Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ ՀԱՅԿՈՅԻՆ

Angel Dayan
Հեղինակ`
Angel Dayan
01:03, ուրբաթ, 02 օգոստոսի, 2013 թ.
     Ժամանակին մտածում էի, որ կան մասնագիտություններ, որոնք կամ տրվում են ի վերուստ կամ մարդն ուղղակի չպետք է զբաղվի այդ մասնագիտությամբ: Հիմա էլ եմ այդպես մտածում:
     Լինել կոմպոզիտոր, նշանակում է կարողանալ գտնել այն փոքրիկ ճանապարհը, որը հնարավորություն է տալիս անհատին գոնե ժամանակավորապես իրեն զգալ նորարար, ստեղծող:
     Թերևս այս նախաբանն անտեղի կլիներ, եթե չլիներ Ձեր` 1in.am-ին տրված հարցազրույցը, հարգելի Հայկո:
     Այն, որ Դուք ունեք գեղեցիկ մեղեդիներ և ստացված ստեղծագործություններ, անհերքելի փաստ է, նամանավանդ, որ Դուք ստեղծագործում եք հիմնականում ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար:
     Իսկ ինչպես գիտենք, պարզ և հեշտ ընկալելի երաժշտությունն ավելի շատ է սիրվում մարդկանց կողմից:
     ԲԱՅՑ!
     Չմոռանալով այն, որ, ցավոք, մեզ մոտ դեռ իշխում են շոուբիզնեսի մոնոպոլիական կարգերը, պետք է փորձեմ մի քանի բառով ցրեմ այն ապատեղեկատվությունը, որ Դուք, հարգելի Հայկո, ակամա տարածել եք Ձեր հարցազրույցի միջոցով:
     Մի պահ պատկերացնենք, որ ես Մոնղոլիայի Ցեցերլեգ քաղաքի բնակիչ եմ. հետաքրքրասեր և խելացի: Ինքուրույն սովորում եմ հայոց լեզուն և սկսում եմ քրքրել հայկական կայքերը: Հանդիպում եմ Ձեր հարցազրույցին, հարգելի Հայկո, և ինձ մոտ խորապես արմատանում է այն կարծիքը, որ "երկու միլլիոնանոց ժողովուրդ ունեցող Հայաստանում 4-5 գործիքավորող և կոմպոզիտոր կա":
     Հայկո ջան, այդ արտահայտությամբ Դուք խաղում եք ոչ միայն իմ՝ երաժշտական արվեստի գերազանցությամբ ավարտած մագիստրոսի աստիճան ունեցող կոմպոզիտորի և իմ պես շատ կոմպոզիտորների անվան հետ, այլև քար եք գցում Հայաստանի երաժշտական ողջ մշակույթի վրա:
     Իսկ մրցույթները, նամանավանդ Հայաստանում, կրում են հիմնականում ձևական բնույթ: Կրկնում եմ, հիմնականում: Եվ այն, որ մրցույթների դեպքում արծարծվում են էլի այդ 4-5 «կոմպոզիտորների» անունները, չի նշանակում, որ մենք (այս դեպքում կարելի է օգտագործել «մերժված» տերմինը ) չենք մասնակցում, կամ որևէ բանով (իհարկե նկատի ունեմ տաղանդը) զիջում ենք այդ հրաշալի հնգյակին (որոնց անունները շատ մեծ հետաքրքրությամբ կուզեի իմանալ): Ուղղակի լինի դա ժյուրին, թե մյուս կոմպոզիտորներին ուղղակի անծանոթ ժողովուրդը, նախընտրում է ոչ թե ընտրել իսկապես ուշադրության արժանի կոմպոզիտորների, այլ արդեն անուն, դիրք, «ստուդիա» ունեցողների միջից: Իսկ այն մրցույթները, որտեղ մենք մասնակցում, և ի դեպ, հաղթում ենք, մնում են ստվերում, ոչ մի տեղ չեն լուսաբանվում, քանի որ մենք չենք պատկանում շուբիզնեսի էլիտային, և մեր մասին ավել անգամ խոսելու անհրաժեշտություն չկա:
     Շտապելով մեկ քայլ առաջ գտնվել Ձեզնից, հարգելի Հայկո, ցանկանում եմ կանխել այն արդարացումներից մեկը, որը հնարավոր է, Դուք կասեք. «Բայց չէ որ մենք էլ ենք ինքներս ճանապարհ հարթել մեզ համար, երբ դեռ անուն չունեինք»:
     Հարկավ: Բայց որքանո՞վ եք նույն հարթության վրա դնում բաց դաշտում մեկ «խրճիթ» կառուցելը, հետագայում այն ընդլայնելը, և մեծամասամբ անկապ-անիմաստ վեր խոյացած «շենքերի» ծանրությունից ճնշված քաղաքում մեկ փոքրիկ «կրպակ» ունենալու հնարավորությունը:
     Ինչպես մեջբերեց իմ շատ սիրելի դասախոս Արամ Սաթյանը` . «Անտաղանդը միշտ ճանապարհ կգտնի, իսկ տաղանդավորին պետք է օգնել»: Սա ուղղակի:
     Կոմպոզիտորի մատները պետք է մատիտ բռնեն, կեղտոտվեն, պետք է թղթի հոտ գա, որ ինքդ ամեն կետ, ամեն տակտի գիծ դնելուց հասկանաս, որ իսկապես «ծնում ես» ստեղծագործությունը:
     Իսկ համակարգչային ծրագրի միջոցով գրեթե յուրաքանչյուր խելք և տրամաբանություն, մի քիչ էլ ճաշակ ունեցող մարդը կարող է «գործ» հավաքել և իրեն գործիքավորող և կոմպոզիտոր համարել:
     Մի բան էլ, հարգելի Հայկո: Եկեք նախ տարանջատենք կոմպոզիտոր և երգահան հասկացությունները: Եթե Դուք Ձեր խոսքում նկատի ունեիք կոմպոզիտոր հասկացությունը, ապա հարց. եթե Ձեզ հուզում է կոմպոզիտորական նոր սերունդը (որն ըստ Ձեզ չկա), ե՞րբ եք վերջին անգամ հետաքրքրվել կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ուսանողների գործունեությամբ, ներկա գտնվել տարեվերջյան ավարտական քննություններին, որոնք, ի դեպ, հարգելի Հայկո, միշտ բաց են երաժշտասեր հասարակության համար, ավելին, այս տարի Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբը կատարեց կոմպոզիցիայի բաժնի ԲՈԼՈՐ ավարտող կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունները: Կարծում եմ, որպես կայացած ստեղծագործող, Ձեզ պետք է որ դա հետաքրքրեր:
     Իսկ եթե Դուք նկատի ունեիք երգահան հասկացությունը, ապա Դուք էլի սխալվում եք, ասելով, որ 4-5 կոմպոզիտոր կա: Եթե մենք Ձեզ պես շատ չենք երևում էկրաններից, չենք տալիս հարցազրույցներ, և մեր երգերի տեսահոլովակները չեն հեղեղված եթերով մեկ, ապա դա չի նշանակում, որ մենք անգործ նստած ենք: Այն, որ Ձեր երգերը վաճառվում են, ասենք 5000$-ով, իսկ մերը՝ 500$ (օրինակ), չի նշանակում, որ մեր երգերը որևէ որակային արժեքով զիջում են Ձեր նշած 4-5 կոմպոզիտորների երգերին: Ընտրության դեպքում այս ասպարեզ մուտք գործող մեծամասամբ դատարկամիտ և միայն էժանագին փառքի ձգտող գլամուր նորահայտ երգիչը կնախընտրի մի քանի հազար ավել վճարել անգամ ավելի վատ երգի հեղինակին, միայն նրա համար, որ հեղինակը հայտնի է, կարծելով, որ դա իր համար ճանապարհ կհարթի դեպի շուբիզնես:
     Հարգելի Հայկո, բացառում եմ նաև այն տարբերակը, որ 1in.am-ին տրված հարցազրույցի ժամանակ ցուցաբերվել է լրագրողական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, և լրագրողն ուղղակի Ձեզ սխալ է հասկացել, քանի որ նա կրկնել է. «Այսինքն՝ կոմպոզիտորների դիֆիցի՞տ ունենք: »
     Այս դեպքում, ճիշտ կլիներ կամ հարցը չհասցնել այս մակարդակի, կամ չտալ պատասխան, որն ինքներդ չգիտեք, քանի որ չիմանալ, չի նշանակում, որ չկան:
     Ուստի, ցանկանալով ցրել բոլորի, ինչպես նաև մեր կասկածները, առաջարկում եմ Ձեզ դեմ առ դեմ բանավեճի միջոցով պարզաբանել Հայաստանում կոմպոզիտորների քանակը, որակը և նշանակությունը:
     Եվ վերջում, հարգելի Հայկո. ՄԵՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ
     Հ.Գ. Նամակի համար հիմք է հանդիսացել կոմպոզիտոր, իմ համակուրսեցի և լավ ընկեր Էդմոնդ Մակարյանի ֆեսյբուքյան էջում տեղ գտած Ձեր հարցազրույցի վերաբերյալ գրառումը:
     Վստահ ենք, որ մեր կարծիքը կիսում են հիմնականում մեր բոլոր երիտասարդ, և ինչու չէ, ավագ սերնդի կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչները:
    
    
     Հարգանքներով՝
     կոմպոզիտոր
     Անժելա Ստեփանյան (Angel Dayan)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7193 | 4 | 0
Facebook