Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատերազմի դեպքում շատ պատգամավորներ կփախցնեն իրենց երեխաներին.Հարությունյան

Vazgen
Հեղինակ`
Vazgen
15:31, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2012 թ.
Պատերազմի դեպքում շատ պատգամավորներ կփախցնեն իրենց երեխաներին.Հարությունյան

«Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքն այսուհետ ֆաշիստական պետություն է, որովհետև փաստորեն ստացվում է, որ ինքը հանդուրժում և խրախուսում է մարդասպանին: Իմ գնահատական մեկն է, ես զզվանք եմ ապրում, որ ունենք ֆաշիստական հարևան և կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է սթափվի ու փոխի իր իշխանությանը», -իր խոսքում այսօր լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:

Բանախոսը նշեց, որ 21-րդ դարում չի կարող լինել ֆաշիստական պետություն, իսկ Ադրբեջանի քաղաքացին չպետք է դա հանդուրժի:

«Այնուամենայնիվ, հույս կա, որ մեկ օր ադրբեջանցիները Ալիևյան կլանին հրաժեշտ կտան, քանի որ այսօր բավականին մեծ թվով երիտասարդներ են սովորում Եվրոպայում և կարծում եմ նրանք Ադրբեջան վերադառնալուն պես կստեղծեն ժողովրդավարական պետություն», -իր խոսքում նշեց Մենուա Հարությունյանը:

Վերջինս այն կարծիքը հայտնեց, որ ի վերջո ոչ մենք, ոչ էլ ադրբեջանցին չենք քոչելու մեր երկրներից և դատապարտված ենք կողք-կողքի ապրելու, հետևաբար որքան Ադրբեջանը դառնա քաղաքակիրթ երկիր, այնքան այն բխում է մեր ժողովրդի շահերից:

Գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, բանախոսը նշեց. «Մեր պետության նախագահի խոսքն այնքան հայրենասիրական և ադեկվատ էր, որ որևէ բան ավելացնելու չկա: Ցանկացած հայ կիսում է նախագահի խոսքը: Այն ինչ արեց, ՀՀ նախագահը իր վարքագծով և խոսքով, դրանից հետո ինձ որևէ մեկի կարծիքը և խոսքը չի հետաքրքրում, որովհետև ես հասկացա, որ իմ երկիրը ղեկավարում է պատերազմի հերոս, ՀՀ ապագայով մտահոգ նախագահ»:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը իր խոսքում նշեց, որ այս դեպքից հետո Եվրոպան պետք է մեկընդմիշտ հասկանա, որ երբ խնդիր էր դնում, որ Հայաստանին և Ադրբեջանին պետք է հավասար աչքով նայել, այժմ սա լավ ապացույց է Եվրոպայի համար, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով զարգացող պետություն է, իսկ Ադրբեջանը` ֆաշիստական:

Հարցին, թե արդյո՞ք ժամանակն է ԼՂՀ-ն ճանաչել անկախ հանրապետություն, Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Բոլորն էլ հասկանում են, որ Արցախն այլևս ինքնիշխան, ազատ պետականություն է, Արցախի հետ կապված, եթե մի բան կա քննարկելու, ապա դա մեկն է` Արցախը կլինի անկա՞խ, թե՞ կմիանա մայր Հայաստանին: Աշխարհն էլ է այդպես մտածում, պարզապես աշխարհաքաղաքական և բիզնես շահերը շատ հաճախ թույլ չեն տալիս այդպես արտահայտվելու»:

ԱԺ-ի հայտարարությունը բանախոսն այդքան էլ չի կարևորում, քանի որ կարծում է, որ ՀՀ նախագահի պատասխանն ամեն ինչ ասում էր.«Սերժ Սարգսյանի ելույթից հետո, ինձ չի հետաքրքրում մնացածի հայտարարությունը, մանավանդ, երբ ԱԺ-ի շատ պատգամավորների մակարդակը ինձ ահավոր չի գոհացնում: ԱԺ-ն ասեց այն, ինչ պետք է ասեր: Բայց պետք է նկատենք, որ երեկ ԱԺ-ի դահլիճում հայրենասիրության մրցույթ էր, մեկը ասում էր Բաքուն պետք է գրավենք, մեկը ուրիշը մեկ այլ բան, սակայն այստեղ ամենաաբսուրդն այն է, որ, երբ գա կռվելու ժամանակը, առաջին բանը, որ անելու են շատ պատգամավորներ, ապա դա իրենց երեխաներին դուրս փախցնելն է լինելու»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4886 | 2 | 0
Facebook