Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ բացակա ես

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
01:26, շաբաթ, 20 հուլիսի, 2013 թ.
     Ամեն ինչ նույնն է, բոլորն են ներկա` իրերն ու մարդիկ, փողոցն ու լուսինը...անձրևն էլ եկավ, դու էլի չեկար, էլի՜ բացակա: Քո բացական ոչ լցվում է, ոչ լրացվում, դատարկ տեղդ ոչ մի կերպ չի լիանում: Նույն աղմուկն է դրսում` այն, որ տանել չէիր կարողանում, ես էլի ականջակալներով եմ աղմուկն այդ խլացնում, բայց քո բացական չի լրացվում:
     Դու մնացիր այնտեղ` հեռվում, անցյալ կոչվող այն խավարում, որ ոչ մի կերպ ներկաս չի լցնում, դու մնացիր այնտեղ, ինձ թողնելով այստեղ անքեզ: Առավոտը բացվել արդեն չի շտապում, ցերեկը մի տեսակ երկար է ձգվում, իսկ գիշերներս չեն լուսանում, ես առանց քեզ ապրել եմ սովորում....Քո բացական իմ ներկային շատ է նեղում:
     Անձրևն էլ չեմ վայելում...թրջվուˊմ եմ, փախչուˊմ, ես արդեն անձրևանոց եմ գործածում: Քեզանից հետո ամեն ինչ ուրիշ ու խորթ է դարձել, առաջին հերթին ես եմ նորացել, նույն պուճուրն եմ դեռ, շատ չեմ մեծացել ուղղակի փորձում եմ բացակադ լրացնել:
     Քո սիրած գինով եմ երեկ հարբել...ծխախոտիդ տուփը մեր տանն էիր մոռացել, չէˊ-չէˊ, չեմ ծխել: Ծուխը կկորչեր ու ես կկորցնեի քեզնից մի մասնիկ, ինձ մոտ մոռացված, քեզնից մնացած վերջին կաթիլը...չէˊ, ես չեմ ծխում:
     Օրացույցը վախով նորից ծնունդդ է ինձ հիշեցնում...ու՞մ հետ ես նշում, չէ որ չէիր սիրում, ծերանալուց դու շատ էիր վախենում, իսկ տարիքդ դեռ խենթություն է պահանջում...խենթից խենթություն ո՞վ է պահանջում, տարիքդ մտքիդ շատ է նահանջում:
     Կարոտս էլի գլուխ է բարձրացնում, ես նրա ճիչն էլ եմ ականջակալներով ծածկում, երաժշտությունը երազել է պահանջում, իսկ ես` խելառս ուրիշին երազել դեռ չեմ սովորում:
Աղբյուրը` SinEDerellA's BloG
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4144 | 1 | 0
Facebook