Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օտարերկրյա որդեգրությունները` հեշտացված, ներքինն` առանց "թեթեւացումենրի"

Մարգարիտա
Հեղինակ`
Մարգարիտա
12:59, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2012 թ.
Օտարերկրյա որդեգրությունները` հեշտացված, ներքինն` առանց "թեթեւացումենրի"

2010-ի մարտից, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, օտարերկրյա որդեգրություններն իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության միջոցով ու առավել հստակեցված կարգով.

-Համեմատ մյուս երկրների` այս հստակեցումը շահագրգիռ կողմերին զերծ է պահում բյուրոկրատական քաշքշուկներից ու անհարկի թղթատարությունից, - պարզաբանում է Քազաքացիական ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը:

Այսպիսով, հստակեցնելով միջպետական որդեգրությունների կարգը, առավել դյուրին ու պարզ եղանակով կարելի է հայրենիքից անջատել հայ փոքրիկին ու այլ պետության հրամցնել` «առանց թղթատարության ու բյուրոկրատական քաշքշուկի»: Մի տեսակ նման չէ՞ օտարերկրացիներին ջանասիրաբար «էստի համեցեք» ասելուն. հատկապես, որ երեխա որդեգրել ցանկացող հայաստանաբնակների համար նման «թեթևացումներ» չեն նախատեսվում: Մի խոսքով` այլևս ստեղծված են հարմարագույն պայմաններ` չդժվարացնելու երեխաներին երկրից դուրս տանելու գործընթացը:

Երեխաների որդեգրման հարցերով զբաղվող ՀՀ կենտրոնական մարմինը միջպետական որդեգրությունների դիմումները ստանում է այլ երկրների իրենց գործընկերներից: Այնուհետ անհրաժեշտ փաստաթղթերի քննությունը ստանձնում է ՀՀ քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը, որն էլ իր հերթին, համաձայն օրենքով սահմանված կարգի, որոշում է օտարերկրյա քաղաքացու համապատասխանելիությունը նշյալ գործընթացին: Իսկ արդեն որդեգրված երեխաների կենսապայմանների, նոր ընտանիքի կենցաղային հարմարությունների մասին կամ այլ բնույթի տեղեկատվություն գործակալությունը ստանում է հաղորդագրությունների, տեսագրությունների, ձայնագրությունների, լուսանկարների և այլ միջոցներով:

Դե, ասենք եվրոպացի ծնողների համար մեծ դժվարություն չէ լուսանկարներով կամ տեսաձայնագրություններով ներկայացնել, թե երեխային ինչպես են շրջապատել գունագեղ խաղալիքներով ու մանկան աչքերը փայլեցնող այլ զվարճալիքներով: Արդյունքում Հայաստան ուղարկվելիք ժպտուն աչքերով երեխայի լուսանկարներն ու եվրոպական բարեկեցությունից հիացած մեկնաբանությունները պատրաստ են: Սովորաբար մեծանալուց հետո են միայն երեխաները հասկանում, ինչ ասել է հայրենիք, կարոտ և նման այլ հասկացություններ: Դա էլ, իհարկե, լավագույն դեպքում, եթե ժամանակի ընթացքում հայեցի դիմագծից տարրեր պահպանվում են:

Սակայն շատ ավելի մտահոգիչ խնդիր էլ կա. որքանո՞վ է հնարավոր պարզել, թե ինչ նպատակներով են որդեգրում մեր երեխաներին. հատկապես երեխաներ ունեցող ծնողները: Կամ հետագայում ճշտվու՞մ է մեր որդեգրված տարագրյալների առողջական վիճակը: Արդյոք նրանք, այսպես կոչված, առողջ մարմնամասերի մատակարար չե՞ն դառնում հիվանդ ու հարուստ արտասահմանցիների համար (գիտենք` տարածված երևույթ է ներքին օրգանների փոխպատվաստումը): Մինչդեռ որոշակի վիճակագրություն կա, որ մեր հանրապետությունում յուրաքանչյուր չորրորդ- հինգերրորդ ընտանիքն ամուլ է, հետևաբար` ինչու՞ ամենապարզեցված այս ընթացակարգով ծնողազուրկ հայ մանուկներին հայաստանաբնակ հայ ընտանիքներում չտեղավորել:

Իր մտահոգությունը ինձ հայտնած` արդեն մի քանի տարի որդեգրություն իրականացնել փորձող հայ քաղաքացին հասկանալի պատճառով խնդրեց չնշել անունը: Վերջինիս խոսքով` խոր վիրավորանք ու հիասթափություն է զգում.

- Արդեն համարյա մեկ տարի է` փաստաթղթային հարցերի մեջ եմ, ու դեռ անորոշություն է: Իմ երկրում մի երեխա չեմ կարող որդեգրել, մինչդեռ աչքիս առաջ համարյա անարգել երեխեքին դուրս են տանում…, - նեղսրտում է քաղաքացին:


     Վերջին 9-10 ամիսների ընթացքում «դրսի» այսպիսի 68 թույլտվություն է տրվել, և միջպետական որդեգրությունների արդյունքում 38 հայ փոքրիկներ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ռուսաստանում: Ըստ Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության տվյալների` Շիրակի մարզից արտերկրյա որդեգրություններ վերջին երկու տարիներին չեն իրականացվել: Պատասխանատուների խոսքով` հայ ծնողազուրկները որդեգրվում են մեծամասամբ սփյուռքահայերի կողմից, նաեւ այն օտարերկրացիների, ովքեր ծանոթ են հայ մշակույթին ու ազգային կերտվածքին:

Արհեստականորեն սփյուռքացված երեխաները մնում են հայաստանցի՞, թե Սփյուռքի մասնիկ են դառնում. ավելի շուտ` ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Նրանք օտարվում են հայրենիքից, օտար մնալով նաև իրենց շրջապատող միջավայրին:


     Հեղինակ` Մարգարիտա
     (Ավանգարդ պարբերաթերթ)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5695 | 0 | 0
Facebook