Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սոֆի Դեւոյանի վարորդի վերաքննիչ բողոքը մերժվեց. Նա կմնա կալանավորված

15:59, կիրակի, 30 հունիսի, 2013 թ.
Սոֆի Դեւոյանի վարորդի վերաքննիչ բողոքը մերժվեց. Նա կմնա կալանավորված

Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, մահվան ելքով վթարի համար 4 տարվա ազատազրկման դատապարտված 46-ամյա Հմայակ Միքայելյանը բողոքարկել է դատավճիռը: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նա դիմել է Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան` Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի իրեն 4 տարի ազատազրկման դատապարտելու վճիռը ամբողջությամբ բեկանելու պահանջով:

Վերաքննիչ բողոքը մերժվել է, եւ ստորադաս դատարանի ակտը թողնվել է անփոփոխ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 1-ը մահացել էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հոգու եւ պարի թատրոնի ղեկավար Սոֆի Դեւոյանը հաստատել էր տեղեկությունը եւ նշել, որ զայրացած է, որ իր վարորդն առանց իրենց հարցնելու մեքենան վարել է: «Դա իմ անձնական մեքենան է եւ նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ», -նշել էր Սոֆի Դեւոյանը:

Ըստ մեղադրական եզրակացության` Հմայակ Միքայելյանը հունիսի 3-ին, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն վստահված «Մերսեդես S 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայով, կատարելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն, ավտոմեքենայի առջեւի մասով ընդհարվել է Դավիթ Բեկ փողոցով ընթացող Արա Գեւորգյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով անզգուշությամբ վերջինիս վարորդ Ա. Գեւորգյանին եւ ուղեւոր Ն. Սիմոնյանին պատճառել է ծանր մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւոր Ս. Աբրահամյանին՝ մահ: Սոֆի Դեւոյանի վարորդը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Հմայակ Միքայելյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել էր նաեւ նրան զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով։ Պատիժ նշանակելիս դատարանի համար ծանրացնող հանգամանք է հանդիսացել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, իսկ մեղմացնող` նրա խնամքին մինչեւ 14 տարեկան երկու երեխա ունենալը, անկեղծորեն զղջալը, նախկինում դատվածություն չունենալը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4795 | 0 | 0
Facebook