուրբ Արարատի,
     Պատկե՞րը միայն պահենք սրբորեն,
     Թե՞, աչքը հենած Ձյունե ճակատին,
     Երկիրն Ավետյաց ծաղկեցնենք նորեն...
    
    

Իմաստություն կա հնօրյա հարցում.
     Լինե՛լ:
     Իհա՛րկե`
     Գերի՛ն չենք հարցի,

Բայց արարելով մե՛ր ջրաղացում,
     Աչքն Արարատի՛ սուրբ այգաբացին:
    
    

10.01.2003


    


    


    


    
    


    

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Ս


    

Ես ուզում եմ ինձ մոռանալ

Ու քո սիրով ապրել անվերջ,

Քո իղձերի գերին դառնալ,

Ու վառել քո տենչերն իմ մեջ...


    

Ես ուզում եմ վաղվա օրում

Եվ գալիքում լինել քոնը,

Որ և անցյալ տեսնեմ նորում

Եվ գալիքում տեսնեմ նորը..


    

Որ չխախտվի ոչ մի անգամ

Կամրջումը հին ու նորի,

Ու չփնտրենք ուրիշ պատգամ`

Կարոտելով քար ու հողի...


    

Որ լսելով ծանոթ մի երգ`

Չկեղեքվենք մենք մեր ներսում,

Որ չմնա և ոչ մի վերք

Աչքին անտես մեր լուռ կեսում..


    

Ես ուզում եմ ապրել այստեղ,

Այս քարքարոտ հողի վրա,

Իմ հնամյա գոյը փաստել

Ծլարկելով քարին նրա:


    

Ոզում եմ, որ մեր հանճարը

Որբ չլինի իր ոստանում,

Որ գտնվի դեղն ու ճարը.

Ապրել Կանչող Հայստանում:


    

Ես ուզում եմ սերունդներին

Թողնել երկիր հզորազոր,

Ու խոնարհվեն մեր Հին Գենի

Նորաբողբոջ զարմին այսօր:


    

Ապրենք Մեկտեղ, Մի' երկնքի.

Մի' արևի հովանու տակ`

Տալով մեր հին վարք ու փառքին

Մի նոր Թռիչք ու Նոր մի Կյանք....

21.09.2000


    
    
    

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ
    
     Իմ հայրենիքը այն չէ, ինչ գիտեն,
     Ինչ ցույց ենք տալիս դրսից եկողին,
     Այն հոգս է, ցավ է, հույս է հարատև,
     Բույր է հոգեթով ջրի ու հողի...
    
     Իմ հայրենիքը բակն է մեր անշուք,
     Ծուռ ակացենին` տան մուտքի առաջ,
     Կացնից բզկտված բարդու մի մասունք
     Եվ անտառն արդեն պատմություն դառած...
    
     Իմ հայրենիքը երկինքն է կապույտ,
     Պատեհ, անպատեհ անձրևն ու քամին,
     Հունիսյան այրող արևն անհագուրդ,
     Եվ... ԵՐԱԶԱՆՔԸ, դժնդակ ժամին...
    
     2002
    
    

ՀՈՒՅՍ
    
     Մեզ չեն ընկճել նենգ արշավները,
     Ծունկի չբերին հեղեղներն արյան,
     Բայց մեզ ջլատող ներքին դավերը
     Գեհեն են տանում երկիրը Հայկյան...
    
     Դարեր ու դարեր իրար դեմ հանում,
     Ոխ ու դավ էին ներարկում մեր մեջ,
     Հպատակ դարձանք նենգ ու հարամու,
     Բայց Հայի ոգին երբեք չընկճվեց:
    
     Սուտ խոստումների լաբիրինթոսում
     Նայադների պես դյութող դավերի,
     Դեռ Լուրթ հույսերի ցելն ենք ակոսում,
     Զի մենք զավակն ենք Լույս ու Արևի:
    
     12.01.2009


    

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
    
     Խոնարհվենք Հայոց Լեզվին անաղարտ,
     Խոնարհվենք զուլալ Հայոց գրերին,
     Լեզուն վեհացնենք, դարձնենք Արարատ,
     Չմնանք օտար խոսքերի գերին:
    
     Մեր Մեսրոպատառ Լեզուն Հայերեն
     Անցել է հազար փորձության բովով,
     Կրակ է տեսել, տեսել է գեհեն,
     Բազում հալածանք, տանջանք ու մորմոք...
    
     Մագաղաթներն են պահպանել հնուց
     Մեր նախնյաց միտքը` Լեզվով Մայրենի,
     Վեհաշուք է այն, հմայիչ ու լուրջ,
     Ադամանդի պես խնդությամնբ առլի:
    
     Անցնելով, սրի, կրակի միջով,
     Մեր մանկանց շուրթն է այսօր ջերմացնում:
     Լեզուն եղծողին Տերը թող ների,
     Զուլալ պահողին` տա աստվածացում:
    
     11.04.2004


    

***
     Թող այս գարնան հետ սովորական քաղաքացու հոգում
     մեր երկրում Ապրել կարողանալու հույսն էլ վերածնվի:
    
     1.03.2014


    

***
     Արթնանամ մի օր ու տեսնեմ, որ մեր
     Հայրենի հողը ԵՐԿԻՐ է դարձել:
     Խինդն ու ծիծաղն են իշխում ամենուր.
     Ողջ հոգսեր ու ցավ կուլ են գնացել:
    
     19.11.2013
    


    

***
     Հավատում եմ` դեռ կլինեն
     Նոր թռիչքներ, նոր վեհացում,
     Մերոնք նորից մեզ կսիրեն,
     Համ կլինի և մեր հացում…
    
     26.10.2013


    
    

ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Ամպեր ենք դարձել մենք ամպրոպածին

Ու թափառում ենք ողջ աշխարհով մեկ,

Մեր գեներում կա անհայտ մի բացիլ,

Որ միշտ մեր նավը թողնում է անղեկ:


    

Անվերջ դեգերման ճամփան բռնելով`

Մի օր չենք նստում կլոր սեղանի.

Անառակի դեմ դառնում ենք ներող,

Չգիտենք ո՞րն է մեր սպեղանին:


    

Մենք հազար տեսակ գեհենով անցանք,

Բազում թշնամու առճակատեցինք,

Սակայն դեռ չունենք ընդհանուր բաղձանք,

Ապրել միատեղ ու բարեկեցիկ:


    

Մեր տառապանքը փորձ չունի, եթե

Օտարն է անդուլ մեզ դասեր տալիս,

Փորձությունները մնում են անհետք,

Երբ հինը չանցած, մի նորն է գալիս:


    

Մեր հանճարներին ոտքի տակ տալով`

Ուրիշի աղբն ենք բեմ հանում անվերջ,

Այլլոց բարքերը հար գովերգելով

Եվ թույն թափելով ինքներս մեջ:


    

Ո՛՞ն է մեր ուղին և ու՞ր ենք գնում,

Երկրի տերերը նույնիսկ չգիտեն,

Ամենքս արքա մեր հավաբնում.

Առանձին ուժեղ և թույլ համատեղ:


    

Ի վիճակի չենք ընտրել լավերին,

Գորշի ճամփան է բանուկ ամեն տեղ.

Հեշտությամբ կուլ ենք գնում դավերին`

Պատրաստ մեր վաղը մեր ձեռքով խեղդել:


    

Է˜հ, ի՞նչ եմ ասում, գիտենք բոլորս

Ու բազմափորձ ենք նման հարցերում,

Պտտվող քար ենք եղել մինչ օրս

Ստահակների ջրաղացներում:


    

Սովորեցնում են աջից ու ձախից,

Անվերջ "իմաստուն" խորհուրդներ տալիս,

Ու դրանով իսկ գալիս մեր հախից`

Հաճախ ժպտալով, երբ ազգն է լալիս:


    

Սակայն, երբ թերթենք գրերը մեր հին,

Լսենք խորհուրդը հին պատգամների,

Ելք գտնենք գուցե ելնել գեհենից`

Պահելով մեր մեջ մեր լավն ու բարին:


    

Ինչու՞ դանակը հասնի ոսկորին,

Որ վերջին խելքին զոռ տանք նոր միայն,

Աստված մի կյանք է տվել բոլորիս,

Ձեռք-ձեռքի տալով` չենք մնա ունայն:


    

16.12.2003


    
    

Մ Ե Ն Ք
    

Մեզ սովորեցրին հինը մոռանալ,

Ջնջել պապերի ավանդույթները,

Անբարոյի դեմ դռները բանալ,

Եվ տես ու անտես հայհոյել մերը:


    

Մեր մեջ ցանեցին բարքերն օտարի

Ու մենք ընդառաջ ելանք գրկաբաց,

Բոլոր ցավերը տվին մեզ դարի,

Որ չչորանան աչքերը մեր թաց:


    

Մենք սովորեցինք քրտինք թափողից

Փողը կորզելու բոլոր ձևերը,

Հարգել տգետին, վախենալ գողից,

Այլոց խորհրդով կործանել մերը:


    

Մենք սովորեցինք անմիտ ու անհոգ,

Դատարկ ուղեղով բուհն ավարտելը,

Ուժեղի առաջ` ներքուստ ատելով,

Ստորանալն ու շողոքորթելը:


    

Իրար խաբելն ենք սովորել արդեն,

Ամեն առիթով ու ամեն վայրկյան,

Ձու գողացողին ցմահ բանտարկել

Ու մարդասպանին չհանել ական:


    

Անկոչ դրացու թելադրանքով

Մենք ընդունեցինք, որ փյունիկ ենք մենք,

Որ փառք է անդուլ ապրել տանջանքով`

Փլատակներից հառնելով մեկ-մեկ:


    

Մեզ սովորեցրին չհարգել իրար,

Ծուռ աչքով նայել մեր տուն դրախտին,

Պաշտել ուժեղի բարքերն անիրավ,

Երկրպագելով` հայհոյել բախտին:


    

Փութով յուրացրինք անկուշտ թալանը,

Ու ողորմություն մուրալն ուրիշից,

Արհամարհելով մեր գործն ու բանը`

Երանության մեջ ընկնել վերհուշից:


    

Մեզ սովորեցրին չհիշել վաղը,

Ապրել կարճատես այս ակնթարթով,

Մոռանալ ի՛նչ են մուրճն ու մանգաղը,

Եվ փողոց ու բակ հեղեղել լաթով:


    

Մեզ ստիպեցին դառնալ անճաշակ,

Ատել ազգայինն ու դասականը,

Սիրել երգերը խորթ ու անմշակ,

Ու կուռք դարձնել անասնականը:


    

Եվ չոր հողի պես, սպունգի նման

Մենք կլանեցինք ինչ օտար էր մեզ,

Օտար գեները մեր գենը տարան,

Ու դարձանք նրանց հպատակը հեզ:


    

Մեր բարությունը լուռ անհետանում

Ու վերածվում է դաժան բարքերի,

Մենք` հասկանալով մեզ ուր են տանում,

Տեղի ենք տալիս այլոց ջանքերին:


    

Վաղն ու՞ր կլինենք, հայտնի չէ վաղուց,

Վաղու՞ց անհայտ է մեր ուզեցածը,

Մեր հացխմորը թողնելով անհունց,

Գնում թխում ենք ուրիշի հացը:


    

Ի՞նչ սովորեցրին դեռ չենք ըմբռնել,

Դեռ ենթարկվում ենք հլու հնազանդ,

Ա˜խ, մեկը լիներ, մեր ձեռքը բռներ

Ու տար Արթնացման հզոր համազարկ:


    

Մենք ի՞նչ ցանեցինք, որ ի՞նչ սպասենք,

Ում բարձրացնում ենք, ներքև չի նայում,

Փորձությունները չեն դառնում դասեր,

Դիպվածն է տերը այս խենթ աշխարհում:


    

11.05.2006


    

***
     Երկիրն ուզում են հայաթափ անել,
     Բայց Մենք ամուր ենք Մեր Հողին կանգնած,
     Թող մեր ստեղծած բարիքը տանեն,
     Մենք կպահպանենք Հողը Մեր Նախնյաց:
    
     4.02.2014


    

***
     Հայաստանը կապրի առանց իմ նմանի,
     Ես չեմ ուզում ապրել առանց Հայաստանի:
    
     3.02.2014


    

ԱՄԱՆՈՐՅԱ ԽՆԴՐԱՆՔ ՀԱՅԵՐԻՍ
    
     Բոլոր Հայերիս այս Նոր Տարում և հետագա ողջ կյանքում ցանկանում եմ այնքան Բարի Կամք ու Ոգու Ուժ ունենալ, որ կարողանանք մեր Հոգուն, Խղճին, Սրտին և Ներքին ձայնին հակառակ քայլեր չանել:
    
     Կարողանանք մեր անձնական շահը, թեկուզ տարին մեկ, երկու անգամ մի կողմ դնել ու գործել հօգուտ Հայրենիքի, Հայ ազգի և Հայկական պետականության:
    
     Որտեղ էլ ապրենք ու գործենք, աշխատենք մեր հնարավորությանսահմաններում աջակցել մեր հայրենակիցներին` աշխատանքի, ուսման, առողջությունը վերականգնելու և կյանքում կայանալու գործում, տկարին օգնենք ուժեղանալ, իսկ ընկածին` ոտքի կանգնել:
    
     Որտեղ էլ լինենք` ապրենք ու գործենք այնպես, որ մեր ցանկացած քայլով միայն հարգանք բերենք մեր դարավոր ազգին և բարձրացնենք մեր իսկ անձի պատիվը հասարակ մարդկանց աչքերում:
    
     Ինչ էլ անենք, աշխատենք չկրկնել կամա կամ ակամա թույլ տված մեր սխալները և մեր արարքով ու գործով վնաս չբերել մեր մերձավորին, բարեկամին, հարևանին ու հայրենակցին և առհասարակ որևէ Մարդու:
    
     Ողջ լինենք, խաղաղ հոգով, անհոգս, անցավ ու բարեկեցիկ ապրենք սիրելի հայրենակիցներ:
    
     Ի սրտե` Հայասեր ու Հայաստանասեր Հայ Սեյրան Մալխասյան 31.12.2013


    

***
     Ամեն, ամենուր Հայրենիք ունենք,
     Անհայրենիք ենք Մայր հողում միայն...
    
     20.09.2013


    

ԻՆՉԻՑ Է
    
     Ինչի՞ց է, որ մենք այլոց մոտ ծաղկում,
     Բարգավաճում ենք, հասնում ճանաչման,
     Մինչդեռ մեր երկրում միշտ հոգսն է ձաղկում
     Ու լոկ կարիքը հույս ունի աճման:
    
     29.08.2013


    

Ա Ն Ը Մ Բ Ռ Ն Ե Լ Ի
    
     Կորցրեցինք անցյալում ու ներկայում չգտանք,
     Մաքառեցինք, տոկացինք` ձեռնունայն ենք մինչ այսօր,
     Եկան, տեսանք, չքացան արհավիրքներ ու վտանգ,
     Բայց այնպես չէ ինչ-որ բան, թե ճրագով, թե լույսով...
    
     Մտավախ ենք մինչ այսօր, որ ուշացանք գնացքից,
     Հեռու, մոտիկ նստեցին արևմտյան ճեպընթաց…
     Կառչել էինք, կարծես թե, ժամանակի քղանցքից,
     Բաց թողեցինք ու ընկանք քարե դարի գիրկը բաց...
    
     Քարե դարի ճանկերից խուսափել ենք փորձում հար,
     Սակայն բնույթը մեր հին անվերջ ներքև է քաշում.
     Ավերողներ անհաշիվ, կեղեքիչներ անհամար,
     Եվ բաժին չեն հանում մեզ և ունեցածն են տաշում...
    
     14.07.2004


    

ՄԵՐ ԿԱՊՈԻՅՏ ԹՌՉՈՒՆԸ
    
     Մենք դուրս ելանք տապանից
     Ու ցրվեցինք աշխարհում,
     Դեգերումները դարձան
     Բնությունը մեր խաչի:
     Նենգ անցյալի զերթ դարում
     Դարձանք Նոյի սերմնացան,
     Ողջ աշխարհն է լայնարձակ
     Հիմա մեր տունը դարձել:
    
     Անքննելի մեր գենում
     Որոնման հունդն է դրված,
     Անհիշելի դարերից
     Կատարյալին ենք ձգտում,
     Սակայն հրաշքն այդ կարծես
     Անհայտում է թաքնված,
     Ու փնտրում ենք միշտ անտես
     Հավքը կապույտ երկնքում...
    
     14.07.2004


    

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
    
     Բազում դարերի քառուղիներում
     Մարտնչել ես բյուր ոսոխների դեմ,
     Ջրաբաժանում չարի ու բարու,
     Փնտրելով միայն Բարու արահետ:
    
     Ասպատակել են անթիվ թշնամիք,
     Սրի են տվել, ցրել աշխարհում,
     Բայց Դու ամենուր շինել ես տանիք
     Ու ծիլ ես տվել ամեն մի դարում:
    
     Դու, հավերժահոս գետակի նման,
     Անցել ես բազում խութերի միջով,
     Տիրոջ օրհնությամբ էլ չկան նրանք,
     Բայց Դու կաս, կապրես`
     Վեհ ու անզիջում:
    
     20.06.2012


    
    

ՀԱՅԻ ԲԱԽՏ


     Սպասում ենք դարեր ի վեր,
     Դարեր ի վեր մաքառում,
     Անվերջ տկլոր ու բնավեր`
     Տերունական պայքարում...
    
     Քանի, քանիսն եկան անցան,
     Խոստումները բերանին,
     Վաղվա օրից տարան անցյալ
     Նրանց կարկուտն ու քամին...
    
     Մենք բռունցք են դառնում ահեղ,
     Երբ ոսոխ կա մեր դիմաց,
     Իսկ երբ պիտի իրար շահենք,
     Կամ նախանձ ենք, կամ քնած...
    
     15.11.2005


    

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ
    
     Այսօր հոռի, վաղն անգո,
     Մոլորության շղարշում,
     Մի տեղ հնչում է տանգո,
     Մի տեղ աթոռ են մաշում...
    
     Միևնույն է շատերին
     Տերևաթափ կամ գարուն,
     Մեկն ուզում է համբերի,
     Մյուսն էլ չի համբերում..
    
     Հոգսի համար դուռը բաց,
     Հույսի համար չկա դուռ,
     Զատզատված են խինդ ու լաց,
     Դղյակի մեջ կամ անտուն...
    
     Գեների կապն ընդհատվել,
     Թույնով է լոկ աչքը լի,
     Իրար կարող են ատել,
     Չարն է և’ հաց, և’ գինի...
    
     Այդ չարագույժ ոլորտում
     Փրփրաբաշ է ամեն ցավ,
     Հոգսն ալիքվող, անհատնում,
     Նախանձն անկուշտ, անկործան...
    
     Անեզր է ու անվախճան
     Երթն ալեկոծ օրերի`
     Մտքերն անշունչ ու անբավ,
     Հոգին անբույր ու հոռի...
    
     Մարդիկ դառնում են մժեղ,
     Որկրամոլները` ագահ,
     Կարոտախտ է ողջ գիշեր,
     Հայի կյանք է, Հայի բախտ...
    
     20.10.2005


    

ՈՒՐ Է ԵՐԱԶԸ ՄԵՐ
    
     Ու՞ր է երազը մեր, ո՞ր մայթերի փոշու
     Գորշ ամպերն է երկինք նա բարձրացնում,
     Եվ որտե՞ղ է հիմա նա պահ տրվել հուշին,
     Ու՞մ սրտում է գցել իրարանցում:
    
     Եվ օրերից մի օր ետ կդառնա՞ արդյոք`
     Հետք թողնելու ծանոթ արահետում,
     Թե՞ կկորչի օտար ճամփաներում մոլոր,
     Մարմրելով, անբոց ու բեկբեկուն:
    
     Դարերի համ ունի երազը մեր մաքուր,
     Մաքառող է, անեղծ ու անդավան
     Ու ապրում է այլող երազներից թաքուն,
     Ժամանակի հոսքում անապական:
    
     Ու՞ր է երզազը մեր, ո՞ր մայթերի փոշում,
     Թանձրացե՞լ է արդյոք, թե՞ նվաղել,
     Ու՞մ է հայրենի տան ծանոթ ուղին հուշում,
     Ու՞մ հուշերի հունն է աղավաղել...
    
     4.09.2003


    
    
    

Մայիսը Հայոց Բանակների Հաղթանակների Ամիսն է

ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ

(Հարևան երկրին)
    
    

Եթե մենք սուրը դնում ենք պատյան

Ու խաղաղաբար ձեռք ենք ձեզ մեկնում`

Դա արձագանքն է մեր նոր հարության

Եվ բարի կամքը մեր ըմբոստ ոգու,

Մեր Հավատամքի…


    

Լույսն արեգակի, որ դուրս է հորդում`

Բազում անդրադարձ տալով մեր հոգում,

Որ մաքրամաքուր ճաճանչի նման

Հետքերը ծածկի զուր թափված արյան,

Թափված անհարկի...


    

Մենք չենք մոռացել պատմության դավը,

Դեր Զորի ցավը միշտ հար է մեր մեջ,

Սակայն մեզ օտար արյան ծարավը

Մենք խեղդել գիտենք, երբ չկա էլ վեճ

Երկու բանակի…


    

Պատրաստ ենք անշուշտ և առճակատել,

Պաշտպանել հողն ու հայրենին սրով,

Բայց չենք զլանում վերքերը փակել,

Հին վեճը լուծել թանկարժեք գնով`

Մեր Բարի Կամքի...


    

Եթե անվերծան խնդիր կա ու վեճ,

Եկ նստենք դատի ինչպես բարեկամ,

Հին արյան կանչը մեռցնենք մեր մեջ

Ու մեկտեղ փնտրենք վճիռն իրական,

Առանց լուտանքի...


    

Մենք մեր պատմության վկան ենք իրավ,

Մեզ` խղճի համար, Տերն է դատավոր,

Եվ ապրելու ենք մեկտեղ դարեդար,

Զի զավակներն ենք նույն Ադամահոր,

Նույն Տիրոջ կամքի,


    

Նոր Համբերանքով ու նոր Բարությամբ

Հույզերի տեղակ դնեն մեր Խոհը,

Ու ամենաստեղծ Աստծո օրհնությամբ

Խաղաղ երկնի տակ վարենք մեր հողը`

Առանց փորձանքի,


    

Ու, երբ ընդունենք մենք իրար սիրով,

Կիսենք իրար հետ քրտինքը արդար:

Վեճը կհաղթվի հացով ու գինով,

Հին թշնամանքը կդառնա կարկամ

Ու չի հորձանքի:


    

Զինված բարությամբ երկնքի Տիրոջ

Ու Խոհեմաբար, ամենից առաջ,

Բացենք մեր ոգու կորովը անխոնջ,

Մոռանանք անցած կորուստ ու հառաչ

Ու գանք ընդառաջ`

Հանուն Նոր Կյանքի...


    

28.05.2008


    
    

ՏԱՐԱԳԻՐԸ
    

     Մարդը իր տունն էր ունենալ ուզում
     Ուղիղ դեմ դիմացն Արարատի
     Եվ' մարդավայել ապրել էր ուզում,
     Եվ' մոտիկ լինել իր արմատին:
    
    

Մարդը ուզում էր իր հողի վրա
     Բարդի ունենալ ու արագիլ,
     Մարդը ուզում էր հայրենիք գնալ
     Պանդուխտ չմնալ ու տարագիր:
    
    

Արևածագին նա արթնանում էր,
     Նախաճաշում էր, գնում գործի,
     Բայց տան կարոտը անվերջ արթուն էր
     Եվ իր ողջ կյանքը թվում էր սին:
    
    

Գերի էր վաղուց իր երազներին,
     Կարոտի անմար բոցը սրտում,
     Կարոտ էր Ջրին, կարոտ էր Հողին,
     Եվ իր կարոտն էր տանում տրտում…
    
    

03.09.2003
    
    
    

Ե Թ Ե
    
    

Եթե անեծք է դառնալու մի օր

Քեզ աշխարհ բերած Երկիրն Ավետյաց,

Մարդը տանիք է փնտրելու մի նոր,

Որ փութով լքի հողն իր ամլացած,

Երբ հազար տարում շինածը մեկեն,

Մի ակնթարթում պիտի խարխլվի,

Ու ծնվեն միայն ճորտեր ու բեկեր,

Ու ճորտից նույնիսկ չոր հացը խլվի,

Եթե քաղցած է մեկը իմ մեղքով,

Երբ ես ճաքում եմ պարարտությունից,

Ու ողջ երկիրը պատված է վերքով

Ու հալումաշ է լինում իմ թույնից...

Անիծիր Տեր իմ, Քո ստեղծածին...


    

Եթե մարմինը դառնալու է սին,

Անապատի պես չոր ու անապակ

Ու լոկ մտածի սնվելու մասին,

Ինչպես կարասը խոր ու անհատակ,

Եվ եթե սիրտը պիտի բաբախի

Միայն մարմինը սնելու համար

Ու ստնտուն է դառնալու վախի,

Մի ողջ ժողովուրդ անտուն ու անվար...

Եթե ինձ պիտի հայհոյեն անվերջ

Ու արժանանամ արգահատանքի,

Եվ հոգի ու սիրտ չտեսնեն իմ մեջ,

Այլ լոկ մոլուցքը փողի ու փառքի...

Եթե իմ մեղքով բյուրավոր մարդիկ

Պիտի հայհոյեն իրենց հայրենին,

Եվ հայ լինելը դառնա նախատինք,

Ու կանայք պահեն ամուլ այրերին...


    

Անիծիր Տեր իմ քո ստեղծածին,

Քո' ստեղծածին...


    

17.05.1998
    
    
    

ՈԳՈՒ ՍՈՎ
    
    

Ոգու սով կլինի:
     Ասել են ու անցել…
     Մեր աչքերի առաջ ավերվում է հողը,
     Կուզես շուրջդ նայիր, կուզես գնա անցյալ,
     Ստվերում է աշխարհն Արարողը:

Ոգու սով կլինի…
     Մարմինները տկար,
     Երբ թոթափեն ոգու վերջին հյուլեն,
     Հոգին քար կդառնա, կամ կդառնա նկար
     Ու կկորչի հոգսի փոշում նորեն:
    
    

Ոգու սով կլինի…
     Դեռ ոգու սով չկա,
     Ամբարտակներ շինենք ամենուրեք`
     Պահպանելու նրան, գուցե Տերը գթա,
     Հոգին պտղաբերի, բար տա ու բերք:
    
    

Ոգու սով կլինի…
     Բայց եղե՞լ է մի պահ,
     Որ ոգին լի լիներ առանց հացի,
     Անկուշտ աչքի նման ոգին էլ է ագահ,
     Նա էլ կուզի ննջել փափուկ բարձի:
    
    

Ոգու սով չի լինի:
     Ոգու սով եղել է
     Նախաջրհեղեղյան կարմիր այգաբացում:
     Փորձիր առաջ գնալ և անցյալը պեղել.
     Հացն է ոգու առաջ դռներ բացում:
    
    

Ոգու սով չի լինում:
     Պակասում է լույսը:
     Երբ չի բավում հացը հանապազօր,
     Ու անորոշ միգում մոլորված է հույսը,
     Ոգին տկար է միշտ, հացը` հզոր:

14.12.02


     ԳՆԱՑԻՆ
    

Եկան, գնացին անվերադարձ,
     Հոգնության նման մոռացվեցին:
     Նորը անփորձ էր, անցյալն անդարձ,
     Ներկան փնտրում է նոր ուղեծիր:

Ու, երբ գալիքը դառնա այսօր,
     Ներկայից հուշը մնա միայն,
     Երբ դառնանք ափը բարեհուսո,
     Երևի կգան ու կմնան:
    
    

Մեղմ անդորրի մեջ տոթ գիշերի
     Մտքերիս ցավից խճճվում եմ:
     Սովորեցինք այս կարուսելին.
     Ուզում ենք զարթնել` հա ճոճում են…

12.08.03
    
    
    

ԵՂԱԾՆ ԵՂԵԼ Է

Ինչ որ եղել է արդեն եղել է,
     Մենք էլ չենք կարող փոխել դրանք,
     Ու պիտի լինի` ինչ լինելու է.
     Աստծո կամքով է ամեն մի բան:
    
    

Այդպես է կյանքը` մեծ կարուսել է,
     Ու պտտվում է մեզնից անկախ:
     Հնարավոր չէ ետ տալ դարսերը,
     Եղածն անդարձ է ու ակնբախ:
    
    

Կյանքը հաճույք է, սեր է, կարոտ,
     Ծնվում, ապրում ենք մինչ ծերություն,
     Կյանքի ծերպերը կրծում քարոտ,
     Եվ նեկտար ըմպում և անձի թույն:
    
    

Վաղվա մեր ուղին ընտրում է Տերը,
     Սակայն մեր կամքը նա չի սանձում,
     Ու մեզ թվում է աշխարհը մերն է`
     Շինում, քանդում ենք առանց հարցում…
    
    

Ինչ պիտի լինի, Տերն է որոշում,
     Բայց ամեն անգամ թույլ է տալիս
     Գարնան զարթոնքում տեսնել աշունը,
     Սխալ քայլերը դարձնել ճիշտ:
    
    

Բայց ինչու՞ դեռ կան ցավեր ու վիշտ...
    
     17.08.03


    
    
    

ՄԱՍԻՍՆ Ի ՎԵՐ


    

Մասիսն ի վեր ձյուներ,

Մասիսն ի վար ձյուներ,

Եվ այդ ձյուների մեջ` տապանը հին,

Ու մեր մշտահոլով լեգենդների հյուլեն`

Առասպելը մեր հին` անդարձ գոյի…


    

Մասիսներից անդին լեռնաբնակ ծովեր,

Ու երկնամերձ ասքը մեր ինքնության,

Մասիսներից այնկողմ անհամրելի զոհեր,

Մեր կորուսյալ երկրի օրերն անցյալ:


    

Մասիսները որպես կարոտահույզ ջահեր,

Մեր աննկուն կամքի առհավատչյան,

Պատվի ու հարության փարոսներ են դառել,

Դարձել Գալիք միտող Ոգու ատյան…


    

Մասիսն ի վեր ձոներ,

Մասիսն ի վար ձոներ,

Եվ այդ ձոների մեջ` Նավը Նոյի,

Ու մեր հավերժամետ լեգենդները բյուրեղ`

Առասպելը Մեր Նոր` Եկող Գոյի…

18.08.2003


    

* * *

Աշխարհի վրա աշխարհի նման պիտի լինեիր,

Ավաղ, մենակ ես…

27.08.03


    
    
    

ԵՐԿԱՐՈՒՄ Է ՕՐԸ


    

Արտասվաթոր էինք, արտասվահակ դարձանք,

Գերեվարված էինք, դարձանք ազատ,

Նմանվել ենք հանդում մայր կորցրած գառան,

Չկան բարեկամներ ու հարազատ:


    

Ողջը լքել վաղուց, գնացել են հեռու,

Անգղների ճանկում ճնճղուկ ենք մերկ,

Այլ տեղերում կյանքը հարուստ է ու բեղուն...

Երազ երկրի ցելը մնաց անհերկ:


    

Երկարում է օրը, երկարում է տարին,

Ու դարերի հետքով ձգվում անվերջ,

Ոսկե հասկի տեղում ծլարկում է գարին,

Հողին տեր են դառնում որդ ու բվեճ…


    

Կռունկների նման մեկ-մեկ ետ են գալիս`

Հուշի արահետը թարմացնելու,

Տեղեկություն քաղում սրա, նրա հալից,

Շրջում պատանության փողոցներում:


    

Ու գնում են նորից, ու գնում են նորից,

Ու շատերին տանում իրենց հետքով,

Զավակներ են կտրում հայրենական հողից,

Մենք հիմար ենք մնում, իրենք` խելքով…


     14.08.03


    
    

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ


    

Աղոթում եմ Աստծուն, որ երջանիկ լինես,

Ամենազոր լինես ու պատվարժան,

Որ ետևում մնան փորձանքներդ դաժան,

Հորիզոններդ միշտ լինեն հրկեզ:


    

Աղոթում եմ, որ միշտ մասնակիցը լինես

Աշխարհին փառք բերող մեծարումի,

Որ և դժնի ժամին Աստծո որդին լինես

Եվ հաղթանակներիդ վեհ պահերին:


    

2007


    

ՄԵՐ ՋՈՒՐԸ


    

Ասում էին ջուր ունենք`

Ջուրն այդ աշխարհը չունի,

Ջրով կապրենք, հողն ու մենք,

Ու չենք լինի անտունի:


    

Կենարար է ջուրը մեր,

Անմահական համ ունի,

Ջուրն անգին է ու անտեր,

Կապրենք` միայն ջուր լինի:


    

Ջուր կծախենք ամենքին,

Անթիվ գանձեր կդիզենք`

Ճար կլինի մեր վերքին,

Հաց կունենանք ու կիսել:


    

Կապրենք լավ ու ապահով,

Հարուստ, անկախ ու ազատ,

Տուն կունենանք, վանք ու ծով,

Բարեկամ ու հարազատ:


    

Մի օր մեզ կնախանձեն

Հարևանները բոլոր,

Կարիքները կսանձենք,

Կծաղկեցնենք կյանքը նոր:


    

Լավ երազ էր ջուրը մեր

Ու երազ էլ այն մնաց,

Դեռ լքված են ու անտեր`

Երազները մեր անհաս:


    

Անկախացանք կարծես թե,

Ջուրը մնաց մեր ձեռքին,

Բայց անտուն ենք մենք ու դեռ

Ճար չենք գտել հին վերքին:


    

12.09.1903


    

ԵՍ ՔՈՆՆ ԵՄ ՀԱՎԵՐԺ


    

Ես քո վասալն եմ, ով արդարություն,

Քո երկրպագուն, բարություն անզեն,

Եվ բարի նախանձ, քո ճորտը կյանքում,

Ձեր փառքի համար միշտ պատրաստ ի զեն...


    

Երանի աչքս չտեսներ երբեք

Ավերակ դարձած քաղաքներ ու գյուղ,

Բայց հաճախ - հաճախ տեսներ միատեղ

Երջանկությունն ու պատիվը մաքուր:


    

Թող ես լինեի աղքատն ամենից

Ու վաստակեի չոր հացս միայն,

Սակայն ծիծաղն ու երգը հասներ ինձ

Բոլոր ծագերից աշխարհի համայն:


    

Թող խլանայի ու չլսեի

Տառապյալների ողբն ու կականը,

Տեսնեի սակայն խինդը հույզերի

Ամեն հարկի տակ, դրսում և տանը:


    

Պատրաստ եմ լծվել ժանգոտ արորին,

Հերկել բարձիթող ցելն ու խոպանը,

Միայն թե ծաղկեն արդարն ու բարին,

Տուն վերադառնան Մասիսն ու Վանը:


    

Ախ, երազում եմ տեսնել ամենն այդ

Արցունքաառատ մեր հին ոստանում,

Ամենուր ժպտան ծերերն ալեզարդ,

Ու Հայն արարի իր Հայաստանում:


    

Կորստյան անմեղ հին պատրվակով,

Չեմ ուզում լքել իմ սուրբ հայրենին,

Որի հիմքերը դրվել են փառքով,

Որտեղ շատ հաճախ հաղթել են նեռին...


    

Ես քոնն եմ հավերժ իմ սուրբ հայրենիք

Եվ' ողբերգության, և' փառքի պահին,

Քո վաղվա օրում տեսնում եմ գալիք,

Միալն ամեն մարդ նստի ի°ր գահին...

22.04.1999
    
    
    

ՔՐԻՍՏՈՆԵ ՀԱՅ
    

Հազար յոթ հարյուր:

Դժվար է անգամ արտաբերելը,

Ուր մնաց ապրել, ճգնել այդքան ամª

Ուսին կրելով խաչը Հիսուսի...


    

Քրիստոս Հարյավ...

Հազար յոթ հարյուր տարի հնչում է

Պետականորեն,

Խոր հավատամքով Մեսրոպ Մաշտոցի,

Մեր սուրբ Նարեկա Ողբամատյանով,

Նորեն ու նորեն...

Կարծես Արարման վայրկյանից ի վեր,

Համաշխարհային Մեծ ջրհեղեղից

Նոյի Տապանով փրկրված Աղավնին`

Արարատների ճերմակ կատարից,

Դափնու ճյուղի հետ

Եվ Խորհուրդն Աստծո,

Նրա Օրհնանքը

Սերմանեց մեր մեջ,

Որպես սրբություն,

Նախաստեղծման պահին անթեղված

Մասյաց Ձյուներում...


    

Օրհնվես Աստված...

Հինգ հազար տարի մարտնչել եմ ես,

Նախահոր ձեռմամբ օծվել հավատով`

Անաղարտ մնալ Արարատ Լեռան

Մշտնջենական Սուրբ ձյուների պես,

Որ Ապրեմ, Գործեմ ու Փոշիանամ

Արարչի Դատով...

Նրա Միածին, Իմաստուն ու Հեզ

Հիսուս Որդու պես,

Խղճի, Բարության և ամենազոր

ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ`

Դարերով թրծված Խոհի Արմատով...


    

Փառք Երկնավորին,

Նրա միածին Քրիստոս որդուն,

Ողջ տիեզերքը իրար հանգուցող

Սրբասուրբ Հոգուն,

Եռակի Ամեն…


     17.01.2001


    
     Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ա Կ Ա Ն


    

Վալերի Բրյուսով (Валерий Брюсов)

ՀԱՅԵՐԻՆ
    
    

Այո, դուք կանգնած եք միջնաբեմում
     Երկու տարակարծիք աշխարհների,
     Բայց ձեր ոգուն անվերջ ուժ է բերում,
     Ձեր դարավոր նախնյաց պատգամը հին:
    
     Ալեկոծումն ու հողմն աշխարհների,
     Թեկուզ թևի ծայրով, կառչել են ձեզ,
     Կրեսոսի ահեղ արշավների
     Եվ Մակեդոնացու որոտը մեծ:
    
     Խոնարհել եք, թողած շփոթի մեջ,
     Փառքը կայսերական դրոշների,
     Եվ Հուստինիանոսի զորքերի հետ
     Ձեր այրուձին նետել ընդդեմ նեռի:
    
    

Քիչ չեն ձեզ խոնարհել հողմերը նենգ,
     Ինչպես փոթորիկը մանուշակին,
     Չինգիզխանի որոք, Լենկթեմուրի,
     Լուսնի փառքի մռայլ խրախճանքի…

Սակայն, արի զինվոր, հարվածի տակ,
     Ձեր ոգին չի զիջել ճակատագրին,
     Եվ զուր չէ, որ երկու հսկա բանակ
     Կռվում են դեռ, թե ո՞վ ձեզ կտիրի:

Դժվար էիք հղկվում, ոնց ադամանդ`
     Պահպանելով ձեր մեջ շողերը նուրբ,
     Հանց գույներով հարուստ շիրազի վարդ,
     Հանց Հոմերյան փառքի ճաճանչը լուրթ:
    
     Եվ ապրեց երկիրը ձեր Նաիրյան,
     Գահանկումների մեջ ու դավերի,
     Բայց ձեր գիրն ու միտքը ապրեցին, կան,
     Ինչպես նրանց պաշտպան վանքերը հին:

Սուրբ կարոտով, հոգին ձեր ավերված,
     Այնտեղ միտքն է պահել չարից հեռու,
     Գրված Քրիստոսից մինչ Արամազդ,
     Գրված երկրագնդի չորս ծագերում:

Եվ ձեր ստեղծագործ ու բորբ ոգին,
     Վառված ճաճանչներից հելենական,
     Անհնազանդ մռայլ ժամանակին,
     Լույսին է միշտ կառչել սուրբ արարման:

Եվ հիմա, մեզ հասած նոր աշխարհում,
     Ամբոխի մեջ մթար շատ ցեղերի,
     Անտիկ սարսուռն է ձեր դեմքից բուրում
     Մեզ անծանոթ ու խորթ հին դարերի:

Անցյալ դասերը ձեր լրջախոհ են
     Եվ հավերժ է նրանց լուսե սահքը,
     Դուք իրավունք ունեք, հպարտորեն,
     Կրել բազմադարյան ձեր պսակը:

Ձեր ժառանգությունը լուրջ է, հզոր,
     Մենք այն ըմբոշխնում ենք ու զարմանում,
     Թե անցյալ է ո՞նց է իր հին զարկով
     Կոչնակն ալեկոծում նոր օրերի:

Հավատ ունեմ, ազգդ Մեծ Տիգրանի,
     Հաղթահարելու է հեղեղ ու հողմ,
     Եվ ձեր փառքը պիտի հավերժ ճախրի
     Սխրանքների իր նոր ուղեծիրով:

Որ մի օր կենսախինդ ձեր քնարը,
     Արարչագործ հոգու իր սուրբ երգով,
     Երկու օտար ու խորթ աշխարհները
     Կշաղկապի ինչպես երկինք ու ծով:
    
     1910

Թարգմանեց` Սեյրան Մալխասյանը
    
    
    
    

Լոռվա բնապատկեր 2014
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
125658 | 4 | 0
Facebook