Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վահագն Թադևոսյանի ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում

02:06, շաբաթ, 10 նոյեմբերի, 2012 թ.
Վահագն Թադևոսյանի ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում

Նոյեմբերի 2-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է երիտասարդ գեղանկարիչ Վահագն Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված ստեղծագործություններն աչքի են զարնվում մեղմ ու սպեցիֆիկ համադրություններով, որոնց միջոցով արտազատվում է ներցուցահանդեսային իդիլիկ ու հանգիստ մի աորա, և դիտորդը հարմարավետ կերպով դիտում, զննում, և այդուհանդերձ, հիանում է յուրաքանչյուր աշխատանքով: Ցուցասրահում հիմնականում ստեղծագործական կոմպոզիցիաներ են` բազմաբույլ ու անսահման երևակայական թեմատիկաներով: Յուրատիպ կոմպոզիցիոն մեկնություն ունի "Սայաթ-Նովա" (2012) կտավը: Նվագող կերպարի շարժումն օժտված է սյուր բնականությամբ, պլաստիկայով: Նրա ձուլումը երաժշտական գործիքի հետ ստեղծում է հոգևոր կապը մատերիայի հետ: Նրանց շաղախումը, նրանց անքակտելիությունը, ներքին կապն ու դիֆուզիան, կերտվող երաժշտության պրոյեկտումն է: Կապույտի ու սպիտակի կտրուկ համադրումը, գունային լակոնիզմն ու համառոտակիությունը, աշխատանքը դարձրել են դյուրամարս, և ակնահաճո: Նմանատիպ գունային համադրությունների ցիկլ ենք նկատում նաև "Սբ Գևորգ" (2012), "Թագուհի" (2012), "Նատյուրմորտ" (2012), "Ձկնավաճառը" (2012) աշխատանքներում, որոնք թեև տարաժանր են, յուրատեսակ մոտեցումներով ու կոմպոզիցիոն սիստեմներով, սակայն ընդհանրական ու առանցքային է այստեղ գունային կոլորիտը: Կապույտի էմպիրան կայացած է, ունի իր կայուն դերն ու տեղը յուրաքանչյուր աշխատանքում: Կապտերանգի մեղեդային մի բույլ փթթելով հոսել է նկարչի ներկապնակից, կարծրացել և յուրաքանչյուրը հայտնվել է ապրոպրիացիոն կտավում` երկխոսության մեջ մտնելով գույների հետ` արդարացվել, լրացրել, հագեցրել ու ամբողջացրել կտավները` աշխատանքներին հաղորդելով Վ. Թադևոսյանի ոճային առանձնահատկության էստամպն ու ձեռագրային դրոշմը:

Լազուր կապույտների նրբերանգային տատանումները, որոնք տարանջատված են լույս-կիսաստվեր- ստվեր հարաբերակցությամբ, դիպուկ համակցվել են սպիտակների ու կաթներանգների հետ "Նատյուրմորտ" (2012) աշխատանքում: Մրգերով ու դիմապատկերներով այս նատյուրմորտը յուրօրինակ է: Մետաֆիզիկայի հայեցողական ընկալունակության առկայությունն այստեղ, կարծես առարկաներին ներշնչի արտաքին անկախություն` զուրկ պայմանավորվածություններից, հակասություններից, փոփոխումից, նաև` զարգացումից: Յուրաքանչյուր դետալի այս ինքնուրույնությունը, թերևս, արդարացված է և լիարժեք, պատկերներն ամբողջական են, լրացված ու գերռեալիստական:

Էքսպոզիցիայում իր ուրույն տեղն ունի "Թագուհի" (2012) կտավը: Մաքրության ու անարատության սիմվոլիկ գույները երկխոսության մեջ են մտել թագուհու ջինջ հայացքի հետ: Վերածննդյան մեղմ սֆումատոյի հնչյուններ են լսվում բիբերի հորձանուտներից: Նա` իր ատրիբուտներով, գիպսե քանդակային փափկություն ու նրբություն ունի, իսկ գեղանկարչական ֆոնը, համադրվելով այս անթրթիռ հայացքին, ստեղծել է ինքնահատուկ մոտեցում:

Գունային կոլորիտը հաճելիորեն փոփոխվում է հեղինակի մյուս աշխատանքներում` "Երկինք" (2012), "Անվերնագիր" (2009), "Վերջինը" (2009), "Սպիտակ երկինք" (2012), "Հեքիաթ" (2010), "Դեղձուն ծամ" (2011): Այստեղ սպիտակի ու կապույտի ընկերակցությանն են միացել տաք գույների մի խումբ` կարմիրներ, նարնջագույներ, վարդագույներ, բոսորագույներ, նռնագույներ…, որոնք հարստացրել են կոլորիտային ամբողջականությունները, տրամադրությունները փոփոխությունների ենթարկել: Նրանք կարծես գերկարևոր ու դոմինանտ են դարձրել տվյալ գույնը կրող սուբյեկտին: Կանաչավունները, մոխրագույներն երբեմն` դեղինները ունեն ավելի կրավորական ու զուսպ դիրքորոշում. նրանք մեղմ ու համեստ կեցվածքով իրենց օգնությունն են առաջարկում:

Ավելի գեղանկարչական ու հյութեղ են շարքային մտածողությամբ ստեղծված "Ձմերուկ վաճառողը", " Խնձոր վաճառողը", "Թեյ վաճառողը", որտեղ գունային կտրուկ ու խիզախ համադրումներ են: "Շորժա" բնանկարներում ավելի ռեալիստական նկրտումներ ենք նկատում, սակայն ձեռագրային ընդհանրացումներն ու նկարչի գունային ու կոմպոզիցիոն մտածողության հիմնական առանցքն անփոփոխ է:

Ցուցահանդեսն ամփոփվում է գրաֆիկական աշխատանքների ներկայացմամբ, որոնց մի մասն ունեն "Մերկ" վերնագրերը, իսկ մյուս հատվածում այլ գրաֆիկական գործեր են ` լակոնիկ ու առանձնակի ապլոմբով կատարված: " Մերկ " (2011) աշխատանքում ավան պլանի պառկած աղջիկը իմպոզանտ է, հրապուրիչ ու առինքնող: Նկարիչը աշխատանքը կերտելիս օգտվել է իր մեջ ամբարված անսպառ անատոմիական գիտելիքների պաշարից, որը նրան հնարավորություն է տվել ֆիգուրը ձուլելու անվրեպ ճշգրտությամբ: Այստեղ բնորդի ներքին հանգստությունն է դոմինանտ, նա ազատ է, խաղաղ է, երանավետ հանգիստ է ու նիրվանա…Այն նույն խաղաղությունն ու անդորրն է, որ համակում է դիտողին ու յուրաքանչյուր այցելուին` ցուցահանդես մտնելուն պես, այն հոգևոր հանգիստը, ուղեղի սնուցումը, գեղեցիկն ընկալելու ու վայելելու մթնոլորտը, որ իշխում է Վահագն Թադևոյանի յուրատիպ ու հետաքրքիր ցուցահանդեսում…..

"Սբ Գևորգ" 2012
"Սբ Գևորգ" 2012
"Թագուհի" 2012
"Թագուհի" 2012
"Սայաթ Նովա" 2012
"Սայաթ Նովա" 2012
"Տանձեր" 2012
"Տանձեր" 2012
"Անձրևը սկսվում է" 2012
"Անձրևը սկսվում է" 2012
"Երկինք" 2012
"Երկինք" 2012
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4979 | 0 | 0
Facebook