Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես հայ եմ, Yes I am

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:15, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2012 թ.
Ես հայ եմ, Yes I am
     վերջին շրջանում հոլանդական և բելգիական հայ մշակութային համայնքային կյանքում դրական տեղաշարժ և ակտիվություն է նկատվում, փաստ, որ ուրախությամբ պետք է արձանագրել:
    

Ի դեմս բելգիահայերի համախմբված ու նպատակասլաց աշխատանքի, Անտվերպեն քաղաքում ձևավորվում է հզոր ու ամրակուռ հայկական համայնք, որն իր լավ գործերով կարող է օրինակ հանդիսանալ սփյուռքի խոշոր քաղաքներում բնակվող մեր մյուս հայրենակիցների համար:


    

Բելգահայերի համախմբվածության օրինակ էր սեպտեմբերի 22-ին, արդեն 4-րդ անգամ անցկացվող՝ «Ես հայ եմ, այո՛, ես եմ» խորագրով փառատոնը:

Տեղեկացնենք, որ այն կազմակերպվել է «Արդա» հասարակական կազմակերպություն ջանքերով՝ ղեկավար Սերգեյ Վարդանյան:


    

Փառատոնի բացումն ազդարարել է ավանդական գիտաժողովը, որը տեղի է ունեցել Անտվերպենի մարզային խորհրդարանում՝ «Հայի ինքնությունը» թեմայով:


    

Հրավիրյալները հնարավորություն են ունեցել հնչած ելույթներն ունկնդրել սինխրոն թարգմանություններով՝ ֆրանսերեն և նիդերլանդերեն լեզուներով:


    

Հրավիրվածների շարքում էին նաև Հայաստանից ժամանած հյուրեր, ովքեր հանդես են եկել հայի տեսակի, ազգային ոգու և ինքնությանը բնորոշ հատկանիշերի մասին ելույթներով:

Ելույթներ են ունեցել Բելգիայի Թագավորության հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, Հայաստանի գրողների միության անդամ Կարինե Աշուղյանը, Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը, «Արարատից Եվրոպա» գիտահանրամատչելի ֆիլմի հեղինակ Արսեն Հակոբյանը, Բելգիայի «Հայասա» ուսանողական կազմակերպության նախագահ Տիգրան Բաղդասարյանը, «Արդիա» հասարակական կազմակերպության երիտասարդական թևի ղեկավար Սիրարփի Վարդանյանը:

Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի խորհրդի անդամ և հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Դավթյան ներկաներին ուրախալի լուր է հայտնել, թե 2013-ին Բելգիայի հայ համայնքը կունենա նորակառույց իր օջախը՝ «հայկական կենտրոնը շենքային »՝ բոլոր հարմարություններով:


    

Գիտաժողովում դասախոսությամբ է հանդես եկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը նախ շնորհավորել է բոլոր հայերին՝ Հայաստանի անկախության 21-ամյա տարելիցի առիթով և հաջողություններ մաղթեց փառատոնի մասնակիցներին:


    

Պակաս հետաքրքիր չի անցել նաև փառատոնի երկրորդ մասը, որը հագեցված է եղել բազմապիսի և բազմաժանր մշակութային, ժամանցային, համերգային կատարումներով: Ելույթներ են ունեցել բազմաթիվ խմբեր և անհատ կատարողներ, ինչպես Բելգիայից, այնպես էլ Գերմանիայից և Նիդերլանդներից ժամանած մեր հայրենակիցները: Հաճելի էր լսել Անդրանիկ Մուրադյանի դուդուկի դպրոցի բելգիացի կանանց կոմիտասյան կատարումները:

Արվեստի իրենց ստեղծագործություններն են ներկայացրել քանդակի, նկարչության, գրաֆիկայի, խեցեգործության բնագավառի ստեղծագործողները:


    

Կինոդահլիճում ցուցադրվել է Արսեն Հակոբյանի հեղինակած «Արարատից Եվրոպա» փաստապատմագրական ֆիլմը, որն արդեն հայերենից զատ թարգմանվել է ևս 3 լեզուներով: Հեղինակն այժմ աշխատում է մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ՝ «Նախնյաց մոռացված հայրենիք» նոր ֆիլմի վրա:

Փառատոնի ընթացքում բացվել են տաղավարներ, որտեղ կարելի էր ձեռք բերել հայկական զանազան հուշանվերներ:


    

Բացօթյա բեմում հնչած հայկական ուրախ երգն ու պարը, բարձր տրամադրությունը հաճելի հայկական օր են պարգևել «Ես հայ եմ, այո՛, ես եմ» փառատոնի մասնակիցներին:

Փառատոնը շարունակվել է մինչև ուշ երեկո: Այն հաճելի նվեր էր բելգահայ համայնքին՝ Հայաստանի անկախության 21-ամյա տարելիցին:
    
     Լրացուցիչ լուսանկարներ դիտելու համար այցելեք' «Նիդերլանդական օրագիր»
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5660 | 0 | 0
Facebook