Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2014 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+30 °C
,
գիշերը`
+20 °C
,
ցերեկը`
+36 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
411.26
,
Եվրոպական Եվրո
540.35
,
Ռուսական ռուբլի
10.97
Viva Cell - ՄՏՍ կոնեկտ ուսանողական

Հոդվածներ

Տեղադրել գովազդ

Գեղամ Սարյան, Լուսանկարը

12:05, շաբաթ, 15 փետրվարի, 2014 թ.
Գեղամ Սարյան, Լուսանկարը
    
    
Գեղամ Սարյան - Լուսանկարը

    

    
     1
     Շրջում է մի աղջիկ ծաղկանոցում,
     Թախծում է նա տրտում ու մեն-մենակ:
     Նրան բոլոր-բոլոր ծաղիկներն են լսում,
     Եվ օրորվում են լուռ ու գլխահակ...
     - "Գիտե՞ք, լույս ծաղիկներ, իմ սիրելին գնաց,
     Նա կռվի դաշտ գնաց սերը սրտում.
     Տեսել եք դուք նրան, նրա բույրը մնաց,
     Նրա հայացքն է ձեր ամեն թերթում:
     Նա թուխ աչքեր ուներ, մազերն էին գանգուր,
     Բարձրահասակ էր իմ սերն առաջին,
     Ձեզնով էր ներշնչված նրա ամեն համբույր,
     Դուք ունկնդիր էիք մեր հառաչին...
     Քնքուշ իմ ծաղիկներ, մենք փարվեցինք իրար
     Վերջին հրաժեշտին եղաք վըկա.
     Ընծայեցի նրան ես մի լուսանկար,
     Իսկ նա ինձ համբուրեց, ասաց՝ կըգա...
     Ընծայեցի նրան ես մի լուսանկար,
     Եվ ասացի վերջին, վերջին պահին.
     Սիրտըս այս նկարում՝ կռվի դաշտերը տար,
     Թող նա քեզ փորձանքից ազատ պահի:
     Հիմա որտե՞ղ է նա՝ իմ թխադեմ տղան,
     Եվ ո՞վ գիտե խորհո՞ւմ է իմ մասին"...
     Ծաղկանոցով սահեց զեփյուռն առավոտյան,
     ՈՒ ծաղիկներն անխոս օրորվեցին...
     2
     Պատերազմի դաշտում մի կապավոր զինվոր
     Ոգի առած կռվում է քաջաբար,
     Պատերազմի դաշտում զինվորն ամեն մի օր
     Ծոցից հանում է մի լուսանկար:
     Եվ լուռ նայում է նա ժպտուն այն աղջկան,
     Վառվում է իր սրտում խոր մի կարոտ,
     Թվում է կենդանի տեսնում է նա նրան,
     Թվում է՝ կանգնած է աղջիկն իր մոտ...
     Եվ զինվորը մի օր իբրև հուշ մի անմար
     Նկարի տակ գրեց, որ միշտ մնա.-
     "Հայրենիքի համար, այս աղջկա համար
     Արժի, որ մարդ կռվի ու մահանա":
     3
     Կտրել է թշնամին լարերն հեռախոսի,
     Երկու գնդերը չեն լսում իրար,
     Եվ հրաման տվեց գնդապետն այդ մասին,
     Հրաման եկավ՝ տղան պիտի գնար;
     Պատերազմի դաշտում մի կապավոր զինվոր
     Ոգի առած քայլում է քաջաբար,
     Չորս կողմը մահ, չորս կողմ կրակ է ահավոր՝
     Ծոցում պահած մի լուռ լուսանկար...
     Գնում է՝ դեմ-դիմաց լեռներն են Կովկասի.
     Կատարներին հյուսեր մաքուր ձյունի.
     Գնում է՝ կտրված լարերն հեռախոսոի
     Երկու գնդերի հետ միացնի:
     Գնում է... բայց հանկարծ վայեց մի օդանավ,
     ՈՒ պտտվեց նա չար մտքի նման,
     Տղան ուզեց պահվել, իսկ նա թափով իջավ,
     Գնդացիրի կրակն ուղղեց նրան:
     Տղան տնքաց... իսկ նա սահեց, վեր խոյացավ,
     Տղան տնքաց, ընկավ երեսն ի վար,
     Ընկավ՝ թիկունքին վերք, ընկավ՝ սրտի մեջ ցավ,
     Ծոցում պահած մի լուռ լուսանկար...
     Ընկավ... սողում է բայց, սողում է նա առաջ,
     Շուրթերն է կծոտում՝ ցավը պահի,
     Սողում է՝ ներկելով արյամբ թուփ ու կանաչ,
     Ա՜խ, կսկծում է վերքը տղայի...
     Սողում է... արյունը որքան կուզի հոսի.
     Թող վերքն ավելի խիստ ցավեր ծընի,
     Պիտի գտնի կտրած լարերն հեռախոսի,
     Երկու գնդերի հետ միացընի...
     ՈՒ տեսավ ահա ընկած ճանապարհին
     Հեռախոսի մի լարն օձագալար.
     ՈՒ ծայրն ամուր բռնած լարեց ուժն իր վերջին,
     Առաջ սողաց տղան ճամփան դժվար:
     Սողում է, որ գտնի երկրորդ ծայրը լարի,
     Վերքից արյունն է հոսում վարար,
     Սողում է՝ ներկելով հողը ճանապարհի՝
     Ծոցում պահած մի լուռ լուսանկար...
     4
     Գործում է հեռախոսն աշխույժ ու անընդհատ,
     ՈՒ լսում են երկու գնդերն իրար,
     Խոսում են գնդից գունդ ու ճակատից ճակատ,
     Բայց կապավոր զինվորը դեռ չըկար...
     Խփվե՞ց ճանապարհին, ընկա՞վ արդյոք տղան,
     Եվ մի՞թե նա երբեք չի դառնալու,
     Երկու զինվոր տղա ելան ճամփա ընկան
     Կտրիճ կապավորին որոնելու;
     Գտան նրան: Անշունչ ընկած էր մի քարի,
     Ընկած էր արնաքամ, երեսն ի վար,
     Եվ զույգ ծայրերն ահա հեռախոսալարի
     Ատամներով ամուր սեղմած իրար...
     Սառել էր նա իբրև հանգույց մի հասարակ
     Հեռախոսի կտրած լարի վրա,
     Ատամների ուժով նրան տվել էր կյանք
     Եվ իր արյունն ամբողջ և շունչն իրա...
     Երկու զինվոր տղա տխուր, տխուր հոգով
     Համբուրեցին նրան եղբայրաբար,
     Մեռել էր զինվորը քաջի վայել փառքով,
     Կողքին ընկած մի լուռ լուսանկար...
     ՈՒ նրանցից մեկը կարդաց բարձրաբարբառ
     Նկարի տակ գրված տողերն ահա.
     "Հայրենիքի համար, այս աղջկա համար
     Արժի, որ մարդ կռվի ու մահանա":
     5
     Շրջում է մի աղջիկ նորից ծաղկանոցում,
     Լիալուսինն արդեն կիսեց ճամփան,
     Նրան խաղաղ քնած ծաղիկներն են լսում,
     Աստղերն են գունատված լսում նրան:
     -"Զարթե՛ք, ջինջ ծաղիկներ, չըկա իմ սիրելին,
     Կռվի դաշտում ընկավ նա հերոսաբար,
     Փարվել եմ ես նրան՝ նրա մահվան պահին
     Իբրև մի լուռ, մի լուռ լուսանկար...
     ...Ասում են՝ թաղեցին նրան մի անտառում
     ՈՒ կա այնտեղ հիմա մի գերեզման...
     Միտքըս հաճախ-հաճախ նրան տուն է բերում,
     Հայացքս մտախոհ թեքված վրան...
     ...Ասում են՝ դամբանին դրին հուշատախտակ,
     ՈՒ փակցրին վրան լուռ մի պատկեր...
     Սիրած աղջիկն է նա՝ կանգնած պատվո պահակ,
     Սրտում պահած անհուն, մաքուր մի սեր...
     ՈՒ գրեցին այնտեղ իբրև հուշ մի անմար,
     Իբրև հպարտության ու սրտի ցավ.
     "Հայրենիքի համար, այս աղջկա համար
     Կռվեց մարտիկը քաջ ու մահացավ"...
     Ծաղկանոցով անցավ աղջիկն առավոտյան,
     ՈՒ ծաղիկներն ամեն ելան քնից,
     Եվ նայեցին՝ լացած մանուկների նման
     Ցողի շիթեր կախված աչիկներից...
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
698 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Հարգելի ընթերցող:
Լավագույն մեկնաբանությունները, որոնք գրառվել են հայերեն, չեն խախտում էթիկայի կանոնները կտեղադրվեն COMMENT.am-ում:
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
ԱՎԱՆԴ.am
TESTER.am