Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներ

23:23, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2012 թ.
Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներ

Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացենրը ունեն մեկ յուրահատկություն, որը բնորոշ է եզակի պետությունների: Դա Հայոց սփյուռքի առկայությունն է: Հայկական սփյուռքն իր թվաքանակով կրկնակի գերազանցում է Հայաստանի բնակչությանը և ցրված է աշխարհով մեկ: Համահայկական կազմակերպությունները, որոնք գործում են տարբեր հասարակական-քաղաքական բնագավառներում, մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային ինտեգրմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, և այդ արժեքները Հայաստանի Հանրապետություն են ներկրվում նաև Սփյուռքի միջոցով: Համահայկական ինտեգրման ռազմավարությունը ուղղված է Սփյուռքի ազգամշակութային ինքնության կորստյան և ուծացման կանխմանը` մի կողմից, և Հայաստանից արտագաղթի չեզոքացմանը` մյուս կողմից: Համահայկական ինտեգրումն ունի նաև մեծ տնտեսական ու մշակութային նշանակություն, քանի որ խթանում է տուրիզմը, մշակութային արժեքների պահպանությունը, տարածումը և այլն: Սակայն, սերտորեն համագործակցելով Սփյուռքի բազմաթիվ համահայկական կազմակերպությունների հետ, պետք է լավ գիտակցել, որ Սփյուռքի ներկայացուցիչներն այլ երկրների քաղաքացիներ են, ուստի այդ համագործակցությունը որոշակիորեն սահմանափակված է: Այս առումով համահայկական ինտեգրումը` Հայաստան–Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդումը, անմիջականորեն կապված է Հայաստանի միջազգային ինտեգրման հետ. որքան արդյունավետ է այդ ինտեգրումը, այնքան ամուր են հարաբերությունները Սփյուռքի հետ:

Ստեղծվելով հետխորհրդային տարածքում` ԱՊՀ-ն նպատակ ուներ լրացնելու այն ռազմաքաղաքական և տնտեսական վակուումը, որն առաջացավ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այս առումով ԱՊՀ-ն զգալի դեր կատարեց նախկին խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված տնտեսական, ռազմաքաղաքական կապերի լիակատար փլուզումը կանխելու գործում: Սակայն ԱՊՀ–ն առաջացնում է անդամ-պետությունների հիասթափությունը` չկարողանալով ապահովել արդյունավետ համագործակցություն, միևնույն ժամանակ ԱՊՀ երկրների գերակշիռ մասն ընտրել է եվրոպական զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին: Այս առումով Հայաստանի համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում բխում է անվտանգության ընդհանուր բնույթ ունեցող խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Պայմանագրի նպատակն է միասնական ուժերով կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում վերացնել մասնակից պետությունների դեմ ուղղված ռազմական սպառնալիքը: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է: Պայմանագրի ռազմական բաղադրիչն արտոնյալ պայմաններ է ընձեռում անդամ-պետություններին ռազմատեխնիկական մատակարարումների հարցում, ինչն առաջնային կարևորություն ունի Հայաստանի համար: Սակայն Ռազմական-ռազմաքաղաքական համագործակցության զարգացման, ԱՊՀ բոլոր երկրների համար ընդհանուր պաշտպանական համակարգի ստեղծման փորձերը մինչ օրս ձախողվել են:

Ռուսաստանի նորընտիր նախագահ պրն. Վ.Պուտինն իր կառավարման երրորդ շրջանը սկսում է հետխորհրդային տարածքի համախմբման նոր ծրագրով: Ռուսաստանի համար այժմ գերնպատակ է հաջողությամբ միավորել հետխորհրդային պետությունները Եվրասիական միության շուրջ: "Մենք" կարծում ենք, որ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը Հայաստանի համար առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում: Հետխորհրդային երկրների հետ առևտրատնտեսական կապերի և ներդրումների առումով Հայաստանի համար հետաքրքիր են միայն Ուկրաինան և Ռուսաստանը: Ուկրաինան արդեն իսկ փաստացի հրաժարվել է հետխորհրդային տնտեսական ինտեգրացիոն բոլոր մոդելներից, իսկ հիմնական առևտրային գործընկեր (որպես առանձին երկիր) Ռուսաստանի հետ ինտեգրումը պարտադիր չէ, որ լինի եվրասիական վերպետական ինստիտուտի մակարդակով: Ավելին` դա կարող է խախտել ներկա բալանսը և քաղաքական խոչնդոտ դառնալ ԵՄ հետ բանակցություններում: ՙԵվրասիական՚ խոսակցություններից զուգահեռ` այսօր Հայաստանը հաջողությամբ առաջ է շարժվում ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր կնքելու բանակցություններում: Նախաճգնաժամային 2008-ի տնտեսական ցուցանիշները վերահաստատեցին, որ նույնիսկ սահմանափակ ցամաքային կապի պայմաններում ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները զարգանում են, թեև առկա է ընդլայնման ու հավելյալ հնարավորությունների ստեղծման մարտահրավեր, ինչպիսիք են օգոստոսյան պատերազմը, վրացական տարանցման սահմանափակումները: Մյուս կողմից թե’ Եվրոպական, թե’ եվրասիական ուղղություններով Հայաստանի համար խնդիրները, բացի առևտրա-տնտեսականից, աշխարհարգրական բնույթի են, և, կիսաշրջափակված ցամաքային սահմաններով ու դեպի ծով ելք չունենալով, Հայաստանը իրականում լուրջ խնդիրների է բախվում արտաքին շուկաների հասնելու ճանապարհին:

Կարեւոր է հասկանալ նաև, թե ինչում է հետխորհրդային և եվրոպական ինտեգրացիոն մոդելների հիմնական տարբերությունը: Մեծ Եվրոպայում անվտանգության, համագործակցության և համատեղ կայուն զարգացման գաղափարը կարողացավ միավորել այնպիսի երկրներ, ինչպիսին են Լեհաստանը եւ Գերմանիան, Բրիտանիան եւ Իռլանդիան: Հետխորհրդային տարածքում դեռևս չի ծնվել այնպիսի գաղափար, որ կմիավորեր Հայաստանը եւ Ղազախստանը` բացի խորհրդային տարիներից մնացած մարդկային ջերմ հարաբերություններից: Ավելին` միջինասիական բոլոր երկրները` հանդիսանալով Իսլամական կոնֆերանս կազմակերպության և միաժամանակ ԱՊՀ ու ՀԱՊԿ (բացառությամբ Թուրքմենստանի) լիիրավ անդամներ, նախանձելի ակտիվությամբ մասնակցում են հակահայկական բանաձեւերի դրոշմմանը: Որևէ համագործակցություն չկա նաև ԵԽ կամ ԵԱՀԿ անդամ ԱՊՀ երկրների հետ: Բացի այդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն հայտարարած Հայաստանի համար կարևոր են նաև չճանաչված հանրապետության վերաբերյալ Եվրոպայի և ՙԵվրասիայի՚ դիրքորոշումները:

Եթե ԱՊՀ երկրները և գլխավորապես Ռուսաստանը մեր ներկայիս կիսափակ սահմանների պարագայում դիտարկվում են իբրև աշխարհագրորեն մոտ շուկաներ, ապա ԵՄ հետ բանակցությունների օրակարգը ներառում է արդարադատության համակարգի բարեփոխումներից եւ քաղաքացիական ազատությունների ապահովման ոլորտներում համագործակցության խնդիրներից մինչև տնտեսական, ճյուղային և ֆինանսական համագործակցություն:

"Մենք" կարծում ենք, որ Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը Հայաստանի պետականության կայացման համար ավելի տեսանելի է, քան ԱՊՀ տարածքում որևէ համագործակցություն: ԱՊՀ-ն Հայաստանում արդարացիորեն զուգահեռվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ` ռազմական համագործակցությամբ և ժամանակին հատկացվող վարկային միջոցներով: Հետևաբար, եվրոպական կառույցների հետ հարաբերություններն իրենց բնույթով երկարաժամկետ ռազմավարություն են ներկայացնում, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները համապատասխանում են պետության անվտանգության սպառնալիքներին: Եվրոինտեգրացիոն գործընթացները Հայաստանի համար առաջընթաց քայլեր են` չնայած բոլոր քննադատների պնդումներին, և այն կարծիքներին, որ դեպի Եվրոպա կատարվող քայլերը երկրորդ պլան են մղում ազգային դիմանկարը` մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է շարժվել առաջ և հետևել քաղաքակիրթ աշխարհի օրինակին: Մեր օրերում առաջնային արժեք է համարվում մարդու իրավունքների և բազմակարծության ապահովումը, և որքան էլ այդ արժեքները բացասական կողմեր ունենան, համեմատության մեջ դիտարկելիս ավելի նախընտրելի են, քան հետամնաց և ինքնամփոփ երկրների շարքն անցնելու հեռանկարը:


    
    

Հեղինակ. "ՄԵՆՔ" ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման նախագահ Ռ.Գյոզալյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5465 | 0 | 0
Facebook