Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարերից այն կողմն անցնողը

Մարգարիտա
Հեղինակ`
Մարգարիտա
12:33, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2012 թ.
Սարերից այն կողմն անցնողը

Բարեկամավանն Ադրբեջանին հարակից սահմանամերձ գյուղ է՝ Տաուշի մարզում, Երեւանից շուրջ 200 կմ հեռավորությամբ: Հայաստանից ներս է, բայց պետական ուշադրությունից` դուրս: Տեղի բնակիչներն արդեն վաղուց կորցրել են հավատը, որ անտեսված գյուղը հնարավոր է փրկել ոչնչացումից: Դեռ 80-ականներին 1200 անձ ունեցող գյուղի դպրոցում այսօր ընդամենը 30 աշակերտ է ուսանում: Այնտեղ հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվելն ուղղակի վտանգավոր է, որովհետեւ անմիջապես ադրբեջանցի դիպուկահարների տեսադաշտում է. պատահել է անգամ` կրակոցների թիրախ են դարձել` բարեբախտաբար պրծնելով առանց զոհերի …

Բարեկամավան տանող ճանապարհն էլ ճիշտ գյուղի բախտի պես է` ոլոր-մոլոր: Թեեւ ուղեւորվելուց առաջ` ընկերներս արդեն պատմել են տեղի մասին, այդուհանդերձ, ինչ-որ հայտանգործություն անողի մի տրամադրություն ունեմ: Իրականում աշխարհից անլուր բնակավայրի գոյության մասին շատ քչերը գիտեն, ինչպես գյուղացիներն են տխուր հեգնանքով ասում, աչքից ու ականջից հեռու են:

Գյուղի ճանապարհին եմ կամավորների փոքրիկ խմբի հետ. բարեկամավանցիներին աջակցելու ծրագիր են իրականացնելու: Իրենց նախաձեռնությամբ, Սփյուռքի հայկական համայնքներից դրամահավաք է կազմակերպվել՝ գյուղում ջերմոցներ կառուցեկու համար: Քանի որ դաշտեր դուրս գալը վտանգավոր է, բարեկամավանցիներին հնարավորություն է ընձեռնվելու ապրուստի միջոցներ վաստակել առանց տնամերձից հեռանալու: Այնտեղ շուտով արքայանարինջի ջերմոցներ են մշակելու:

Այս բնակավայրի պայմաններում ծրագրի իրականացնելը չափազանց խնդրային է: Պատահել է, որ փորձել են գյուղին օգնել, բայց բարի մարդկանց առաջին այցը Բարեկամավան դարձել է վերջինը: Տեղանքի անմխիթար պայմաններն ու գյուղացիների կորուսյալ վստահությունը ոչ ոքի հույս չի ներշնչել, թե կարելի է ինչ-որ բան փոխել: Եկել ու գնացել են…մինչեւ որ գյուղում ժողովրդական տխուր ու կծու մի արտահայտություն է ծնունդ առել` ՙսարից այն կողմն անցնողն էլ ետ չի գալու՚:

Երկարուձիգ ճանապարհը մեզ արդեն գյուղին է մոտեցրել: Մեքենայի պատուհաններից տեսանելի են ադրբեջանական դաշտերն ու լեռները: Լեռներն այնքան մոտ են ու զարմանալիորեն այնքան այլաձեւ մերիններից…

Շուտով տեղում ենք: Ադրբեջանի հենց քթի տակ ծվարած Բարեկամավանն ինձ այնպես տխուր թվաց… Մի տեսակ կծկված էր, կարծես` անկենդան: Գյուղամիջի ճանապարհերի տձեւությունը հուշում էր, որ այդտեղ մեքենաներ հազվադեպ են գալիս….

Ջերմոցակառուցման աշխատանքները մեկնարկել էին եւ` մեծ ջերմեռանդությամբ. կատարվում էին հաշվարկներ, չափագրումներ: Այսօր աշխուժություն կա մարդկանց մոտ. իրենց հիշողներ կան, ավելին` «սարից այն կեղմն անցնողը» նորից վերադարձել է…

Մինչ մեր խումբը մի քանի գյուղացու հետ զբաղված էր նախագծի ու առաջիկա անելիքների մասին զրույցներով, նկարահանումներ անելով, ուշադրությունս գրավեց կարմրաթուշ անուշիկ մի աղջնակ` մոտ 12-13 տարեկան: Այնպիսի մեծ զվարճությամբ էր խաղում կատվի հետ, կարծես հենց նոր էր հանդիպել կենդանուն: Բայց հարցիցս հետո իմացա, որ Փիսիկ անունով մոխրագույն կատուն արդեն 3 տարի է, ինչ իրենց ընտանիքի հավատարիմ ընկերն է: Եվ Ոսկեհատը պարզապես որոշել էր ցուցադրել հյուրերին, թե ինչ հնարքների է ընդունակ իր սիրելի բարեկամը: Միայն ափսոս` շնորհալի Փիսիկի ու իր ժպտերես տիրուհու «ներկայացումը» համայրա չնկատվեց աշխատանքային թոհուբոհի մեջ: Բայց ես Ոսկեհատին խոստացա, որ ընկերներիս պատմելու եմ Փիսկիկի մասին…

Բարեկամների կարոտ Բարեկամավանից դուրս գալու ժամանակն է: Գյուղացիների աչքերում, սակայն, հույսի նշույլներ են նկատվում: Բնակավայրի աջակցության ծրագիրն իրականացնողների հերթական այցը հավատի եւս մեկ շող ավելացրեց արեւոտ, բայց, ափսոս, ոչ պայծառ գյուղում:

Աշխատանքային ընթացքն ուսումնասիրելուց ու մի քանի կազմակերպչական հարցեր լուծելուց հետո` խումբը վերադառնում է Երեւան, բայց այս անգամ առավել գոհունակությամբ. գյուղացիների հետ փոխվստահության մթնոլորտ ստեղծելը կարծես հաջողվում է, եւ տեխնիկական աշխատանքներն էլ ըստ նախագծի են:

Սփյուռքի տրամադրած միջոցներով կազմակերպված ծրագիրը դեռ նոր է մեկնարկել, շատ անելիքներ կան Բարեկամավանը հնարավորինս ոտքի կանգնեցնելու ուղղությամբ:
    
     Հեղինակ` Մարգարիտա
     (Zil khosk.net)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4034 | 0 | 0
Facebook