Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես չեմ հասկանում թե ի՞նչ եք ուզում ակնարկել

15:52, հինգշաբթի, 16 մայիսի, 2013 թ.
Ես չեմ հասկանում թե ի՞նչ եք ուզում ակնարկել
     «Եկեղեցու բացումը, հայ առաքելական հերթական, հրաշալի հուշակոթողի, տաճարի բացումը չեմ ցանկանում համեմել քաղաքական ինտրիգներով կամ ինտրիգներ որոնողներին մեկնաբանություններ ու պատասխաններ տալով», - այսպես արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ընկալում ունեցավ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ չէր պատվել Գագիկ Ծառուկյանին եւ չէր եկել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը: Հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է ենթադրել, որ հետայսու ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետագա համագործակցությունն առավել սահմանափակ կլինի, մանավանդ, որ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, ինչին մղում էր Տեր-Պետրոսյանը: «Մարդիկ հրավիրվել են եկեղեցի, եկեղեցու բացմանը, հոգեւոր միաբանության, ոչ թե քաղաքական: Հրավերն ընդունել է առաջին նախագահի տիկինը եւ ոչ թե առաջին նախագահը. ես չեմ հասկանում թե ի՞նչ եք ուզում ակնարկել», - ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, որ այնուհանդերձ, երեկ Աբովյան քաղաքում միատեղվեցին հոգեւոր եւ քաղաքական գործընթացները, որովհետեւ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայաստանյան քաղաքական էլիտան, ըստ էության, իր հավատարմությունը հայտնեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահին եւ ԲՀԿ առաջնորդին, Ուրիխանյանը հակադարձեց. «Քաղաքական էլիտան, արարողությանը ներկա գտնվող նաեւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ժողովուրդը, որը ներկա էր, հավատարմություն հայտնեց Աստծուն, քրիստոնեությանը եւ հայ առաքելական եկեղեցուն»: Ի դեպ, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ողջագուրվելուց հետո Գագիկ Ծառուկյանը երկար զրուցում էր նրա հետ: Մինչդեռ, վերջին շրջանում, ԲՀԿ-ականներն անխնա քննադատում էին վարչապետին, նրա գլխավորած կառավարությանը՝ տնտեսական քաղաքականությունը տապալելու համար: Տիգրան Ուրիխանյանը հստակեցրեց, որ իրենք մշտապես ասել են, որ որեւէ անձնական, անձնավորված ասելիք չունեն եւ որեւէ միջանձնյա զրույց որեւէ կերպ չի կարելի վերագրել պաշտոնական անձի պաշտոնական գործունեությանն ու նրա քաղաքական դիրքորոշումներին. «Չի կարելի մեկը մյուսի հետ կապել: Եթե կառավարության գործունեությունը մեզ չի գոհացնում, մենք դրա մասին բարձրաձայնում ենք, մենք օրենսդիր մարմնում քվեարկում ենք համապատասխան կերպ, հանդես ենք գալիս կառավարության կողմից ներկայացված նախագծերից կտրուկ տարբերվող, դրանց հակասող նախագծերով: Այդպիսին պիտի լինի քաղաքական պայքարը: Ի՞նչ կապ ունի դա միջանձնյա, ինչ-որ մի պահի տեղի ունեցած զրույցների կամ էթիկայի դրսեւորումների հետ»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/15/243457/
    
     © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5683 | 1 | 0
Facebook