Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միքայել Նալբանդյան, Իտալացի աղջկա երգը

21:18, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2014 թ.
    
Միքայել Նալբանդյան - ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

    

     "Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
     Մեր թշնամուց ոտնակոխ,
     Յուր որդիքը արդ գանչում է
     Հանել յուր վրեժ, քեն ու ոխ":
     "Մեր հայրենիք շղթաներով
     Այսքան տարի կապկապած,
     Յուր քաջ որդոց սուրբ արյունով
     Պիտի լինի ազատված":
     "Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
     Որ իմ ձեռքով գործեցի,
     Գիշերները ես քուն չեղա,
     Արտասուքով լվացի"
     "Նայի՛ր նորան, երեք գունով,
     Նվիրական մեր նշան,
     Թո'ղ փողփողի թշնամու դեմ,
     Թո'ղ կործանվի Ավստրիան":
     "Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
     Պատերազմի գործերում
     Կարե օգնել յուր եղբորը,
     Զանց չարեցի քո սիրու":
     "Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
     Շուտ ձի հեծի'ր քաջի պես,
     Գնա' փրկել մեր հայրենիք,
     Պատերազմի վառ հանդես":
     "Ամենայն տեղ մահը մի է,
     Մարդ մի անգամ պիտ մեռնե.
     Բայց երանի՜, որ յուր ազգի
     Ազատության կը զոհվի":
     "Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
     Ազգի սերը քաջալեր,
     Գնա', թեև չեմ կարող գայ,
     Բայց իմ հոգին քեզ ընկեր":
     "Գնա՛ մեռիր դու քաջի պես,
     Թող չտեսնե թշնամին
     Քո թիկունքը, թող նա չասե
     Թե վատ է իտալացին":
     Ասաց. տվեց օրիորդը
     Յուր եղբորը մի դրոշ,
     Մետաքսից էր, ազնիվ գործած,
     ՈՒր երեք գույն կան որոշ:
     Եղբայրն առավ և ողջունեց
     Յուր սիրական քնքուշ քույր,
     Առավ զենքը, սուր, հրացան,
     Հեծավ յուր ձին սևաթույր:
     - Քույրի՜կ, - գանչեց քաջ պատանին, -
     Մնա՛ս բարյավ, սիրական,
     Այս դրոշակին պիտի նայի
     Ամբողջ բանակն իտալյան:
     Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
     Արտասուքով ու կնքած,
     Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
     Հայրենիքի նվիրված:
     Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
     Իմացի'ր որ տարեցի
     Դեպի մահու արքայություն
     Իմ հետ քանի թշնամի:
     Ասաց, վազեց դեպի հանդես
     Ավստրիացոց հանդիման,
     Յուր արյունով գնել հավերժ
     Ազատություն իտալյան:
     Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
     Տեսանելով այսպես սեր
     Դեպի թշվառ մի հայրենիք,
     Որ ոտնակոխ եղած էր:
     Սորա կեսը, կեսի կեսը,
     Գեթ երևեր մեր ազգում.
     Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
     Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն:
     Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
     Այլ չեմ կարող բան խոսել.
     Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
     Եթե կանայք այսպես են:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
52897 | 0 | 0
Facebook